Jump to content

Գևորգ Մարզպետունի/Երեք կետի վրա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գևորգ Մարզպետունի (Բ - Երեք կետի վրա)
Բ
ԵՐԵՔ ԿԵՏԻ ՎՐԱ

Հազիվ Մարզպետունի իշխանը հեռացավ Բագարանից, և ահա սպարապետը դիմեց միջնաբերդ, նրա գալստյան բուն պատճառը կաթողիկոսից իմանալու։ Բայց որովհետև համոզված էր, թե վերջինս նույնպես կարող է ծածկել այդ իրանից, ուստի որոշեց դիմել խորամանկության։

— Իշխանի մտադրությանը ես չեմ համակրում, — ասաց նա կաթողիկոսին, առանց որոշակի հարցեր անելու, — դու պիտի զգուշանաս այդ մարդուն գործիք դառնալուց։

— Ի՞նչ, նրա մտադրութունն արդեն հայտնի՞ է քեզ,-միամտաբար հարցրեց կաթողիկոսը։

— Ինչպե՛ս չէ․ սկզբում նա ծածկեց ինձանից, բայց երբ քո մոտից վերադարձավ, ես ստիպեցի նրան, և նա յուր ծրագիրը բացավ իմ առաջ։

— Մի՞թե․․․ Բայց նա ինձ զգուշացնում էր․․․

— Ինձ ոչինչ չհայտնել, այնպես չէ՞, — հարցրեց սպարապետը՝ խորամանկ ժպիտով։

Կաթողիկոսը մի տարակուսական հայացք ձգեց սպարապետի վրա և լռեց, նա չգիտեր ի՞նչ պատասխանել։

— Մի՛ ծածկիր ոչինչ, վեհափառ տեր․ նա արդեն ամեն ինչ ինձ խոստովանեց։ Միայն չկարծես, թե իմ արքայական ճաշը կամ ազնիվ գինիները նրա սիրտը բացին, ո՛չ․ ես նրան խոստացա իմ զորագնդերն ուղարկել յուր օգնության․․․ Նրա վերջին մտադրությունը կարոտ է աջակցության։

— Ինչպե՞ս, դու խոստացա՞ր, և այդ խոստմունքը կկատարե՞ս․․․ — հարցրեց կաթողիկոսը անհանգիստ ուրախությամբ։

— Անշուշտ, ընդհանուր հայրենիքի շահը այդ է պահանջում։

— Կեցցես, մեծափառ տե՛ր, այդպիսով դու կազատես քո կաթողիկոսին անարգ գործ կատարելուց։ Չէ՞ որ երկու տարի առաջ Դվինը միասին գրավեցիք, այժմ էլ կարող եք նույն ձևով գրավել։

— Անարգ գո՞րծ․․․ Այո՛, դու չպիտի կատարես, ես այդ թույլ չեմ տալ։

— Ես կաղոթեմ քո և իշխանի համար, կաղաչեմ աստծուն, որ նա անպարտելի կացուցանե ձեր բանակը, բայց կաթողիկոսարանի մեջ դավադրություն սարքել անկարող եմ․․․

— Միթե իշխանը քե՞զ հանձնեց այդ գործը։

— Այո՛․ «Դու հովանավորիր, ասում է, այն մարդկանց, որոնք հոգևորականի հագուստով ծպտյալ կապրեն կաթողիկոսարանում և նրա նկուղներից խրամատ կվարեն մինչև արտաքին պարիսպը․․․»։ Միթե այդ կարելի՞ է։

Սպարապետն իմացավ արդեն ինչ որ պետք էր․ մի ներքին ուրախություն նրա էությունը տոգորեց։

— Ո՛չ, այդ անարգ գործին չպիտի մասնակցես դու։ Ես թույլ չեմ տալ, որ հայոց կաթողիկոսը դավադիր հռչակվի աշխարհում, իմ բազուկը դեռ զորավոր է, և նա կգործե քո փոխարեն։ Ես կմիացնեմ իմ գնդերը իշխանի զորքերի հետ, և մենք Դվինը կգրավենք բռնի ուժով, այդպես էլ ես ասացի նրան։

Կաթողիկոսը, որ արդեն այդպիսի մի առիթ էր որոնում խոստացած վտանգավոր քայլից հետ կանգնելու, ուրախությունից իրան կորցրեց և Գևորգ իշխանի՝ յուր հետ ունեցած բոլոր խոսակցությունը մանրամասն պատմեց սպարապետին։

Վերջինս, կրկին և կրկին միամտացնելով Վեհափառին, վերադարձավ յուր ապարանքը գոհ սրտով։

«Ոչ, այդ չի հաջողիլ քեզ, Մարզպետունի իշխան, — սկսավ խոսել ինքն իրան սպարապետը, ճեմելով յուր գեղազարդ դահլիճի մեջ։ — Դու կամենում ես արդեն մեռած և Սևանում թաղված թագավորին հարություն տալ․ կամենում ես նորեն աթոռի վրա բազմեցնել նրան, բայց այդ թույլ չի տալ քեզ օրինավոր թագավորը։

Եթե հայ ժողովուրդը խաղաղություն է կամենում, թող նա ինձ խոնարհի և իմ բազկին ապավինե։ Աշոտ Սմբատյանը չի կարող փրկել նրան, երբ Աշոտ Շապուհյանը այդ չի կամենում․․․ Այո՛, ես եմ հայոց գահի պայազատը, ինձ են խոնարհում ոստանիկ զորքերը, սեպուհների գունդը, դրանիկ վաշտերը․․․ Եթե Աշոտ Երկաթը թագավոր է, ինչո՞ւ է Սևանում ճգնում։ Ինչո՞ւ չէ յուր թշնամիները հալածում։ Եվ դու կամենում ես իմ փառքը կապտել և տալ ճգնավորի՞ն։ Չէ՛, բարեկամ, այդ նվաստությունը կրելու համար չենք ծնվել աշխարհում, ոչ էլ դրա համար ենք այս հասակն առել, պատերազմներում ծերացել, թագ ու գավազան ձեռք բերել․․․ այո՛, մեր թագը խուցերում չի ծածկվել, նա կփայլե աշխարհի առաջ, օրինավոր թագավորի գործը ամենքը կտեսնեն, պատմությունները կարձանագրեն․․․»։

