Դավիթ-բեկ/Երկրորդ/Թ
Մրցությունները պիտի կատարվեին ճաշից հետո, այդ պատճառով մեծ պարոնը շտապեցրեց, որ ճաշը շուտ պատրաստեն։
— Տղերք, դարձավ նա դեպի թավադի որդիները, — դուք էլ օգնեցեք։
Դաշտային խոհանոցը շատ հեռու չէր նրանց նստած տեղից։ Դրսում, բաց օդի տակ, ճաշ պատրաստելը վրացու համար, թե ազնվական լիներ նա և թե հասարակ գյուղացի, ամենամեծ զվարճություններից մեկն է։ Ոչինչ այնքան բավականություն չէ պատճառում վրացուն, որպես իր ձեռքով եփելը և իր ձեռքով ուտելը։ Թավադի որդիները, ձեռքերը մինչև արմունկները ծալած, վազեցին դեպի խոհանոցը։ Լևանը սեղանի սփռոցը խլելով, բերեց, տարածեց գորգերի վրա․ հետո վազեց, լավաշների ահագին կապոցը գրկելով, բերեց շարեց սեղանի շուրջը։ Մեծ պարոնի ժառանգը կանաչեղենները տարավ և սկսեց լվանալ մերձակա աղբյուրի մեջ․ այդ պատճառում էր նրա մորը չափազանց ուրախություն, որ իր որդին էլ մի բանով զբաղված է։ Արչիլը խորովածի շամփուրները սկսեց դարսել կրակի վրա, անդադար այս սպասավորին, այն աղախնին ուշունցներ տալով, թե միսը մանր են կոտորել։ Զաքարան խաշլամա միսը կաթսաներից դուրս էր տալիս, լցնում էր պղնձե պնակների մեջ, և մի կողմիցն էլ ինքը ճաշակելով, բարձր ձայնով բացականչում էր․ «Ա՛խ, քո հոգուն մատաղ, ի՞նչ լավ եփվել է․․․»։ Ալեքսին մեծ պարոնի մառանից բերած գինիները լցնում էր լիտրաների մեջ, նախապես ինքը բոլորի համը առնելով և ամեն մեկի հատկությունները առանձին-առանձին գովասանելով։ Մեկ ուրիշը բոլոր ձայնով գոռում էր․ «Աղը ո՞րտեղ է, ձեր տունը չքանդվի, աղ չկա, աղը մոռացել են շանորդիքը․․․»։
Սպասավորները, աղախինները, որոնք առաջ դաշտային խոհանոցի մոտ աշխատում էին, նկատելով, որ այդ զբաղմունքը բավականություն է պատճառում իրանց տերերին, ամենայն խոնարհությամբ թողնում էին շատ պատրաստություններ նրանց կատարելու։ Այդ տեսնելով թավադի որդիների տիկինները, նրանց քնքուշ քույրիկները, իրանք էլ նախանձվեցան, սկսեցին մյուս կողմից այս և այն սպասավորությունը կատարել։ Մի րոպեում բոլոր սեղանակիցները ոտքի վրա էին, և ընդհանուր շարժողության մեջ, մինը մյուսի ձեռքից գործը խլում էին։ Մելանիան գինի խմելու եղջյուրներն էր մաքրում։ Պառավ իշխանուհին, վերջացնելով իր երկար ու ձիգ խոսակցությունը Թամարի խորթ մոր հետ, անդադար հարցնում էր մեծ պարոնից․ «Առաջ խորովա՞ծը լավ է որ տան, թե՞ խաշլաման»։ Բայց երկուսն էլ մի վճռական եզրակացության չէին հասնում, որովհետև կարծիքները երբեմն թեքվում էին խորովածի կողմը, իսկ երբեմն՝ խաշլամայի կողմը։ Թամարի խորթ մայրը պանիր էր դարսում փոքրիկ նալբաքիների մեջ։ Անգործ չմնաց և մեծ պարոնի տիրուհին․ այդ վերջինն էլ, որպեսզի մի բանով զբաղված լինի, դերիայի փեշերը վեր քաշած, նստած տեղում սոխ էր կոտորում, ինչի՞ համար, — ինքն էլ չգիտեր։
Մի քանի րոպեի մեջ սեղանը պատրաստ էր։ Գինու լիտրաները շարված էին նրա շուրջը․ լավաշների վրա դիզված էին խորովածի կույտեր․ պղնձե պնակների մեջ լցված էր եփված խաշլաման։ Այնտեղ կար մեծ քանակությամբ կարմիր ձու, որը զատկի հիշատակը պահպանելու համար դեռ մոռացված չէր․ այնտեղ կար խաշած ձուկ, որ շրջակայքի ձկնորսները ընծա էին բերել մեծ պարոնին։
