Դավիթ-բեկ/Երկրորդ/Է
մառախուղով։ Օդի մեջ ծավալվում էր գարնանային խիստ ախորժ, անուշահոտ թարմություն։ Սպիտակ, դեղին, կապույտ ձնծաղիկը, համեստ մանիշակը, նոր հալված ձյունի տակից ազատվելով, պատել էին կանաչազարդ ձորերի, բլուրների երեսը։ Այստեղ գյուղական աղջիկները աղմկալի խումբերով ման էին գալիս, ծաղիկներ էին հավաքում։ Այնտեղ, նոր հալված ձյունից առաջացած հարյուրավոտ վտակների ափերի մոտ նրանց մայրերը քաղում էին զանազան բանջարեղեններ աղցանի համար։ Մի փոքր հեռու արածում էին ոչխարները և հովիվների ազդարար ձայնի արձագանքը երբեմն խուլ հնչյուններով տարածվում էր բլուրների մեջ։ Այդ բոլորը, լուսավորված վաղորդյան արեգակի տաք, փափուկ ճառագայթներով, շնչում էր գյուղական կյանքի խաղաղ պարզությամբ։
Կուր գետի ափի մոտ, ավերակ մատուռից փոքր-ինչ հեռու, մի կանաչազարդ տափարակի վրա մեծ պարոնի բազմաթիվ սպասավորները և ամեն հասակի աղախինները ճաշի պատրաստություն էին տեսնում։ Մի տեղ գառներ էին մորթում, մյուս տեղ արդեն հոշոտած միսը շարում էին շամփուրների վրա․ մի տեղ վառած փայտակույտերի վրա կաթսաներով ջուր էին տաքացնում խաշլամայի համար, մյուս տեղ երկաթյա կասկարաների վրա կնիկները հաց էին թխում։ Մի կողմից էլ մեծ պարոնի մառանից, ավանակների վրա բարձած, տիկերով գինին բերում էին ու դարսում այդ դաշտային խոհանոցի մոտ։
— Գիգո, դու ինչպե՞ս ես կարծում, պարոնի խոյը կհաղթե՞, թե՞ Արչիլ թավադի որդու խոյը, — հարցրեց Գիգոյից գյուղացի Լեկոն, որը նրա մոտ նստած գետնի վրա, հեռվից նայում էին, թե ինչպես են ճաշ պատրաստում։
— Ո՞վ չէ իմանում, որ մեծ պարոնի խոյը կհաղթե, — պատասխանեց Գիգոն իր խելացի համեմատությամբ, — թե մեծ մարդու խոյն էլ իր նման զորեղ կլինի։
Գյուղացի Լեկոյի խորշոմած դեմքի վրա երևաց ուրախության նման մի բան, և այդ միջոցում նրա ճաքճքած շրթունքները հետ-հետ գնացին, երևան հանելով մուգ-դեղնագույն ատամները, որոնցից մի քանիսը ընկած էին։
— Դու լավ ասացիր, Գիգո, աստված է վկա, շատ լավ, — խոսեց նա, շարունակելով իր ծիծաղը, — ես մեր հարևան Կոստոյի հետ գրազ էի եկել, ասել էի, թե մեծ պարոնի խոյը կհաղթե․ ես կտանեմ, այնպես չէ՞։ — Դու կտանես, — կրկնեց Գիգոն, ավելացնելով, — ասում են մեծ պարոնի խոյին գինի պիտի խմացնեն, որ լավ կռվե։
— Դու ո՞րտեղից գիտես։
— Գիտեմ․․․ բայց դու ոչ ոքի չասես, Լեկո, դա ծածուկ բան է, եթե գիտենան, որ այդ խոսքը մեր բերնիցն է դուրս եկել, մեր հոգին կառնեն․․․
— Գժվե՞լ եմ, որ ասեմ։
Նրանց խոսակցության մեջ մտավ մի այլ գյուղացի։
— Ասում են, որ մեծ պարոնի մեծ շունը պիտի կռվացնեն Լևան թավաղի որդու շան հետ։
— Ա՛յ, ի՜նչ լավ թամաշա կլինի, — բացագանչեցին թե Գիգոն և թե Լեկոն ուրախությունից կանխապես ծափահարելով։