Այդ մտածություններով ոգևորված նա մտավ առանձնարանը, կանչեց դպրին և նրանից մագաղաթ ու մելան ստանալով՝ նստեց և սկսավ գրել մի նամակ։ Ըստ երևույթին գաղտնի հաղորդագրություն էր այդ, որովհետև դպրին չհանձնեց գրելու, բացի այդ, նա չպիտի ուղղեր այն որևէ մի հայի, ըստ որում գրում էր արաբերեն։

Ավարտելով յուր գործը, նա արքայական կնիքը դրավ ստորագրության փոխարեն, փակեց և տվավ դպրին կնքելու։ Ապա կանչելով յուր հավատարիմ քաջերից մեկին, հանձնեց նամակը նրան և պատվիրեց մինչև երեք օրը հասցնել պատկանելույն։

— Մինչև երեք օրը, տեր, դժվար է հասնել Ատրպատական, — ասաց բանբերը։

— Մինչև երեք օրը տեղ պիտի հասնե այդ նամակը, — կրկնեց սպարապետը։

Բանբերը չպատասխանեց, նա գլուխ խոնարհեց և դուրս գնաց։

Արշարունյաց ձորի արևելյան գոգում, մոտ այն տեղերին, ուր կառուցած էր գեղեցիկ Երվանդակերտը և ուր Ախուրյանը խառնվում էր Երասխի հետ, գտնվում էր մեծ անտառ։ Կապույտ լեռան ստորոտից սկսած՝ տարածվում էր նա մինչև Երասխի ափերը։ Դարերից ի վեր ապրում էին այդտեղ հսկահասակ կաղնիներ, մայրեր ու կաղամախներ, որոնց կատարները ծրարում էին ամպերի մեջ։ Ցերեկը նրանք արգելում էին արևի ճառագայթները, իսկ գիշերն ստեղծում անթափանցելի խավար։ Չկային այդտեղ անցքեր և ուղիներ, ծառերն ամեն տեղ աճել էին վայրենի դրությամբ և իրանց ստվերապատ ու անհեթեթ բուներով վաղեմի ճանապարհները ծածկել։

Դա հիշատակաց արժանի Ծննդոց անտառն էր, Երվանդ թագավորի տնկած որսարանը։ Թեպետ արքայաշեն պատվարները չէին պաշտպանում այլևս նրա սահմանները, բայց անտառն աճել, զորացել էր, ավերող ձեռքերը չէին կարող այլևս վնասել նրան։ Արքայի ժողոված էրեների սերունդները բազմացել, լցրել էին նրա ծմակները, բայց արքայազն որսորդներ չէին որսում այլևս նրանց մեջ։ Երկրի անապահով դրությունը, միմյանց հաջորդող խռովությունները և ներքին ու արտաքին ընդհարումները ցամաքացրել էին իշխանների սրտում զվարճասիրության աղբյուրը։ Հազիվ երբեմն շինական որսորդի նետը անհանգստացնում էր այդ անտառի խաղաղակյաց բնակիչներին կամ այդտեղ թաքչող դասալիք մի զինվորի գեղարդը պատահմամբ տապալում յուր առջևից փախչող էրեին։ Ուրիշ զվարճասերներ չէին այցելում այդ անտառը, որովհետև վաղուց նա դարձել էր հագարացի ավազակների բուն։ Այդտեղ նրանք թաքչում էին՝ թե՛ անցորդներ կողոպտելու և թե՛ հետամուտ զորքերից փախուստ տալու համար։

Բայց մի քանի օր էր ինչ այդ հրոսախմբերը անհետացել էին Ծննդոց անտառից կամ գուցե, նրա խորքերը քաշվել։ Այդ ավազակների տաղավարներում բնակվում էին այժմ մի խումբ հայ զինվորներ, որոնք տիրել էին այդ ծածկարաններին բռնությամբ, հալածելով այդտեղի նախկին բնակիչներին և նրանց մի մասը կոտորելով։ Զինվորներից ոմանք զբաղվում էին այդտեղից որսորդությամբ, որպեսզի դրանով կերակրեն իրանց և ընկերներին, իսկ ոմանք պահպանություն էին անում անտառի մուտքի մոտ և այդտեղից դիտում Դվնո դաշտը տանող ճանապարհները։

Դրանք Մարզպետունու մարդիկն էին, որոնք սպասում էին այդտեղ կաթողիկոսի գալստյան, որպեսզի, նրա հետևողների հետ միանալով՝ դիմեն դեպի Դվին։

Բայց օրերը հաջորդում էին միմյանց, և կաթողիկոսը չէր երևում։ Զինվորները իրանց ձանձրույթը փարատելու համար պարապում էին երբեմն զինվորական մրցությամբ և երբեմն իրանց կատարելիք գործի վերաբերմամբ փորձեր էին անում։ Նրանք փորում էին խրամատներ, կապում էին ստորերկրյա կամարներ կամ ներքնուղիով ռազմամթերք փոխադրելու վարժություններ էին անում։ Դրանցից էլ ձանձրանալով՝ ստեղծում էին զվարճալի խաղեր, հագնում էին իրանց հետ բերած վարդապետական սքեմները, ծածկում էին խույրեր և վեղարներ և այդպիսով ստեղծում վարդապետների մի խումբ, որ տարօրինակ պատկեր էր ներկայացնում մենավոր անտառի մեջ։

