Jump to content

Գևորգ Մարզպետունի/Կույր վրիժառուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գևորգ Մարզպետունի
Ժ - Կույր վրիժառուն
Ժ
ԿՈԻՅՐ ՎՐԻԺԱՌՈԻՆ

Արևը մայր մտնելու վրա էր։ Երկու հեծյալներ արշավասույր անցնում էին Գանձակու դաշտից։ Նրանցից մինը տարիքավոր և ազնվական դեմքով տղամարդ էր, ծածկած պղնձե թեթև սաղավարտ և զինված արծաթապատ սրով ու փոքրիկ, փայլուն վահանակով․ մյուսը՝ զրահազգեստ, պողպատե գլխանոցով, ծանր ասպարով, վաղակավորն ազդրին և երկար նիզակը ձեռին հաղթանդամ մի երիտասարդ։ Տարիքավոր տղամարդը, որ ըստ երևույթին իշխան էր, ընթանում էր առաջից, իսկ երիտասարդը, որ նրա թիկնապահն էր, հետևում էր նրան։ Երկուսի ձիաներն էլ սաստիկ քրտնած էին և փրփուրով ծածկված։ Երևում էր, որ նրանք երկար ճանապարհ էին կտրել։

Երբ հեծյալներն ընդարձակ դաշտն անցնելով Գարդմանա ձորը մտան, իշխանը թիկնապահին դառնալով ասաց․

— Ե՛զնիկ, արևն արդեն մայր մտավ, պետք է շտապել հասնել ամրոց դեռ մութը չկոխած․ ես չեմ կամենում, որ բերդապահներն աղմուկ հանեն դռները բանալու պատճառով։

— Ինչի՞ց ես քաշվում, տեր, — հարցրեց թիկնապահը։

— Չեմ կամենում, որ, մեր այստեղ գալը Սահակ իշխանն իմանա, մտադիր եմ ներկայանալ նրան իբրև՝ մի անծանոթ։

— Բայց մի՞թե նրա դղյակում ոչ ոք չի ճանաչում քեզ։

— Կարծեմ՝ ոչ ոք։ Ութ տարուց ավելի է ինչ ես Գարդման չեմ մտել։ Նույնիսկ թագավորի հարսանիքին չկարողացա ներկա լինել։ Ո՞վ կարող է ուրեմն ինձ հիշել։ Իշխանի տան հին ծառայողներից մեկը Սեդան է, որ մեզ մոտ Գառնիումն է։ Ինձ կճանաչեր իշխանուհին, բայց նա էլ կենդանի չէ։ Իշխանի Դավիթ որդին Ամրամի բանակումն է․ մնում է ինքը իշխանը և յուր Գրիգոր որդին։ Իսկ նրանք երկուսն էլ կույր են, հետևապես չեն կարող ճանաչել ինձ, թե ես ո՞վ լինելս ծածկեմ նրանցից։

— Եթե այդպես է, ուրեմն ես չպետք է բերդը բարձրանամ, այլ պետք է գիշերեմ ավանում։

— Ինչո՞ւ, -հարցրեց իշխանը։

— Որովհետև ինձ ճանաչում են ոչ միայն Սևադա իշխանի ծառաները, այլև բերդապահ զինվորները։

— Ի՞նչ վնաս։

— Նրանք գիտեն, որ ես ծառայում եմ իշխան Մարզպետունուն, ուրեմն և իմ պատճառով կճանաչեն նաև քեզ։

— Եթե այդպես է, մնա՛ ավանում։

— Ծառա եմ հրամանիդ։

— Այդ լավ է․ գուցե քեզ հաջողվի նաև տեղեկություններ հավաքել Սևադա իշխանի մասին, թե ի՞նչ չափով նա մասնակից է այս ապստամբության գործին։

— Անշուշտ․ Եզնիկը չի հանգստանալ, մինչև որ ամեն բան տեղն ու տեղը չիմանա։ Այստեղի քահանան շատախոսի մեկն է, ես նրա մոտ կիջնեմ։

— Բայց քի՛չ խոսիր և շա՛տ լսիր։

— Կարող եմ բոլորովին չխոսել, սակայն առատ աջհամբույր կտամ։

— Այդ էլ լավ է․ պատրաստ արծաթ ունի՞ս։

— Գեղջուկ քահանային պղնձե դրամներով էլ կգոհացնեմ։

Հեծյալները խոսակցելով հասան Գարդմանա վտակին։

— Դե՛հ, է՛լ մի՛ ուշանար․ անցի՛ր գետակը, — հրամայեց իշխանը։

Թիկնապահը ողջունեց տիրոջը և մտրակելով ձին՝ անցավ վտակը և ուղղվեցավ դեպի ձախ, Գարդման ավանը գնալու համար, իսկ իշխանը բռնեց ամրոցի ճանապարհը։ Երբ հասավ բերդասարի ստորոտին, երևաց Գարդմանը յուր սպիտակ պարիսպներով և հզոր աշտարակներով, որոնք ամբառնում էին բերդի արևմտյան կողմից և աջ ու ձախ ձգվելով՝ միանում հյուսիսային մասի անմատչելի լեռնալանջին և հարավային ու արևմտյան կողմերի վիմահերձ ժայռերի բնական պատնեշներին։

Լեռան գագաթին թառած այդ անառիկ ամրոցը, որ մութը կոխելու վրա, մանավանդ, ահարկու տպավորություն էր անում ամեն մի անցորդի վրա, մոտեցող իշխանի սիրտը տխրությամբ համակեց։ Նա հիշեց ութ տարի առաջ յուր և արքայորդի Աշոտի մուտքն այս ամրոցը։ Այդ ժամանակ, արդարև, նույնպես ուրախ չէր յուր սիրտը․ հայոց թագավորը նահատակված, իշխաններն անմիաբան, արքայորդին անօգնական, ինքը վիրավոր․․․ հարկավ, ուրախ լինել չէր կարող։ Բայց Գարդմանն այդ ժամանակ հույս ու հոգի էր ներշնչում մոտեցողին․ Սահակ Սևադան հսկում էր այդտեղ ինչպես մի հզոր առյուծ․ նրա համբավը ահաբեկում էր թշնամիներին և խրախուսում լքվածների սիրտը։ Իսկ այժմ․․․ այժմ կարծես թե ամրոցը սուգ էր մտել և նրա արտաքին պատկերը ոչ թե զորություն, այլ լքումն ու հուսահատություն էր արտահայտում։

Օրը տարաժամել էր։ Չնայելով որ իշխանի նժույգը հոգնած, և ճանապարհը զառիվայր էր, այսուամենայնիվ նա շտապեցնում էր խեղճ կենդանուն, որպեսզի ամրոց հասնե մի քանի վայրկյան առաջ։

Չնայելով իշխանի այդ ջանքերին, բայց դեռ ամրոցի ստորոտին չհասած, նա լսեց, որ միջնաբերդից փողը փչեցին։ Այդ արդեն ամրոցի դռները փակելու նշանն էր։ Ուրեմն էլ շտապելու հարկ չէր մնում։ — «Անիծյալնե՛ր, ի՞նչ դռնփակի ժամանակ է․․․»-քրթմնջաց ինքն իրան իշխանը, և ձիու սանձը ձգեց։ Կենդանին կարծես զգաց, որ տիրոջ եռանդը մարեց, ուստի ինքն էլ իր ծանր քայլափոխն սկսավ։

Դղյակում արդեն ճրագները վառել էին, երբ իշխանը հասավ ամրոցի դռանը, որ գտնվում էր արևմտյան կողմից բարձրացող երկու աշտարակների մեջտեղը։

Իջնելով ձիուց, նա մոտեցավ աշտարակի դրսի պահարանին և վերցնելով այդտեղ պահվող փայտե մեծ մուրճը, երեք անգամ ամուր զարկեց պատի վրա ամրացրած տախտակե կոչնակին։

— Ո՞վ է, — խռպոտ ձայնով հարցրեց մի պահապան։

Իշխանը վարանեց պատասխանելու, որովհետև չէր մտածել, թե ի՞նչ անուն պիտի տա իրան։

— Ո՞վ է կոչ անողը,-հարցրեց կրկին պահապանը փոքր ինչ զայրացած և այս անգամ աշտարակի նեղ պատուհանից դուրս հանեց իր ահագին գլուխը։

— Արքայի բանբերը ․․․ — պատասխանեց իշխանը առանց մտածելու։

— Արքայի բանբերը չի կարող մտնել մեր ամրոցը, — զայրացած պատասխանեց պահապանը․-մի՞թե թագավորը չգիտե, որ Գարդմանն արդեն իր հին տիրոջն է պատկանում։ — Այս ասելով նա իր գլուխը ներս տարավ դեպի աշտարակը և լռեց։

Իշխանը մնաց շվարած։ Նա չէր սպասում, որ գարդմանացիք միաբանած լինեին ուտիացիների հետ։ Թեպետ հաստատ գիտեր, որ Ցլիկ-Ամրամի ապստամբության գործում խառն է նաև Սահակ Սևադան, մանավանդ որ նրա Դավիթ որդին հայտնի կերպով միացած էր Ամրամի հետ, այսուամենայնիվ հույս ուներ, որ Գարդմանա ամրոցի բերդակալը, որ կարգված էր թագավորից, չի դավաճանիլ յուր տիրոջը, որովհետև նրա բազմամյա հավատարիմներից մինն էր։ Բայց երբ պահապանի պատասխանը լսեց, համոզվեցավ, որ բոլոր երկիրն ուրեմն Ամրամի հետ է։

«Ի՞նչ անել այժմ», — մտածեց ինքն իրան իշխանը և ապա որոշեց խորամանկության դիմել։ Նա կրկին մուրճը առավ և առաջվանից ավելի ամուր զարկեց կոչնակին։

— Բարեկամ, երևի քո թագավորի սպասավորները սիրում են աշտարակներից կախվել, — հանդգնությամբ գոչեց վերևից պահապանը և գլուխը կրկին պատուհանից հանելով՝ ավելացրեց, — ցանկանո՞ւմ ես որ մի փքին ուղղեմ կրծքիդ։

— Հիմա՛ր, քեզ փորձում էի, քեզ նման անասունը միայն կարող է անօրեն թագավորին սպասավորել։

— Ո՞վ ես դու ուրեմն, — հարցրեց պահապանը ձայնը մեղմացնելով։

— Ամրամ իշխանի համհարզը։ Սևադա իշխանին կարևոր լուր եմ բերել։

— Իսկ եթե սուտ լինի այդ։

— Տխմար․ ձեր բերդն ուրեմն մի զորակա՞ն էլ կարող է առնել․ ինչի՞ց ես վախենում։

— Սպասի՛ր, պետք է բերդակալից հրաման առնենք, — այս ասելով պահապանը հեռացավ։

Մի քառորդ ժամից ետ աշտարակի պատուհանից կախեցին մի վառած ղամբար, տեսնելու համար, թե արդյոք ուրիշ մարդիկ չկա՞ն դռան առաջ, և երբ ստուգեցին, որ սպասողը միայն մի հեծյալ է, եկան և ամրոցի դուռը բացին։

Պահապանները տեսնելով, որ ներս մտնողը իշխան է և ոչ հասարակ զինվոր, պատշաճ հարգանք մատուցին նրան, բայց միևնույն ժամանակ խնդրեցին, որ բարեհաճե նախ բերդակալին ներկայանալ որովհետև իրանց այդպես էր հրամայված։

Իշխանի նպատակն էլ այդ էր։ Նա կամենում էր ստուգել, թե արդյոք բերդակալն իսկապես միացա՞ծ է ապստամբների հետ, թե՞ ստիպված և առերես է հպատակում նրանց ճնշումներին։

Պահապաններն առաջնորդեցին իշխանին դեպի մոտիկ դիտանոցներից մինը, որի վերնահարկում սպասում էր նրան բերդակալը։ Փոքրիկ և ցածր դռնից ներս մտնելով՝ նա սկսավ բարձրանալ քարյա նեղ և օձապտույտ սանդուղքներով։ Առաջնորդ պահապանը կանգ առավ վերնահարկի մուտքի առաջ և խնդրեց իշխանին, որ բարեհաճե նախ հանձնել իրան յուր սուրը և ապա մտնե ներս։

Իշխանը հնազանդվեցավ զգուշության համար ընդունված այդ սովորությանը և հանձնելով զինվորին յուր սուրն ու վահանակը, մտավ բերդակալի մոտ։ Վերջինս մի բարձրահասակ, խոշորադեմ, խելոք աչքերով և ըստ երևույթին բարեսիրտ տղամարդ էր, որ փոքրիկ, կամարակապ սենյակի մեջտեղը կանգնած սպասում էր յուր խորհրդավոր հյուրին։

Հենց որ իշխանը ներս մտավ, բերդակալը գրկաբաց վազեց դեպի նրան և բացականչեց․

— Գևորգ իշխան, այս դո՞ւ ես, ի՞նչ հողմ, ի՞նչ դիպված։ — Այս ասելով, նա գրկախառնվեցավ իշխան Մարզպետունուն և համբուրվեցավ նրա հետ։

Իշխանն այս սիրալիր ընդունելությունից արդեն գուշակեց, որ բերդակալն ապստամբների հետ չէ, ուստի նշանացի հայտնեց նրան, որ պահապանը կանգնած է դռան առաջ, և խնդրեց, որ հեռացնե նրան։

— Ո՞վ կա այդտեղ, — գոչեց բերդակալը դեպի դուռը գնալով։

— Ես եմ, տեր, — պատասխանեց պահապանը և ներս մտավ։

— Դի՛ր այստեղ իշխանի սուրն ու վահանակը և իջի՛ր ներքև, — հրամայեց բերդակալը և պահապանը կատարելով նրա հրամանը՝ հեռացավ։

Երբ նրանք միայնակ մնացին, բերդակալն առաջինն սկսավ խոսիլ․

— Չէի կասկածում, որ այստեղ եկողը արքայի մարդկանցից է, պահապաններն ասացին, որ դու քեզ նախ արքայական և ապա Ցլիկ-Ամրամի համհարզն ես անվանել։ Սկզբում շփոթվեցի, կարծելով, թե եկողը Ամրամի մարդկանցից է, բայց հետո իմացա, որ մեր պահապանի՝ արքայի հասցեին ուղղած անզգույշ խոսքերից հետո ես խոսքդ փոխել, իսկույն գուշակեցի, որ մեր հավատարիմներից մինն է եկողը։