— Ո՞ւր են օրիորդները, ոչ մեկը չէ երևում, — իր շուրջը սայելով, հարցրեց տիրուհին։
— Երևի գնացել են զբոսնելու, — պատասխանեց պառավ իշխանուհին․ — նրանց հասակում մենք էլ էինք մոռանում հացն ու գինին և շուտ սեղանի մոտ չէինք գալիս։
— Տղերք, այժմ նստեցեք, — ձայն տվեց մեծ պարոնը․ — խորովածը սառչում է։
Թավադի որդիները շարվեցան սեղանի շուրջը ինչպես որ պատահեց․ նրանց հետ խառն նստեցին և տիկինները։ Նրանք վեր էին առնում միսը, և հում կանաչեղենների հետ փաթաթելով լավաշի մեջ, ուտում էին։ Կարծես այդ հասարակությունը դեռ գտնվում էր մարդկային կենցաղավարության այն շրջանի մեջ, երբ մարդը դեռ չէ մոռացել խոտ ուտելը, իսկ նոր է սովորում եփած մսի գործածությունը։
— Ձեզ տոլուբաշի ընտրեցեք, — ասաց մեծ պարոնը։
— Արչի՜լը, Արչի՜լը․․․ բարով կառավարեք, Արչիլ, — աղաղակեցին ամեն կողմից, լեցնելով իրանց եղջյուրները։
Կանանց հասարակությունը բողոքեց Արչիլի ընտրության դեմ, որովհետև նա սաստիկ խիստ էր և ձայն տվեց Լևանի ընտրության մասին։ Վիճաբանությունը տևեց մի քանի րոպե, վերջապես Արչիլը ձայների մեծամասնություն ստացավ։ Այդ սաստիկ վիրավորեց պառավ իշխանուհուն, որը ցանկանում էր Լևանին տոլուբաշի տեսնել։ Տոլուբաշին սեղանի միապետն է․ բոլորի ճաշակը, բոլորի ախորժակը կախված է նրա կամայականությունից։
— Սազանդարները թող գա՜ն, — հրամայեց տոլուբաշին։
Սպասավորները վազեցին նվագածուներն կանչելու, և մի քանի րոպեից հետո զուռնաչիների, նաղարաչիների խումբը պատրաստ էր սեղանի մոտ։
— Դե, մի լավ քոռօղլի ածեք, — հրամայեց տոլուբաշին։
Նվագածուները սկսեցին ածել քոռօղլու եղանակով; Ուխտավորների հետաքրքիր բազմությունը, լսելով զուռնայի ձայնը, ամեն կողմից մոտ վազեցին, և նստելով խոտերի, քարերի վրա, սկսեցին խորին հոգեզմայլությամբ լսել և մեծ բավականությամբ թամաշա անել, թե որպես էին զվարճանում երկրի տերերը։
Իշխանական սեղանից փոքր-ինչ հեռու, մատուռի շուրջը, այստեղ և այնտեղ, մերկ գետնի վրա նստած էին հասարակ մահկանացուներ և իրանց գերդաստանի հետ վայելում էին իրանց աղքատիկ ճաշը։ Նրանք ուրախ էին այնքանով ևս, որ գոնե հեռվից լսում են մեծ պարոնի զուռնայի ձայնը։
Իսկ տոլուբաշին խիստ վերևից սկսեց կենաց բաժակները։ Նախ հրամայեց խմել աստուծո կենացը, հետո Հիսուսի կենացը, հետո Քրիստոսի կենացը (նա Հիսուս-Քրիստոսին առանձին-առանձին անձնավորություններ էր համարում)․ դրանցից հետո հրամայց խմել մեծ պարոնի կենացը։ Նվագածուները դեռ շարունակում էին քորօղլու եղանակով․
— Եղջյուրները լցրե՜ք, — հրամայեց տոլուբաշին։
Բոլորը հնազանդվեցան նրա հրամանին։
— Այդ էլ խմում ենք մեր տիրուհու կենացը։
— Բայց սպասեցեք, մեծ պարոնը պիտի պար գա։ Համեցեք, — դարձավ նա դեպի մեծ պարոնը։
Բոլորը, եղջյուրները ձեռքներին բռնած, սպասում էին։ Մեծ պարոնին թեև փոքր-ինչ անվայել էր բազմության առջև պար գալ, բայց ի՞նչ պետք էր անել, տոլուբաշիի հրամանն էր, պետք էր կատարել, ուր մնաց, որ խմվում էր նրա թանկագին տերուհու կենացը։ Նա վերկացավ։
