Jump to content

Դավիթ-բեկ/Երկրորդ/ԺԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դավիթ-բեկ
 ԺԳ
ԺԵ 
ԺԴ

Միևնույն գիշերը, երբ Դավիթ բեկը Սաքուլի հետ առանձնացած էր իր ննջարանում, Բայինդուր իշխանը միայնակ նստած իր սենյակում, մեկին անհամբերությամբ սպասում էր։ Ձիթային ճրագի աղոտ լույսը, որ ավելի ևս մռայլվել էր իշխանի անընդհատ ծխվող չիբուխի մուխով, հազիվ կարողանում էր լուսավորել սենյակի մեջ տիրող մթությունը։ Պարսից թագավորի «բաթման ղլիճի» աղքատ բնակարանը իր կարգուսարքով բոլորովին համապատասխանում էր նրա սպարտական խստակեցությանը, որը նա ծայրահեղության էր հասցրել։ Նա հոգով ճգնավոր էր, իսկ մարմնով զինվոր։ Մերկ սենյակի մեջ դրած էր մի փոքրիկ թախտ, առանց սփռոցի, որի վրա պառկում էր նա։ Տարվա բոլոր եղանակներում նրա անկողինը բաղկացած էր իր յափունջու։ Սենյակի մեջ կրակ երբեք չէր վառվում․ «Կրակը մարդու ներսիցը պիտի տաքացնե» — պատասխանում էր նա, երբ հարցնում էին, թե ինչո՞ւ չէ վառել տալիս սենյակը։ Մի պատից քարշ էին ընկած իշխանի զենքերը․ էլ ուրիշ ոչինչ չկար այնտեղ։ Այդ տխուր, լույսից և օդից զրկված բնակարանին կից էր ախոռատունը։ Այնտեղ կապված էր նրա մտերիմ ձին, այնտեղ բնակվում էր նրա նույնքան մտերիմ ծառան, որի հետ այն աստիճան ընտանեցած էր, որ շատ անգամ մոռանում էր, արդյոք նա՞ է տերը, թե՞ ինքը։ Այդ էր նրա ընտանիքը, — ձին, ինքը և ծառան, — եթե ավելացնենք դրանց վրա նրա ահագին զայլանման շունը, ընդամենը չորս հոգի։

Իշխանը անհանգիստ էր․ թախտի վրա պառկած, անդադար մի կողքից դեպի մյուսն էր շուռ գալիս։ Նրա անհանգստությունը ուրախության անհանգստություն էր․ դա նույնքան ծանր է, որքան տխրությունը։ Լցված սիրտը կամենում էր թեթևացնել․ իր ուրախությանը կամենում էր մի բարեկամի ևս մասնակից անել։ Բայց «ո՞ւր մնաց նա, ի՞նչու ուշացավ»։ Նա վեր կացավ, սկսեց անցուդարձ անել սենյակի մեջ․ այդ ևս շուտով ձանձրացրեց նրան։ Դուրս եկավ բակը։ Գարնանային խաղաղ գիշերը բուրում էր զվարթացուցիչ անուշահոտությամբ։ Ամենուրեք տիրում էր լռություն․ ամբողջ Մցխեթը քնած էր։ Նա սկսեց ման գալ բակում, որի տարածությունը շատ ընդարձակ չէր։ Գրեթե հարյուր անգամ անցավ նա բակի մի ծայրից դեպի մյուսը, երբեմն կանգնելով, և ցանկապատից նայելով դեպի խավար փողոցը։ «Ո՞ւր մնաց, ինչո՞ւ ուշացավ․․․» — անհամբերությամբ կրկնում էր նա։ Եթե մեկը այն անագան գիշերային պահուն տեսնելու լիներ իշխանին այդ տենդային դրության մեջ, անպատճառ կմտածեր, թե նա սպասում է իր սիրուհուն, բայց նրան այժմ հազիվ թե կարող էր գրավել կնիկների ամենագեղեցիկն անգամ։ Նա սպասում էր Մխիթար սպարապետին, որ ժամադիր էր եղած իր մոտ գալու մի քանի կարևոր հարցերի մասին խորհելու համար։

Վերջապես եկավ նա։ Բակի ցանկապատից, որ այնքան բարձր չէր, տեսավ նա, որ մեկը փողոցով գալիս էր։ Սպասավորը լուսավորում էր նրա ճանապարհը ձեռքի լապտերով։ Իշխանը առանց իր ծառային զարթեցնելու, ինքը գնաց բակի դուռը բաց արեց։

— Լա՜վ հիվանդի խնձոր բերող կլինես, մինչև բերես, նա հոգին կտա, — ասաց իշխանը, բակի դուռը կրկին կողպելով;