Այժմ ասա՛, որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ, ինչո՞ւ միայնակ ես, ո՞ւր են թիկնապահներդ․ ինչ լուր ունիս արքայից․ արդյոք եգերացիներից հույս կա՞, թե՞ Ոստանում պետք է զորաժողով անել․․․ — շտապով և իրար ետևից հարցեր արավ բերդակալը։

Մարզպետունի իշխանը, ըստ երևույթին, հեղինակավոր անձն էր բերդակալի համար։ Վերջինի հարցերին նա չշտապեց պատասխանել, այլ նստելով տախտակե աթոռակի վրա, որ այդտեղի միակ կարասին էր, առաջարկեց խոսակցին նույնպես նստել յուր հանդեպ՝ դիտանոցի պատուհանին։

— Դու դեռ երիտասարդ ես, Վահրամ, իսկ ես տարիքս անցրած։ Ճանապարհի երկարությունն ինձ հոգնեցրել է, թող որ մի փոքր հանգստանամ և ապա խոսեմ,— նկատեց Մարզպետունին։

— Ա՜խ, ների՛ր ինձ, իշխան, քո ներս մտնելով ես այնպես ուրախացա, որ մինչև անգամ շփոթվեցա և տանուտիրական պարտավորությունս մոռացա․․․ նույնիսկ նստել չառաջարկեցի քեզ․․․ Ների՛ր ինձ, աղաչում եմ։ Բայց մենք ինչո՞ւ այստեղ ուշանանք․ շնորհ արա ինձ, ե՛կ իմ տուն, այնտեղ հոգնությունդ կառնես և ավելի հանգիստ կխոսակցես։

Այս ասելով բերդակալը վեր կացավ և կամենում էր առաջնորդել իշխանին։ Բայց նա տեղից չշարժվելով, նրան էլ առաջարկեց նստել։

— Վահրամ, ես քո տունը գալ չեմ կարող, — ասաց իշխանը, — ինձ չպետք է տեսնեն քո տանը։ Մի քանի տեղեկություններ ունիմ քեզանից առնելու և փոխարենը քեզ հաղորդելու․ այդ վերջացնենք, և այնուհետև ես պիտի գնամ Սևադա իշխանի մոտ։ Մենք այժմ այնպիսի տագնապի մեջ ենք, որ հյուրասիրական իրավանց պարտավորությանց ուշադիր լինել չենք կարող։

— Շատ լավ, արա՛, ինչ որ հաճելի է քեզ, — պատասխանեց բերդակալը և տեղը նստեց։

Մարզպետունի իշխանը հառեց աչքերը բերդակալի վրա և մի խորհրդավոր հայացքով նայելով նրան ոտքից մինչև գլուխ, լուրջ ձայնով հարցրեց․

— Վահրամ իշխա՛ն, կարելի՞ է այժմ վստահանալ քեզ վրա այնպես, ինչպես վստահանում էինք տարիներ առաջ Վահրամ սեպուհի վրա։

— Իշխան, շնորհակալ եմ այդ անկեղծ հարցի համար։ Այժմ այնպիսի ժամանակում ենք ապրում, որ Մարզպետունի իշխանն իրավունք ունի կարծելու, թե նախկին Վահրամ սեպուհը դարձել է արդեն մատնիչ, մի տիրադրուժ, մանավանդ որ այժմ ծառայում է ապստամբների դրոշակի տակ։ Բայց ես կարող եմ հավատացնել քեզ, որ ո՛չ տարիները և ո՛չ հանգամանքները չեն փոխել իմ մեջ ոչինչ։ Արքայի նախկին հավատարիմը այսօր էլ նրա հավատարմագույն ծառան է։ Թե ինչու ապստամբների հետ եմ այժմ, դրա պատճառը ոչ թե իմ, այլ արքայի շահն է, որ ես չկարողացա անտեսել։

— Ինչպե՞ս, բացատրի՛ր ինձ։

— Երբ լուր հասավ այստեղ, թե Ցլիկ-Ամրամը ապստամբության դրոշ է պարզել, Սևադա իշխանը հարմար առիթ համարեց օգուտ քաղել այդ դեպքից՝ յուր վաղուց գուրգուրած նպատակն իրագործելու համար։ Անմիջապես նա հրավիրեց յուր մոտ Գարդմանա ազնվականները և ժողովրդի գլխավորները։ Հրավիրվածների մեջ էի և ես։ Իշխանն այնպիսի ճառ խոսեց մեր առաջ, որ գարդմանացի հայրենասերները բոլորովին խելագարվեցան․․․

— Ի՞նչ էր ասում։

— Չեմ կարող բոլորը հիշել, բայց ինչ որ չեմ մոռացել, այն կհաղորդեմ։ Ազնվականները խմբված էին իշխանի պատշգամում, իսկ ժողովրդի գլխավորները ապարանքի բակում։ Երկու ծառաներ թևերից բռնած դուրս բերին Սևադա իշխանին․ երկու ուրիշ ծառաներ էլ՝ Գրիգոր իշխանին։ Ծանր, սարսափելի ծանր տպավորություն արավ մեր վրա կույր հոր ու որդու երևալը։ Դեռ Սևադա իշխանը բերանը չբացած, բակում խռնված ժողովրդի մեջ թագավորի անվան ուղղված անեծքներ լսվեցան։ Սևադա իշխանը դեպի պատշգամբի եզերքը հառաջանալով, հենվեցավ գավազանի վրա և մոտավորապես հետևյալը խոսեց․

— Իշխաննե՛ր և ժողովու՛րդ․ ձեր աչքերով ահա՛ տեսնում եք, որ հզոր Սևադան, գարդմանացոց պարծանքը և թշնամիների սարսափը, ապիրատ փեսայից կուրացած՝ յուր ծառաների շնորհիվն է միայն ձեր աչքին երևում։ Չէի կամենալ, որ իմ ժողովրդի ամենից սինլքոր անդամը հանդիպեր այսպիսի դժբախտության, որ ծերունի հոր և երիտասարդ որդու համար ստեղծեց հարազատի ձեռքը։ Ծանրատար մի վիշտ է այս։ Դուք տեսնում եք Գարդմանը․ նրա երկինքն ու արևը, լեռներն ու դաշտերը, նրա ծաղիկն ու գարունը․․․ Ես զրկված եմ այդ բոլորից, բայց այդ չէ միայն իմ ցավը։ Ես չեմ կարողանում իմ ժողովուրդն անձամբ խնամել, նրա վշտերն ամոքել, իմ հիվանդներին այցելել, իմ որբերին պատսպարել, իմ այրիների արտասուքը սրբել, իմ գերյալներին վերադարձնել․․․ Սևադան կարոտ է այժմ յուր ծառաների շնորհին․ եթե նրանք չկամենան, ո՛վ գարդմանացիք, ես չեմ կարող մինչև անգամ արևի ճառագայթներով իմ սառած մարմինը ջերմացնել․․․ Իմ տունը, որ մի օր կենդանության հնոց էր, այժմ կույր բվիճակների կացարան է դարձել։ Այս ամենը տանում եմ ես, որովհետև զրկված եմ աստուծո լույսը տեսնելու կարողությունից։ Բայց դուք, գարդմանացի քաջեր, դուք, որ առողջ աչքեր, զորեղ բազուկներ, աննկուն կորով ունեիք և ունիք, ինչպե՞ս եք կարողանում տանել այն անարգանքը, որ Աշոտ-Երկաթը դրոշմեց ձեր ճակատին, ձեր հայրն ու առաջնորդը կուրացնելով, ձեր ազատությունը շղթայելով․․․

«Ժողովո՛ւրդ Գարդմանա,-բացականչեց իշխանը, — ես բարձրացրի քո անունը իմ հաղթություններով, դու ստորացրիր նրան քո անմռունչ հպատակությամբ․․․ Եթե քաջություն չունիս դեն ձգել այդ անարգանաց լուծը, քաջություն ունեցիր գոնե մի սուր ցցել իմ կրծքին, որպեսզի Սահակ Սևադայի վշտերը գոնե նրա մահվամբ անհետանան աշխարհից, որպեսզի քո որդիները Սևադայի բողոքը չլսեն և քեզ չանիծեն․․․»։

Իշխանը դեռ չէր վերջացրել խոսքը, որ բոլոր ավագանին և նրա հետ էլ ժողովուրդը միաբերան աղաղակեց․

«Կորչի՜ բռնավորը, Գարդմանն ազատ է այս վայրկյանից և մեր իշխանն է Սահակ Սևադան․․․»։

Մի քանի րոպեից հետո ամբողջ ամրոցը խռովյալ ծովի կերպարանք առավ․ ժողովուրդը դուրս եկավ զենքերը ձեռին, կարծես թե թագավորի բանակը պաշարել էր նրան։ Պատնեշներից դուրս վռնդեցին վանանդացի պահապաններին, սպառնալով կոտորել բոլորին, եթե չէին հնազանդիլ Սևադայի հրամանին։ Իսկ կատաղած ամբոխը դղյակի բարձունքից հափշտակելով արքայական դրոշը, նրա տեղ Գարդմանա վիշապանիշը պարզեց ․․․

— Օ՛, այդ արդեն չափազանց է, — բացականչեց Մարզպետունին։

— Այո՛, և ուրիշ մեծամեծ ավերումներ կանեին, եթե ես իսկույն իմ պահնորդների խումբը հավաքելով՝ հպատակության երդում չերդվեի Սևադային։

— Ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե քո խմբով հեռանայիր ամրոցից, քան հպատակություն երդվեիր։

— Ոչ, այն ժամանակ արքայի օգտին գործելու կամ ուտիացոց շարժումները դիտելու հնարավորությունից կզրկվեի։ Իսկ այժմ ապստամբների մեջ գտնվելով՝ կարողանում եմ շատ բան տեսնել և իմանալ։

Բերդակալի պատմածները ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա․ նա գլուխը կախեց և ընկավ մտածության մեջ։

— Մի՞թե դու ինձ մեղադրում ես, — հարցրեց բերդակալը փոքր լռությունից հետո։

— Այո՛, մեղադրում եմ, — պատասխանեց իշխանը գլուխը վեր բարձրացնելով։

— Բայց չէ՞ որ ես տեղի եմ տվել ստիպողական հանգամանքներին։

— Միշտ և ամեն տեղ լինում են այդպիսի հանգամանքներ։ Եթե ամեն մի բերդակալ տեղի տա ստիպողական հանգամանքներին, այն ժամանակ բոլոր պետական ամրոցները թշնամու ձեռը կանցնեն։

— Ես տեղի եմ տվել ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամիներին։ Ես չէի կարող իմ փոքրիկ գնդով դեմ դնել բազմաթիվ ամրոցականներին․ չէի կարող նաև եղբայրասպան կռիվ մղել իմ հարազատների դեմ, բավական է, որքան միմյանց արյուն թափեցինք․․․։

Բերդակալը վերջին խոսքերն արտասանեց ջերմությամբ։

Մարզպետունին նայեց նրան մի խորհրդավոր հայացքով և գլուխը շարժեց։

— Մի՞թե ինձ վրա բարկանում ես դու, կամ, գուցե, անկեղծ չե՞ս գտնում իմ պատասխանը։

— Ընդհակառակը, շատ անկեղծ եմ գտնում․ ինքս լավ ըմբռնում եմ մեր դրության ծանրությունը։ Թշնամին աչքերը հառած սպասում է հարմար առիթի՝ մեր երկիրն արշավելու, մենք էլ մեր ձեռքով պատրաստում ենք այդ առիթը։ Դու, բարեկա՛մ, չես կամենում եղբայրասպան կռիվ մղել հարազատիդ դեմ, մի՞թե ես կարող եմ այդ արդար իրավանց հակառակիլ․ չէ՞ որ եղբայրասպանությունը նույնիսկ անձնասպանություն է․․․

— Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ։ Ես իրավունք կտայի քեզ սուր ցցել իմ կրծքի մեջ, եթե այդպիսի թուլություն արտաքին թշնամու դեմ անեի․ բայց ի՜նչ մեղքս թաքցնեմ, հարազատի վրա ձեռք բարձրացնել չեմ կարող։

— Եվ երբեք էլ չպիտի բարձրացնես․․․ Բայց գուցե կարողանայիր խոհեմության ճանապարհով այս պառակտման առաջն առնել։ Պետության ամբողջությունը պահպանելու համար, այո, չպետք երբեք հարազատի արյուն թափել, բայց ապստամբ հարազատին զինաթափ անելու նպատակով կարելի է խորամանկել։ Ամբոխն ամեն տեղ էլ նման է այն ոչխարներին, որոնք գայլի խոսքերից խաբվելով՝ նրա ձեռքն են մատնել պահապան շներին, որպեսզի այդպիսով գայլի բարեկամությունը վաստակեն․ իսկ վերջինս, պահապան շները խեղդելուց, ետ, սկսել է հիմար ոչխարները կոտորել։ Կախելու արժանի են այն իշխանները, որոնք հարստահարում են ամբոխի այդ անմտությունը։ Մեզանից ամեն մինը յուր բոլոր զորությամբ պիտի զինվի այդ դավաճանների դեմ։ Ով որ հայրենական գահի թշնամին է, նրան ամեն մի հայ յուր իսկ անձի թշնամին պիտի համարել։ Որովհետև այնքան ծանր զոհաբերություններով ձեռք բերած այս հարստությունը կորցնելուց ետ, մեզ դարձյալ գերություն և ստրկություն են սպասում։

— Այդ ամենը գիտեմ․ բայց ես խորամանկելու էլ ճանապարհ չունեի, սիրելի՛ իշխան։

— Լավ, քեզ չեմ մեղադրում․ անցածն անցել է։ Այժմ ինչպե՞ս, ի՞նչ ձևով միացնենք մեր այս պառակտումները․ մտածե՞լ ես երբևիցե սրա մասին, չէ՞ որ շարունակ դեպի կործանումն ենք գնում։

— Մտածել եմ, այն էլ երկար ժամանակ։ Մինչև անգամ որոշ ծրագիրներ եմ կազմել, թե ի՞նչ դեպքում ինչ ձևով պիտի գործենք։ Բայց դու, իշխան, ամենից առաջ պատմիր ինձ, թե ի՞նչ դրության մեջ է այժմ Ոստանը․ ովքեր են թագավորի հետ միաբան․ որքա՛ն զորք կարելի է անջատել բերդերից և հետո, թե ինչո՛ւ դու միայնակ գտնվում ես այժմ այստեղ․ միով բանիվ, ծանոթացրու ինձ մանրամասնորեն մեր արդի դրության հետ, որովհետև այս հեռավոր անկյունում ես շատ քիչ տեղեկություն եմ առնում ձեր կողմերից, և այնուհետև ես իմ խորհուրդները կհայտնեմ քեզ․ եթե բանավոր կգտնես նրանց, կգործադրենք միասին, եթե ոչ, կանեմ այն, ինչ որ դու կհրամայես։