Եվ սակայն այդպիսով շաբաթը լրացավ, բայց Բագարանից լուր չեկավ իրանց։

Զինվորներից ոմանք ցանկություն հայտնեցին ուղարկել Բագարան իրանցից մեկին և կաթողիկոսի ուշանալու պատճառն իմանալ։ Բայց մյուսներն արգելք եղան, հայտնելով, թե իշխանը հրամայել է իրանց սպասել, ուրեմն և պիտի սպասեն, որպեսզի ոիևէ սխալ քայլ անելով՝ իշխանի դիտավորությունները չխանգարեն։

Բայց որտե՞ղ էր այդ միջոցին ինքը՝ Մարզպետունին։

Նա գտնվում էր Երազգավորսում, Աբաս արքաեղբոր մոտ։ Դվինի գրավելու մասին հարկ եղած որոշումն անելուց և նախնական պատրաստությունները տեսնելուց հետո, նա դիմել էր Աբասին, նախ՝ թագավորի հետ նրան հաշտեցնելու և ապա այդ քաջի աջակցությունը ձեռք բերելու յուր մտադրյալ գործի համար։

Աբասն այդ ժամանակ ապրում էր յուր հոր՝ Սմբատ թագավորի կառուցած ապարանքում։ Յուր եղբոր պես նա էլ գեղեցիկ, բարձրահասակ, ամուր կազմվածքով և, մանավանդ, ազդեցիկ դեմքով մի տղամարդ էր։ Թեպետ տարիքով ավելի փոքր էր քան թագավորը, բայց նորից ավելի խոհեմ և շրջահայաց էր։ Բացի այդ, նա ավելի պարկեշտ և բարոյասեր էր, քան Աշոտը․ և հենց այդ պատճառով էլ սրտմտած էր եղբոր դեմ, որ նա առաքինի հորից ժառանգած գահի պատիվն արատավորել էր յուր ապօրինի ընթացքով։

Արքաեղբոր այդ սրտմտությունից օգուտ քաղեցին յուր ժամանակին նրա աներ ափխազաց իշխանը և հորեղբայր Աշոտ բռնակալը և միացրին նրան իրենց հետ՝ թագավորին դավով գահընկեց անելու համար։ Այդ դավադրությունը, ինչպես յուր տեղը իմացանք, անհաջող անցավ։ Թագավորը չկամենալով եղբորից վրեժ առնել՝ ափխազաց Գուրգենի երկիրն ավերեց, որով Աբասին ավելի գրգռեց։ Ապա երբ յուր սուրն Աշոտ բռնակալի վրա դարձուց, սա կեղծավորաբար հաշտվեց նրա հետ, արքաեղբայրը, սակայն, չմոտեցավ թպգավորին, ոչ էլ հաշտվելու փորձ արավ, որովհետև յուր գժտության պատճառը բոլորովին տարբեր էր Գուրգեն-Ափխազի և Աշոտ բռնակալի ունեցած պատճառներից, նա անգործ նստել էր Երազգավորսում և այլևս ոչնչի չէր խառնվում։ Նա, մինչև անգամ, մերժեց Մարզպետունու խնդիրը, երբ վերջինս մի քանի ամիս առաջ եկավ խնդրելու իրան՝ միանալ դաշնակցել ցանկացող իշխանների հետ։

Եվ այժմ, երբ նա նորեն մտավ Երազգավորս՝ Աբասին յուր եղբոր հետ հաշտեցնելու դիտավորությամբ, մտածում էր, թե անկարող պիտի լինի դարձյալ համոզել նրան։ Միակ վստահությունը ներշնչում էին իրան յուր վերջին հաղթությունները։ Դրանք իրավունք էին տալիս նրան ավելի ազատ խոսելու և այդ իշխանապետներից պահանջներ անելու։ Այդ վստահությամբ նա դիմեց կաթողիկոսին և այդ վստահությամբ էլ մտավ Երազգավորս։ Բայց այս անգամ, երբ նա ներկայացավ Աբասին՝ բոլորովին կերպարանափոխ գտավ նրան։ Նա ոչ միայն ընդունեց իշխանի առաջարկությունը՝ թագավորի հետ հաշտվելու, այլև հայտնեց, թե պատրաստ է յուր զորքերը նրա հրամանատարության հանձնելու։

— Քո կատարած գործերն ամաչեցրին ինձ, — ասաց նա իշխանին անկեղծորեն։ — Երբ ես իմացա, թե դու Ուրծաձորում հարձակվել ես Բեշիրի զորաց դեմ միայն քսան հոգով և նույն հարձակումը կրկնել ես Գեղա ամրոցի մոտ և երկու անգամ էլ հաղթություն տարել, այն օրից արդեն ուխտեցի միանալ քեզ հետ։ Այստեղ, Երազգավորսում ես ունիմ բարեկարգ բանակ, առաջնորդիր նրան, ուր որ ցանկալի է քեզ։ Իսկ թագավորին ես կպարզեմ իմ աջը անկեղծ հաշտությամբ և կընդունեմ նրան այստեղ արժանավայել փառքով։ Հարցն այն է, թե կելնե՞ նա Սևանից թե ոչ, — ավելացրեց արքաեղբայրը։

— Եթե նա իմանա, թե դու հաշտության ձեռք ես պարզում իրան, նա ուրախությամբ յուր աթոռանիստը կդառնա։

— Այո, ես հաշտվում եմ նրա հետ, ես ներում եմ նրան յուր թուլությունները, որոնք ներելի չէին իբրև թագավորի․․․ Այո՛, ներում եմ․ բայց վախենում եմ, թե նա համառի յուր որոշման մեջ, չվերադառնա Երազգավորս։ Իսկ ես սրտանց կամենում եմ տեսնել նրան նորեն յուր աթոռի վրա․․․ իսկ թագուհին շատ վիշտ է կրել, պետք է նրան սփոփել․․․