— Ասում են` Զաքարա ու Ալեքսի թավադի որդիներն էլ իրանց աքաղաղները պիտի բերեն կռվացնելու, — մեջ մտավ մի ուրիշ գյուղացի․ — ա՛յ, այն ժամանակ լավ թամաշա կլինի։
— Է՛հ, քեֆը նրանցն է․․ աշխարհումս ինչ լավ բանր կան, բոլորը նրանց է տված․․․ մենք միայն պիտի թամաշա անենք․․․ — ավելացրեց մի ծերունի գյուղացի, դողդողջուն ձեռքերով ծոցից դուրս բերելով քթախոտի պարկը, և լի բուռով ածելով պնչածակերի մեջ, որ սրտի կսկիծը փոքր-ինչ հովացնե։
— Այն աքաղաղներից մեկը, — շարունակեց նա հոգվոց հանելով, — որ այսօր Զաքարա ու Ալեքսի թավադի որդիները պիտի կռվեցնեն, — մերն է․ թոռս պահել, մեծացրել էր։ Աստված էլ գիտե, որ մեր գյուղում նրա հատը չկա․ հենց որ Ալեքսի թավադի որդին լսեց, եկավ մեր տնից զոռով քաշեց տարավ։ Այն օրից խեղճ թոռնիկս չէ դադարում լաց լինելուց․․․ Իմ մի հատիկ կովը եթե տանեին, ես այնքան չէի ցավի, որքան այդ աքաղաղը ցավեցրեց ինձ։
— Մեծ պարոնի մեծ շունն էլ մեր հարևան Լենտոյի շունն էր, — խոսեց մի ուրիշ գյուղացի․ — Լենտոյի տունը այդ շունն էր պահում․ նրա երկյուղից ծիտն էլ Լենտոյի կտուրի վրայից չէր կարողանում անցկենալ։ Հենց որ մեծ պարոնը լսեց, ուղարկեց տանել տվեց շունը․ Լենտոն մինչև հիմա էլ անիծում է․․․
Գյուղացիների խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ զուռնայի ու նաղաբայի ձայնը։ Ամբոխը դեպի այն կողմը վազեց «Գալիս են․․․» — անցավ մի խուլ շշնջյուն բազմության մեջ։ Ազնվականությունը իր մեծ պարոնի առաջնորդությամբ գալիս էր։ Սկզբում տեսնվում էր մի մռայլ, անորոշ խումբ միայն, որ հազիվ նկատելի կերպով շարժվում էր դեպի հանդեսի տեղը։ Բայց որքան մոտենում էր խումբը, այնքան ընդարձակվում էր, այնքան խուռն կերպարանք էր ստանում։
— Տե՜ս, տե՜ս, այն սև ձիավորը մեծ պարոնն է, որ բոլորից առաջ է ընկած, — ցույց էին տալիս միմյանց գյուղացիները։
— Նրա ետևի սպիտակ ձիավորն էլ Արչիլ թավադի որդին է։
— Այն կարմիր ձիավորն էլ Լևան թավադի որդին է, որ Արչիլի կողքովն է քշում։
— Այն կապույտ ձիավորն էլ Ալեքսի թավադի որդին է։
— Չէ, Զաքարան է, Ալեքսին կապույտ ձի չունի, — ուղղում էր նրան մոտի կանգնած գյուղացին․ — Ալեքսու ձին դեղին գույն ունի։
Այսպես հեռվից վիճում էին միմյանց հետ, մինչև բոլորովին մոտեցավ խումբը։ Թե Մցխեթի, թե շրջակա գյուղերի բոլոր զուռնաչիները, բոլոր նաղարաչիները, միասին հավաքված, կազմել էին մի ահագին նվագախումբ։ Զուռնայի զիլ, ճլվլուն, ականջ ծակող ձայնը, նաղարայի վայրենի դըմբդըմբոցը, միախառնվելով, դղրդեցնում էին լեռները մի խառնաձայն, անախորժ ներդաշնակությունով, թեև դա բոլորին դուր էր գալիս, բացի այն լեռների վրա արածող ոչխարներից, որոնք խրտչելով, սկսան այս կողմ և այն կողմ փախչել, և բացի հովիվների շներից, որոնք այդ անակնկալ աղմուկը լսելով, սկսեցին դառն ձայնով ոռնալ, սկսեցին հեծկլտալ, կամ բարկացած կերպով հաչել։ Այդ իմաստուն արարածները, երևի, ավելի կիրթ ճաշակ ունին, քան թե ամբոխը, որ այդ միջոցում հիացած էր այդ տարօրինակ երաժշտությունով։