— Ես գիտեի, որ այսպես պիտի ասես, — պատասխանեց սպարապետը, իսկ եթե գիտենաս իմ ուշանալու պատճառը, չես մեղադրի ինձ։ Երկուսն էլ մտան իշխանի սենյակը։ Սպարապետի հետ եկող ծառան գնաց ախոռատունը սպասելու իր տիրոջը։

— Հիմա պատմիր, ի՞նչ շինեցիր, — հարցրեց սպարապետը, նստելով թախտի վրա։

— Գործը ինքն իրան շինվեցավ․․․ և ես հավատացած էի, որ այսպես էլ կլիներ, — պատասխանեց իշխանը ուրախությամբ։ — Մի քանի ժամ առաջ ինձ մոտ էին, բոլորն էլ երդվեցան, թե կգան մեզ մոտ։

— Բայց դու չպիտի հայտնեիր նրանց գործի բուն նպատակը։

— Բայինդուրը խելքը հացի ու պանրի հետ չի կերել․ նա այդ սատանայությունները շատ լավ է իմանում։ Նա գիտե, որ բահը չպիտի հասկանա, թե ինչ նպատակով մշակը նրանով փորում է հողը։

— Ուրեմն դու ի՞նչ կերպով բացատրեցիր նրանց։

— Շատ հասարակ կերպով․ ես այսքանը միայն ասեցի, թե Բեկը մի սարսափելի տեղեկություն է ստացել․ Հայաստանում կազմվել է մի մեծ դավադրություն․ մահմեդականները պատրաստվել են հայերին կոտորելու և հայերը Բեկից օգնություն են խնդրում։ Այդ հենց որ լսեցին, բոլորը կատաղեցան, բոլորը վառվեցան, և առանց իմ թելադրության, իրանք պատրաստակամություն հայտնեցին Հայաստան գնալու և իրանց հայրենակիցներին օգնելու։ Այդ չափազանց ուրախացրեց ինձ․ ես մինչև այսօր կարծում էի, թե Կախեթի գինին, վրացիներից ստացած անհոգությունը իսպառ փչացրել է դրանց, բայց այսօր համոզվեցա, որ հայի սրտում չէ հանգչում հայրենասիրության կայծը, նա հանգամանքներից փոքր-ինչ նսեմանում է միայն․ բավական է փչել նրա վրա և ահա նա կբորբոքվի, կբոցավառվի․․․

Վերջին խոսքերը արտասանեց իշխանը խիստ զգալի ոգևորությամբ, երևում էր, միևնույն սուրբ հուրը բորբոքվում էր և նրա սրտում։ Բայց սպարաետը բավական սառնությամբ հարցրեց․

— Ո՞վքեր են ցանկացողները։

— Այստեղ գտնվող բոլոր հայ վարատականները․ լոռեցի Ավթանդիլ գնդապետը, մեծ Գիորգին, փոքր Գիորգին, երևանցի կաղ Օհանեսը, շուշեցի Զաքարիա իշխանը, նախիջևանցի պատանի Մոսին, չամախեցի Թադեոս բեկը, գանձակեցի Եղիազար աղան, վաղարշապատցի Հարություն տանուտերը, — բացի դրանցից կան ուրիշները, որոնց դու չես ճանաչում։ Հաշվել եմ, մեր բոլորի թիվը քառասուն հոգի կլինի այստեղից դուրս գալու ժամանակ։ — Բայց դու վստահություն ունե՞ս այդ մարդկանց հավատարմության վրա, — հարցրեց սպարապետը ցած ձայնով։

— Բոլորին իմ հինգ մատի պես ճանաչում եմ․ չափազանց ճարպիկ, հաջողակ, փորձված և վերջին աստիճանի անձնվեր մարդիկ են։ Եթե ասելու լինես՝ կրակի մեջը մտիր, իսկույն կնետվեն։ Եվ գլխավորն այն է, որ այդ մարդիկներից ամեն մեկն ունի իր պատմությունը, տոգորված է իր տոհմային ավանդություններով։ Նրանցից չկա մեկը, որ իր սրտում չկրեր մի գաղտնի վերք, որ ստացել էր բռնության կոպիտ ձեռքից; Եվ հենց այդ տեսակ հալածված, տանջված և վշտացած մարդիկը մեզ պետք կգան։

— Ես էլ այսպես եմ կարծում, — ասաց սպարապետը և նրա մռայլված դեմքը, որ մինչ այժմ բավական տխուր էր երևում, սկսեց փոքր առ փոքր պայծառանալ։