Մարզպետունին զարմացավ՝ տեսնելով Աբասի խոսքերի մեջ այսքան մեղմություն ու գորով։ Ի՞նչ էր պատահել արդյոք, մի՞թե զղջացել էր նա եղբոր դեմ ունեցած գժտության համար, թե՞ աներոջ հետ գործած դավաճանության հիշատակը տանջում էր նրա խիղճը։

— Ես կերթամ թագավորի մոտ, կխնդրեմ նրան իմ և քո կողմից, — ասաց Մարզպետունին․ — հույս ունիմ, թե նա կհարգե մեր խնդիրը։

— Ես նույնպես կընկերանամ քեզ, — ասաց Աբասը։

— Դո՞ւ, մեծափառ տեր, — հարցրեց Մարզպետունին բոլորովին զարմացած։

— Այո՛, ե՛ս․ մի՞թե տարօրինակ է թվում քեզ իմ ցանկությունը։

— Ո՛չ թե տարօրինակ, այլ ընդհակառակը, շատ բնական․․․ Միայն թե չգիտեմ ինչո՞ւ հանկարծ այսպես․․․

— Ի՞նչ։

— Փափկացավ քո սիրտը, որին ես այնքան անողոք էի գտնում միշտ։

— Իշխա՛ն, հարազատ եղբորը դժվար է մոռանալ։

— Իսկ ես ավելին կասեմ, անկարելի է մոռանալ․․․

— Այո՛, թագավորն ինձ ինքնագիր նամակ է գրել․․․— ընդհատեց Աբասը՝ աչքերը տխրությամբ գետնին հառելով։

— Նամա՞կ, — հարցրեց իշխանը զարմանալով։

— Այո՛, տխուր նամակ, մեծ ցավ պատճառեց նա ինձ յուր այդ գրությամբ։

— Ի՞նչ է գրել, ինչո՞ւ է ցավ պատճառել, — հետաքրքրությամբ հարցրեց իշխան Մարզպետունին։

— Նա հիվանդ է։

— Հիվա՞նդ, ինչո՞ւ։

— Չէ՞ որ Բեշիրի հետ ունեցած կռվում վիրավորված է եղել։

— Մի՞թե, այդ ես չգիտեի, — հարեց իշխանը վախենալով։

— Այո՛, վիրավորվել է թունավոր նետով, վիրաբույժը, ասում են, հուսահատված է արդեն։

— Օ՛, այդ մի դժբախտություն է, — բացականչեց իշխանը․— անկարելի է ուրեմն թողնել նրան Սևանում, շտապենք բերել այստեղ։

— Վաղը ևեթ կարող ենք ճանապարհվել։

— Իսկ թագավորի նամակը չէի՞ր հաճիլ տալ ինձ կարդալու, — ակնածությամբ հարցրեց իշխանը։

— Դու արքայական տան հավատարիմն ես, ի՞նչ պիտի ունենանք մենք քեզանից ծածուկ, — պատասխանեց Աբասը վստահորեն․ — ահա՛ նամակը, կարդա՛։

— Այս ասելով նա մոտեցավ պահարանին և հանելով այնտեղից արքայի գրությունը, տվավ իշխանին կարդալու։

Նամակը հետևալն էր․

«Հայոց Աշոտ ապաբախտ թագավորից յուր սիրեցյալ եղբոր Աբաս արքայորդուն՝

Ողջույն։

Նախախնամության աջը, սիրեցյալ եղբայր, ծանրացավ արդեն ինձ վրա։ Իմ գործած հանցանքների համար նա պատժեց ինձ չարաչար։ Ես տեսա իմ երկրի ավերումը, տեսա սիրեցյալի երեսդարձությունը, տեսա իմ թագի նսեմանալը։

Արժանի՞ էի ես այդ ամենին թե ոչ, չգիտեմ, միայն գիտեմ, որ նախախնամությունն անարդար ոչինչ չէ տնօրինում։ Պիտի խոնարհիմ ուրեմն նրա սուրբ կամքի առաջ և օրհնեմ նրա անունը գոնե այն մխիթարության համար, որ նա տվավ ինձ իմ տանջանքների մեջ։

Դա այն աներկյան հույսն է, թե քիչ ժամանակից հետ պիտի բաժանվիմ աշխարհից և դադարեմ այլևս տանջվելուց։

Բեշիրի դեմ մղած ճակատամարտում մահ էի որոնում ես, բայց միայն վերք ստացա, և այն այնպիսին, որ երկար ինձ տանջեր և հանցանքներս հիշեցնելով՝ կեղեքեր իմ հոգին։ Անշուշտ այս էլ աստուծո տնօրինությունն էր․ օրհնում եմ նրա կամքը։ Բայց որովհետև վիրաբույժս հուսահատած է արդեն և գուշակում է, թե շուտով պիտի մեռնիմ, ուստի շտապում եմ դիմել քեզ, սիրեցյալ հարազատ, և խնդրել, որ փութաս քո հաշտության համբույրն ինձ բերելու։ Ես որոշել եմ մեռնել Սևանում, իմ մարմինը, հարկավ, կտանեք Բագարան իմ հայոց դամբարանում ամփոփելու, բայց հոգիս պիտի ավանդեմ այս ապաշխարանաց վայրում, այդ կարի ցանկալի է ինձ։ Ուրեմն լսիր իմ վերջին խնդիրը և կատարի՛ր նրան։

Ես մեռնում եմ անզավակ, դու ես մնում պայազատ իմ թագի և գահի, որոնց և պիտի ժառանգես իրավամբ։ Բայց կամենում եմ, որ դու տիրանաս նրանց ոչ իբրև իմ հակառակորդ, այլ իբրև եղբայր։ Բե՛ր ինձ ուրեմն քո հաշտության համբույրը և դրա փոխարեն ստացիր ինձանից քո օրինական ժառանգությունը։ Նրա հետ միասին ես կամենում եմ հանձնել քո ձեռը մի ավանդ, որի պահպանությունը կարող եմ վստահիլ միայն քեզ, իբրև իմ միակ հարազատին»։

