Դավիթ-բեկ/Երրորդ/Գ
Մնում է մի քանի խոսք ասել, թե ի՞նչ դրության մեջ էր այն ժամանակ Վրաստանը, ի՞նչ էին անում վրացիները, երբ հայերը իրանց հայրենիքի ազատության մասին էին աշխատում։ Արդյոք այդ երկու հարևան քրիստոնյա ազգերը, որոնք միևնույն վիճակի մեջ էին գտնվում, մտածո՞ւմ էին ձեռք ձեռքի տալ և միասին, ընդհանուր ուժերով թոթափել պարսից լուծը։ Վրաստանը բաժան-բաժան էր եղած այնքան մանր, միմյանցից անկախ իշխանությունների, որքան միմյանցից տարբեր ցեղեր և բարբառներ կային այնտեղ։ Կարթալինիան, Կախեթիան, Իմերեթիան, Օսեթիան, Մինգրելիան, Գուրիան, Աբխազիան և ուրիշ շատ երկրներ, առանձին-առանձին իշխանություններ էին կազմում։ Տիրապետող իշխանների քաղաքական նշանակությունը ոչնչով չէր տարբերվում, օրինակ, նույն ժամանակվա Ղարաբաղի մելիքների[1] իշխանությունից։ Ղարաբաղի մելիքը թե իր կառավարած երկրի տարածությամբ և թե իր վայելած արտոնություններով նույնքան իրավունք ուներ իր գավառի մեջ, որքան վրաց իշխանը իր նեղ, սահմանափակ երկրի մեջ։ Թե վրաց իշխանները և թե Ղարաբաղի մլիքները միօրինակ կախումն ունեին պարսից կառավարությունից, նրանցից նշանակվում էին և նրանց հարկ էին վճարում։ Ղարաբաղի մելիքները այն առավելությունը ունեին, որ իրանց հավատարմությամբ այնքան համարում էին ստացել պարսից կառավարության առջև, որ առանց իրանց կրոնը փոխելու, առանց մահմեդականություն ընդունելու հավատում էին նրանց։ Թեև լինում էին դեպքեր, որ հայ մելիքներից մեկը ուրանում էր կրոնը փառք և իշխանություն ձեռք բերելու համար, բայց այսպիսիներին հայ հասարակությունը բոլորովին մերժում էր իր միջից։ Որի ընդհակառակն, պարսից արքունիքում, Սեֆեվիների տիրապետության ժամանակ համարյա ընդունված սովորությունների կարգն էր անցել, որ մինչև վրաց իշշխանները մահմեդականություն չընդունեին և իրանց անունը չփոխեին, իրավունք չունեին ստանալ Վրաստանի կառավարությունը։ Շահ-Աբաս մեծի տիրապետությունից հետո (1617 թ․), երբ Վրաստանը պարսկական նահանգ դարձավ, հիշյալ սովորությունը բոլորովին օրինական ձև ստացավ։ Վրացիների պարսից կառավարության հետ կապած դաշնագրի գլխավոր պայմաններից մեկը այն էր, որ Վրաստանի կառավարիչները կարող են լինել տեղացիներ, վրացիք, միայն մահմեդականություն ընդունած, և պիտի նշանակվեն պարսից կառավարությունից։ Այդ օրից մինչև ռուսների տիրապետությունը գտնում ենք մի շարք մահմեդականություն ընդունած վրացի ազնվականներ, որ կառավարում են երբեմն Կախեթիան և երբեմն Կարթալինան, որպես պարսից «վալիներ» և որոնց վրացիք «մեփե» են կոչում[2]։ Սպահանը՝ պարսից մայրաքաղաքը լիքն էր այդ ժամանակ վրացի ազնվականներով․ նրանք պատվի և պաշտոնի համար ծախում էին ամեն բան, ինչ որ սուրբ և նվիրական էր իրանց ազգի համար, և մահմեդականություն ընդունելով, ստանում էին պաշտոններ կամ իրանց հայրենիքում, կամ Պարսկաստանում։ Շատերը այնտեղ ամուսնանում էին պարսիկների հետ, որդիք էին ծնում, որոնք պարսկական սովորությունների մեջ կրթվելով, բերում էին պարսից զեխությունը, շռայլությունը, անբարոյականությունը դեպի իրանց հայրենիքը։ Այսպիսով վրաց ազնվականների վաղեմի պարզ, նահապետական բարքուվարքը փչացավ և