Բերդակալի հետաքրքրությունն ու արած հարցերը կարծես տարակուսանքի մեջ ձգեցին Մարզպետունի իշխանին, նա կասկածում էր, թե չլինի՞ յուր ծրագիրները խանգարելու նպատակով է բերդակալն այդ հարցերն ուղղում իրան։

Այս մտքերն ստիպեցին իշխանին լռել մի քանի վայրկյան։

Բերդակալը գուշակեց նրա լռության պատճառը և ժպտալով նկատեց․

— Թող կասկածները սիրտդ չպղտորեն, սիրելի իշխան․ իմ հավատարմությունը մի՛ չափիր այն դրությունից, որի մեջ գտնում ես ինձ, այլ չափիր ա՛յն անցյալից, որ ծանոթ է քեզ և արքային։ Ասացի, որ խոնարհել եմ Սևադային՝ իմ թագավորի շահն ունենալով ի նկատի, և այս է միակ ճշմարտությունը, որ հայտնեցի քեզ․ ուրիշ դիտումներ մի որոնիր վարմունքիս մեջ։ Եթե ամբողջ գարդմանն ինձ նվիրելու լինեին, դարձյալ այդ նվերը իմ աչքում չէր գերակշռիլ այն անարգանքին, որին ես արժանի կհամարեի ինձ, եթե իսկապես դավաճանած լինեի իմ արքային․․․

Այս խոսքերն արտասանվեցան այնքան անկեղծորեն, որ Մարզպետունի իշխանի կասկածները փարատեցան։

— Այո՛, Վահրամ, չեմ ծածկում քեզանից իմ կասկածը․ վախենում եմ ամեն բան հայտնել։ Ժամանակը և մարդիկ կործանել են իմ հավատը։ Բայց քեզ վրա, այս վայրկյանից սկսած, տածում եմ արդեն մեծ վստահություն։ Այսուամենայնիվ, շատ բան չպիտի խոսեմ քեզ հետ, որովհետև ժամանակը կարճ է․ պետք է շտապել Սևադայի մոտ։ Կաշխատեմ կրկին վերադառնալ այստեղ, իսկ եթե այդ չհաջողի, այսուամենայնիվ պիտի հավատամ, որ Գարդմանի մեջ արքան յուր հավատարիմն ունի։

— Ամենաանձնվեր հավատարիմը։

— Շնորհակալ եմ, լսի՛ր։ Ոստանն այժմ խաղաղ է։ Ինչպես գիտես, թագավորը վաղուց հաշտված է Աբաս եղբոր հետ՝ շնորհիվ Սյունյաց Վասակ իշխանի։ Միակ չարիքը Աշոտ սպարապետի գժտությունն էր, այդ էլ մեջտեղից վերացավ։ Ես և կաթողիկոսը ամեն հնար գործ դրինք, մինչև որ հաշտեցրինք նրան թագավորի հետ։ Երկուսը միասին մինչև անգամ Դվինը պաշարելով՝ գրավեցին և հագարացիներին դուրս քշեցին նրա սահմաններից։ Սպասում էինք, որ երկար ժամանակ այլևս ոչ մի խռովություն չի ծագիլ մեր սահմաններում։ Մինչև անգամ տոնախմբություններ սարքեցինք Դվինում և քանի օր էր, որ դրանով էինք զբաղված։ Եվ ահա՝ հանկարծ Ցլիկ-Ամրամի ապստամբության լուրն առանք։ Թագավորը չէր հավատում, թե ապստամբությունն այդքան մեծ ծավալ կլիներ ստացած, ուստի միայն յուր թիկնապահների խմբով դուրս եկավ Շիրակից։ Նա այն կարծիքին էր, թե Ուտիք հասնելով՝ տեղական բանակի գլուխը կանցներ և, գուցե առանց արյունահեղության, ապստամբը կնվաճեր։ Բայց գնալով այդտեղ, գտնում է ամբողջ նահանգն ապստամբած։ Երբ նա լուր տվավ ինձ այդ մասին, ես արդեն թագավորական ընտանիքը բերած էի Գառնի, որովհետև Երազգավորսի ամրությանն այլևս վստահանալ չի կարելի։ Աբասն ու ափխազաց Գուրգենը բավական անխղճորեն, ավերել են նրան։ Այդտեղ, սակայն, ես թագուհուն չհայտնեցի ապստամբության վտանգավոր կերպարանք առնելու լուրը, որպեսզի չանհանգստացնեմ նրան, բայց բանն այնպես սարքեցի, որ նա ինքն առաջարկեց ինձ գնալ Ուտիք՝ թագավորի արշավանքի մասին տեղեկություն առնելու և, եթե հարկավոր էր, օգնական զորք հասցնելու նրան։ Եվ ես եկա։ Բայց ի՞նչ տեսա․ ոչ միայն ամբողջ Ուտիքը, այլև Արցախու և Գուգարաց մեծ մասը ապստամբած։ Արքային հանդիպեցի Գարգարացոց ձորում։ Նա հուսահատված էր և կամենում էր վերադառնալ Ոստան։ Բայց այս մի վտանգավոր ձեռնարկություն էր։ Եթե առանց Ցլիկ-Ամրամը նվաճելու նա մտներ Շիրակ, հավատացած եմ, ապստամբությունն ավելի լայն ծավալ կստանար, և պետության ամբողջությունն անդարմանելի կերպով կքայքայվեր։ Բայց ի՞նչ անեինք, զորք չկար․ երկրի բերդերն ու ամրությունները փակած էին թագավորի առաջ․ հավատարիմ ճանաչվածներն անգամ միաբանել էին Ամրամի հետ։ Այսուամենայնիվ, հարկավոր էր ցույց տալ, թե թագավորն անօգնական չէ Ուտիքում, և ապստամբին պետք էր տեղն ու տեղը նվաճել։ Ահա այս նպատակին հասնելու համար խորհուրդ արինք, որ թագավորը շարունակե յուր ճանապարհը դեպի եգերացոց աշխարհը է ցույց տալու համար, թե այցելության է գնում նրանց թագավորին և թե Ուտիքում կանգ առնելու նպատակ բնավ չէ ունեցել։ Իսկ եգերացոց թագավորը, հավատացած էինք, օգնական զորք կտար արքային, որովհետև նա շնորհապարտ էր նրան այն բարության համար, որ նա արավ իրան, ափխազաց Գուրգեն իշխանը եգերացոց սահմաններից հալածելով և նրա ասպատակները ցրելով։

Թագավորը յուր թիկնապահներով ճանապարհ ընկավ։ Իսկ ես սկսա Ուտիքը շրջել իմ մի հավատարմի հետ միասին։ Բոլոր շեներն ու ավաններն անցա, բերդերը դիտեցի, ապստամբության սահմանները քննեցի և եկա այն եզրակացության, որ չկա այս կողմերում մի կետ, որին ապաստանել կարողանայինք, գործը խաղաղության միջոցներով ավարտելու համար։ Մնում էր ուրեմն հայտնի պատերազմ մղել ապստամբի դեմ։ Այս միջոցում ահա եգերացոց աշխարհից արքայի սուրհանդակը հասավ, որ ավետում էր ինձ, թե եգերացոց թագավորը մեծ զորք է հանձնել նրան, և թե ինքը շուտով կճանապարհվի այս կողմերը։

— Ուրեմն թագավորը գալիս է եգերացոց զորքերո՞վ, — ուրախացած հարցրեց բերդակալը։

— Այո։ Եվ ես հենց մի քանի օր առաջ սուրհանդակ ուղարկեցի թագուհուն, հայտնելով նրան, թե շուտով Ամրամի ապստամբությունը պիտի ճնշենք․ բայց չհայտնեցի նրան, թե դիմել ենք եգերացոց օգնության։

— Կարիք էլ չկար։ Բայց շո՞ւտ կհասնե այստեղ թագավորը։

— Անշուշտ մի քանի օրից, բայց ինձ հարկավոր էր՝ մինչև նրա հասնելը՝ մի վերջին գաղտնիք ևս բանալ․ այն է, թե ի՞նչը դրդեց Ցլիկ-Ամրամին ապստամբել արքայի՝ յուր բարերարի դեմ։ Չէ՞ որ Աշոտ-Երկաթի աննախանձ բարության շնորհիվ է, որ նա այսօր Ուտյաց աշխարհի կուսակալը և հյուսիսային բանակի հրամանատարն է։ Ինչո՞ ւ նա չարությամբ է փոխարինում բարությունը։

— Այո՛, Ամրամի այդ վարմունքը զարմացրել է նաև ինձ։

— Դու ոչ մի պատճառ չգիտե՞ս, — հարցրեց Մարզպետունի իշխանը մի տեսակ կեղծ պարզությամբ։

— Ո՛չ։

— Ինձ թվում է, թե նա ապստամբել է Սևադայի խորհրդով։

— Իսկ ես ընդհակառակը կարծում եմ, որ Սևադան ապստամբեցրեց գարդմանացիներին՝ միմիայն Ամրամի համարձակությունից խրախուսվելով։

— Եվ չե՞ս սխալվում

— Ինձ թվում է թե՝ չեմ սխալվում։ Սևադան նրան գրգռել չէր կարող։

— Բայց ես հենց այդ հանելուկը լուծելու համար եկա այստեղ․ ես կասկածում էի Սևադայի վրա․ և մի քանի տեղեկություններ էլ, որ քաղեցի իմ ճանապարհորդության ժամանակ, հաստատեցին իմ կասկածները։ Ես տակավին չգիտեի, թե նա գարդմանն էլ է արքայից ապստամբեցրել, որովհետև, ի՛նչ մեղքս ծածկեմ, չէի կարող հավատալ, թե Վահրամ բերդակալը թույլ կտար նրան այդ քայլն անել․․․

— Ես բացատրեցի քեզ, թե ի՛նչ հանգամանքներ ստիպեցին ինձ վարվել այդպես․․․

— Մի՛ ընդհատիր․ ես քեզ չեմ մեղադրում․ արդեն ծանոթացա այդ հանգամանքներին և տեսնում եմ, որ Գարդմանն էլ ապստամբների հետ է․ և որ մեզ մնում է բարեկամ միայն Վահրամ բերդակալը։

— Որի վրա կարող է թագավորը վստահանալ ամեն դեպքում։

— Անշուշտ։ Այժմ ուրեմն դու մնա այստեղ և հրամայիր, որ պահապաններիցդ մինն առաջնորդե ինձ դեպի Սևադայի ապարանքը։ Ես նրան պիտի ներկայանամ իբրև մի անծանոթ կամ օտարական․ և ամեն հնար գործ պիտի դնեմ ինձ համար այդ անհայտ գաղտնիքը պարզելու։

— Բայց դրանից ի՞նչ օգուտ։ Միևնույն չէ՞ քեզ համար, թե ո՛վ ո՛ւմն է գրգռել․ ապստամբությունն ակներև է․ դրա դեմ պետք է գործել։

— Դրա դեմ, Այո՛, պետք է գործել եռանդով․ բայց կարևոր է նաև այս գաղտնիքը լուծել, որպեսզի չարիքը կարողանանք արմատից խլել։

— Ավելին հարցնելու իրավունք չունիմ․ արա՛, ինչ որ հաճելի է քեզ։ Հարկավ, քո փորձառությունը չի կարոտում իմ խորհրդին, — պատասխանեց բերդակալը, և պահապաններից մինին կանչելով՝ հրամայեց առաջնորդել իշխանին մինչև Սևադա իշխանի ապարանքը։ Մութը կոխել էր և ամրոցի նեղ ու մանվածապատ ուղիներն անտեսանելի դարձրել։ Բնակիչները քաշվել էին տուն, լռությունը տիրում էր ամեն տեղ և մենավոր անցքերում լսվում էր միայն իշխանի ձիու քայլատրոփը, որ մի-մի տեղ ստիպում էր պահապան շներին հարձակվել անցորդների վրա և իրանց աղմկարար հաչյունով խանգարել ամրոցականների խաղաղությունը։

Սահակ Սևադայի ապարանքին հասնելով, իշխանը հրամայեց յուր առաջնորդին վերադառնալ և ինքը միայնակ առաջ անցավ։

Իշխանի ապարանքը, որ միևնույն ժամանակ զորավոր մի դղյակ էր, գիշերվա այդ ժամին փակած չէր ոչ մի կողմից։ Ըստ երևույթին նրա կույր տերերը չէին սպասում ոչ մի հարձակման և չէին իսկ երազում, թե կգտնվի մի տմարդ թշնամի, որ սիրտ կանե գիշերվա այդ ժամին երկու դժբախտների գիշերվա խաղաղությունը վրդովելու։

Իշխանը մտավ ապարանքի բակը դղյակի մեծ դռնով։ Երկհարկյան այդ ընդարձակ շինությունը յուր մեծամեծ դահլիճներով, բազմաթիվ սենյակներով և աջ ու ձախ թևերին գրկած հզոր աշտարակներով թաղված էր համարյա խավարի մեջ։ Չնայելով որ Սևադան այդ միջոցին արդեն յուր երկրի ու ամրոցի տերն էր, այսուամենայնիվ նրա ապարանքում կենդանություն չէր երևում, ձայն ու շշուկ չէր լսվում։ Ապարանքի մի կողմի վրա գտնվող մի քանի նեղ պատուհանների մեջ միայն երևում էր նվազ լույս․ իսկ ստորին հարկի խցերում խլրտում էին ծառաները։

Իշխանը նայեց այդ հսկայական շինության վրա և նրան շրջապատող տխուր լռությունը ճնշեց յուր սիրտը։ Նա հիշեց այն երջանիկ օրը, երբ ինքն առաջին անգամ ոտք դրավ այդ տան դռանը։ Ի՛նչ կյանք, ինչ աշխույժ, ի՛նչ ոգևորություն էր թագավորում այն ժամանակ այդ տան շուրջը․ իսկ ա՞յժմ․ որպիսի՜ մեռելություն․․․ Կարծես թե իրոք մահվան ավերիչ ձեռքը ծանրացել էր այդ իշխանական դղյակի վրա։

«Եվ այս բոլորի պատճառը մի ապօրինի քայլ, ողջախոհության դեմ մի հանցանք․․․», — շշնջաց ինքն իրան իշխանը և խոր հոգոց հանեց։ Ապա մոտենալով ներքին հարկի խցերից մինին, մտրակի կոթով դուռը բախեց։

