Jump to content

Գևորգ Մարզպետունի/Անհաճո նորություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գևորգ Մարզպետունի
Բ - Անհաճո նորություն


Բ
ԱՆՀԱՃՈ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

— Արդյոք թագուհին չէ՞ գուշակում Վեհի գիշեր ժամանակ մեր ամրոցը գալու պատճառը,-հարցրեց Մարզպետունի իշխանուհին, կամենալով կարծես ընդարձակ դահլիճի նորեկներին շրջապատող անհաճո լռությունն ընդհատել և ապա իսկույն էլ նստելով թավշապատ եռոտանու վրա, որ գտնվում էր թագուհու բազմոցի հանդեպ, ուշադիր աչքերը հառեց թագուհու վրա, սպասելով նրա պատասխանին։

— Անշուշտ արտաքո կարգի մի նորություն ունի հոգևոր հայրը մեզ հաղորդելու, — պատասխանեցը թագուհին տարակուսական եղանակով։

— Թե՞ թագուհուն այցելության է գալիս։

— Դրա համար, կարիք չկար գիշերանց ելնել վանքից․ փառք աստուծո, Այրիվանքը հեռու չէ մեզանից։

— Չափազանց անհանգստացնում է ինձ այս լուրը։

— Իսկ ինձ անհանգստացնում է Գևորգ իշխանի ուշանալը։ Արդեն երկու շաբաթը լրացավ, ինչ նա հեռացել է մեզանից։ Եթե կաթողիկոսի գալը կապ ունի մի նոր դժբախտության հետ, ապա ուրեմն իշխանի բացակայությունը կրկնակի վտանգի մեջ է դնում մեզ։

— Մի՞թե դու, մեծափառ տիկին, կասկածում ես թագավորի հաջողության վրա։

— Ուտիքի կուսակալին նվաճելը մեծ գործ չէ, բայց հաջողությունը աստված է տալիս։ Եթե թագավորը հանդիպած չլիներ անհաջողության, ապա Գևորգ իշխանն այստեղ կլիներ կամ գոնե սուրհանդակը լուր կբերեր, թե Ցլիկ-Ամրամը հաղթված կամ գերեված է։

— Անհաջողությա՞ն․․․ Ո՜հ, մի՛ ասիր, սիրելի թագուհի։ Աստված չանե, որ թագավորը Ցլիկ-Ամրամի հետ ունեցած ընդհարման մեջ անհաջողության հանդիպե․ այդ արդեն մեծ նախատինք է թե՛ թագավորի և թե՛ զորքերի համար։

— Ամենից առաջ ա՛յն իշխանների, որոնք անօգնական են թողել թագավորին և զբաղված են միայն սեփական ամրոցները պահպանելու հոգսերով, — դառնությամբ նկատեց թագուհին։

— Հարկավ, ամրոցների պահպանությունը նույնիսկ կանանց կարող էին հանձնել,-հարեց իշխանուհին, ցանկանալով ուղղել յուր սխալը։

— Ուրեմն հաջողության սպասելու իրավունք չունինք։

— Բայց եթե աստծուն հաճելի լինի․․․

— Այո՛, եթե միայն հաճելի լինի․․․-հեգնական ժպիտով ընդհատեց թագուհին։

Այդ միջոցին ներս մտավ սենեկապան սպասուհին և հայտնեց թագուհուն, որ բերդակալը թույլտվություն է խնդրում ներկայանալու։

— Թո՛ղ ներս գա,-հրամայեց թագուհին։ Մի քանի րոպեից ներս մտավ բերդակալը։ Դա մի տարիքավոր, բարձրահասակ, լուրջ ու պատկառելի դեմքով և ալեխառն մազերով տղամարդ էր, գոտեպինդ հագնված, արծաթապատ սուրը ազդրին և պղնձե սաղավարտը ձեռին։ Նա համաչափ ու հաստատուն քայլերով մոտեցավ թագուհուն և խոր գլուխ տալով խնդրեց ընդունել ամրոցի բանալիները, որ յուր հետ եկող սպասավորը ներկայացնում էր արծաթե սկուտեղի վրա։