նրան փոխարինեց պարսից հարեմներից ստացված ծույլ, անհոգ, ամեն ինչ վատնող, ամեն ինչ ոչնչացնող բնավորությունը, որի հետքերը մնում են մինչև այսօր։ Վրաց այն ժամանակվա տիրապետող իշխաններից ոչ մեկը չէ կարելի ցույց տալ, որ իր կյանքի մեծ մասը Պարսկաստանի մայրաքաղաքում մաշած չլիներ։ Նրանք կողոպտում էին իրանց երկիրը, աղքատացնում էին ճորտերին, և նրանց դառն աշխատության պտուղը շռայլությամբ վատնում էին Պարսկաստանում։ Վրաստանը լեզգիների ոտքի տակ ավերակ էր դարձել․ Դաղստանը լիքն էր վրացի գերիներով, բայց վրաց իշխանները, փոխանակ իրանց աշխարհը պահպանելու, նրան անտեր թողած, իրանց երկրի ամենաընտիր տղամարդիկը տանում էին Պարսկաստան և պարսից շահի համար հեծելազորք էին կազմում, ավղանների հետ էին պատերազմում, որ խանություն ստանան[3]։ Պատվի և պաշտոնի համար ամեն բան ծախում էին նրանք, մինչև անգամ իրանց քույրերը, հարազատ աղջիկները, որ տալիս էին պարսից մեծամեծներին, նրանց պաշտպանությունը վայելելու համար[4]։ Խիստ ճիշտ է նկատում մի գրող, որ իրանք՝ վրացիները այնքան գեղեցիկ աղջիկներ տարան Պարսկաստան[5], որ պարսիկների ցեղը ազնվացրին։
Պարսից Շահ-Սեֆի 1-ի և օսմանցոց Սուլթան Մուրադ IV-ի ժամանակ (1636 թ․) Վրաստանը բաժանվեցավ պարսիկների և թուրքերի միջև։ Կարթալինան և Կախեթիան դարձան պարսկական նահանգ, իսկ Ախալցխայի նահանգը և Վրաստանի ամբողջ արևմտյան մասը ընկավ թյուրքերի իշխանության ներքո[6]։ Ախլցխան դարձավ թյուրքերի գլխավոր բերդաքաղաքը, և այստեղից մահմեդական իշխանության հետ նրանց ազդեցությունը տարածվեցավ Իմերեթիայի, Մենգրելիայի, Գուրիայի և Աբխազիայի վրա։ Ղորանը փոխարինեց Ավետարանին։ Մոլեռանդ թյուրքերը ամեն տեղ մտցրին իրանց հոգևորականներին, սկսեցին հալածել քրիստոնեությունը և տարածել մահմեդականություն[7]։ Թյուրքերը ավելի խստություններ էին գործ դնում կրոնի վերաբերությամբ, քան թե պարսիկները։ Թյուրքաց նահանգապետ Ասլան-փաշայի կառավարության ժամանակ (1659-1679) այդ կողմերի ազնվականները, մահմեդականություն ընդունելով, ստանում էին «բեկ», «փաշա», «աղա» տիտղոսները և պաշտոններ էին վարում որպես թյուրքերի ներկայացուցիչներ։ Վրաստանը այդ ժամանակներում ընկած էր երկու կրակների մեջ․ — մի կողմից պարսիկները, մյուս կողմից թյուրքերը։ Դեպի ո՜ր կողմը երեսը շուռ էր տալիս, այրում էր․․․։ Վրաց ազնվականները իրանց դիրքը պահպանելու համար, երբ պարսիկներից հուսահատվում էին, դիմում էին դեպի թյուրքերը, իսկ երբ այդ վերջիններից հուսահատվում էին, դիմում էին դեպի պարսիկները։ Ամեն տեղ կրոնափոխությունը մեծ դեր է խաղում պաշտոններ և իշխանություն ձեռք բերելու համար։ Վերջին ժամանակներում նրանք ծանոթացան ռուսաց կառավարության հետ և երբեմն անձամբ կամ խնդիրքներով դիմում էին ռուսաց թագավորներին, որ իրանց օգնեն[8]։
Դավիթ բեկի Վրաստանում գտնված ժամանակվա վերջին տարիներում այնտեղ կային երեք նշանավոր իշխանություններ՝ Իմերեթիայի իշխանությունը, որ կառավարում էր Ալեքսանդր V-ը, որպես թյուրքաց ներկայացուցիչ, Կարթալինիայի իշխանությունը և Կախեթիայի իշխանությունը, որոնք կախումն ունեին պարսից կառավարությունից։ Մենք կխոսենք վերջին երկուսի մասին։