Դուրս եկողն իշխանի հին ծառաներից մինն էր․ Մարզպետունին իսկույն ճանաչեց նրան, որովհետև ճրագը նրա ձեռքումն էր։ Այդ անհաջող հանդիպումը տխուր տպավորություն արավ իշխանի վրա, որովհետև եթե իրան ճանաչեին, այլևս յուր ծրագիրներն առաջ տանել չպիտի կարենար։ Մի նվազ հույս էր միայն մնում, այն է՝ թե գուցե այդ ծառան մոռացած լինի իրան։

Վերջինս, որ իշխանի արտաքինից արդեն տեսավ, թե հասարակ մարդ չէ իրանց այցելողը, իսկույն դուրս կանչեց ընկերներին, որոնք ու այն կողմերից հավաքվելով՝ վառեցին բակի մեջ պատրաստ եղող կպրաձյութի ղամբարը, և սկսան իրենց ծառայությունը մատուցանել իշխանին։

Լուր հասցրին իսկույն ևեթ իրանց տիրոջը, որ մի նշանավոր հյուր է եկել իրանց։

Իշխան Սևադան հրամայեց հայտնել հյուրին, որ «սիրով սպասում է յուր հին բարեկամ և ամենաազնիվ իշխան Գևորգ Մարզպետունուն»։

Իշխանը շեմքի վրա մնաց զարմանքից սառած։

— Որտեղի՞ց իմացավ իշխանը, թե Մարզպետունին է յուր հյուրը, — հարցրեց նա լուր բերող ծառային, փոքր-ինչ այլայլված։

— Օ՛, ե՛ս տվի նրան այդ ավետիքը․ կամեցա ուրախացնել իմ իշխանին,-ինքնագոհ ժպիտով պատասխանեց ծառան։

— Իսկ դո՛ւ, տղա՛, ճանաչո՞ւմ ես ինձ։

— Սա իմ որդին է, տե՛ր, — մոտենալով իշխանին ժպտալով խոսեց հինավուրց ծառան, — ես հայտնեցի նրան, թե մեզ հյուր եկողը փառավոր Մարզպետունին է․․․ Տեսնո՞ւմ ես, իշխան, որդիս մեծացել է․ այն ժամանակ, որ դու հիվանդ պառկած էիր մեզ մոտ սա դեռ փոքր էր․ խելոք, պատվական տղա է․․․

Իշխանը տեսավ, որ էլ ծածկելու տեղ չմնաց։

— Այո՛, երևում է, աստված պահե, — արագ-արագ պատասխանեց նա շատախոս ծառային և ներքին դժգոհությամբ բարձրացավ վերին դստիկոնը։

«Ապարդյուն այցելություն․․․ գուցե և իմ ձեռնարկությանց համար խափանարար հանդիպումն․․․», — մտածեց ինքն իրան իշխանը և ներս մտավ Սևադայի առանձնարանը։

Գարդմանա հինավուրց իշխանը նստած էր այդտեղ առանձնարանի անկյունում դրված և թավիշներով զարդարած մի տախտի վրա ծալապատիկ, համակ սևազգեստ, համարիչը ձեռքին։ Նա գլուխը բարձր բռնած և ուշադրությունը լարած, ինչպես առհասարակ անում են բոլոր կույրերը, ուղղել էր դեմքը դեպի առանձնարանի դուռը։ Հենց որ ներս մտնող քայլերի ձայնն առավ, ժպտալով հարցրեց․

— Իշխա՞նն է եկողը։

— Այո՛, քո խոնարհ ծառան, — պատասխանեց Մարզպետունին և արագ քայլերով սկսավ մոտենալ։

— Ե՛կ, իմ սիրարժան հյուր․ ե՛կ, մոտեցի՛ր ինձ, ես չեմ կարող քեզ ընդառաջել․ աստված զրկել է ինձ այդ ուրախությունից․ ե՛կ և գրկիր ինձ․․․

Այս խոսքերի հետ նա բացավ յուր գիրկը և Մարզպետունի իշխանը, որ արդեն մոտեցել էր՝ ջերմագին գրկախառնվեցավ նրան։

Սևադան սեղմեց նրան յուր կրծքին, համբուրեց մի քանի անգամ և հեկեկալով ասաց․

— Կերպարանքդ չեմ տեսնում, իմ ազնիվ բարեկամ, բայց հոգիս միացած է հոգուդ և նա ինձ շշնջում է, թե սիրտդ խռոված է Սևադայի դժբախտությամբ և թե աչքերդ արտասվում են արդեն։ Եվ իրավ, Մարզպետունի իշխանը չկարողացավ զսպել իրան․ Սևադայի գրկում արդեն նա փղձկեցավ և լուռ, անմռունչ արտասվում էր։

Այդ մարդը, որ արտաքուստ այնքան զորեղ և աննկուն էր երևում, մի նորատի կնոջ չափ փափուկ սիրտ ուներ։

— Նստի՛ր այստեղ, ինձ մոտ, քաջ եղիր, արհամարհի՛ր ճակատագրի հարվածները, միայն թե․․․ նստի՛ր, սիրելիս (այս ասելով նա իշխանին նստեցրեց յուր կողքին), միայն թե՝ մի՛ արհամարհիր երբեք առաքինությունը․․․ Աշխարհում ոչ մի հանցանք անպատիժ չէ մնում․․․ Անշուշտ, Սևադան էլ գործել է այս պատժին արժանի մի հանցանք․․․

— Չէի սպասում, թե այդքան դառը խոսքերով ինձ կընդունես, — նկատեց Մարզպետունին դիտմամբ, որպեսզի ստիպեր յուր դժբախտ հյուրընկալին փոխել զրույցի տխուր եղանակը։

— Չէ՛, բարեկամ, դառնություն չի կարող լինել իմ խոսքերում, քանի որ քո գալուստը լցրել է իմ սիրտը ուրախությամբ․․․ Եվ այդպես, Գևորգ իշխան, դու ուրեմն ինձ մոտ, իմ տանն ես, մենք դարձյալ միասին ենք․․․ Ինչպե՛ս ուրախ եմ․․․ Տո՞ւնդ, ընտանի՞քդ, որդի՞դ առողջ են բոլորը, այնպես չէ՞։ Գոռը անշուշտ մեծացել է, սուր ու վահան է կրում․․․

— Այո՛, տեր, քո բարի օրհնությամբ։

— Աստուծո օրհնությամբ․․․ Եվ բոլորն այժմ գտնվում են Երազգավորսո՞ւմ․․․

— Ո՛չ, Գառնիում, թագուհու մոտ։

— Թագուհո՞ւ․․․ իմ Սահականույշի՞․․․

Այդ րոպեին Սևադա իշխանի դեմքը վայրկենապես այլայլվեց, կարծես, թե հանկարծ մի սուր ցցեցին նրա թոքերի մեջ, բայց իսկույն էլ իրան զսպելով՝ նախկին հանգիստ կերպարանքն առավ և շարունակեց․

— Իմ Սահականույշն էլ առողջ է, այնպես չէ՞ ․․․

— Այո՛, իշխան, ես նրան շատ առողջ թողեցի Գառնիում։

— Շատ առո՞ղջ․․․ այդ լավ է, շատ լավ է․․․ ես չէի կարծում․․․ — ընդհատելով պատասխանեց Սևադան, կարծես թե չկամենալով, որ Մարզպետունին այդպիսի լուր հաղորդեր իրան։ Որովհետև ծանր էր գալիս նրան լսել, թե յուր Սահականույշը առողջ է այնպիսի մի ժամանակ, երբ նրա հայրն ու եղբայրը կուրացած, նստած են Գարդմանում․․․ Չէ՞ որ այդ դժբախտության հանդիպել էին նրանք նույնիսկ այդ Սահականույշի երջանկության արգելքները բառնալու պատճառով․․․

Հազվագյուտ են աշխարհում այնպիսի մարդիկ, որոնք իրանց կոչման վերաբերյալ մի որևէ պարտավորություն բարեխղճաբար կատարելուց ետ, եթե մանավանդ այդ պարտավորությունը լինում է բոլորանվեր մի անձնազոհություն, չպահանջեին, որ մարդիկ անմոռաց պահեն հիշողության մեջ իրանց արածը կամ հավիտյան երախտագետ լինին իրանց։ Մեծամասնությունը, ընդհակառակը, անում է այդ պահանջը նույնիսկ յուր հասարակ պարտավորությունները բարեխղճաբար կատարած ժամանակ։ Եվ կարծես հենց մարդկանց այդ բնական ցանկությունը խեղդելու համար է, որ աշխարհում, ընդհանրապես, ոչ միայն երախտագետ չեն լինում անձնվեր մարդկանց, այլև նրանց ծառայությունը փոխարինում են միշտ սև ապերախտությամբ։

Սևադա իշխանի համար ծանր էր, արդարև, հավատալ, թե Սահականույշը կարող էր մի վայրկյան անգամ հոգվո խաղաղություն ունենալ այն օրից ետ, որ յուր հայրն ու եղբայրը կուրացել էին յուր պատճառով, թե նա կարող էր ժպտալ, ծիծաղել, ուրախանալ․․․ թե ամեն առավոտ ծագող ոսկեշող արևի ճառագայթները չէին համակիլ նրա սիրտը տխրությամբ, հիշեցնելով նրան, որ յուր հայրն ու եղբայրը զրկված են այդ ճառագայթներից հավիտյան․․․

Ահա՛, այդ պատճառով նրա վրա անախորժ տպավորություն արավ Մարզպետունու այն պատասխանը, թե «Սահականույշին շատ առողջ թողեցի Գառնիում»։

Բայց Գևորգ իշխանը ոչ մի հուզման նշան չնկատեց Սևադայի վրա։ Նրան զբաղեցնողն այդ րոպեին Սևադայի հոգեկան աշխարհը չէր, այլ այն միտքը, թե ի՞նչ պիտի պատասխանե իշխանին, եթե նա յուր այստեղ գալու մասին հարցնե։ Արդյոք սուտ պատճառնե՞ր հորինե, թե անկեղծությամբ խոստովանե ամեն բան։ Եվ ահա նա դեռ այդ վարանման մեջ էր, որ Սահակ իշխանն ասաց․

— Մի լավ սովորություն կա մեր ժողովրդի մեջ, իշխա՛ն․ երբ հեռու երկրից մի հյուր է գալիս դրանց մոտ, չեն հարցնում ո՛չ անունը, ո՛չ գյուղն ու քաղաքը՝ որտեղից գալիս է նա, ո՛չ գործը՝ որի համար եկել է, մինչև որ մի հարուստ ճաշով կամ ընթրիքով չեն հյուրասիրում նրան։ Այդ սովորությունը յուր շահավոր պատճառներն ունի, որոնք հայտնի են քեզ։ Բայց ես այժմ հյուրասիրական այդ պարտավորության պատկառ մնալ չեմ կարող․ առաջին՝ որ մենք օտարներ չենք, և շատ տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չկամենայինք տեղեկություն առնել միմյանցից այն խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են մեզ․ և երկրորդ՝ այն օրից ի վեր, որ այս դժբախտությունն ինձ պատահեց, ես դյուրագրգիռ և անհամբեր եմ դարձել․․․ Անհամբեր, չե՞ս զարմանում․ կույրն իրավունք ունի՞ անհամբեր լինելու․․․ Բայց ես այդպես եմ․ և ինձ թվում է, թե դրա պատճառն ա՛յն է, որ իմ հոգին աշխույժ և աննկուն է դեռ, ուստի իմ անգործունեությունն ավելի ևս գրգռում է իմ մեջ գործելու եռանդը․․․ Այո՛, այդ օրից ի վեր, ասում եմ, ես անհամբեր եմ դարձել․ ուրեմն ասա՛, սիրելի իշխան, ի՞նչ դիպված, ի՞նչ պատահար բերավ քեզ իմ ամրոցը, և այն՝ այս տարաժամին․․․ Անշուշտ քեզ առաջնորդել է դեպի իմ տունը մի բարի նպատակ։ Մարզպետունի իշխանին, գիտեմ, չեն զբաղեցնում անձնական գործերը։ Հայրենիքն ու նրա ցավերն են, որ ուժ կամ հուսահատություն են բերում նրա վրա, այժմ ասա՛, ի՞նչ ցավ դարմանելու համար ես շնորհ բերել մեզ մոտ։

Գևորգ իշխանի տխրամած դեմքը պայծառացավ․ կարծես թե Սևադան յուր ձեռքը պարզելով դուրս հանեց նրան մի խավարչտին անդունդից․ իշխանի խոսքերը բացին նրա առաջ փակված ճանապարհը և նա որոշեց ազատորեն խոսել։

— Շնորհակալ եմ, տեր իշխան, որ այդքան լավ կարծիք ունիս իմ մասին, դու արդեն գուշակեցիր իմ գալստյան պատճառը և լավ ասացիր, թե անձնական գործերն ինձ չեն զբաղեցնում։ Այո՛, անձնական գործի համար չեմ այժմ Գարդմանում Երկիրը, իշխան, դարձյալ տագնապի մեջ է․ թշնամիների հարձակման համար դարձյալ մեր հարազատները ճանապարհներ են պատրաստում․ եկել եմ քո օգնությունը խնդրելու առաջիկա ընդհարումների առաջն առնելու համար։

— Իմ օգնությո՞ւնը․․․ իշխա՛ն։

— Այո՛, քո օգնությունը։

— Դու առողջ աչքեր ունիս, տեր Մարզպետունի, անկարելի է, որ ճանապարհից մոլորված լինիս, — ժպտալով պատասխանեց Սևադան։

Իշխանի այդ հեգնությունը խոցեց Մարզպետունու սիրտը, բայց նա չվրդովվեցավ։

— Եթե մինչև անգամ զուրկ լինեի այդ պիտանի զգայարանքից, այնուամենայնիվ կարող էի դարձյալ իմ հոգվո աչքերով գտնել այն ճանապարհը, որ հանում է դեպի Գարդմանա իմաստուն և հայրենա սեր իշխանի դղյակը։ Ես, գուցե, շատ անգամ մոլորվել եմ ճանապարհից, բայց այս անգամ ճիշտ հասել եմ այնտեղ, ուր որ իմ ցանկությունն ու սրբազան պարտքը առաջնորդում էին։

— Գարդմանա իշխանը խելազուրկ մարդ չէ, Այո՛, և դու չէիր հավատալ, եթե ես այդ անունը տայի ինձ․ բայց նա, իշխան, այլևս հայրենասեր չէ․ մի՛ պատվիր նրան այդ անունով։