Նվագախումբը բոլորից առաջ էր ընկած և ածում էր։ Նրանց ետևից հանդիսավոր կերպով բերում էին այն անասունները, որ այսօր պիտի մրցություն անեին միմյանց հետ։ Նախ բերում էին մեծ պարոնի երևելի խոյը, կապված մի երկայն շղթայով, որի մեջտեղը անց էր կացրած խոյի պարանոցով, իսկ շթայի երկու ծայրերը բռնել էին երկու ուժեղ մարդիկ։ Նրա ահագին, ոլորապտույտ եղջյուրները ներկել էին վարդի գույնով և զարդարել էին փոքրիկ զանգակներով։ Նույն գույնով, խայտաճամուկ կերպով, ներկել էին նրա մարմնի սպիտակ բուրդը։ Մեծ պարոնի խոյի ետևից բերում էին Արչիլ թավադի որդու խոյը, նույնպես շղթայով կապված, նույնպես զարդարած փոքրիկ զանգակներով, այն զանազանությամբ միայն, որ դրա թե բուրդը և թե եղջյուրները ներկված էին կապույտ գույնով և ոչ վարդագույն, որ միայն մեծ պարոնը իրավունք ուներ գործ ածել իր անասունների վրա[1]։ Դրանցից հետո, նույնպես հանդիսավոր կերպով բերում էին մեծ պարոնի մեծ շունը, դարձյալ շղթայով կապած և շղթայի երկու ծայրերը երկու մարդիկ բռնած։ Շան ճակատը, պոչը, թաթիկները և մարմնի վրա տեղ-տեղ ներկված էին նույնպես վարդի գույնով։ Նրանցից հետո նույն փառքով բերում էին Լևան թավադի որդու շունը։ Հետո երկու ծառաներ գրկած բերում էին Զաքարա և Ալեքսի թավադի որդիների աքաղաղները, որոնց խայտաբղետ փետուրները, բացի իրանց բնական գույներից, ներկված էին և արհեստական գույներով։ Աքաղաղների պարանոցից մի-մի փոքրիկ բոժոժներ էին կախված։ Հետո երկու ուրիշ սպասավորներ, ձեռքերից քարշ տված, տանում էին երկու վանդակներ, որոնց մեջ մի-մի կաքավներ էին դրած։ Վանդակները ամեն կողմից ծածկված էին անթափանցիկ կտավով։ Դրանցից հետո երկու ուրիշ սպասավորներ տանում էին երկու ուրիշ փոքրիկ վանդակներ, որոնց մեջ մի-մի լոր էր դրած։ Այդ վանդակները նույնպես ծածկված էին անթափանցիկ կտավով։ Պետք է նկատել, թե խոյերի, թե շների և թե աքաղաղների աչքերը, բոլորինն էլ կապած էին կտավով։ Այդ նրա համար էր, որ միմյանց չտեսնեն, որ միմյանց հետ չընտելանան, որ նրանց աչքերը հանկարծ բաց անեն այն ժամանակ, երբ պիտի բաց թողնեին միմյանց հետ կռվելու․․․
Խոյերից, շներից, աքաղաղներից, կաքավներից ու լորերից հետո գալիս էր մեծ պարոնը իր սև նժույգի վրա նստած։ Նրան հետևում էին թիկնապահները և ազնվականները։ Բոլորն էլ ձիավորված էին։
