Դավիթ-բեկ/Առաջին/Դ
— Ձեռքդ տուր ինձ, տիկին, — ասաց նրանցից մեկը, որը երևում էր, տղամարդ էր, — այդ ճանապարհը անծանոթ է քեզ, դու անդադար սայթաքվում ես։
— Շնորհակալ եմ, Ահմեդ, այսպես կարող եմ գնալ, — պատասխանեց մի վշտալի կանացի ձայն, — դու միայն առաջ գնա և ճանապարհը ցույց տուր ինձ։
Նեղ շավիղը, որի վրայով անցնում էին նրանք, տեղ-տեղ կորչում էր թուփերի և մացառների մեջ։ Ծակոտող փուշերը պատառոտում էին նրանց հագուստը և երբեմն ծվատում էին նրանց մարմինը, բայց նրանք, կարծես, ոչինչ չէին զգում և շարունակում էին իրանց ճանապարհը։ Անցնելով մի քանի կիրճեր, մի քանի դժվարին դարուփոսներ, նրանք հասան մի տեղ, ուր լեռան քարաժայռերը գոգովորված էին, կազմելով այրի նման մի ահագին խոռոչ։ Նրա մուտքի առջև պառկած, խռմփում էին մի քանի պահապաններ։ Տիկինը կանգնեց փոքր-ինչ հեռու, իսկ նրա ուղեկից տղամարդը մոտենալով, զարթեցրեց պահապաններից մեկին։
— Բաց արա դուռը, — ասաց նրան հազիվ լսելի ձայնով։
Այդ դուռ կոչվածը մի ահագին սալ էր, որով փակած էր այրի նեղ մուտքը։ Ուժեղ պահապանը, թիկն տալով, մի կողմ գլորեց ծանր սալը և մուտքը բացվեցավ։ Այդ միջոցին տիկինը, ավելի զգույշ կերպով փաթաթվելով իր այրացի վերարկուի մեջ, մոտեցավ այրին և ներս մտավ։ Նրա հետ եկող տղամարդը, որ կանանոցի ներքինապետն էր, պատվիրեց պահապանին հսկել մուտքի մոտ և ոչ ոքի ներս չթողնել։ Պահապանը, որի ամեն ձևերից երևում էր ակնածություն և խոնարհություն դեպի այդ մարդը, խոստացավ, թե կկատարե նրա հրամանը։
Այրի մեջ տիրում էր մթին խավար։ Կարծես, նրանք իջնում էին մի ստորերկրյա տարտարոսի մեջ։ Մի քանի քայլ առաջ գնալուց հետո, տղամարդը կանգնեց, և չախմախը զարկելով կայծքարին, վառեց աբեթը, որով կպցրեց ծծումբի մեջ թաթախած լուցկին, և նրանով վառեց ձեռքի փոքրիկ լապտերը, որ իր հետ ուներ բերած։ Մռայլ լույսը տարածվեցավ այրի մթին կամարների մեջ։ Այդ ստորերկրյա զնդանը ոչխարների ա ղ ը լ[1] էր, ուր պատսպարվում էին հովիվների հոտերը աշնան և ձմեռվա փոթորիկների ժամանակ, իսկ ամառը մնում էր դատարկ։ Այդ ժամանակ ոչխարները այսպիսի մթին, խեղդված խորշերի կարոտություն չունեին, լեռների արձակ, բացօթյա կյանքը ավելի լավ էր նրանց համար։ Անասունների այդ խավար պատսպարանը այժմ ծառայում էր որպես մարդիկների զնդան։ Խանը այնտեղ էր բանտարկում իր կալանավորներին։ Նա կատարելապես լաբիրինթոսի ձև ուներ․ մի ահագին գետնափոր խոռոչ, ոլորմոլոր պտույտներով, տարածվել էր ժայռերի սրտի մեջ։ Անասունների բորբոսած ապականությունը, ամբարվելով այնտեղ, ավելի անտանելի էր դարձնում առանց օդի և լույսի այրը, ուր տիրում էր մշտական խոնավություն, խեղդող ժահահոտության հետ։