Թագուհին վերցրեց բանալիները և հանձնեց դայակին, որ կանգնած էր իրանից փոքր ինչ հեռու։ Վերջինս առնելով այն, տարավ թագուհու առանձնարանը։

Սա մի ծես էր, որ կատարվում էր ամեն երեկո միևնույն կարգով։

Քանի Մարզպետունի իշխանը՝ Աշոտ թագավորի հավատարիմը, գտնվում էր Գառնո մեջ, բերդակալական պաշտոնը վարում էր նա անձամբ և ամրոցի բանալիները գտնվում էին նրա ձեռին։ Բայց այն օրից, որ նա թագուհու հրամանով գնաց Ուտիք՝ Աշոտ թագավորի արշավանքի մասին տեղեկություն առնելու, և, եթե կարիք կար, օգնական զորք հասցնելու, այդ օրից թագուհին բերդակալության պաշտոնը հանձնեց Մուշեղ անունով այս հինավուրց զորականին։ Նա իշխանական ծագումից չէր, բայց թագավորական տան բազմամյա և հավատարիմ ծառայողներից մինն էր։ Թագուհին թեպետ կարող էր ամրոցի բանալիներն ընդմիշտ հավատալ նրան, իբրև բերդակալի, բայց որովհետև ժամանակը չար էր, և շարունակ լուրեր էին հասնում, թե այս ու այն բերդը գրավվել է թշնամուց բերդակալի թուլությամբ կամ պահնորդների մատնությամբ, ուստի թագուհին, որքան էլ որ մեծ հավատ ուներ Մուշեղի վրա (որ հենց յուր հավատարմության շնորհիվ էլ արժանացել էր այդ բարձր պաշտոնին), այնուամենայնիվ, որպեսզի գիշերը հանգիստ քուն վայելե, կարգադրել էր, որ ամրոցի դռները փակելուց հետո բանալիները դղյակ բերվեն։

— Դու կամենում էիր, որ մինչև Վեհի գալը բանալիները քե՞զ մոտ լինեին, — հարցրեց թագուհին բերդակալին։

— Այո՛, մեծափառ տիկին։

— Ինչո՞ւ։

— Որպեսզի գիշերանց բանալիներն ստանալու պատճառով թագուհու քունը չխանգարեի։

— Իսկ դու չգիտե՞ս, որ բերդի դռները բացվելիս թագուհին քնած լինել չէ կարող։

— Այդպես է, մեծափառ տիկին, ների՛ր քո ծառայի միամտությունը։

— Միամտությունը հանցանք չէ, իմ բարի Մուշեղ, բայց թուլություն է։ Իսկ մենք չար ժամանակներում ենք ապրում և ամեն մի քայլերնիս զգուշությամբ պիտի փոխենք։ Ո՞ր ժամին պիտի գա Վեհը․

— Պատվիրակը ժամը չորոշեց, այլ հայտնեց միայն, որ պիտի հաճի ժամանել այս գիշեր և խնդրեց, որ ամրոցի դռները բանալու պատրաստ գտնվինք։

— Իսկ դու չե՞ս կարողանում նրա գալստյան պատճառը գուշակել։

— Անշուշտ նա գալիս է թագուհուն այցելելու։

— Բայց ինչո՞ւ գիշերանց։

— Նորին սրբությունը շատ անփառասեր է․ նա փախուստ է տալիս հանդիսավոր ընդունելությունից և ժողովրդյան ցույցերից։

Այս միջոցին կրկին ներս մտավ սենեկապանը և հայտնեց, որ Գոռ իշխանը ցանկանում է ներկայանալ թագուհուն։

— Թո՛ղ գա, — ասաց թագուհին ժպտալով, և նրա դեմքն ուրախ արտահայտություն ստացավ։

Մարզպետունի իշխանուհին սկսավ ծիծաղադեմ դեպի դուռը նայել։ Զվարթ արտահայտություն ստացան նաև օրիորդ նաժիշտների և դայակի երեսները։ Երևում էր, որ ներս մտնողը բոլորին էլ սիրելի մի անձնավորություն էր։