Երբ այդ հանդիսավոր պրոցեսսիան անց էր կենում, երբ բազմաթիվ զուռնաներն ու նաղարաները որոտում էին և երբ խառնաշփոթ ամբոխը ամեն կողմից վայրենի աղաղակներով վրա էր թափվում, այդ միջոցում հանդիսականներից մի մարդ մոտեցավ մեծ պարոնի մեծ շանը, այնպիսի մի սրտաշարժ կերպարանքով, կարծես, նա առաջին անգամ հանդիպում էր հին բարեկամին, մտերիմ ընկերոջը, երկար տարիների անջատումից հետո։ Նա պատրաստվում էր գրկվել սիրելի անասունի հետ, համբուրել նրան, բայց նրա իղձը անկատար մնաց, որովհետև այդ ժամանակ սև ձիավորը բաժանվելով իր խումբից, մի ակնթարթում վրա հասավ, և մտրակի հարվածներով նրան հեռացրեց, գոչելով։
— Խոզի զավակ, ինչո՞ւ ես նեղացնում շանը․․․
Թեև շան աչքերը կապած էին, բայց խելացի անասունը, կարծես զգաց, թե ով էր իրան մոտեցողը, մի անհանգիստ շարժում գործեց, գլուխը շուռ տվեց, ուզում էր վազել նրա ետևից, փաթաթվելով նրա ոտներով, հայտնել իր սերը ու կարոտը, բայց նրա շղթայից բռնող երկու ուժեղ մարդիկը թույլ չտվեցին։ Մոտեցողը` շան նախկին տերը, գյուղացի Լենտոն էր, որ սև ձիավորի մտրակներից զարհուրած, սասանված, այժմ կորել էր ամբոխի մեջ։
— Լսեցի՞ք ինչ ասեց նրան մեծ պարոնը, — լսեցի՞ք, — հարցնում էին միմյանց ռամիկները։
— Ոնց չլսեցինք, — պատասխանում էին միմյանց, — ասաց «խոզի զավակ»․․․ Հիմա ի՞նչ կփքվի Լենտոն, որ մեծ պարոնը նրան ասաց «խոզի զավակ․․․»։
Լենտոյի կերած մտրակները հաշվի չէին առնում, բայց նրան բախտավոր էին համարում, որ նա պատիվ ունեցավ լսելու մեծ պարոնից մի այսպիսի փաղաքշական խոսք․․․
Ձիավորների խումբը, նվագածուները և մրցող անասունները արդեն հասել էին գետի ափի մոտ։ Գիժ Կուրը այս տարի գարնան հորդ անձրևներից, սովորականից ավելի վարարվելով, բարձրանալով, իր պղտոր ալիքները տարածել էր ափերից շատ հեռու։ Իսկ այնտեղ, ուր պիտի կատարվեր հանդեսը, նա սեղմած էր մի նեղ ձորի մեջ։ Այս պատճառով զայրացած Կուրը, խելագարի նման փրփրելով, մռնչելով, իր կատաղի կոհակները առաջ էր մղում, սփռելով իր շուրջը մի խուլ, որոտաձայն դղրդոց։
Ինչո՞ւ էին ընտրել այդ աղմկալի ձորը։ Ուրիշ պատճառ չկար, բացի նրանից, որ այդ ձորի մեջ, մի բլուրի գագաթի վրա դեռ մնացել էին ավերակները մի հին մատուռի, ուր ամեն տարի, Կանաչ կյուրակեի օրը ժողովուրդը սովորություն ուներ ուխտով գալ և հանդես կատարել։ Ջերմեռանդ գյուղացիները, իրանց ընտանիքների հետ, մի քանի բարակ մոմեր իրենց գտակների ծայրին ցցած, դիմում էին դեպի մատուռը։ Ոմանք, որ ավելի ունևոր էին, մի-մի ոչխար էին տանում մատաղի համար։
Մատուռի ավերակները, ինչպես ասեցինք, գտնվում էին մի բլուրի գագաթի վրա։ Այդտեղից երևում էր նրա ամբողջ գեղադրական շրջակայքը։ Մեծ պարոնի գերդաստանը, մի քանի ազնվական ընտանիքների հետ, դեռ շատ վաղ առավոտյան եկել,
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Նույն սովորությունը կա և պարսից մեջ․ միայն թագավորը և թագավորականները իրավունք ունեն իրանց ձիանների պոչը և բաշը ներկել վարդի գույնով։