— Լեկզեվար ածեցե՜ք, — հրամայեց տոլուբաշին նվագածուներին։
Նրանք սկսեցին լեկզեվար ածել։ Բազմությունը այժմ ավելի մոտեցավ իշխանական սեղանին։ Ամեն կողմից ամբոխը վրա էր թափվում։
Եթե սուրբ գիրքը տալիս է մեզ մի հետաքրքիր օրինակ, թե ինչպես Դավիթը, Իսրայելի մարգարեն և թագավորը, ներշնչված մի սրբազան ոգևորությամբ, պար էր գալիս տապանակ ուխտի առջև, — ոչ սակավ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես վրաց երկրի տերն ու իշխանը, Կախեթու գինու ազդեցության ներքո, սկսեց իր պարը։ Հազարավոր ձեռքեր ծափ էին տալիս, բազմաթիվ զուռնաներ և նաղարաներ որոտում էին։ Այդ միջոցին սեղանակից տիկիններն էլ վեր առին իրանց մոտ դրած դայիրաներն ու թմբուկները, սկսեցին ածել։ Նվագարանների հնչյունների հետ միախառնվում էին և հիացած բազմության խառնաձայն աղաղակները, կազմելով խիստ անախորժ, վայրենի ներդաշնակություն։
— Բավակա՛ն է, — հրամայեց տոլուբաշին։ Նվագարանները դադարեցին, և մեծ պարոնը բոլորին գլուխ տալով, նստեց իր տեղը։ Գինու եղջյուրները դատարկվեցան։
Տիրուհու կենացը խմելուց հետո տոլուբաշին հրամայեց խմել ժառանգի կենացը։ Այժմ պիտի պար գար նրա մայրը։ Տիրուհին հայտնի էր որպես լավ պար եկող։ Նրան սիրեց, նրա հետ ամուսնացավ մեծ պարոնը միայն նրա լավ պար գալու համար․ թեև այժմ մարմնի չափազանց ծանրությունը արգելում էր նրան առաջվա թեթև պտույտները գործել իր պարի մեջ։ Այսուամենայնիվ, տիրուհին այս անգամ ևս զարմացրեց բոլորին իր հիանալի պարով։
Նվագածուները շարունակում էին ածել զանազան եղանակներ։ Կենացների հերթը հետզհետե անցնում էր սեղանակիցների մեկից մյուսին։ Տոլուբաշին ոչ մեկի «խաթրը չէր կոտրում»․ յուրաքանչյուրի կենացը խմելու ժամանակ հրամայում էր ածել և ստիպում էր սեղանակիցներից մեկին կամ պար գալ կամ երգել։ Այսպես, թավադի որդիները համ ուտում էին, համ խմում էին, համ երգում էին, համ պար էին գալիս։ Այդ չէր արգելում նրանց երբեմն վերկենալ նստած տեղից, վազել դեպի դաշտային խոհանոցը, կրակի վրայից վեր առնել խորովածի երկու տաք շամփուրներ, և երկու ձեռքով բռնած, ուրախ-ուրախ բերել, և բոլորին «թավազա» անելով, ասել․
— Համեցե՜ք, համեցե՜ք, ի՛նչ լավն է․․․
Մյուսները ձեռքները մեկնում էին, շամփուրից դուրս էին քաշում խորովածը, և արյունը ու յուղը կաթկթելով, դնում էին իրանց բերանները, ասելով․
— Փա՜հ, փա՜հ, փա՜հ․․․ շա’տ լավն է, շա՛տ լավը․․․
Թե այր և թե կին գտնվում էին անսահման բերկրության մեջ։ Նրանց մեջ դադարել էր մտավորը, այժմ գործում էր միայն գրգռված զգացմունքը։ Տոլուբաշին արդեն վերջացրած լինելով բոլորի կենացների խմելը, այժմ իրավունք տվեց սեղանակիցներին իրանց ընտրությամբ առաջարկել նոր կենացներ։ Այդ կենացների ժամանակ, — որ կամավոր էին, որ զուրկ էին պաշտոնական բնավորությունից, — սովորություն կար, այն անձը, որի կենացը խմվում էր, պարտավոր էր «պռոշտի» անել բոլորի հետ։ Այսպիսի բաժակները խմվում էին ըստ մեծ մասի գեղեցիկ սեռի կենացը։