Եվ, ահա՛, ներս եկավ քսանամյա մի պատանի, բարձրահասակ, գեղեցկադեմ, վառվռուն աչքերով, համակ զրահազգեստ, ոսկեզարդ սուրը մեջքին, նույնպիսի բազպաններ ու սռնապաններ հագած, և փայլուն սաղավարտը ձեռին։

Ժպտալով նա մոտեցավ թագուհուն և համբուրեց նրա ձեռը։ Ապա մոտեցավ յուր մորը՝ Մարզպետունի իշխանուհուն, համբուրեց նույնպես նրա աջը և կանգնեց բերդակալի կողքին։

— Ամեն անգամ, երբ քեզ տեսնում եմ, Գո՛ռ, ինձ թվում է, թե կա՛մ պատերազմ ես գնում, կա՛մ ճակատամարտից վերադառնում։ Ինչո՞ւ միշտ զրահազգեստ ես,-հարցրեց թագուհին ժպտադեմ։

— Այդպես պատվիրել է ինձ իմ հայրը, մա՛յր-թագուհի։

— Բայց այս ժամի՞ն․․․ փակված ամրոցո՞ւմ, թագուհու դղյակի մե՞ջ․․․ Մի՞թե կարիք կա։

— Ամեն վայրկյան պատրաստ պիտի լինեմ դիմագրավելու։ Ո՞վ գիտե, գուցե հենց այստեղ, դղյակի դստիկոններից մինում, թաքչող մի ապիրատի հետ պետք է լինում մենամարտել։

— Օ՛, վտանգավոր մարդ ես դու, Գո՛ռ իշխան, — նկատեց թագուհին։

— Իմ թագուհու և թագավորի թշնամիների համար։

— Որոնց երևի դու չես ճանաչում։

— Եվ որոնց երբեք չէի կամենալ տեսնել այս դղյակում։

Մարզպետունի իշխանուհին, որ մայրական խանդով լցված նայում էր որդուն, նրա վերջին խոսքից հրճվեցավ իսկ թագուհին ուրախ-ուրախ ծիծաղեց։

— Բայց գիտե՞ս, սիրելիս, որ այդպիսի մի թշնամի գտնվում է այժմ մեր դղյակում,— ասաց թագուհին կեղծ լրջությամբ։

— Անո՞ւնը, — եռանդով հարցրեց Գոռը։

— Որ թաքնված ներքին խուցերից մինում, անշուշտ հարմար առիթի է սպասում մեզ վնասելու․․․

— Բայց ո՞վ է դա, — անհամբերությամբ հարցրեց պատանին։

— Օրիորդ Շահանդուխտը։

Իշխանիկը ժպտաց և շառագունեց, բայց թագուհին ու իշխանուհին սկսան ծիծաղել։

— Իսկ այժմ ո՞րտեղից ես գալիս, ուրախ լուր չե՞ս բերել մեզ, — հարցրեց կրկին թագուհին։

— Այո՛, տխուր լուր չէ հաղորդելիքս, — պատասխանեց իշխանիկը։ — Վեհից երկրորդ պատգամավոր եկավ, որ հայտնում է, թե հայրապետն այլևս չէ գալիս մեր ամրոցը։

— Եվ պատճառը։

— Պատճառը չհայտնեց պատգամավորը․ որովհետև ամրոցի դուռը փակ էր, ես աշտարակի պատուհանից էի խոսում նրա հետ։

Թագուհու ուրախ տրամադրությունը կրկին խանգարվեց, նա ընկավ մտածության մեջ։ «Արդյոք ի՞նչ տարօրինակ և գուցե տխրառիթ նորություն էր պատահել, որ կաթողիկոսը գիշերանց գալիս էր Գառնի և այժմ ի՞նչն է ստիպում նրան՝ յուր մտադրությունը թողնելու, — մտածում էր նա ինքն իրան, — արդյոք Ուտիքից մի տխուր լո՞ւր առավ, թե թշնամիների մոտալուտ հարձակման մասին մի բան է լսել»․․․

— Բայց ինչո՞ւ համար ասացիր, թե տխուր լուր չէ հաղորդելիքդ՝մի՞թե Վեհի գալուստն անհաճո է քեզ, — հարցրեց թագուհին։