— Նա չի կամենալ, որ հայոց արքայական գահը վտանգվի․ ես այդ հաստատ գիտեմ, և եթե ինքդ իսկ հակառակը պնդես, ես չեմ կարող հավատալ։

— Սևադան մի չարագործ է այժմ, իշխան, հավատա՛ ինձ։

— Ոչ․ նա միայն վրդովված է, նա սրտմտած է հավաստի անիրավության դեմ․․․ բայց նա այդ ժամանակավոր զայրույթի պատճառով չի պատժիլ հայրենիքը, զլանալով նրա ծառաներին յուր իմաստուն խորհուրդները։

— Խորհուրդնե՞ր, դու ինձ մոտ խորհրդի՞ ես եկել իշխան, — կարծես զարմանալով հարցրեց Սևադան։

— Այո՛, տեր իշխան․ Ցլիկ-Ամրամը, Ուտիքի վերակացուն, ապստամբել է արքայից։ Բոլոր Ուտիքը, Արցախու և Գուգարաց մեծ մասը զենք են բարձրացրել իրանց թագավորի դեմ։ Եկա խորհուրդ հարցնելու հինավուրց զորավարից, թե ի՞նչ միջոցներ գործ դնենք, որպեսզի կարողանանք ճնշել այս ապստամբությունը առանց եղբայրասպան կռիվ մղելու։

— Դու ծաղրո՞ւմ ես ինձ, իշխան, — լրջությամբ հարցրեց Սևադան։

— Ինչպե՞ս կհամարձակիմ։

— Լսիր, տեր Մարզպետունի, ես իրավունք չունիմ ստիպել քեզ՝ բանալ քո սիրտն իմ առաջ։ Դու հայրենիքիդ նվիրված մարդ ես, քո թագավորի հավատարիմ պաշտոնյան ես, Սևադան պարտավոր է քեզ հարգել։ Ես չեմ նեղանում, մինչև անգամ, որ դու ազատորեն չես կշտամբում ինձ, թե ինչո՞ւ միացել եմ ես Ցլիկ-Ամրամի հետ․․․ քաղաքավարությունը, գիտեմ, օտար ունակություն չէ Մարզպետունյաց նախարարական տան ժառանգի համար։ Բայց Սահակ Սևադան իրավունք չունի ծածկել յուր գործերը, Գարդմանա տերը չի կարող յուր թշնամությունը բարեկամությամբ վարագուրել․․․ Ես, այո՛, Ցլիկ-Ամրամի հետ եմ, դու այժմ թեպետ քո անձնական բարեկամի, բայց քո թագավորի թշնամու տանն ես, խոսի՛ր ինձ հետ ինչպես արքայի հակառակորդի հետ, դրա համար ես միայն կարող եմ շնորհակալ լինել քեզ։

Մարզպետունի իշխանը հանգիստ շունչ քաշեց․ նա կարծես թեթևացավ յուր սիրտը ճնշող ամենավերջին ծանրությունից էլ։

— Եվ այդպես, ուրեմն, Գարդմանա տերը ապստամբների հե՞տ է, — հարցրեց իշխանը խաղաղ ձայնով։

— Ո՛չ թե միայն ապստամբների հետ է, այլև նա ինքն է այդ ապստամբությունը վառել, բորբոքել։

— Այդ անկարելի է։ Չարիքը գուցե յուր ետևից տարել է սրամտությամբ վառված Սևադային, բայց Սևադան ինքը այդ չարիքը չէր ստեղծի՛լ։

— Այո՛, ես ինքս ստեղծեցի։

— Դու ի՞նքդ։

— Այո՛։

— Պատճա՞ռ։

— Որպեսզի իմ վրեժխնդրության ծարավը հագեցնեմ։

— Ի՞նչ էր մտածում Աշոտ-Երկաթը, որ կուրացնում էր Սևադային։ Մի՞թե կարծում էր, թե մարմնո կուրությունը կարող է արգելել նրա հոգուն տեսնել ամեն օր յուր առաջ չարագործի արյունաշաղախ ձեռքերը և վրեժխնդրության բոցով չբորբոքվել․․․ Ի՞նչ չարիք էի հասցրել ես նրան․ ինչո՞ւ նա իմ տեսությունը խավարեցրեց․ ինչո՞ւ ինձ դատապարտեց կենդանի մարմնով հավիտյան գերեզմանի մեջ խարխափելու․․․

— Բայց դու, իշխան, չէ՞ որ ապստամբեցիր նրանից և քեզ հետ էլ միասին բոլոր հյուսիսային գավառներն ապստամբեցրիր․ դու սպառնում էիր պետության ամբողջությունը քայքայել, դու արքունական գահի պատվանդանն էիր փորում․ մի՞թե թագավորը պարտավոր չէր պաշտպանել աշխարհը քո փառասիրական ոտնձգությանց դեմ․․․ ների՛ր, որ ես այս խոսքն արտասանում եմ, բայց դու սիրում ես անկեղծությունը։

— Այո՛, Այո՛, անկե՛ղծ եղիր․ իշխանազն մարդուն անվայել է կեղծավորության գրգլյակներով ծածկվիլ․ բայց աշխատիր, որ անկեղծության անժույժ եռանդը մինչև զրպարտության սահմանները չտանե քեզ․․․

— Զրպարտությո՞ւն, աստված մի արասցե։

— Այո՛, դու ինձ զրպարտեցիր, հենց այս վայրկյանին։

— Ինչպե՞ս, ասա՛, ես ներողություն կխնդրեմ։

— Ասացիր, որ քո թագավորը պաշտպանում էր աշխարհը իմ փառասիրական ոտնձգությանց դեմ։

— Այո՛, ասացի․ դու անարգեցիր նախկին հաշտության ժամանակ տված քո երդման գիրը և երկրորդ անգամ ապստամբեցար։ Մի՞թե փառասիրությունը չէր մղում քեզ դեպի այդօրինակ ուխտադրժություն։

— Ուրախ եմ, որ կարողանում ես այդպես անկեղծորեն խոսել․ երկչոտ մարդկանց տանել չեմ կարող, բայց միևնույն ժամանակ, տխրում եմ, որ այդքան անծանոթ ես դու ճշմարտությանը։ Անդարմանելի մի վիշտ է այդ ինձ համար․․․ Ես չեմ վշտանում, որ հայոց աշխարհն այդ կարծիքն ունի իմ մասին, բայց վշտանում եմ, որ արքունիքի ամենամոտ անձը, Աշոտ թագավորի մտերիմը, Մարզպետունյաց Գևորգ իշխանը նույն կարծիքն է պաշտպանում․․․ Եվ ուրեմն Սևադան ապստամբել էր այն ժամանակ թագավորի դեմ յուր փառասիրական ձգտումներին հետևելով․․․ մի՞թե պիտի զարմանամ, եթե հայոց ազգի պատմությունը գրող վարդապետներն էլ անարգանաց այդ դրոշմը դնեն իմ հիշատակի վրա․․․ Օ՛, ծանր, շատ ծանր զրպարտություն է այդ իշխան։

— Ի՞նչն էր ուրեմն քո այն ժամանակվա առաջին և երկրորդ ապստամբությանդ պատճառը։

— Ի՞նչը ․․․ Այո՛, այդ պիտի հարցնես, այդ դու պարտավոր ես իմանալ, եթե դեռ չգիտես։ Բայց ամենից առաջ ասա՝ ինձ․ կկամենայի՞ ես դժբախտացնել իմ հարազատ դուստրը, որ հայոց թագուհին էր և որին սիրում էի ես ավելի, քան իմ զույգ աչքերի լույսը։

— Ո՛չ։

— Կկամենայի՞ խռովել նրա հանգստությունը, նրա արքունիքը, և, վերջապես, վտանգել իմ թագավոր փեսայի գահը։ Մի՞թե անձնասպանության հավասար մի հանցանք չէր լինիլ դա ինձ համար։

— Անշուշտ։ Մենք էլ հենց դրա համար էինք զարմանում, որ Սևադա իշխանը ապստամբության դրոշ էր պարզում յուր դստեր և փեսայի դեմ։

— Եվ դրա պատճառն էլ իմ փառասիրական ձգտումնե՞րն էիք համարում։

— Ուրիշ բան մտածել չէինք կարող։

— Լավ․ ուրիշ ի՞նչ փառք էր ինձ հարկավոր․․․ Աղջիկս՝ թագուհի, փեսաս՝՝ թագավոր, ինքս Գարդմանում ազատ, հարուստ և զորեղ իշխան։ Մի՞թե իրավունք ունեի այս բոլորից հետո մի ուրիշ պահանջ անել իմ բախտից։

— Հարկավ ոչ։

— Եվ վերջապես, մի՞թե Սահակ Սևադան մի հասարակ զինվորի չափ էլ հայրենասիրություն չուներ․ մի՞թե ես անծանոթ էի իմ ազգի պատմության և չգիտեի, թե որպիսի՛ թանկ զոհաբերության գնով ձեռք բերվեց Բագրատունի թագավորության գահն ու թագը, որ ես թույլ տայի ինձ փառասիրության ձգտումներով այդ գահի հաստատությունը խախտելու։

— Բայց ի՞նչն էր, վերջապես, այն ժամանակվա քո ապստամբության պատճառը։

— Իմ ապստամբության պատճա՞ռը, Այո՛, այդ կարող ես հարցնել․ այժմ այլևս ծածկելու կարիք չկա․․․ Բայց, կարծեմ, այդ մասին դու շատ բան գիտես։

— Դեռ ոչինչ չգիտեմ։

— Ոչինչ չգիտես, ուրեմն լսի՛ր։ Ես քո արքայից առաջին անգամ ապստամբեցա՝ նրան չար ճանապարհից զգուշացնելու համար․ երկրորդ անգամ ապստամբեցա հայոց արքայական գահի պատիվը փրկելու համար․ իսկ այժմ՝ ապստամբել և Ցլիկ-Ամրամին էլ ապստամբեցրել եմ՝ իմ և իմ որդվո անձնական անարդանաց վրեժը լուծելու համար։

— Ինձ դեռ առաջ բացատրիր նախկին ապստամբությանդ պատճառը։ Ի՞նչ կնշանակե, թե կամենում էիր արքային չար ճանապարհից զգուշացնել․ ի՞նչ չար ճանապարհ էր այդ։

— Ինչ չար ճանապա՞րհ․․․

— Այո՛։

— Քեզ հո հայտնի էր, որ նա մի ժամանակ սիրում էր Սևորդյաց Գևորգ նահապետի աղջկան։

— Այո՛, մի ժամանակ․ բայց այդ շատ առաջ էր։

— Ամուսնությունից առաջ, այնպես չէ՞։

— Այո՛։

— Երբ մարդ ամուսնանում է, պետք է որ պատկառ մնա յուր ամուսնական պարտավորությանց, աստուծո և աշխարհի առաջ արած երդման, յուր կնքած ուխտին․ այնպես չէ՞։

— Անշուշտ։

— Եթե այդպես անում է հասարակ մարդը, ռամիկը, գեղջուկը, որքանն ավելի պարտավոր է անել թագավորը, ժողովրդյան հայրը և առաջնորդը․ նա՛, որին թագադրության ժամանակ եպիսկոպոսն արքայական մատանին հագցնելով ասում է․

«Ա՛ռ զմատանի՝ առհավատչյա արդարության թագավորության քո, քանզի այսօր օրհնյալ ես իշխան և թագավոր ժողովրդյանս։ Հաստատ լեր և օգնական քրիստոնեության և քրիստոնեից հավատո, զի փառավորեսցիս ընդ թագավորին թագավորաց․․․»։ Արդ, նա, որ կոչված է ո՛չ միայն քրիստոնեական հավատո մեջ հաստատ մնալու, այլև այդ հավատո պահպանության հսկելու և յուր ժողովրդի համար արդարության ու առաքինության օրինակ հանդիսանալու, կարո՞ղ է և իրավունք ունի արդյոք անարգել այդ հավատը և գայթակղության քար դառնալ ժողովրդի համար։

— Հարկավ ո՛չ։

— Բայց թագավորն այդպես էր անում։ Նա ամուսնացավ իմ դստեր հետ, բայց Սևորդյաց նախկին օրիորդին չմոռացավ։ Այն օրից, որ նա Ցլիկ-Ամրամին կարգեց Ուտիքի վերակացու, ոտի տակ տվավ աստուծո և աշխարհի առաջ արած յուր երդումը, նա մոռացավ յուր օրինավոր ամուսնուն, անարգեց նրա մաքուր, անարատ և խանդակաթ սերը, նա դարձավ Ցլիկ-Ամրամի կնոջ սիրահարը․․․ Հայտնի չեն միթե քեզ այս պատմությունները։

— Հայտնի են․ բայց․․․

— Բայց դատապարտելի չեն քո աչքում, այնպես չէ՞։

— Աստված մի՛ արասցե, որ ես ամբարշտության գործերը դրվատեմ․․․ բայց կամենում էի ասել, թե մարդկանց չպետք է խստությամբ դատել, առանց նրանց հանցանքի պատճառները խղճի մտոք քննելու։