Կարթալինիայի իշխանության կենտրոնը Թիֆլիսն էր․ այստեղ Մետեխի բերդի մեջ կանգնած էր մի ամբողջ գունդ պարսկական պահապան զորք, որը միևնույն ժամանակ հսկում էր թե քաղաքի և թե վրաց իշխանի գործողությունների վրա։ Այդ գունդը պահվում էր այնտեղ սկսյալ այն օրից, երբ Վրաստանը պարսկական նահանգ դարձավ։
Դավիթ բեկը իր մանկության հասակում բերվեցավ Մցխեթ ավանը, որ այդ ժամանակ դադարել էր Վրաստանի մայրաքաղաք լինելուց։ Այստեղ առաջին անգամ ծանոթացավ նա Վախթանգ VI-ի[9] հետ, որը հալածված իր եղբոր Յասսեի (Ալի-Ղուլի-խանի) չարագործություններից, անպաշտոն առանձնացել էր Վրաստանի հին մայրաքաղաքում։ Սկզբում նա վարում էր լի զվարճություններով անհոգ կյանք և անձնատուր էր եղած արբեցողության։ (Մեր վեպի երկրորդ գրքում հիշված «մեծ պարոնը» նույն իսկ այդ Վախթանգն է)։ Հետո նա մոտենալով Մցխեթի աբեղաներին, սկսեց պարապվել վրաց գրականությամբ և օրինավոր կյանք վարել։ Դավիթ բեկը այդ ժամանակ թողեց նրան և ծառայում էր երբեմն Կարթալինիայի, երբեմն Կախեթիայի իշխանների մոտ, որոնք անդադար մինը մյուսի ետևից փոխվում էին պարսից կառավարությունից։ Իսկ երբ Կարթալինիայի իշխանությունը անցավ Գիորգին-խանի[10] ձեռքը, այդ ժամանակ Վախթանգը թողեց Մցխեթը, տեղափոխվեցավ Թիֆլիս, և սկսեց որպես փոխանորդ կառավարել Կարթալինիան, որովհետև Գիորգին-խանը բացակա էր, Պարսկաստանում էր գտնվում։ Այդ ժամանակ Դավիթ բեկը կրկին հանձն առեց Վախթանգի մոտ ծառայել և չբաժանվեցավ նրանից, մինչև իր Հայաստան գնալը։
Գիորգին-խանը սպանվեցավ Ղանդահարում առանց ժառանգ թողնելու։ Որովհետև Վախթանգը պահպանել էր քրիստոնեական կրոնը, շահը նշանակեց Գիորգին-խանի փոխարեն Կարթալինիայի իշխան Վախթանգի եղբորը՝ մահմեդականություն ընդունած Քեյ-Խոսրով խանին։ Երբ այդ վերջինն էլ սպանվեցավ պարսից ավղանների հետ ունեցած պատերազմում, այն ժամանակ Վախթանգը կանչվեցավ Սպահան, որ իշխանությունը նրան հանձնեն։
Բայց բարեպաշտ Վախթանգը[11] չխոնարհվեցավ այն կանոններին, որ ընդունված էին իր նախորդների օրերում, այսինքն՝ նա չհամաձայնվեցավ իր կրոնը փոխելով ընդունել Կարթալինիայի իշխանությունը։ Շահը բարկացավ նրա վրա, հրամայեց բանտարկել։ Յոթը տարի որպես կալանավոր մնաց Սպահանում։ Երկար ընդդիմադրություններից հետո, երբ լսեց հայրենիքի դժբախտությունը, նրա ավերակ դառնալը մի կողմից լեզգիների ձեռքով, մյուս կողմից, իր եղբոր Յասսեի (Ալի-Ղուլի-խանի) չարագործություններով, — վշտացած Վախթանգը վերջապես ակամայից ընդունեց մահմեդականությունը, կոչվեցավ Հյուսեին-Ղուլի-խան, և ստանալով Կարթալինիայի իշխանությունը, վերադարձավ Թիֆլիս։
Այստեղ հանդիպեց նա իր երկու վաղեմի անհաշտ թշնամիներին, մեկը՝ իր եղբայր Յասսեն, մյուսը՝ Կախեթիայի Մամադ-Ղուլի-խանը (Կոնստանդին II-ը)[12]։ Եղբոր հետ Վախթանգը կարողացավ հաշտվել, թեև այդ հաշտությունը երկար չտևեց, բայց Կոնստանդինի հետ ունեցավ անվերջ կռիվներ։ Կոնստանդինը աշխատում էր տիրել Կարթալինիային և ամբողջ Վրաստանի իշխանը դառնալ։ Այստեղից ծագում էին բոլոր երկպառակությունները, որ տակնուվրա էին անում երկիրը։