— Այո՛, թագուհի,-կտրուկ պատասխանեց իշխանիկը։

— Զարմանում եմ․․․ — ասաց թագուհին և մի տարակուսական հայացք ձգեց պատանու վրա։

Իսկ բերդակալը դեմքը խոժոռեց, կարծես վախենալով Գոռի նոր ասելիքներից, որոնք կարող էին յուր առ կաթողիկոսն ունեցած սրբազան զգացմունքը վիրավորել, հրաման խնդրեց թագուհուց և ողջունելով նրան հեռացավ դահլիճից։

Մարզպետունի իշխանուհին այդ նկատեց և վշտանալով որդու անհամեստ պատասխանի վրա, շտապով հարցրեց նրան․

— Ինչո՞ւ կաթողիկոսի գալուստը անհաճո է քեզ։

— Եթե մայր-թագուհին կհրամայե ինձ անկեղծորեն խոսել․․․

— Խոսի՛ր, ամեն հանցանքներից թեթևը անկեղծորեն խոսելն է, — ասաց թագուհին։

— Տխրում եմ, որովհետև նա գալիս է մեր ամրոցը ո՛չ մայր-թագուհուն այցելելու և ո՛չ մեզ օրհնելու․․․

— Գո՛ռ, զգուշությամբ խոսիր,-ընդհատեց մայրը որդուն՝ հանկարծական հուզմունքից շառագունելով։

— Գոհար իշխանուհի, թո՛ղ որ նա յուր միտքն ազատորեն հայտնե, — նկատեց թագուհին ծանրությամբ։

— Անկեղծորեն խոսելու համար չպետք է զգուշության ուշ դարձնել մայրի՛կ, ես խոսում եմ իմ թագուհու և մոր առաջ։ Այո՛, կրկնում եմ, կաթողիկոսը գալիս է ո՛չ թե մեզ օրհնելու, այլ Գառնիում ամրանալու։

— Ինչպե՞ս թե ամրանալու,-հարցրեց թագուհին։ — Անշուշտ նա լսել է, որ հարձակում է պատրաստվում մեր լեռների վրա, և ահա ապաստանում է Գառնիին։

— Եթե նա լսել է այդպիսի բան, ապա ուրեմն խոհեմություն է անում մեր ամրոցը գալով, — նկատեց իշխանուհին։

— Ոչ, մայրի՛կ, նա չպետք է յուր միաբաններին անհույս ու անօգնական ձգե Այրիվանքում և միայն յուր անձի փրկության համար հոգա։

— Իսկ դու այդպիսի մի բան լսե՞լ ես,-հարցրեց թագուհին անհանգստությամբ։

— Ոչ, թագուհի, ես այդպես ենթադրում եմ։

— Բայց պետք է խոսել ապացույցների և ոչ թե ենթադրությունների վրա հիմնված, — ծանրությամբ նկատեց իշխանուհին։

— Մայր-թագուհի, կհրամայե՞ք ինձ պատասխանել, — դարձավ Գոռը թագուհուն։

— Խոսի՛ր, — պատասխանեց վերջինս։

— Ապացույցն այն է, մայրի՛կ, որ Վեհը Յուսուփի տեղակալից, մի որևէ Նսըրից վախենալով, անտեր է թողել Գվինի կաթողիկոսարանը և ապաստանել Այրիվանքի ծործորներին։ Իսկ Նսըրը վաղ թե ուշ կմտնե Դվին և կգրավե թե՛ կաթողիկոսարանը և թե՛ նրա կալվածները։

— Եթե ոստիկանը կտիրե մայրաքաղաքին, որի պաշտպանը բացակա թագավորն է, ի՞նչ կա զարմանալու, եթե նա գրավե նաև կաթողիկոսարանը, որի պաշտպանը մի անզեն հոգևորական է, — հուզված խոսեց իշխանուհին, առանց մտածելու, որ այդ խոսքերով վշտացնում է թագուհուն։

Իսկ վերջինս ոչ միայն խոցվեց իշխանուհու խոսքերից, այլև ներքին վրդովմունքից գրեթե այլագունեց։ Բայց չկամենալով երևան հանել յուր հուզմունքը կամաց-կամաց բարձրացավ բազմոցից և անուշադիր դեպի իշխանուհին՝ մեղմ ձայնով ասաց դայակին։