— Երբ ես կխնդրեմ քեզ պաշտպանել քո թագավորին, այն ժամանակ կպաշտպանես․ այժմ դեռ ինձ լսիր։ Հայ լինելուց առաջ, բարեկամ, ես մարդ եմ և միևնույն ժամանակ՝ սիրող հայր։ Չեմ ծածկում իմ փառասիրական փափագը․ ես կամենում էի, որ հայոց թագավորը փեսայանար ինձ, մանավանդ որ տեսնում էի, թե իմ գեղանի դուստրը հիացած է նրանով․ իսկ իմ աղջկան սիրում էի ես կաթոգին և իմ ուրախությունը գտնում էի նրա ուրախության մեջ․ այդ պատճառով էլ աշխատեցի, որ Աշոտ-Երկաթը ամուսնանար նրա հետ։ Աշոտը կարող էր բացեիբաց մերժել այդ միությունը, ոչ ոք իրավունք չէր ունենալ շղթայել նրա սիրտը յուր կամքի հակառակ։ Բայց երբ մի անգամ կապվեցավ նա իմ դստեր հետ սուրբ ամուսնության կապով, ապա պարտավոր էր պատկառ մնալ աստուծո և մարդկանց բերանով օրհնված այդ միությանը։ Բայց նա անարգեց այդ միությունը։ Կներե՞ նրան աստված թե ոչ, այդ ես չգիտեմ․ դուք էլ, մարդիկդ, տեսնում եմ, չեք կամենում խստությամբ դատել նրան․ բայց ե՞ս․․․ Ես հայր եմ․ սիրտ և զգացմունք ունիմ․ հայրական գութ ու գորով ունիմ․ և դրա հետ միասին էլ Գարդմանա Տան հպարտ իշխանն եմ․․․ Ես չէի կարող անտարբերությամբ նայել իմ դստեր դժբախտության վրա և, միևնույն ժամանակ, երբե՛ք և ո՛չ մի պայմանով թույլ չէի տա, որ երկրիս ամենազորեղ մարդն անգամ անպատվության դրոշմ դներ իմ ճակատին։ Ես մի հարվածով կջախջախեի այն ձեռքը, որ կմոտենար իմ տոհմական անարատ անունը արատավորելու։ Ես այդ կարող էի անել։ Բայց ամենից առաջ լսեցի խոհեմության ձայնին։ «Ոչ ոքին դեռ հայտնի չէ իմ դստեր դժբախտությունը, — մտածեցի ես, — նա ինքը, նույնպես, ոչինչ չգիտե այդ մասին․ ինչո՞ւ ուրեմն հրապարակ հանենք ժամահոտ վերքը․ նրան կարելի է բուժել նաև մի ծածկարանում․ թող հանգիստ մնա իմ դստեր սիրտը և անարատ արքայական գահի պատիվը»։ Այսպես մտածեցի ես և դիմեցի արքային։ Խոսեցի նրա հետ հայրաբար․ հորդորեցի նրան չափավորել յուր խանդն ու ավյունը, սանձահարել կրքերը, հեռանալ անպատվության ճանապարհից և աղաչեցի, թախանձեցի, որ նա խնայեր իմ դստեր քնքուշ, դյուրաբեկ և վշտերի անսովոր սիրտը, որ նա խնայեր, վերջապես, հայոց արքայական թագի պատիվը․․․ Նա առաջ չկամեցավ խոստովանել յուր հանցանքը․ ծիծաղեց դառը փորձերից խրատված հոր կասկածների վրա և կամեցավ յուր ճարտար լեզվով նկարել իմ առաջ կասկածի ճիվաղային կերպարանքը՝ նրանից ինձ հեռու փախցնելու համար․․․։ Այն ժամանակ ես ապացույցներ դրի յուր առաջ։ Նա չկարողացավ հերքել դրանք և շառագունեց։ Օ՛, չկա ավելի ծանր պատիժ առաքինի մարդու համար, քան հանցապարտ ու ամոթահար տեսնել յուր առաջ այն տղամարդին, որի մեջ հարգում էր նա երբեմն առաքինությունը, ազնվությունը, հավատարմությունը, որի մեջ ամփոփում էր նա յուր լավագույն հույսերը, որին նա յուր հերոսը, յուր դյուցազն էր համարում․․․ Ես այդ ծանր վիշտը կրեցի իբրև հայ մարդ․ իսկ հետո տանջվեցա իբրև ծնող՝ երբ իմ դստեր տկար սրտին հասնելիք հարվածի ծանրությունը կշռեցի։ Վերջապես թագավորը խոստովանեց ինձ յուր թուլությունը և խոստացավ խզել Ցլիկ-Ամրամի տան հետ ունեցած բոլոր կապերը։ Ես ուրախացա և վերադարձա Գարդման։ Բայց ահա՛ գալիս է ամառը և նա թագուհուն ուղարկում է Սյունյաց ամառանոցները, իսկ ինքը գնում Ուտիք, շաբաթներով նստում Սևորդյաց լեռներում Ցլիկ-Ամրամի վրանների տակ, Ասպրամ իշխանուհու զբոսավայրերում․․․ Ես այնուհետև համբերել չկարողացա։ Նախատական մի գիր գրեցի նրան և սպառնացի, որ եթե անմիջապես չի հեռանալ Սևորդյաց աշխարհից, ես ինքս իմ գարդմանացի գնդերով կերթամ և կհալածեմ նրան յուր սիրած հովիտներից։ Քո թագավորը ո՛չ միայն անուշադիր էր թողել իմ նամակը, այլև ծիծաղել էր իմ սպառնալիքի վրա, — Այդ ինչ է․ միթե գարդմանացիք սիրահարների դեմ էլ են պատերազմում, — հեգնելով ասել էր նա իմ հավատարիմին։ Բայց ես, որ ի բնե կատակ անել չէի սիրում, որոշեցի խրատել իմ ստահակ փեսային։ Միայն թե իսկույն ևեթ չգործադրեցի այդ որոշումը, որովհետև դեռ պետք է խեղճ աղջկանս սիրտը պատրաստեի յուր դժբախտությունը լսելու։ Եվ այս մի ծանր պարտավորություն էր սիրող հոր համար՝ գուժել ինքն իրեն բախտավոր համարող զավակին յուր դժբախտությունը։ Մինչ այս, մինչ այն, Աբաս արքաեղբոր և նրա աներոջ դավադրությունը երևան եկավ, որից ստիպված, ինչպես գիտես, թագավորը քաշվեցավ Ուտիք։ Եվ, ահա՛, մի դժբախտ օր նամակ եմ ստանում իմ դստեր դայակից, թե թագուհին մերձիմահ հիվանդ է Տավուշ բերդում և կամենում է ինձ տեսնել։ Իսկույն ևեթ շտապում եմ Տավուշ։ Տեսնում եմ աղջիկս հոգեկան ծանր տագնապի մեջ։ Հարցնում եմ հիվանդության պատճառը․ և նա տանջվելով դառնապես արտասվելով պատմում է ինձ յուր դժբախտությունը․․․․։ Ի՞նչ անեի ես․ չէ՞ որ է՛լ համբերելու տեղը չէր։ Հասկացրի աղջկանս, որ չվրդովվի, եթե իմ և արքայի մեջ բռնկող մի պատերազմի լուրն իմանա։ «Այս միջոցը, ասացի, գործ եմ դնում ամուսինդ ուղղության բերելու համար, բայց արյունահեղություն չպիտի անեմ»։ Եվ այդ նպատակով էլ հենց Տավուշի մեջ կշտամբեցի թագավորին ամենածանր, նախատական խոսքերով և յուր երկիրն ավերելու սպառնալիք կարդալով նրան՝ հեռացա։ Ահա՜, այդ էր պատճառը, որ Գարդման հասնելով զորքերս ժողովեցի և եկա Ուտիքի մի քանի գավառները գրավելու։ Բայց որպեսզի համոզվես, թե ես այդ ցույցն անում էի միմիայն թագավորին ուղղության բերելու նպատակով, կասեմ, որ թագավորը դեռ նոր էր յուր բանակը Շիրակից հանել, որ ես ծածուկ սովորեցրի Սյունյաց Սմբատ և Բաբգեն իշխաններին՝ գալ և իրանց կողմից հաշտության միջնորդ հանդիսանալ մեր մեջ։ Նրանց հետ միացել էիր և դու, այլև մի քանի ուրիշ իշխաններ։ Եթե մինչև ձեր հասնելը ինքս հնարներ գործ չդնեի ընդհարումը դիտմամբ ուշացնելու, Ախայան գյուղի առաջ երկու կողմից էլ մեծ կոտորած պիտի լիներ։ Բայց դուք հասաք և գործն ուրիշ կերպարանք առավ։ Սյունյաց իշխանները ոչինչ չէին հայտնել ձեզ իմ գաղտնի նպատակի մասին, ուստի ձեզանից շատերն ա՛յն կարծիքին էին, թե Սահակ Սևադան փառասիրական ձգտումներից մղվելով է ապստամբել թագավորի դեմ։ Ես հարկավոր չհամարեցի հերքել այդ կարծիքը, որովհետև ավելի գերադասում էի այն, որ իմ դստեր դժբախտությունն անծանոթ մնար հայ իշխանական տներին և արքայի անունը չարատավորվի, քան թե ազատ լինիմ այն մեղադրանքից, թե փառասիրական ձգտումներ ունիմ։ Եվ ես հրապարակով մշտական հաշտության երդումն արի և դաշնագիր ստորագրեցի։ Այդ դուք բոլորդ տեսաք։ Բայց դուք չլսեցիք այն խոստովանությունը, որ Աշոտ թագավորն արավ իմ և Սյունյաց եպիսկոպոսի առաջ, և այն երդումը, որ նա երդվեց՝ թողնել հավիտյան Ասպրամ իշխանուհու հետ ունեցած մտերմական հարաբերությունները և ուղիղ սրտով ու մաքուր սիրով վերադառնալ յուր օրինավոր ամուսնու գիրկը։ Այո՛, ինչպես որ իմ այս ապստամբության իսկական պատճառը ոչ թե փառասիրությունս, այլ թագավորն ուղղության բերելու ցանկությունս էր, այնպես էլ մեր հաշտության իսկական պայմանը, և ավելի սրբազան երդումը ո՛չ թե այն էր, որ դուք իշխաններդ վավերացրիք, այլ այն, որ կնքվեցավ արքայի, Սյունյաց եպիսկոպոսի և իմ մեջ։

— Այժմ կատարելապես ծանոթացա քո առաջին պատմության շարժառիթների հետ․ երկրո՞րդն ի՛նչ պատճառներից հառաջացավ, — հարցրեց Մարզպետունի իշխանը։

— Երկրո՞րդը։

— Այո՛։

— Նրա պատճառներն ավելի ծանրակշիռ են։

— Պատմի՛ր համառոտ, թե չես ձանձրանում։

— Ձանձրանա՞լ, ոչ․ Մարզպետունի իշխանի հետ խոսակցելը ձանձրույթ չի պատճառի ինձ, — պատասխանեց Սևադան և սկսավ յուր երկրորդ զրույցը։

— Ես կարծում եմ, — ասաց Սևադան, — կարելի է միշտ ներել այն հանցավորին, որ կա՛մ հանգամանաց բերմամբ, կա՛մ սեփական թուլությունից գործում է մի հանցանք, բայց ունի կենդանի խիղճ, դյուրազգաց սիրտ, ճանաչում է յուր հանցանքը և զղջում է սրտանց։ Բայց ներել այն հանցավորին, որ ոչ միայն չէ խոստովանում հանցանքը, այլև, դրվատում է նրան իբր մի առաքինություն, գայթակղեցնում է անփորձ սրտերը՝ յուր օրինակին հետևելու կամ յուր հանցանքի մեծությունը ծածկելու համար զրպարտում է յուր շրջապատողներին՝ մեղադրելով նրանց ծանրագույն հանցանքների մեջ, այդպիսի հանցավորին, ասում եմ, ոչ միայն չպետք է ներել, այլև անհրաժեշտ է պատժել ամենածանր պատիժներով․ հակառակ դեպքում մի հատ չարիքը հարյուր նոր չարիքներ կծնե․․․։ Իմ և քո թագավորը, բարեկամ, այս վերջին տեսակի հանցավորների թվին էր պատկանում։ Ես պարտավոր էի նրան պատժել․ այդ պահանջում էր իմ արժանապատվությունը, իմ ծնողական և մարդկային պարտավորությունը։ Ես պետք է միանգամայն վերցնեի նրան աշխարհի երեսից․ այդպիսով գայթակղության քարը վերցված կլիներ մեջտեղից․․․ Եվ այդ դժվար գործ չէր ինձ համար։ Եվ մի՞թե կարծում ես, թե մեծ կորուստ կունենայինք․ բնա՛վ․ հայոց արքայական գահը, միամիտ եղիր, թափուր չէր մնալ։ Թագավորը, միևնույն է, ժառանգ չունի․ նրա աթոռը վաղ թե ուշ պիտի յուր եղբայր Աբասը պայազատե․ ուրեմն որքան շուտ, այնքան լավ։ Գուցե այդպիսով շատ բան դեպի լավը փոխվեր։ Բայց ես հիմարացա։ — «Պաշտպանե՛նք դեռ գահը վտանգից, մտածում էի ինքս ինձ․ վատ գործը․ ամեն վայրկյան կարող ենք անել․ պատիժը ամեն րոպե կարող ենք չափել․ աշխատենք դեռ գահի փրկության համար․․․»։ Եվ ես հետաձգեցի պատիժը։ Կարծում էի, թե դժվարին չէ «ընծու փախել զխայտուց և եթովպացվո՝ զսևություն»․․․ Կարծում էի, թե իմ ներողամտությամբ, իմ անհիշաչարությամբ կարող եմ կակղեցնել ապառաժ սիրտը կամ հարություն տալ մեռած ու դիակնացած խղճին։ Եվ ահա՛, երբ ես այս մտքերով էի զբաղված, Աշոտ Երկաթը կալանավորեց Սյունյաց Վասակ իշխանին, իմ բարեկամին, և դրավ նրան յուր Կայյան բերդում։ Ի՞նչն էր նրան կալանավորելու պատճառը, ասա՛, տե՛ր Մարզպետունի․ անշուշտ քեզ, իբրև արքայի մտերմին, հայտնի է այդ խորհրդավոր պատճառը։

— Իսկ քեզ մի՞թե անհայտ է։

— Ես կամենում եմ, որ ինքդ ասես։

— Սյունյաց վասակ իշխանը խառն էր արքայի կյանքի դեմ լարված դավադրության մեջ։

— Ո՞ր դավադրության։

— Այն, որ Աշոտ բռնավորը, արքաեղբայր Աբասը և նրա աներ ափխազաց Գուրգենը կազմել էին միասին։

— Բարեկամ, խիղճը մի կողմը թողնենք և խելքով դատենք։ Աբասը և Գուրգենը վաղուց միացած էին թագավորի դեմ․ այդ հայտնի է, ինչպես և հայտնի է դրա պատճառը․ — Գուրգեն Ափխազի դուստրը, Աբաս արքաեղբոր կինը, կամենում էր թագուհի դառնալ դեռ իմ դստեր կենդանության ժամանակ։ Հպարտ ափխազուհին չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե հայոց թագուհին հայ իշխանական տան աղջիկ պիտի լինի և թե ինքն արդեն գոհ պիտի լինի նրանով, որ թագավորի հարսը և նրա եղբոր ամուսինն է։ Չէ, ինչպե՞ս կարելի է․ նա կամենում էր անպատճառ թագուհի լինել։ Իսկ տղամարդիկ, հո գիտես, կանանց ստրուկներն են․ այդ ստրկության պայմանն արդեն նախահայր Ադամն է ստորագրել։ Եվ ահա երիտասարդ Աբասը միանում է յուր աներոջ հետ՝ հարազատ եղբորը գահընկեց անելու կամ նրան սպանելու համար։ Արքայազնը, անշուշտ, շատ էր սիրում կնոջը․ չէր կարող անկատար թողնել նրա խնդիրը։ Դրա հետ էլ միացրու այդ երիտասարդի բնական փառասիրությունը, և այնուհետև կպարզվի դավադրության պատճառը։ Փեսա ու աներ, ինչպես գիտես, իրենց զորքերով դիմեցին Երազգավորս՝ թագավորին բռնելու կամ սպանելու։ Այդ չհաջողվեց նրանց։ Աշոտը օր առաջ տեղեկացել էր դավադրության մասին և յուր ընտանիքով խույս տվել Ուտիք։ Դավադիրներն եկան և իրանց «խոփը քարին առած» տեսնելով՝ Երազգավորսը ավարի առան և հեռացան։ Այդպե՞ս է թե ոչ։ — Այո՛, այդպես է։