Վախթանգը նեղվելով իր թշնամիներից, խնդիրքով դիմեց ռուսաց թագավոր Պետրոս մեծին, առաջարկեց իր հպատակությունը և սկսեց նրանից օգնութուն խնդրել։ Այդ բավական փաստ էր Կոնստանդինի համար մատնել նրան պարսից կառավարության առջև, թե նա խաբում է շահին, թե նա անունով միայն մահմեդական է, իսկ սրտով քրիստոնյա է և գաղտնի բանակցություններ ունի ռուսաց թագավորի հետ, կամենում է Վրաստանը դուրս բերել պարսից իշխանությունից և հանձնել ռուսներին։
Վախթանգը այժմ ստիպված էր երկերեսանի դեր խաղալ, մի կողմից պահպանել իր հարաբերությունները ռուսների հետ, մյուս կողմից արդարացնել իրան պարսից կառավարության առջև, թե ինքը պարսից հավատարիմ հպատակ է, թե Կոնստանդինի հաղորդածները բոլորը զրպարտություն են, թե նա դիտավորություն ունի իր երկրին ևս տիրելու, այս պատճառով չարախոսություններ է անում, և այլն։ Ռուսաց կառավարությանը ուղղած թղթերի վրա Վախթանգը ստորագրում էր «թագավոր Վրաստանի», իսկ պարսից կառավարությանը ուղղած թղթերը ստորագրում է «վալի»[13] Պարսկաստանի։
Մինչև Վրաստանը այդ խռովությունների մեջ տակնուվրա էր լինում, Սյունյաց աշխարհում հայոց ապստամբները պատրաստվում էին։ Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսը, որը գաղտնի ուժ էր տալիս ապստամբությանը, աշխատում էր կազմել վրացիներից և հայերից մի ընդհանուր միություն, որ միասին կռվեն պարսիկների դեմ։ Բայց այդ նպատակին հասնելու համար նախ պետք էր, որ Վրաստանի մեջ երկպառակությունները դադարեին, վրացիները միմյանց հետ միանային, որ հետո կարելի լիներ կայացնել նրանց հայերի հետ միությունը։ Այս մտքով հայոց կաթողիկոսը անձամբ Վրաստան գնաց, որ Վախթանգին հաշտեցնե Կախեթիայի իշխան Կոնստանդինի հետ։ Բայց չնայելով կաթողիկոսի եռանդուն աշխատությանը, հաշտությունը չկայացավ։ Մինչև անգամ Կոնստանդինը թշնամացավ կաթողիկոսի հետ և նրա նամակները բռնելով, մատնեց պարսից կառավարությանը, որից կաթողիկոսը հազիվ կարողացավ ազատվել, ուրանալով, թե նամակները իր գրածը չեն, այլ իր կնիքը գողանալով, դրոշմել են նրանց վրա։ Այդ պատճառաբանությունը, իհարկե, բավական թանկ նստեղ նրան, որովհետև կաթողիկոսի բացակայության ժամանակ, երբ նա Վրաստանումն էր, պարսիկները եկան Էջմիածինը կողոպտեցին։
Դավիթ բեկը դեռ Վրաստանում էր, երբ կատարվեցան այդ բանակցությունները։ Նա ինքը աշխատում էր, որ հայոց կաթողիկոսի միջնորդությունը ապարդյուն չմնա, բայց վերջը ցավելով հասավ այն համոզմունքին, թե հայերի և վրացիների մեջ միություն կազմելը անհնարին է։ Վրացիները ավելի բարվոք էին համարում իրանց կամ ռուսների գիրկը գցել, կամ պարսից ծանր լծի տակ մնալ, կամ օսմանցիներին հրավիրել, — բայց ոչ երբեք միանալ հայերի հետ և ազատ լինել։ Այդ երկու համանման վիճակի մեջ գտնվող, համանման պայմանների ենթակա ազգերի միմյանց դեմ ունեցած ատելությունը սաստիկ վշտացնում էր Դավթի զգայուն սիրտը։ Նրա հեռատես աչքը խիստ պարզ տեսնում էր, թե ի՜նչ բախտավոր ապագա կարող էին պատրաստել այդ երկու հարևան ազգերը, եթե իրանց շահերը միացնեին, եթե ձեռք ձեռքի տված, մի սրտով, մի հոգով տանեին իրանց ընդհանուր գործերը։ Ո՞ր սատանան մտցրեց այդ դարևոր ատելությունը երկու ազգերի մեջ — այդ միտքը սաստիկ տանջում էր Դավթին։ Բայց ի՞նչ կարող էր անել, դարերով կազմված նախապաշարմունքին դարեր հարկավոր էին ոչնչացնելու համար, իսկ նրան պետք էր շուտափույթ ձեռնարկություն իր հայրենիքի փրկության համար։ Այդ էր պատճառը, որ նա բաժանվեցավ Վախթանգից առանց իր դիտավորությունը նրան հայտնելու, երբ նկատեց, թե վրացիների վրա հույս դնելն անօգուտ էր։