— Մայր Սեդա, ես հոգնած եմ․ պատրա՞ստ է արդյոք հանգստարանս։

— Այո՛, սիրելի թագուհի, — պատասխանեց դայակը։

Թագուհին մի բռնազբոսիկ ժպիտով ողջունեց իշխանուհուն և իշխանիկին և բարի գիշեր մաղթելով նրանց ուղղվեցավ դեպի առանձնարանը։ Սեդան և նաժիշտները հետևեցին նրան․

— Ի՞նչ արիր դու այդ, մայր իմ, ինձ էիր զգուշացնում ազատ խոսելուց, իսկ դու սուր ցցեցիր թագուհու սիրտը,-վրդովված բացականչեց Գոռը։

Գոհար իշխանուհին, որ յուր պատասխանը տվել էր միայն յուր որդու համարձակախոսությունից գրգռված և ոչ թե թագուհուն վշտացնելու մտքով, հիշեց նորից յուր խոսքերը և մնաց կարծես շանթահար։

— Ես չէի կամենում նրան վիրավորել ․․․ ես չմտածեցի․․․ հանկարծ դուրս թռան իմ խոսքերը․․․ -ընդհատելով և նվաղած ձայնով պատասխանեց որդուն Գոհարը և սաստիկ տխրեց։

Իշխանիկը բարկացած անցուդարձ էր անում դահլիճի մեջ։ Հանկարծ նա կանգ առավ և դիմելով մորը՝ հարցրեց․

— Մայրիկ, բոլո՞ր կանայք մոռացկոտ են քեզ պես։

— Ինչո՞ւ համար ես հարցնում։

— Ինչո՞ւ համար․․․ Հիշո՞ւմ ես․ հայրս յուր հրաժեշտի ժամին խնդրեց քեզ և դղյակի մյուս կանանց՝ աշխատել ուրախ պահել թագուհուն․ ասաց, որ նա ծանր վշտեր ունի և թե պետք է մոռացնել տալ նրան այդ վշտերը․․․ Ես ծանոթ չեմ թագուհու վշտերին, որովհետև այդյոք ծածկում են ինձանից․ բայց դու և քո բարեկամները, անշուշտ, ծանոթ եք, դու չպետք է մեղանչեիր ո՛չ թագուհու հանգստության և ո՛չ հորս պատվերի դեմ։

— Դո՛ւ էիր հանցավորը, Գո՛ռ․ ինչպես կարողացար լոկ ենթադրության վրա հիմնված, թագուհու ներկայությամբ ասել թե կաթողիկոսը փախչում է Այրիվանքից ․․․

— Ենթադրության վրա չէի հիմնված, մայրի՛կ, այլ իսկության, -ընդհատեց Գոռը։

— Իսկությա՞ն․ ինչպե՞ս։

— Այո՛, ճշմարտությունը ես ծածկեցի թագուհուց, որովհետև չէի կամենում անհանգստացնել նրան։

— Ի՞նչ ճշմարտություն։

— Այն, որ շուտով մեր լեռների վրա հարձակում կլինի։

— Ի՞նչ ես ասում, Գո՛ռ, և ո՞վ պիտի հարձակվի։

— Ինքը Նսըրը։ Նա արդեն դուրս է եկել Նախիջևանից և գալիս է Դվին։

— Աստվա՛ծ իմ, ի՞նչ ասացիր, — բացականչեց իշխանուհին։

— Այո՛, և այդ պատահում է հենց ա՛յն ժամանակ, երբ բացակա են Ոստանից թե՛ թագավորը և թե՛ զորքերը։

— Ինչ պիտի անենք ուրեմն։

— Դու պիտի ծածկես թագուհուց այս նորությունը և ուրիշ ոչինչ․ իսկ մենք կանենք այն, ինչ որ պարտավոր ենք։ Այժմ ես գնում եմ բերդակալի մոտ։

Սա ասելով իշխանիկը ողջունեց մորը և շտապ քայլերով դուրս գնաց դահլիճից։

Գոհար իշխանուհին շվարած և մտամոլոր ուղղվեցավ դեպի յուր կացարանը։