Վերջին խոսքերն ավարտելուց հետ իշխանն անհամբերությամբ հարեց․

— Ե՞րբ ստացար այս նամակը, տե՛ր։

— Երեք օր առաջ, — պատասխանեց Աբասը։

— Եվ մինչև այս րոպեն կարողացար համբերե՞լ։

— Համբերեցի տանջվելով։ Եթե թագավորը միայն հաշտության մասին խոսեր, ես իսկույն ևեթ կշտապեի նրա մոտ, բայց նա հիշում է նաև իմ ժառանգությունը․․․ Մի՞թե այդ ժառանգության համար պիտի հաշտվեմ նրա հետ․․․

— Եթե ա՛յդ է միակ տանջող մտածմունքդ․․․

— Այո՛, միայն այդ․ ծանր է այժմ ինձ երևալ նրա առաջ։ Չէ՞ որ նա կկարծե, թե ժառանգությունս ստանալու համար եմ այցելել իրան։

— Մի՛ հոգար այդ մասին, տե՛ր, հապաղելն ավելի ցավ կարող է պատճառել քեզ, — ասաց Մարզպետունին և խորհուրդ տվավ նրան շտապել, ճանապարհվել կարելվույն չափ փութով։

Մի քանի օրից հետ Աբաս արքաեղբայրն ու Մարզպետունի իշխանը ելան Երազգավորսից և ուղղվեցան դեպի Սևան։ Նրանց ուղեկցում էր հազար հոգուց կազմված և գեղեցկապես սպառազինված մի բանակ, որի մի մասը արքաեղբոր և մյուսը՝ Մարզպետունու զորքերից էին։

Կամենալով մի փոքր ոգևորել գավառներում ապրող ժողովրդին, նրանք Շիրակից չանցան դեպի Գուգարք, թեպետ կարճ ճանապարհն անցնում էր նրա միջով, այն է՝ Աղստև գետի ուղղությամբ, այլ իջան դեպի հարավ, մտան Արագածոտն և՛ ապա անցան Նիգ և Վարաժնունիք գավառները։ Այդպիսով շրջան անելով՝ ամեն մի շենի կամ ավանի մոտեցած ժամանակ՝ հնչեցնել էին տալիս նրանք փողեր ու շեփորներ, անցնում էին հաղթական ընթացքով և պատրաստում էին ժողովուրդին իրանց մոտալուտ հարձակմանց աջակցելու։ Իսկ ինքը, ժողովուրդը, դիմավորում էր նրանց ուրախությամբ, սրտագին ցույցերով, հարգանք էր մատուցանում արքայական դրոշին, որ կրում էին այդ զորքերը, և քաղցր հյուրասիրությամբ պատվում էր վերջիններին։

Այս ամենը տեսնելով արքաեղբայրը հուզվում և դառնալով Մարզպետունուն՝ հարցնում էր․

— Եթե ժողովրդի մեջ այսպիսի սիրտ ու հոգի կա, ինչո՞ւ մենք մնացել ենք անզոր, ինչո՞ւ չենք օգտվում այս պատրաստի ուժից։

— Որովհետև անձնական գժտությունները ժամանակ չեն տալիս ձեզ աչք բանալու և ժողովուրդը տեսնելու, որովհետև անձերնիդ պաշտպանելու հոգսը գրավել է ձեր բոլոր ուշադրությունը․․․ — պատասխանեց իշխանը․ — ժողովուրդը, այո՛, ուժ ունի, ժողովուրդը մի հեղեղ է, որ թե զորացավ, կարող է թումբեր կործանել, ամբարտակներ տապալել։ Բայց պակասում է մեզ մարդ, որ կարողանա ժողովրդի սրտի հետ խոսել, ոգիներ վառել, հեղեղ պատրաստել։

— Ո՞վ կարող է լինել այդ մարդը, — հարցրեց արքաեղբայրը։

— Նա, որ կկարողանա բոլորանվեր կերպով զոհել յուր անձը հայրենիքին, — պատասխանեց իշխանը եռանդով։

— Այդպիսի մեկին ճանաչում եմ ես, տեր Մարզպետունի։

— Ո՞ւր է նա, — հետաքրքրությամբ հարցրեց իշխանը։

— Ահա՝ այստեղ, իմ առաջ․․․ Այդ դու ես, — ասաց Աբասը ժպտալով, և ապա ձեռքը պարզելով իշխանին, ավելացրեց․ — երկրորդը, ահա՛ գալիս է քեզ միանալու, նա կլինի քո անբաժան և անձնվեր զինակիցը։

— Եվ իմ տերն ու իշխանապետը, — բացականչեց Մարզպետունին և ջերմությամբ արքաեղբոր աջը սեղմելով՝ ավելացրեց․ — այս օրվանից ուրեմն ծագում է նոր արև․ նա կջերմացնե սառած սրտերը և կառաջնորդե յուր ժողովրդին։

Այն միջոցին, որ արքաեղբայրն ու Մարզպետունին ոտք էին կոխում Սյունյաց նահանգի հյուսիսային սահմանածայրը, նույն նահանգի հարավային մասում ուրիշ գործ էր կատարվում։ Նսըր ոստիկանը տեղեկանալով Աշոտ բռնավորի նամակից, որ արաբացոց զորքերը ջարդող Մարզպետունին մտադիր է Դվինը պաշարվել կամ դավադրությամբ գրավել, ժողովեց իսկույն յուր զորքերը, կազմեց նույնպես Ատրպատականի պարսիկներից բազմաթիվ հրոսախմբեր և նրանց հետ միասին ելնելով այն երկրից՝ մտավ Վասպուրական։ Եվ որովհետև որոշել էր յուր մուտքը դեպի հայկական նահանգները հաղթական և ահարկու կացուցանել, ուստի փորձ փորձեց Վասպուրականի մի քանի ավանները գրավել։ Բայց Գագիկ Արծրունու մշտապատրաստ զորքերը հետ մղեցին նրա հրոսակներին։ Նսըրը տեսնելով, որ յուր ուժը Վասպուրականում կարող է թուլանալ, եթե կռվի բռնվի Գագիկ թագավորի հետ, խույս տվավ նրա երկրի հյուսիսային կողմից և շտապավ Երասխն անցնելով՝ մտավ Սյունիք։