Հաղորդելով սպարապետին իր տեղեկությունները, իշխանը հարցրեց․

— Հիմա դու պատմիր, ինչպե՞ս վերջացրեց Բեկը մեծ պարոնի հետ, ես այսօր ժամանակ չունեցա նրան տեսնելու։

— Ես տեսնվեցա, շատ լավ է վերջացրել, — պատասխանեց սպարապետը, — մի այնպիսի բան է հնարել, որ կարողացել է մեծ պարոնի հաճությունը ստանալ։

— Այսպիսի դեպքերում փոքր-ինչ խորամանկությունը, իմ կարծիքով, ներելի է, — ասաց իշխանը ծիծաղելով, — ես կարող եմ երևակայել, թե ի՜նչ բան հնարած կլինի։

— Նա հայտնել է մեծ պարոնին, թե դիտավորություն ունի Էջմիածին ուխտ գնալու, թե այնտեղ մեռոն պիտի եփվի, ցանկանում է ներկա գտնվել այդ հանդիսին։ Եվ այս առիթով նպատակ ունի այցելել իր հայրենիքը, որից շատ տարիներ բաժանված է։

— Վատ չէ հնարել, — ասաց իշխանը՝ շարունակելով իր ծիծաղը, — ուխտագնացությունը սնահավատների վրա միշտ մեծ ազդեցություն է անում։ Իսկ եթե Բեկը պարզ հայտնելու լիներ իր նպատակը, ի՞նչ ես կարծում, գուցե մեծ պարոնը իր կողմից կօգներ նրան։

— Նա վրացիների օգնության վրա վստհություն չունի։ Եվ մեծ պարոնը կախված լինելով պարսիկներից, գուցե ինքը առաջինը կլիներ, որ կմատներ նրան, պարսիկներին մի ծառայություն անելու համար։

— Շատ հավանական է, — ասաց իշխանը,— դրանցից ամեն բան կարելի է սպասել։ Իսկ այդ ուխտագնացության պատրվակը կասկածի մեջ չի՞ ձգի մեծ պարոնին։

— Չկարծեմ, որովհետև Բեկը վաղուց խոսում էր ուխտագնացության մասին, իսկ մեծ պարոնը միշտ հետ էր գցում։ Առաջ նա սուրբ տեղերի անունով դիտավորություն ուներ ճանապարհորդել Հայաստան, նրա դրությունը անձամբ հետազոտել և հետո սկսել գործը, իսկ այժմ հանգամանքները շտապեցրին նրան։

— Այդ ե՞րբ։

— Դեռ մի տարի առաջ, երբ տակավին Սյունյաց աշխարհից այդ նամակները չէին ստացված։

— Զարմանալի ծածկամիտ մարդ է եղել այդ Բեկը․— ասաց իշխանը գլուխը շարժելով․— ես մինչև այսօր հավատացած էի, որ նա ինձանից ոչինչ գաղտնիք չունի, բայց հիմա ուրիշ կեպով է դուրս գալիս։ Մի տարի առաջ նա մտածում էր մի խաբուսիկ ուխտագնացության վրա, իսկ այդ մասին դեռ ոչինչ չգիտեմ։

— Գուցե այժմս էլ ես և դու շատ բաներ չգիտենք, ինչ բաների մասին որ մտածում է նա,— պատասխանեց սպարապետը ժպտելով,— բայց պետք է հավատանք, որ նրա վարմունքները, ինչ տեսակ և լինեին նրանք, անկեղծ են և գործի օգտին են ծառայում։ Այս պատճառով, մենք նրանից խիստ պահանջող չպիտի լինենք, և պիտի բավականանանք այնքանով միայն, որքան որ նա հարկավոր է համարում մեզ հաղորդել։ Նրա ազնվությունը մեծ երաշխավորություն է, որ նա չի խաբի մեզ։— Կարծեմ դու ինձ հետ կհամաձայնվես, որ նա չափազանց ազնիվ մարդ է։

— Բոլորովին համաձայն եմ,— պատասխանեց իշխանը,— նա ավելի ազնիվ է, որքան հարկավոր է, որ մարդս լինի ազնիվ։

Րոպեական մտածությունից հետո հարցրեց նա․— իսկ այդ պարոնները ի՞նչ անունով պիտի գան մեզ մոտ։

— Դարձյալ ուխտագնացության անունով,— պատասխանեց սպարապետը։— Իբրև հայ, Էջմիածին գնալու համար, ոչ ոք նրանց մասին կասկած չի տանի։ Բացի դրանից, մի ուրիշ բանկ կա․ այդ պարոնները թեև այստեղ զանազան պաշտոններ ունեն, բայց բոլորն էլ գտնվում են Բեկի հովանավորության ներքո և կազմում են նրա թիկնապահների խումբը։ Այս մտքով Բեկը շատ պատճառներ ունի նրանց իր հետ տանելու։ Իհարկե, նա իր պատվի ու աստիճանի համեմատ պիտի ունենա իր թիկնապահները, իր սվիտան, և քառասուն մարդը շատ չէ նրա համար։