Տղամարդը ձեռքերի փոքրիկ լապտերով դեռ լուսավորում էր այրի մուտքը և խարխափելով առաջ էր գնում, իսկ տիկինը հետևում էր նրան։ Նրանք հասան մի տեղ, ուր այրի նեղ անցքը լայնանում էր, կազմելով մի ընդարձակ քարանձավ։ Այստեղ ներկայացավ նրանց առջև մի սարսափելի տեսարան։ Մոտ երկու հարյուր բանտարկյալներ, առանձին ղ ա թ ա ր ն ե ր ո վ[2], պառկած էին սառն և խոնավ գետնի վրա։ Յուրաքանչյուր ղաթարը բաղկացած էր քսան հոգուց։ Մի երկայն շղթա, որի ծանր օղակները անց էր կացրած նրանց պարանոցով, կապում էր բոլորին միասին։ Շղթայի այն օղակը, որ անց էր կացրած նրանց պարանոցով, ավելի լայն էր մյուսներից և ետևից ամրացրած էր եկրաթե կողպեքով։ Այդ մի սոսկալի դրություն էր ողորմելի կալանավորների համար։ Երևակայեցեք, քսան մարդիկ համարյա կարված են մինը մյուսի հետ։ Բոլորի պարանոցները միևնույն շղթայով կապված լինելով, նրանք ստիպված էին միասին կանգնել, միասին նստել, միասին պառկել, մի խոսքով, ամեն շարժում պետք է միասին գործեին, այլ կերպ անհնարին էր։ Որովհետև, եթե մեկը պառկեր, երբ մյուսները նստած էին, կարող էր խեղդվել․ եթե մեկը կանգներ, երբ մյուսները նստած էին, նույնպես կարող էր խեղդվել։
Մի ծանր սոսկում տիրեց տիկնոջ սրտին, երբ նա տեսավ այդ թշվառ, դատապարտված բազմությունը։ Նրա աչքերի առաջ սևացավ և փոքր էր մնում, որ ուշաթափ լիներ։ Նա թիկն տվեց քարանձավի պատին և մի քանի րոպե մնաց անշարժ, խորին տրտմության մեջ։ Տեսնելով լապտերի լույսը, բնատարկյալներից մի քանիսը շարժվեցան․ նրանք բարձրացրին իրանց գլուխները և կրկին դրեցին խոնավ գետնի վրա, չկամենալով զարթեցնել իրանց մոտ պառկած ընկերներին։
Տիկնոջը դժվար էր ճանաչել իր ծպտյալ հագուստի մեջ․ նա նմանում էր մի գեղեցկադեմ պատանու, որի նմանները խիստ շատ էին խանի մանկլավիկների թվում։ Երբ նա մի փոքր ուշքի եկավ, նրա ուղեկիցը մոտեցավ, ասելով․
— Մենք ուշանում ենք․․․
Երկուսը միասին մոտեցան շղթայակապների մի խումբի, որ գտնվում էր քարանձավի խորին անկյունում։ Նրանցից մեկը վիրավոր էր։ Տիկինը գթության քրոջ ցավակցությամբ սկսեց բաց անել նրա վերքի փաթոթները։ Դա մի պատանի էր, որ հազիվ քսան տարեկան կլիներ։ Նվաղած, արյունաքամ եղած այդ մանուկը, պատերազմի դաշտում ընկած Արայի նման, հանկարծ կյանք ստացավ, երբ իր Շամիրամի դյութական մատները դիպան նրա մարմնին։ Վերքը գտնվում էր գլխի վրա․ թշնամու սուրը խորին սպի էր թողել նրա գագաթի վրա։ Տիկինը սկսեց լվանալ վերքը և սրբել մաքուր կտավով։ Նրա հետ եկող տղամարդը սպեղանի դրեց, իսկ տիկինը դարձյալ փաթաթեց վիրակապերով։ Այդ բոլոր գործողությունը կատարվում էր լուռ և անխոս կերպով։ Բայց ոչ ոք չկարողացավ նկատել` այն րոպեում, երբ տիկնոջ հոգատար մատները զբաղված էին վիարվորի փաթոթներով, պատանու գունաթափ շրթունքները տենդային ջերմությամբ սեղմվեցան իր խնամակալի ձեռքի վրա։ Այդ ամենաթանկագին վարձատրությունն էր, որ ստացավ նա իր գիշերային այցելության համար։ Նա պատրաստ էր գրկել, համբուրել այդ գեղեցիկ, շղթայակապ վիրավորին, բայց խեղդելով իր մեջ սիրո բուռն զգացմունքը, տխուր, սպանված սրտով վեր կացավ նա, ասելով հիվանդին․ — քո վերքը հիմա բավական լավացած է, ես ամեն գիշեր կայցելեմ քեզ մոտ, մինչև բոլորովին կառողջանաս։