— Է՛․ Աշոտ Երկաթը հո չէր կարող այդ անարգանքը տանել․ նա էլ գնաց ափխազաց իշխանի երկիրներն ավերեց։ Երկու կողմից կռիվն անընդհատ շարունակվում էր։ Ճշմարիտ է, ամեն ճակատամարտումն էլ Աշոտ թագավորը հաղթող էր հանդիսանում, բայց այդ միևնույն է․ չէ՞ որ հայոց զորքերից էլ շարունակ ջարդվում էին․ մանավանդ որ Աբաս արքաեղբայրն էլ աներոջ հետ էր, և յուր զորքերն էլ հայ կտրիճներից էին։ Ահա՛ այս ավերմանց ու կոտորածի առաջն առնելու համար իմ բարեկամ Վասակ իշխանը միջնորդ դարձավ երկու պատերազմող կողմերի համար և ամեն ջանք գործ դնելով՝ հաշտեցրեց թագավորը յուր եղբոր և նրա աներոջ հետ։ Այսպե՞ս է թե ոչ։

— Այո՛, այդպես է։

— Արդ, նույն վասակ իշխանը, որ ամեն նեղություն կրել, տասն անգամ մի բանակից մյուսն անցել, հորդորել, համոզել, կրքերը խաղաղացրել ու հաշտություն էր կայացրել, միթե նույն մարդը ինքը մի ուրիշ նոր դավադրության կընկերանա՞ր․ այսինքն՝ այն դավադրության, որ Աբասն ու Գուրգենը կամենում էին կազմել Աշոտ բռնավորի ընկերակցությամբ․․․

— Ոչ, չպետք է ընկերանար․ չէր կարող ընկերանալ․ այդպես էլ մենք ամենքս էինք մտածում։ Բայց փաստը հակառակն ապացուցեց։ Վասակ իշխանի մոտ գտան Աշոտ բռնավորի նամակը, որով նա շնորհակալություն էր անում իշխանին այն բանի համար, որ նա աշխատել էր կայացնել այդ հաշտությունը ա՛յն նպատակով, որ միջոց տա Ափխազիո իշխանին և իրան ու Աբասին հզորապես պատրաստվելու և միանգամայն Աշոտ թագավորին հաղթահարելու, որովհետև մինչև այն՝ իբրև թե թագավորի զորքերը հակառակորդների անպատրաստությունից էին օգտվում և հաղթություն տանում։

— Դե՛հ, այժմ քեզ եմ հարցնում, իշխան, կարելի՞ էր հավատալ այդ նամակի իսկությանը։ Աշոտ բռնավորը պատերազմում էր թագավորի դեմ, որովհետև ինքն էր կամենում երկրին տիրել։ Աբասն ու Գուրգենը պատերազմում էին, պատճառը բացատրեցի, թե ինչո՛ւ։ Վասակ իշխանն ի՞նչ թշնամություն ուներ յուր թագավորի և քեռու հետ։ Միևնույնը չէ՞ր նրա համար, թե քեռիներից ո՞րն է թագավորում, Աշո՞տը թե Աբասը։ Չէ՞ որ նա ավելի անդրանիկ եղբոր և օրինավոր թագավորի կողմը կլիներ։

— Այդ այդպես է․ բայց նամակն ինքս կարդացի։ Նա Աշոտ բռնավորի գրածն էր և խուզարկության ժամանակ Վասակ իշխանի գրպանակից հանեցին։

— Դու բոլորն ասացի՛ր․ դե՛հ, այժմ ինձ լսիր։ Դա մի զրպարտություն էր, սև, չարահնար զրպարտություն։ Թագավորը կամենում էր առակել թագուհուն՝ իմ աղջկան․ կամենում էր արատավորել Գարդմանա տան անբիծ անունը, և, ահա՛, նա այդ նպատակին հասնելու համար աղարտեց և հայրենասեր Վասակ իշխանի համբավը։

— Ինչպե՞ս․ այս խնդրում թագուհու անունը խառը չէ եղել բնավ։

— Ձեզ համար, այո՛, միայն Վասակի դավադրության խնդիրը կար․ բայց ինձ համար պատրաստված էր և մի ուրիշ խնդիր։

— Ի՞նչ։

— Թագավորը հայտնում էր ինձ, որ իբրև թե Վասակը մտերմական հարաբերություններ ունի թագուհու հետ․․․

— Ի՞նչ հարաբերություններ։

— Սիրային․․․ տե՛ր Մարզպետունի, սիրային հարաբերություններ․․․ Իմ աղջիկը, իմ սուրբ, անարատ Սահականույշը․․․ լսո՞ւմ ես, իշխան։

— Այդ անկարելի է։

— Անկարելի՛ է․ այնպես չէ՞․․․ Բայց մի՞թե միայն անկարելի, ուրիշ խոսք չե՞ս ասում, չէ՞ որ դա մի սոսկալի, մի զարհուրելի զրպարտություն է․․․

— Այո՛, լսողի սարսափման արժանի։

— Եվ նա այդ զրպարտությունը հնարեց, հասկանո՞ւմ ես․ կարողացավ հնարել․ խիղճը յուր սիրտը չկեղեքեց․․․ Եվ այդ խորհուրդը վաղուց էր հղացել։ Հիշո՞ւմ ես, հենց հիշածս հաշտությունը կայանալուց հետ Վասակ իշխանը դադարեց արքունիք հաճախելուց։ Կաթողիկոսը հարցրել էր նրան, թե ինչո՞ւ թագավորի մոտ չէ գնում, Վասակը պատասխանել էր, թե «Թագավորը կասկածում է իմ հավատարմության վրա»։ Եվ այդ այդպես էր։ Մի օր իշխանը թագուհու հետ միասին ելած է լինում Դվնո շուրջը զբոսանքի։ Ի դարձին թագավորը դիտողություն է անում նրան, թե Մարիամ իշխանուհին գանգատվում է միշտ, թե դու զբոսասեր չես և թե երբեք չես ընկերանում իրան զբոսանքների ժամանակ։ Հայտնի՛ր իմ կողմից իշխանուհուն, որ դրա պատճառը ոչ թե քո անզբոսասիրությունն է, այլ այն, որ ինքն ավելի գեղեցիկ չէ թագուհուց․․․

— Եվ այդ խոսքերը կարողացե՞լ է թագավորն ասել։

— Վասակ իշխանն ինքը պատմեց ինձ այդ բանը վշտահար սրտով։

— Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ կաթողիկոսը վստահության գիր առավ թագավորից Վասակ իշխանի համար։

— Այո՛․ իշխանն ասել էր Վեհափառին, թե «Մինչև որ թագավորը երդմամբ չխոստանա, թե վստահանում է ինձ վրա իբրև յուր հարազատի և հավատարմի վրա, ես ոտքս արքունիք չեմ դնիլ»։ Եվ կաթողիկոսն այդ երդմնագիրն առավ նրանից։ Իշխանն այնուհետև ազատ ու անկախ ելումուտ էր անում թագավորի մոտ։ Բայց, ահա՛, մի օր հրամայեց կալանավորել իշխանին և տանել Կայյան բերդը։ Լսելով այդ լուրը, ես վրդովվեցա։ Իսկույն ևեթ նամակ գրեցի նրան և հարցրի, թե ինչո՞ւ իմ բարեկամին և յուր հորաքեռորդուն բանտարկել է նա։ Ո՞րն է արդյոք իշխանի հանցանքը։ Եվ նա ահա թե ի՛նչ է գրում ինձ։

Այս ասելով իշխանը ծափ զարկեց։

Ներս մտավ իսկույն մի ծառա։

— Կանչի՛ր այստեղ գրագրին, — հրամայեց իշխանը։

Մի երկու վայրկյանից ներս եկավ գրագիրը։

— Գնա՛, հանի՛ր իմ գրպանակից թագավորի այն նամակը, որ կապած է սև երիզով և կնքած մոմով, և բեր ինձ։

Գրագիրը գնաց և քիչ ժամանակից հետ բերավ պատվիրած նամակը և տվավ Սևադա իշխանին։

— Այժմ դու գնա, — հրամայեց իշխանը գրագրին, և նա հեռացավ։ -Ա՛ռ, բա՛ց արա այս նամակը և կարդա՛։ Ես չեմ կամենում, որ քո սրտում կասկածի նշույլ անգամ մնա, — ասաց իշխանը, նամակը Մարզպետունուն տալով։

— Քո խոսքն ինձ համար ճշմարտություն է․ ի՞նչ կարիք կա հին գաղտնիքները քրքրելու, — պատասխանեց Մարզպետունին, չկամենալով նամակը բանալ։

— Չէ՛, իշխան, դու թագավորի մտերիմն ես, իմ էլ, անշուշտ, անկեղծ բարեկամը․ կվայելե, որ դու իսկությամբ ծանոթանաս մեր թշնամության պատճառներին, որպեսզի չարիքների առաջն առնելու համար՝ ավելի հիմնավոր միջոցների դիմես և ստիպված չլինիս հեռավոր ճանապարհ գնալ՝ Սահակ Սևադայից խորհուրդ հարցնելու։

— Կկարդամ, եթե այդպես հաճելի է քեզ, — ասաց իշխանը, և նամակի երիզն ու կնիքը լուծելով՝ բացավ մագաղաթը։

— Բարձր կարդա․ ես մի անգամ էլ եմ ուզում այդ խոսքերը լսել։

Իշխանը կարդաց հետևյալը․

«Աշոտ շահնշահ Հայոց թագավորից՝

Գարդմանա տեր և իշխան Սահակ Սևադային ողջույն։

Ստացա քո սիրալիրության գիրը, որով խնդրում ես ինձ տեղեկացնել քեզ իմ ազգական և քո բարեկամ Սիսակ Վասակ իշխանին կալանավորեյու և Կայ յան բերդը ղրկելու պատճառը։ Այդ պատճառը որքան որ ծանր է և բարյացապարտ մի հոր սրտի խաղաղությունը վրդովող, դարձյալ ես ստիպված եմ հայտնելու, որովհետև այդ խնդրում է ինձնից իմ թագուհու հայրը։ Վասակ իշխանին կալանավորեցի և մահվան պիտի դատապարտեմ յուր այն անարժան վարուց համար, որով նա իմ արքայական տան պատիվն արատավորեց, վաղուց ի վեր անպատշաճ հարաբերության մեջ լինելով քո դստեր և իմ ամուսնու հետ։ Նրա հանցանքը ինքս ստուգեցի անձամբ, ուստի և կալանավորել հրամայեցի՝ չարին չարով կործանելու համար։ Բայց որպեսզի արքայական ընտանիքի պատիվը և Գարդմանա հզոր իշխանի անունը չարատավորվի աշխարհի առաջ, ես այդ իշխանին հրատարակեցի իբրև մասնակից Աբասյան դավակցության և պատրաստել տվի դրա համար օրինական ապացույց։ Շնորհակալ պիտի լինիս, որ այսքան հոգատար եմ քո տոհմական անունն անաղարտ պահելու մասին։ Իսկ Վասակ իշխանի մեղսակցին և քո դստերը պատժելու իրավունքը հանձնում եմ քեզ, իբրև մի արդարադատ հոր։

Աշոտ բ․ թագավոր հայոց»։

Մարզպետունի իշխանի վրա արքայի այս նամակը ամենածանր տպավորություն արավ։ Այն թագավորը, որ մինչև այդ այնքան բարձր և վեհ էր երևում յուր աչքում, կարծես մի ակնթարթում գլորվեցավ․ ընկավ այդ բարձրությունից․ նրա վեհությունը ոչնչացավ․ նա երևաց այժմ իրան իբրև մի հասարակ, սինլքոր արարած, որին կրքերը շրջում, տարուբերում են ամեն կողմ, որ գերի և ստրուկ է դարձած մարդկային արժանիքը անասնական բնազդին ստորադրող զգացմունքներին․․․

Մինչև այդ, Մարզպետունի իշխանը, արդարև, ներողամիտ էր լինում երբեմն դեպի թագավորը՝ նրա թուլությունը յուր բնական խառնվածքին վերագրելով։ Նա շատ ընտիր մարդիկ էր ճանաչում, որոնք ազատ չէին այդ արատից։ Բայց նա երբեք չէր կարող հավատալ, թե թագավորը յուր այդ հանցավոր թուլությունը վարագուրելու համար կդիմեր ոճրագործության, կզրպարտեր անարատ և առաքինի թագուհուն, որին ինքը՝ Մարզպետունի իշխանը, շատ լավ էր ճանաչում, թե նա Վասակ իշխանի նման հայրենասեր մարդուն զուր տեղը կկալանավորեր՝ զրպարտելով նրան չգործած հանցանքների մեջ։

— Ի՞նչ բանի վրա ես մտածում այժմ, իշխան, — հարցրեց Սևադան Մարզպետունուն, տեսնելով, որ վերջինս լռել է արդեն նամակը կարդալուց հետ։

— Ոչ մի բանի վրա։

— Այդ զարմանալի է։

— Այո, երբ սուրը խոցում է սիրտը, այն ժամանակ ուղեղը դադարում է մտածելուց․․․ Դու սուր ցցեցիր իմ սիրտը, իշխա՛ն։

— Վշտացար, այնպես չէ՞․ կարեվեր խոցվեցար․․․ Օ՛, այդ դեռ դու ես, դու, որ միայն թագավորի զինակիցը և հայրենիքի մի զինվորն ես․ դու վշտացար այնքան, որ ուղեղդ դադարեց մտածելուց։ Հապա եթե զինակից ու զինվոր լինելուց զատ լինեիր նաև սիրող հայր․․․ Եթե հանկարծ տեսնեիր, որ տարիների ընթացքում մեծամեծ աշխատությանց ու զոհաբերությանց գնով սիրածդ դստեր համար ստեղծած փառքն ու երջանկությունը ջախջախված ընկած են քո առաջ․․․ թե դրա հետ միասին փշրված են նաև քո լավագույն հույսերը, անդարձ կորած՝ սրտիդ անդորրությունը, հոգվույդ ուրախությունը, արատավորված՝ տոհմիդ պատիվը․․․ ի՞նչ կանեիր դու այն ժամանակ․․․