Նա գիտեր, որ այդ նահանգի տեր երեք եղբայրներից երկուսը, այն է՝ Սահակ և Բաբգեն իշխանները, բանտարկված են յուր ձեռքով Դվինում, մնում էր ուրեմն մինը, այն է՝ Սմբատ իշխանը, որ միայնակ չէր խիզախիլ յուր դեմ։ Ուստի հանդուգն արշավանքով մտնելով Երնջակ, դիմեց դեպի նույնանուն բերդը։ Նա կամենում էր գրավել նրան և ընդդիմացողներին ջարդել։ Այդ ձևով մտածում էր տիրել յուր ճանապարհի վրա գտնվող բոլոր ավաններին և շուրջը ահ ու սարսափ տարածելով հասնել մինչև Դվին։

Բայց որքա՛ն մեծ եղավ նրա սարսափը, երբ Դարվա լեռներում յուր հանդեպ ելան Սմբատ իշխանի սպառազինված գնդերը։

Մարզպետունու օրինակը քաջալերել էր հայ իշխաններին, ամեն տեղ նրանք պատրաստված էին արդեն, իսկ Սյունյաց քաջ իշխանն ավելի ևս։

Իմանալով որ Նսըրի բանակն անցել է Երասխա հունը, Սմբատ իշխանը, որ հենց այդ միջոցին գտնվում էր Երնջակում, հրամայեց զորքերին առաջանալ դեպի թշնամին, որովհետև գիտեր՝ նա առանց վնաս պատճառելու չի անցնիլ Սյունիքից։ Եվ ահա Դարվա լեռնաձորում հանդիպեցին նրանք միմյանց։

Իշխանը, որ յուր գնդերով գտնվում էր լեռնալանջի վրա, պատգամ ուղարկեց Նսըրին՝ ասելով․

«Աստուծո վրեժխնդիր աջը առաջնորդել է քեզ դեպի այս լեռնաձորը, դու, որ խաբեությամբ բանտարկեցիր իմ եղբայրները, պետք է ուրեմն նրանց տված տանջանքների վրեժը լուծես այս ձորում։ Քո զորքերն այս վայրկենին շրջապատված են իմ քաջերով, ո՛չ մի արաբացի ողջ չի ելնիլ այստեղից, եթե ես չկամենամ․ ուստի իբրև փրկանք քո անձի և զորքերի՝ ես առաջարկում եմ, որ Դվին հասնելուդ պես ազատես իմ եղբայրները բանտից և վերադարձնես նրանց այստեղ։ Դրա համար ես պահանջում եմ, որ դու տաս ինձ երդման գիր, այլև պատանդներ՝ քո գլխավոր իշխաններից։ Հակառակ դեպքում Դարվա այս ձորը գերեզման կդարձնեմ քո բանակի համար»։

Եվ իրա՛վ, արաբացոց բանակը վտանգի մեջ էր։ Սյունեցիք ստիպել էին նրանց կանգ առնել այնպիսի նեղ ձորում, որի մի մասը բռնած էր Երնջակա գետը, իսկ մյուս մասի վրա հազիվ զետեղվում էր արաբացոց այրուձին։ Երկու կողմից բարձրանում էին Դարվա լեռնալանջերը, որոնց ամբողջապես բռնած էին սյունեցիք։ Նրանց սպառնալից դիրքն ու դեմքերը սարսափ էին ազդում արաբացիներին։ Սրանք տեսնում էին, որ այդ քաջերը ժայռերի տարափով միայն կարող էին ջարդել իրանց մի ժամվա մեջ․ իսկ իրանք փախչելու ոչ մի ելք չունեին։

Ոստիկանը նույնպես, տեսնելով յուր վիճակը և հակառակորդի զորությունը, դիմեց իսկույն մահմեդականի հատուկ խորամանկության։ Նա սիրով ընդունեց իշխանի պատգամավորներին։ Համաձայնվեցավ Դվին դառնալուն պես՝ ազատել իշխանի եղբայրները և դրա համար յուր կնիքով կնքած երդմնագիր, այլև պատանդներ տալ նրան։ Այս պատճառով իշխանն իջավ ոստիկանի բանակը, տեսնվեցավ նրա հետ բարեկամաբար և խոստացված երդմնագիրն ու պատանդներն առնելով, տվավ Նսըրին թանկագին նվերներ և ուղեկցեց նրան մինչև Երնջակա սահմանը։

Բայց ոստիկանը, շտապով Նախիջևանի գավառն անցնելով, մտավ Շարուր և ապա Ուրծաձոր, որոնք յուր կալվածներն էին համարվում, և այս վերջինում ասպատակել տվավ հայաբնակ գյուղերը, որովհետև դրանց բնակիչները աջակցություն էին ցույց տվել Մարզպետունուն։ Ի վերջո մուտ գործելով Դվին, ոչ միայն չազատեց Սյունյաց իշխաններին, ինչպես որ խոստացել ու երդվել էր, այլև ավելի խստացրեց նրանց կապանքները։

Բացի այդ, հաշիվ պահանջելով Բեշիրից արաբական զորքի կրած վնասների համար, գտավ, որ դրանք անթիվ են, ուստի և ի տրիտուր այդ վնասուց գրավեց իսկույն կաթողիկոսարանը։ Նրա կարծիքով, հասած վնասների սկզբնապատճառը հայոց կաթողիկոսն էր․ որովհետև եթե նա շարունակ փախուստ տված չլիներ իրան հետամուտ եղող ոստիկանական զորքերի երեսից, վերջինները առիթ չէին ունենալ կռվի բռնվել Մարզպետունու կամ արքայի զորքերի հետ։ Եվ ահա այս պատճառով, իբր թե ամենից առաջ պիտի տուժեր ինքը կաթողիկոսը։ Նրա ապարանքը ոստիկանը դարձրեց յուր ծառաների բնակարան, իսկ կաթողիկոսարանի անունով նա գրավեց եկեղեցական իշխանապետության պատկանյալ բոլոր կալվածները, որոնց հասույթով կերակրվում էին հարյուրավոր միաբանություններ։