— Իմ վերքը․․․ — կոչեց հիվանդը դառն հառաչանքով, — իմ վերքը կմնա անբուժելի․․․ նա այնքան խորն է, որ բժշկի ձեռքը հազիվ թե կարող է շոշափել այնտեղ․․․
Պատանու խոսքը իր սրտի վերքի մասին էր։ Տիկինը պատասխանեց․
— Ես այն էլ կբժշկեմ․․․
Նա վերջին անգամ իր գեղեցիկ, արտասուքով լի աչքերը դարձրեց դեպի պատանին և անցավ մի քանի ուրիշ հիվանդների մոտ։ Բոլորը վիրավորներ էին։ Տիկինը իր ձեռքով փոխում էր նրանց փաթոթները, իսկ նրա հետ եկած տղամարդը սպեղանի էր դնում։ Որպես մխիթարության հրեշտակ, ամեն տեղ հանդիպում էր նա օրհնության և խորին շնորհակալությունների։ Շատերի բռնում էին նրա հագուստի փեշերը և համբուրում էին։ Այդ հիվանդ, քաղցած, ծարավ բազմության կյանքը կախված էր այդ տիկնոջ առաքինությունից։ Նրանք բոլորն էլ կմեռնեին իրանց խոնավ, մթին գերեզմանի մեջ, եթե այդ կինը չլիներ։
Երբ ամեն հոգածությունները վերջացած էին, տիկնոջ ուղեկիցը մի քանի անգամ դարձավ դեպի նա, շտապեցնելով, թե ժամանակ է հեռանալու։ Բայց նա, կարծես, դժվարանում էր մի քայլ անգամ փոխել, կարծես, մի ներքին, գաղտնի զգացմունք կապում էր նրան այդ հոտած քարանձավի հետ, որի օդը խեղդելու չափ անտանելի էր։ Նա ավելի ուրախ կլիներ այնտեղ մնալ, նայել և միշտ նայել այն սիրուն պատանու վրա, որի գունաթափ շրթունքների ջերմ դրոշմը դեռ զգում էր իր ձեռքի վրա։
Մի զիլ, ձգական ձայն լսելի եղավ դրսից։ Տիկինը ամբողջ մարմնով դողաց։ Դա վաղորդյան ազանի ձայնն էր։ Կնշանակե, նա շատ էր ուշացել քարանձավի մեջ․ պետք էր շտապել, հեռանալ, որ ոչ ոք չտեսնե։
Դրսի թամ, հովասուն օդը փոքր-ինչ կազդուրեց տիկնոջ բորբոքված սիրտը և նրա թուլացած ուժերը կրկին զորություն ստացան։ Փաթաթված իր լայն վերարկուի մեջ, նա առանց ճանաչվելու, անցավ պահապանների մոտից, հրամայեց իր ուղեկցին առաջ ընկնել, և որքան կարելի է, փութացնել իր քայլերը։
— Մի շտապեք, տիկին, — ասաց նա մտերմական կարեկցությամբ, — դուք բավական տանջված եք, ճանապարհը ավելի ևս կհոգնեցնե ձեզ։
Դեռ մութն էր, այն լույսի հետ պատերազմող մութը, որ ժողովուրդը կոչում է «Ադամի խավար»։ Աստղերը շողշողում էին երկնքից, իսկ Արուսյակը, երկնքի այդ սիգաճեմ հարսիկը[3], դեռ նոր իր նազելի դեմքը ցույց էր տալիս հորիզոնի հետևից։ Երբեմն թուփերի միջից լսելի էր լինում նոր զարթած թռչունների չկչկոցը, որպես մի նախերգանք, որով պատրաստվում էին փառաբանել տվնջյան լուսատուի գալուստը։ Ամեն կողմից շնչում էր ուրախություն, ամեն տեղ զարթնում էր կյանքը։ Միայն տիկնոջ սիրտը տխուր էր, միայն նա ուրախ լինել կարող չէր․․․