— Իհարկե շատ չէ և ցանկացողները քառասուն մարդից ավել չեն լինի, — ասաց իշխանը։ — Բայց դու գիտե՞ս, թե ումը հանձվեցավ Բեկի պաշտոնը։

— Արչիլին, միայն առժամանակյա կառավարության համար, — պատասխանեց սպարապետը։ — Բայց պետք է խոստովանած, որ Բեկը այդ մի քանի տարվա ընթացքում այնքան բարեկարգեց Վրաստանը, այնքան լավ կարգի գցեց նրա խանգարված գործերը, որ այսուհետև շատ հեշտ է կառավարել նրան, միայն թե կառավարիչները աշխատեին պահպանել այն, ինչ որ նա հիմնեց։ Բայց ես հավատացած եմ, որ նրա բացակայության ժամանակ կրկին ամեն ինչ տակնուվրա կլինի։

— Իսկ ի՞նչ կարգադրություններ արեց Բեկը իր կալվածների և գյուղերի վերաբերությամբ, — հարցրեց իշխանը։

— Ոչինչ, նա իր կալվածների մասին ամենևին չի էլ մտածում, բոլորը թողնում է։

— Վատ չէր լինի, եթե ծախեր, գուցե փողերը մեզ պետք կգային։

— Միևնույնը ես առաջարկեցի նրան, — ասաց սպարապետը, — բայց նա ինձ պատասխանեց, թե «պատերազմի գործը պետք է պատերազմով սնանվի»։

— Այսուամենայնիվ, սկզբում միջոցներ հարկավոր են։

— «Ինձ խիստ փոքր միջոցներ հարկավոր են գործը սկսելու համար, իսկ այդ միջոցներն ունեմ ես», — ասում է Բեկը։ — Եվ իմ կարծիքով, նրա անձնավստահությունը շատ ուղիղ է։ Կալվածների վաճառելը կարող էր միայն կասկած հարուցանել և փչացնել այն ծրագիրը, որ կազմել է նա։ Իսկ գործի սկսելու համար ես էլ համաձայն եմ նրա հետ, որ մեծ միջոցներ պետք չեն։ Աղեքսանդր Մակեդոնացիները, Լենկ-Թեմուրները, Չինգիս-խանները իրանց հետ գանձ չէին ման ածում, այլ կերակրվում էին իրանց սրով։

— Բայց եթե մենք չգտնենք Հայաստանում այն նախապատրաստությունները, որ խոստանում են մեզ Սյունյաց աշխարհից ստացված նամակներով, — այն ժամանակ, կարծեմ, բանը կդժվարանա և փոքր միջոցներով մի նշանավոր գործ կատարել անհնարին կլինի, — ասաց իշխանը։

— Ես ավելի, քան թե դու, սիրելի Բայինդուր, սովորած եմ թերահավատությամբ վերաբերվել դեպի անակնկալ բախտի հաջողությունը, — պատասխանեց սպարապետը, — իսկ այդ գործում համոզված եմ, եթե Սյունյաց աշխարհում ոչինչ նախապատրաստություններ ևս չլինեն, մեզ դարձյալ կհաջողվի։ Դու քանի րոպե առաջ ինքդ ասեցիր, թե հայերի սրտում բոլորովին չէ հանգած հայրենասիրության կայծը, այլ հանգամանքներից փոքր-ինչ նսեմացած է միայն․ բավական է փչել նրա վրա և իսկույն կբորբոքվի, կբոցավառվի․․․ Դրանք քո խոսքերն են։ Իսկ բոցավառվել, բորբոքել հայրենասիրության սրբազան հուրը՝ մենք կարող ենք։ Եվ այդ կլինի գործի հաջողակ սկիզբը․ իսկ վաճխանը աստուծո ձեռքումն է։ Ես այնքան հավատում եմ Հայաստանի աստղին, որքան հավատում եմ, թե կա երկնքում մի արդար դատավոր, որը վերջապես կլսե թշվառի ձայնը և նրան ուժ ու զորություն կտա փշրելու ամբարտավան բռնակալի եղջյուրները։

Նրանք դեռ երկար խոսում էին և խորհում էին միմյանց հետ, մինչև զարմացած նկատեցին սենյակի նեղ լուսամուտներից վաղորդյան արեգակի ճառագայթները։ Այժմ միայն հասկացան, որ ողջ գիշերը լուսացրել են։