— Մի՞թե ընդհանուր հայրենիքի համար զգացած վիշտը դառնագույն չէ, քան թե այդ բոլորը։

— Բայց եթե ընդհանուր հայրենիքի համար զգացած վշտի վրա ավելանային և ա՞յս վշտերը․․․

— Հարկավ անտանելի կլինեին նրանք․․․

— Այո՛, իշխան, ես պակաս հայրենասեր չէի․ և հենց այդ էր պատճառը, որ այդ անխիղճ ու զրախոս նամակն ստանալուց ետ ձի չնստա իսկույն, չթռա դեպի Շիրակ և սրի մի հարվածով չջախջախեցի մեղապարտի գլուխը, այլ երկրորդ անգամ ապստամբության դրոշ պարզեցի, հեռատեսությամբ որոշելով, թե այս անգամ մի փոքր ավելի խստությամբ կվարվեմ արքունական կալվածների և ժողովրդի հետ, գուցե դրանով կարողանամ ազդել թագավորի քարացած սրտի վրա, ճանապարհ բերեմ մոլորյալին և ազատեմ գահը վերահաս վտանգից։ Եվ ահա՛ այդ նպատակով, ինչպես գիտես, վերցրի Գարդմանում պատրաստ ունեցած զորքս, որոնց թիվը ութ հազարի էր հասնում, և դիմեցի ուղղակի Ձորափոր։ Առաջին գործս եղավ Կայյան բերդը պաշարելն ու առնելը։ Այդտեղ Վասակ իշխանի հետ միասին պահեստի մեջ գտնվում էին նաև մի քանի ապստամբ նախարարաց կանայք։ Վասակ իշխանի հետ միասին նրանց էլ ազատեցի, և մտադիր էի շատանալ միայն այդքանով, մինչև թագավորը Ափխազիայից կվերադառնար յուր զորքերով։ Բայց Կայյան բերդից հեռացած զինվորները միացան մոտակա գյուղերի բնակիչների հետ և իմ հանդեպ գտնվող լեռան մեջ ամրանալով, սկսան իրանց ասպատակներով անհանգիստ անել իմ զորքերին։ Ստիպված հարձակվեցի դրանց վրա, և որովհետև դրանք տեղի չտվին, ուստի մի քանի հարյուր հոգի ջարդեցի․ իսկ գյուղացիներին խրատելու համար, որ մյուս անգամ չհամարձակվին իշխանների կռվին խառնվելու, հնձել տվի նրանց արտերը, կրակի մատնեցի և ապա հեռացա Գուգարաց լեռները։ Ահա՛ այս գործի համար էր, որ մեր իշխանները սկսան ինձ մեղադրել, թեպետև իրանք այդպիսի դեպքում տասնապատիկ ավելի չարիքներ են հասցրել։

— Ո՛չ, քեզ ավելի մեղադրում էինք նրա համար, որ ապստամբության դրոշ էիր պարզել այնպիսի մի ժամանակ, որ թագավորը Ափխազիայում զբաղված էր Գուրգենի դեմ կռիվ մղելով։ Մենք արդեն հաղթել էինք նրան։ Վրաց Ատրներսեհը միջնորդում էր խաղաղության համար, և արդեն դաշնագիրն ստորագրելու վրա էին, երբ գուժկան հասավ և հայտնեց, թե Սահակ իշխանը կրկին ապստամբելով՝ պետության գավառներն ավերում է։ Թագավորը և մենք, առհասարակ, մնացինք շվարած, ոչ ոք չէր կարող հավատալ, թե դու կդրժեիր քո երդման և բոլորիս ներկայությամբ կնքած ուխտին, բայց իրողությունն անհերքելի էր։ Ատրներսեհ թագավորն ինքը խորհուրդ տվավ արքային կիսատ թողնել Գուրգենի հետ կապելիք դաշնադրության գործը և շտապել Գուգարք, քո ավերումների առաջն առնելու։

— Ես սպասողական դիրք էի առել և ոչ մի ավերմունք չպիտի անեի, իզուր էր ձեր շտապելը։ Բայց թե ինչո՞ւ արքայի բացակայության ժամանակ ապստամբության դրոշ պարզեցի, դրա պատճառն այն էր, որ չէի կամենում որևէ ընդհարում ունենալ արքայական զորքերի հետ, չէի կամենում կոտորածի պատճառ դառնալ։ Ես մինչև անգամ հույս ունեի, թե Ատրներսեհ թագավորը կամ դուք իշխաններդ կհամոզեք թագավորին բանակ չշարժել իմ դեմ, այլ խորհուրդ կտաք իրան միայնակ տեսնվել ինձ հետ և հաշտվել իբրև որդի՝ յուր հոր հետ։ Այն ժամանակ իհարկե ես նրա հետ կխոսեի ինչ որ պետք էր, և, գուցե, շահավոր ընթացք առներ գործը։ Բայց թագավորը զայրացած հեղեղի նման հասավ Գուգարք, նրան այլևս քաղցրությամբ դիմավորել անկարելի էր։

— Այդ կետում դու անարդար ես, իշխա՛ն։ Առաջին՝ մենք ամբողջ բանակը չշարժեցինք քո դեմ, այլ միայն մի քանի գնդերով եկանք․․․

— Այդ ինձ հայտնի չէր․ ինձ թվում էր, թե դուք զորքի մեծ մասը դարանում եք դրել։

— Ասում եմ այդպես է․ եկանք միայն մի քանի գնդերով։ Եվ երկրորդ՝ թագավորը բանակի եպիսկոպոսին ուղարկեց քեզ մոտ պատգամավոր, հաշտություն խնդրեց․ ինչո՞ւ չկամեցար հաշտվել, այլ ասել էիր եպիսկոպոսին, թե «Դու կա՛ց այստեղ իմ վրանում, ես կերթամ և նրան իմ սրով կտամ պատասխան»։

— Այդ ճիշտ է․ այդպես ասացի եպիսկոպոսին։ Բայց ինչո՞ւ․ իմացի՛ր, այժմ այո, զղջում եմ, բայց ես էլ մի մարդ էի, չկարողացա վայրկենական զայրույթս զսպել — եպիսկոպոսն ինձ մատնացույց արավ իմ երդման գիրը, որ թագավորը կապել էր տվել բլրի վրա յուր զորքի առջև կանգնեցրած խաչի պատվանդանին։ «Տե՛ս, — ասում էր ինձ եպիսկոպոսը, — դու դրժում ես այն երդմնագիրն․ և եթե չհաշտվես, աշխարհը քեզ պիտի դատապարտն իբրև ուխտադյւուժ․․․»։ Ես զայրույթից կատաղեցի․ քո թագավորը յուր ձեռքում ուներ իմ երդման հետկարը և նրան տարածում էր խաչի վրա․ դրանով կամենում էր աշխարհի առաջ դատապարտել ինձ իբրև ոճրագործի, ես ի՞նչ անեի, ասա՛ որտեղի՞ց գտնեի Սյունյաց եպիսկոպոսին և նրա ներկայությամբ թագավորի արած երդումները գրի անցնելով՝ տարածեի իմ խաչի վրա, որպեսզի աշխարհը տեսներ, թե ո՞վ է ուխտադրուժը, ո՞վ է ոճրագործը։ Ի՞նչ անեի, կարո՞ղ էի նույնիսկ այս նամակը բանալ և կարդալ նրա զորքի և իշխանների առաջ․․․ Թագավորը շոշափելի և տեսանելի ապացույցներ ուներ ձեռքին․ ես ոչինչ չունեի․ ինձ մնում էր գալ և սրով պատառել նրա սիրտը, որպեսզի այնտեղից դուրս հանեի յուր ինձ տված երդման հետկարը և ցույց տայի աշխարհին․ ուրիշ բան չէի կարող անել։ Միթե արդեն անխոհեմ զայրույթի ապացույցը չէր այն, որ ես փոխանակ իմ բազմաթիվ զորքն առաջ մղելու և ձեր մի քանի հարյուրից կազմած գունդն սպառսպուռ ջնջելու, սուսերամերկ զորքի առաջն ընկա և միայնակ դեպի բլուրը բարձրացա։ Վերևից հարձակվող զորագունդն ինձ շրջապատեց։ Որդիս թողեց ճակատը և վազեց դեպի ինձ․ նա տեսնում էր, որ ես զայրույթից խելագարված՝ մահվան դեմ էի գնում, եկավ ինձ ազատելու, բայց ձեր սեպուհ գունդն ավելի քաջ գտնվեցավ․ նա մեզ երկուսիս էլ մեջ առնելով գերի բռնեց․ իսկ վանանդացի հրոսակները խառնեցին գարդմանացիների ճակատը։ Աստված, Այո՛, աստված ինքը մատնեց ինձ իմ թշնամու ձեռքը, նա կամեցավ պատժել ինձ իմ գործած հանցանքների համար․․․ Այո՛, աստված և ոչ թե Աշոտ թագավորն ընկճեց Սևադային։ Ինքդ ասում ես, որ ձեր բանակը թողել էիք Ափխազիայում և միայն մի քանի հարյուր հոգվով եկել Գուգարք․ ուրեմն այդ մի քանի հարյուր հոգին չէին կարող գարդմանացոց ութ հազար հոգուց կազմված բանակը ջախջախել։ Բայց աստված ինձ և իմ որդուն մատնեց ձեր ձեռքը, և զորքն անառաջնորդ մնալով ցրվեցավ։ Այդպե՞ս է թե ոչ։

— Այդպես է։

— Լա՛վ, այժմ ինձ ասա՛, եթե թագավորը կամենում էր հաշտվել ինձ հետ, եթե նա փախուստ էր տալիս արյունհեղությունից, ինչո՞ւ ուրեմն շաղախեց յուր ձեռքերը արյունով հենց այն ժամանակ, երբ այլևս ոչ մի տեղից վտանգ չէր սպառնում նրան։ Նա արդեն գերի էր վերցրել ինձ և որդուս․ Գարդմանա զորքերը ցրվել էին անհովիվ ոչխարների պես․ ի՞նչն ուրեմն ստիպեց նրան կուրացնել ինձ և Գրիգորին՝ յուր հորը և եղբորը․․․ Մարդո՞ւ թե գազանի սիրտ էր ապրում նրա կրծքի տակ․․․

— Վախենում էր ապագա ապստամբությունից, ապագա վրեժխնդրությունից։

— Ինչո՞ւ էր վախենում։ Փառք աստուծո, հայոց թագավորը շատ ամրոցներ ուներ, կարող էր մեզ դնել նրանցից մեկի մեջ և պահապաններ կարգել մեզ վրա․ ինչո՞ւ անպատճառ կուրացնել․ ինչո՞ւ երկու մարդու, յուր իսկ հարազատների արևը հավիտյան խավարեցնել․․․ Ինչպե՞ս կարողացավ նա դահճին այդ անագորույն հրամանը տալ․․․ Ես դեռ ոչինչ, հասակս առած մարդ եմ, շատ բախտավոր օրեր եմ տեսել, երջանիկ ժամեր եմ անցրել և վերջապես հանցանքներ եմ գործել, որոնց համար գուցե արժանի էի պատժի, բայց իմ խեղճ զավակը, երիտասարդ, ծաղիկ հասակում, դեռ նորապսակ, դեռ սիրտը հույսերով լի, դեռ փառքի հետամուտ, ինչո՞ւ, ինչո՞ւ նրան էլ կուրացրավ․ չէ՞ որ նա ո՛չ մի հանցանք, ո՛չ մի մասնակցություն չուներ այն դժոխային խռովությունների մեջ, որոնք ալեկոծում էին իմ թշվառ և յուր դաժան սիրտը, և որոնք մեզ միմյանց դեմ զինեցին։ Մի՞թե, վերջապես, նա ամենափոքր գութ անգամ չուներ յուր թագուհու և ամուսնու, իմ ապաբախտ դստեր վրա, նրա, որ այնքան ջերմագին սիրում էր իրան․․․ Ասում ես, որ կասկածում էր ապագա ապստամբությունի՞ց․․․ Լավ, միթե կույրը չէ՞ր կարող վրեժխնդիր լինել։

— Չէր սպասում։

— Չէ՞ր սպասում․ լա՛վ, այժմ թող տեսնե, թե ի՛նչ կարող է անել կույր վրիժառուն։ Գնա՛ և հայտնի՛ր թագավորիդ, որ ես տանջվում էի յուր հաջողությունները լսելով։ Երբ իմացա, որ յուր Աբաս եղբոր և Աշոտ բռնավորի հետ հաշտվել է և նրանց հետ միասին նորեն Դվինը գրավելով՝ ուրախության տոնախմբություններ է կատարում, բորբոքվեցա չարախնդության կրակով․ սիրտս «վրեժ» էր գոռում, և ես լսեցի նրա ձայնին։ Հրավիրեցի ինձ մոտ Ցլիկ Ամրամին, հայտնեցի նրան յուր կնոջ և թագավորի՝ միմյանց հետ ունեցած սիրահարական գաղտնիքները, վառեցի, բորբոքեցի նրա սրտում թունավոր նախանձի, թշնամության ու վրեժխնդրության անշիջանելի բոցը, ապստամբեցրի նրան անօրեն թագավորի դեմ․ միացա նրա հետ և ես։ Իսկ մեզ հետ կմիանան շուտով ուրիշ շատերը։ Այն ժամանակ թող քո թագավորը պինդ բռնե յուր գահը և տեսնե, թե կույր վրիժառուի բազուկները կսասանե՞ն նրան թե ոչ․․․

— Այդպիսով դուք ձեր վրեժը կլուծեք միայն ազգից և ոչ թե թագավորից, — վշտահար նկատեց Մարզպետունի իշխանը։

— Ո՛չ, մենք մեր վրեժը կլուծենք միմիայն թագավորից։

— Թագավորը չի հաղթահարվիլ։ Ահա՛ նա գալիս է եգերացոց կատաղի զորքերով և անպատճառ կվանե Ցլիկ-Ամրամին, կջարդե նրա բոլոր զորքերը, որոնք դժբախտաբար միմիայն հայեր են։ Գուցե նա կսպանե քո Դավիթ որդուն, որ այժմ Ամրամին զինակից է դարձել։

— Ո՛չ, արդարադատ աստվածը չի հաջողիլ նրան, ես գուշակում եմ, և դու կտեսնես, որ այս անգամ, գոնե, աստուծո բազուկը կպատժի նրան․․․