Կանանոցի չադրների առջև դեռ գունավոր լապտերները տարածում էին իրանց շուրջը մի տեսակ կախարդական խայտաճամուկ լուսավորություն։ Չադրներից ոչ մեկի վարագույրները դեռ բարձրացրած չէին։ Ամբողջ կանանոցը մրափում էր քաղցր, հեշտասեր քնի մեջ։ Տիկինը մտնելով իր չադրը, գտավ այնտեղ իր սևամորթ աղախնին նույնպես քնած, թեև պատվիրել էր նրան արթուն մնալ։ Նա չկամեցավ անհանգստացնել նրան և մտավ իր քնարանը։ Այնտեղ զգուշությամբ մերկացավ իր այրացի հագուտը, առանց մի շշնջյուն անգամ հանելու, որ չվրդովե իր փոքրիկ երեխայի քունը, որ պառկեցրած էր կախաղանավոր լանդիկի (օրորոց) մեջ։ Նա ուշիկ կերպով հետ քաշեց երեխայի երեսից թափանցիկ քողը, որ ձգած էր նրա մարմինը մոծակներից ազատ պահելու համար, և մի քանի րոպե մայրական ջերմ գթասրտությամբ նայեց նրա սիրուն երեսիկի վրա։ Կրկին քողըբաց թողնելով, ինքն էր պատրաստվեցավ քնելու։ Մի փառավոր անկողին, պատրաստված արևելքի ամենաթանկագին և նուրբ կերպասներից, սպասում էր նրան։ Աստղիկը իր գեղեցկության բոլոր վայելչությամբ պիտի նախանձվեր, պիտի շառագուներ, տեսնելով այդ ճոխ, սքանչելի մարմինը, երբ նա մերկանալով մտավ իր անկողնի մեջ։ Ճանապարհի հոգնածությունը մի կողմից, հոգեկան տանջանքը մյուս կողմից, այն աստիճան թուլացրել էին նրա վաստակաբեկ ջղերը, որ իսկույն տիրեց նրան մի տեսակ թմրություն, որ հաջորդում է կոտրած սրտի երկար խռովություններից հետո։
Քառորդ ժամ հազիվ էր անցել, մի արարած ստվերի նման անցավ տիկնոջ վրանի ետևի կողմը։ Նրա սև մարմինը բոլորովին միախառնվում էր գիշերային մթության հետ։ Նա գազանների անշշունջ քայլերով մոտեցավ վրանի ցիցերից մեկին և զորեղ ձեռքով դուրս քաշեց։ Պարանը թուլացավ։ Հետևապես թուլացավ վրանի պաստառի այն մասը, որ ձգված էր այդ պարանով։ Նա կուրծքի վրա սողալով, մոտեցավ վրանին և ձեռքով զգուշությամբ բարձրացրեց նրա անջրպետը, որ բաժանում էր տիկնոջ քնարանը վրանի մյուս մասերից։ Այս բացվածքից հազիվ կարող էր մի կատու անց կենալ։ Նա իր ահագին գլուխը ներս տարավ։ Քնարանի մեջ վառվող լապտերի լույսը, ընկնելով նրա երեսի վրա, երեվան հանեց խափշիկի այլանդակ կերպարանքը։ Նա կամաց-կամաց սկսեց առաջ սողալ։ Նրա մերկ մարմինը մինչև մեջքը արդեն անցել էր քնարանի մեջ։ Այդ միջոցին երկու ձեռքերը, օրանգուտանի երկայն թաթերի նման, դրեց հատակի վրա, և գլուխը վեր բարձրացնելով, քննական կերպով աչք ածեց դեպի քնարանի շուրջը։ Այդ դրության մեջ նմանում էր նա մի քած շան, որի ահագին ստինքը հասնում է մինչև գետին ծնունդից հետո։ Եվ իրավ, խափշիկը կին էր։ Պահպանելով իր դիրքը, նա սկսեց ուշադրությամբ ականջ դնել տիկնոջ շնչառությանը, առանց մի թեթև