Այս ամենը լսեց Սմբատ իշխանը և շատ զղջացավ, որ ազատ է թողել ուխտադրուժ հագարացուն։ Բայց սխալն ուղղել այլևս անկարելի էր։ Մնում էր նրան մխիթարվել այն միակ մտածությամբ, թե յուր եղբայրները մահից և կապանքից ազատելու համար գործեց այդ թուլությունը։

Եվ որովհետև նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չէր խնայիլ յուր հարազատներին, եթե նա ջարդեր հագարացոց բանակը, ուստի այդ մտածությունը մեղմեց նրա վիշտը։

Այսուամենայնիվ նա ուխտեց տուժել տալ հագարացուն ուրծաձորցիների վնասը և ազատել նույնիսկ կաթողիկոսարանը, եթե աստված հաջողեր իրան հանել յուր եղբայրները բանտից։

Բագարանի միջնաբերդում նստած խոսակցում էին կաթողիկոսն ու Աշոտ բռնակալը։ Վերջինս եկել էր մխիթարելու Վեհափառին այն ծանր կորստի համար, որ կրել էր եկեղեցական իշխանապետությունը կաթողիկոսարանի գրավմամբ։

Բայց Վեհափառն անմխիթար էր։ Նա տանջվում էր, մանավանդ, խղճի խայթերից։

— Եթե ես լսած լինեի Մարզպետունու խորհրդին, եթե կատարած լինեի նրան տվածս խոստումը, կաթողիկոսարանը չէր վտանգվիլ, նրա կալվածները չէին հափշտակվիլ, — ասում էր նա և կշտամբում, մանավանդ, Աշոտ բռնավորին, որ պատճառ դարձավ յուր հապաղելուն։

— Ընդհակառակը, ես ազատեցի քեզ անպատվությունից և անխուսափելի մահից, — պատասխանեց բռնավորը։ — Դու արդեն մի քանի անգամ փախուստ ես տվել ոստիկանի երեսից, ուրեմն այս վերադարձով չպիտի կարենայիր նրա սիրտն ամոքել։ Վաղ թե ուշ, նա կձերբակալեր քեզ և, գուցե, զնդանի մեջ էլ մեռցներ։ Այդպիսով Մարզպետունու տված խորհուրդը մահ և անպատվություն միասին պիտի բերեր քեզ։

— Այժմ էլ արդեն մեռած ու անպատված եմ, — պատասխանեց կաթողիկոսը, — ի՞նչ իրավունք ունիմ այլևս ապրելու և ինձ գահակալ անվանելու, քանի որ եկեղեցվո սուրբ հայրերից ինձ ավանդ տրված հարստությունը հափշտակության մատնեցի իմ թուլությամբ։

— Ոչ թե քո, այլ նրա՛ թուլությամբ, որ իրան հայոց թագավոր է հռչակում, բայց երկյուղից կծկվել է Սևանի խուցերում։ Եթե թագավորը, որ զենք ունի ձեռքին և զորք յուր ետևում, փախչում է թշնամու երեսից, մի՞թե նույնն անելու իրավունք չունի մի հոգևորական, որի զենքն աղոթքն է միայն։

— Ո՛ւր էր թե այդպես մտածեր և իմ ժողովուրդը, բայց նա ամեն հանցանք ինձ վրա պիտի բարձի, մանավանդ՝ «երբ «անհանգիստ իշխանը» մեղադրե ինձ ամենքի առաջ․․․»

— Մարզպետունի՛ն։

— Այո՛, ես սարսափում եմ նրանից։ Ի՞նչ պատասխան պիտի տամ արդյոք, եթե նա վերադառնա այստեղ։

— Եվ ո՛չ մի պատասխա՛ն, ո՞վ է նա և ի՞նչ իրավունք ունի քեզ վրա։

— Նա արքայի հավատարիմն է և գործում է նրա հրամանով։ Նա բարի խորհուրդ տվավ ինձ և ես չլսեցի․․․

— Կամենո՞ւմ ես, Վեհափառ տեր, ազատվել անհաճո զրույցներից, — հարցրեց հանկարծ բռնավորը։

— Օ՛, շատ կցանկանայի, բայց ինչպե՞ս կարող եմ։

— Հեռացի՛ր Բագարանից։

— Հեռանա՞մ, և ո՞ւր կարող եմ դիմել․ Այրարատում այլևս չկա ինձ համար հանգստյան անկյուն։

— Դու կաթողիկոս ես ոչ միայն Այրարատի, այլ համայն հայոց համար, և ուր էլ որ լինի քո աթոռը, հայերը պարտավոր են պաշտոն մատուցանել նրան։

— Բայց ո՞ւր կարող եմ հեռանալ, ո՞վ այլևս կպաշտպանե ինձ, — հարցրեց կաթողիկոսը վշտալի ձայնով։

— Նա, որ այնքան հաճախ հրավիրում էր քեզ յուր մոտ, որ կամենում էր քեզ հովանավորել, բայց որի խնդիրը մերժում էիր դու։