— Բոլոր կնիկներից թույլ եմ տալիս ընտրել, բացի իմ կնկանից, — ասաց տոլուբաշին ծիծաղելով։ Մելանիան կարմրեց։ Նրա ամուսին այրի հանաքը թելադրեց մեծ պարոնին առաջարկել հենց նախ գեղեցիկ Մելանիայի կենացը։ Նա լիքը բաժակը ձեռին, շնորհալի կերպով վեր կացավ, և բոլորի հետ «պռոշտի» անելուց հետո, գլուխ տվեց և ապա խմեց։
— Այդ աստված կվեր առնի՞, որ իմ կնոջը իմ աչքի առջև համբուրում են, — ասում էր տոլուբաշին, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով։ — Եկ, Մելանիա ջան, մոտ եկ, քո հոգուն մատաղ, եկ ես էլ համբուրեմ, — աղաչում էր նա իր տիկնոջը։ Բայց տիկինը չմոտեցավ նրան, անվայել համարելով հրապարակավ իր ամուսնի հետ համբուրվելը։
— Տեսնո՞ւմ եք, ի՜նչ «թարս» բաներ են այդ կնիկները, — ասում էր տոլուբաշին, այժմ ձեռքերը իր ծնկների վրա խփելով․ — հրապարակավ ուրիշների հետ կհամբուրվեն, բայց իրանց ամուսնի հետ ամոթ կհամարեն։
Բոլորը ծիծաղեցին։
Այդ միջոցին Լևան թավադի որդին, իր շուրջը աչք ածելով, որոնում էր Թամարին։ Նա մտածում էր առաջարկել նրա կենացը, որ դրանով առիթ ունենա իր վաղուց ցանկացած համբույրը քաղել նրա սիրուն շրթունքից։ Բայց Թամարը չերևացավ, օրիորդներից դեռ ոչ մեկը չէր վերադարձել զբոսանքից։ Նա առաջարկեց պառավ իշխանուհու կենացը, որը խիստ գոհունակությամբ վեր բարձրացավ իր տեղից և սկսեց իր չոր ու ցամաք շրթունքը կպցնել բազմականների շրթունքներին։ Երբ մոտեցավ նա տոլուբաշուն, վերջինս ծիծաղելով ասաց։
— Եթե մի «խերով» բան լինեիր, ինձ մոտ չէիր գա։
Մինչ այստեղ երկրի պետերը զվարճանում էին, մինչ զուռնան և նաղարան որոտում էր, ուխտավորների բազմության մեջ, պարկապզուկը թևքի տակը դրած, դանդաղ քայլերով շրջում էր ժողովրդական բանաստեղծը։ Ամենի մոտ ածում էր նա, ամենի մոտ երգում էր, և ամեն տեղ նրան տալիս էին կամ մի պատառ հաց, կամ սև փող։ Նա իր շրջանը կատարելով, մոտեցավ իշխանական սեղանին, և որպես մարմնացած բողոք, սկսեց երգել։
Ճըտիկ, ճըտիկ, նախշուն փետրիկ, մեծացիր,
Քեզ կուտ կտամ, շուտ մեծացիր, չաղացիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Քեզ պարոնին ընծա կտամ պատվական։
Հորթիկ, հորթիկ, նախշուն մորթիկ, մեծացիր,
Քեզ խոտ կտամ, շուտ մեծացիր, չաղացիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Քեզ պարոնին ընծա կտամ պատվական։
Աղջիկ, աղջիկ, սիրուն աղջիկ, մեծացիր,
Քեզ հաց կտամ, շուտ մեծացիր, չաղացիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Քեզ պարոնին ընծա կտամ պատվական։
Եզիկ, եզիկ, իմ քաջ եզիկ, աշխատիր,
Վարը վարիր, ցանքը ցանիր, կալ կալսիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Ես պարոնին ընծա կտամ պատվական։
Կնիկ, կնիկ, սիրուն կնիկ, աշխատիր,
Մանը մանիր, կարը կարիր, շուտ պրծիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Ես պարոնին ընծա կտամ պատվական։
Աստղիկ, աստղիկ, փայլուն աստղիկ, խավարիր,
Ինձ քեզ մոտ տար, այս կյանքիցը ազատիր,
Շա՜տ գործեցի, վաստակեցա, հոգնեցա,
Իսկ պարոնիս գոհացնել ես չկրցա։
Նա ավարտեց իր երգը։ Բայց ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց։ Նրա քնարի տխուր հնչյունները խլացան, անհետացան զվարճասեր ազնվականների ընդհանուր աղմուկի մեջ․․․