հնչյուն անգամ փախցնելու իր սուր լսողությունից։ Այդ քնած մարդու շնչառություն էր։ Խափշիկի սև դեմքի վրա վազեց մի վայրենի ծիծաղ և նրա հաստ շրթունքները կծկվեցան, երևան հանելով սպիտակ, մեծ ատամները։ Նա սկսեց առաջ սողալ և այժմ ամբողջ մարմնով գտնվում էր քնարանի մեջ։ Նա բոլորովին հագուստ չուներ, սպիտակ կտավից մի սփածանելիք միայն ծածկում էր նրա մերկությունը։ Սատանայի զգուշությամբ մոտեցավ նա տիկնոջ անկողնին և չար դևի նման կկզեցավ նրա կողքին։ Վրանի բոլոր վարագույրները ձգած էին․ քնարանի մեջ բավական տաք էր և օդը խեղդված։ Տիկինը կիսով չափ հետ էր ձգել իր վերմակը, նրա սքանչելի կուրծքը և ճոխ ուսերը մնացել էին բաց։ Նրա փոքր-ինչ շառագունած երեսը համարյա սքողված էր խիտ ծամերի տակ, որ ծածկելով պարանոցը, սփռվել էին մախմուրե ծաղկավոր բարձի վրա։ Սև դևը մի առանձին դժոխային մոլեգնությամբ դեռ նայում էր երեխայի պես քնած կնոջ վրա։ Նրա տափակ քթի ծակերը անհանգիստ շնչառությունից լայնանում էին և արագաշարժ աչքերի սպիտակուցը շողշողում էր երեսի խավար մակերևույթի վրա։ Նա ներկայացնում էր մի գազան, որ զոհը իր ճանկերի մեջ ունի։ Նա իր ձեռքը մեկնեց և սկսեց անզգալի կերպով ետ քաշել սփռված ծամերը տիկնոջ պարանոցի վրայից, կարծես, այդ խիտ, մետաքսանման ծամերը արգելում էին նրան կատարելու մի եղեռնական գործողություն։ Նա այժմ իր երկու ձեռքերը տարավ դեպի տիկնոջ պարանոցը և վայրենի կատաղությամբ պատրաստվում էր խեղդել նրան, հանկարծ վրանի մյուս մասնից լսելի եղավ մի ձայն․
— Ահմե՛դ․․․ Ահմե՛դ․․․
Դա տիկնոջ աղախնի, Փերիի ձայնն էր, որ քաղցր երազների հրապուրանքի մեջ, կանչում էր իր սիրելի Ահմեդին։ Բայց որովհետև նույն անունով կոչվում էր և կանտնոցի ներքինապետը, խափշիկը կարծեց, թե նրան օգնության է կանչում։ — Ա՛խ, Ահմեդ․․․ — կրկին լսելի եղավ աղախնի ձայնը։
Խափշիկը սարսափեց․ կանչում էին Ահմեդին, կանանոցի սոսկալի պահապանին։ Նա սկսեց աճապարել, որ չբռնվի։ Եվ հանելով իր սփածանելիքի միջից մի սուր մկրատ, շտապեց նրա նով կտրել տիկնոջ կոկորդը։ Բայց երկյուղը և խռովությունը այն աստիճան շփոթել էին նրան, որ սխալվեցավ իր գործողության մեջ․ — փախանակ կոկորդը կտրելու, կտրեց տիկնոջ ծամերից մի քանի հյուսեր։
Նա վագրի արագությամբ, դարձյալ սողալով, դուրս թռավ քնարանից և աներևութացավ կանանոցի բազմաթիվ չադրների մեջ։
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Աղըլ կոչվում են այն գոմերը, որ գտնվում են լեռների մեջ և ծառայում են որպես անասունների փարախ, տարվա ցուրտ եղանակների ժամանակ․ նրանք ըստ մեծի մասին լինում են բնական այրեր։
- ↑ Ղաթար նշ․ շարք, այսպես է կոչվում, երբ ուղտերին, ջորիներին և ձիաներին թոկով կապելով միմյանց հետ, խումբեր են կազմում։
- ↑ Արուսյակ պարսկերեն նշանակում է հարսն։