— Ո՞վ․․․ — հարցրեց Վեհափառը, չկարողանալով մտաբերել ակնարկած անձին։

— Գագիկ թագավորը։

— Գագիկ թագավո՞րը․․․ — բացականչեց հանկարծ հայրապետը․ և նրա տխրամած դեմքը ներքին ուրախությունից զվարթացավ։ — Այո՛, գնա՛ Վասպուրական, Գագիկ Արծրունու մոտ․ նա քեզ կհովանավորե և կպաշտպանե։ Եթե Արծրունյաց ոստանում ապրել չկամենաս, կարող ես քաշվել Աղթամարա կղզին, թագավորն այնտեղ անառիկ բերդ, գեղեցիկ դղյակ և հրաշալի եկեղեցի է կառուցել։ Հաստատիր աթոռդ այդ կղզու մեջ, որ Հայաստանի սիրտն է․ Ժողովի՛ր շուրջդ նոր միաբանություն, ծաղկեցրո՛ւ այնտեղ հավատո ուսումը և ծերությանդ օրերն անցցրու հանգստության մեջ։

Բռնավորի խոսքերն այն աստիճան հաճո թվեցան կաթողիկոսին, որ սա հուզվելով բռնեց նրա աջը և ջերմագին սեղմելով բացականչեց․

— Աստված, ուրեմն, չէ թողնում ինձ, տե՛ր․ նա քո բերանավ խոսում է ինձ հետ և փրկության ճանապարհ է ցույց տալիս։ Շնորհակալ եմ քեզանից, անչափ շնորհակալ, պիտի օրհնեմ կյանքդ, քանի կենդանի եմ։ Այո՛, կերթամ Վասպուրական․ կքաշվեմ Աղթամարա կղզին, ուր իմ ականջին չեն հասնիլ այլևս անհաճո զրույցներ։ Եվ հայոց կաթողիկոսի գահը թող անխախտ մնա այնտեղ և իմ հաջորդները օրհնեն քո հիշատակը, որ պատճառ եղար Լուսավորչի աթոռը ապահով վայրում հաստատելու։ Եվ այդտեղ, այո՛, կհաստատեմ նոր ուխտ, կժողովեմ իմ շուրջը սուրբ գրոց աշակերտներ և հավատո ջահը կվառեմ Աղթամարում․․․ Բա՛վ է որքան աստանդական թափառեցի, գտնեմ այժմ մի անկյուն, որ կարողանամ իմ գլուխը հանգչեցնել։

— Եվ այդտեղ կավարտես քո Հայոց պատմությունը․․․ — հիշեցրեց բռնավորը։

— Այո՛, այո՛, իմ պատմությունը, որ ցայսօր մնաց թերի․․․ Որքա՞ն երախտագետ պիտի լինիմ քեզ, եթե ավարտեմ այն, — բացականչեց կաթողիկոսը։

Եվ այդ բանով նա այնպես ուրախացավ, ինչպես մի մանուկ, որ գտնում է հանկարծ յուր կորցրած խաղալիքները։ Կարծես այլևս չէր մնում ուրիշ ցավ, որ կարողանար տանջել յուր հային կամ թե հայ ազգի դժբախտությունը պիտի վերանար, եթե նա յուր թերի պատմությունն ավարտեր։

Մի քանի օրից հետ կաթողիկոսը յուր հավատարիմներով ելավ Բագարանից և իջավ դեպի Երասխաձոր։

Ծննդոց անտառում սպասող հայ զինվորները տեսան հեռվից Վեհափառի գալուստը և ուրախացան։ Նրանք արագ-արագ հագան իրանց վարդապետական վերարկուները և վեղարները ծածկեցին։ Այդպիսով կազմեցին նրանք կղերականաց մի ստվար խումբ, որ փայլ պիտի տար հայրապետական գնացքին, եթե Վեհափառը միանար նրանց հետ և այդպիսով մուտ գործեր Դվին։

Բայց որքա՛ն մեծ եղավ զինվորների տխրությունը, երբ կաթողիկոսը հայտնեց նրանց, թե ոստիկանն արդեն հասել է Դվին, հափշտակել է կաթողիկոսարանը և հետևում է իրան ձերբակալելու։ Հետևապես, չկարողանալով այլևս վերադառնալ յուր աթոռը և ոչ էլ մնալ Բագարանում, նա փախուստ է տալիս դեպի Վասպուրական՝ Գագիկ թագավորին ապավինելու։

Զինվորներն, իհարկե, տխրությամբ լսեցին այդ նորությունները, որոնք ոչնչացնում էին իրանց հույսերն ու գեղեցիկ ծրագիրները և տխրությամբ էլ բաժանվեցան Վեհափառից։ Միակ մխիթարությունը, որ տանում էին իրանց հետ՝ այն էր, որ արժանացան կաթողիկոսի աջը համբուրելու։ Նրանք վերադարձան Գեղա լեռները, որտեղից էլ Վահրամ սեպուհի հրամանով ուղևորվեցան Սևան, իշխան Մարզպետունուն այս նորությունները հաղորդելու։

Իսկ կաթողիկոսը ամենայն ապահովությամբ Երասխն անցնելով՝ մտավ Ճակատք գավառը, այդտեղից իջավ Բագրևանդ, ապա Կոգովիտ և վերջապես հասավ Վասպուրական նահանգը, որի սահմանի վրա դիմավորեցին նրան Գագիկ թագավորի մշտապատրաստ զորքերից մի քանի գունդ և պատվով առաջնորդեցին նրան դեպի Արծրունյաց հին ոստանը՝ Վան։ Վասպուրականի ժողովուրդը մեծ շքով ընդունեց յուր հայրապետին, իսկ Գագիկ թագավորն ընդառաջեց նրան յուր իշխաններով մի քանի փարսախ ճանապարհ։ Նրա ուրախությունն այժմ կատարյալ էր, որովհետև յուր թագավորության միակ պակասը լրանում էր Վեհափառի գալստյամբ։ Այն է՝ հանուր հայոց հայրապետական աթոռը փոխադրվում էր յուր երկիրը, և այդ մեծ պատիվ էր յուր համար։

Բայց մենք թողնենք կաթողիկոսին այս հակաթոռ թագավորի երկրում և վերադառնանք Սևան, հարազատ թագավորի մոտ։