Դավիթ բեկի հեռանալուց հետո Վրաստանը սաստիկ պատժվեցավ։ Պարսից կառավարությունը նկատելով Վախթանգի համակրությունը դեպի ռուսները, հրամայեց Կախեթիայի կառավարիչ Կոնստանդինին տիրել Թիֆլիսը և հրաժարեցնել Վախթանգին Կարթալինիայի իշխանությունից։ Կոնստանդինը մի այսպիսի հրամանի էր սպասում, որ իր վաղեմի բաղձանքը իրագործե և Թիֆլիսը իր ձեռքը գցե։ Նա միացավ լեզգիների հետ, եկավ տիրեց Թիֆլիսը, նրան ավերակ դարձրեց և մինչև անգամ կողոպտեց Սիոնի եկեղեցին։
Թիֆլիսի առումից հետո Վախթանգը փախավ Իմերեթիայի կողմերը։ Բարեսիրտ իշխանը այնուհետև շատ աշխատեց կրկին ձեռք բերել Վրաստանի մայրաքաղաքը, և ռուսներից հուսացած օգնությունը չգտնելով, իր եղբայր Յասսեին ուղարկեց Ախալցխայի թյուրքից Իսակ փաշայի մոտ և նրանից օգնություն խնդրեց։ Բայց դավաճան Յասսեն, փոխանակ հօգուտ իր եղբոր աշխատելու, առաջարկեց թյուրքերին իր ծառայությունը, թե կառաջնորդե նրանց Թիֆլիսը գրավելու, միայն թե իրան այնտեղի կառավարիչ նշանակեին։ Այդ չարագործը, որ մի ժամանակ Կարթալինիայի իշխանությունը ստանալու համար, պարսիկներին իր հպատակությունը առաջարկելով, ընդունել էր Ալիի կրոնը և կոչվում էր Ալի-Ղուլի-խան, — այժմ միևնույն իշխանությունը ձեռք բերելու մտքով, և թյուրքերից օգնություն գտնելու համար, ընդունեց թյուրքաց Օմարի կրոնը և կոչվեցավ Մուստաֆա-փաշա։
Եվ այսպես, Կոստանդինի իշխանությունը Թիֆլիսում երկար չտևեց, որովհետև Իսակ-փաշան Յասսեի առաջնորդությամբ եկավ, տիրեց Թիֆլիսը, և Կոստանդինին բռնելով, բանտարկեց։ Նրան ազատեց բանտից մելիք Աշխարատը[14], գիշերով Կուր գետի վրա նավակ կանգնեցնելով, և Կոստանդինին նրա մեջ իջեցնելով, փախցրեց։ Դրա համար Իսակ-փաշան հրամայեց մելիքին գլխատեցին։
Վրաստանը այժմ պարսիկների ձեռքից դուրս գալով, ընկավ թյուրքերի իշխանության ներքո (1724 թ․) կառավարում էր Իսակ փաշան։ Իսկ դավաճան Յասսեն իր նպատակին չհասավ, որովհետև օսմանցիք փոխանակ Թիֆլիսը նրան հանձնելու, հանձնեցին Վախթանգի որդի Բակարին։ Այս վերջինս էլ տեսնելով, որ պարսիկների դարը անցավ, ընդունեց թյուրքաց կրոնը, և իր գլխին օսմանցոց չալմա փաթաթելով, կոչվեցավ Իբրահիմ-փաշա։ — Ահա այդ էր վրացոց երևակայական թագավորությունը։ Նրա իշխանները պարսից տիրապետության ժամանակ՝ պարսից կրոնն էին ընդունում և պարսից խաների անունով էին կոչվում, իսկ օսմանցոց տիրապետության ժամանակ՝ թյուրքաց կրոնն էին ընդունում և թյուրքաց փաշաների անունով էին կոչվում։
Այդ բոլոր դժբախտություններից հետո Վախթանգը իր ընտանիքով և 1400 հոգով գնաց Ռուսաստան։ Նա չգտավ Պետրոս մեծին կենդանի, նրան պատվով ընդունեց Եկատերինա կայսրուհին։ Վերջը մեռավ Պարսկաստանում, և մարմինը բերվելով թաղվեցավ Հաշտարխանում։
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Մելիք կամ Մալիք նշանակում է տիրող, իշխող, այլև թագավոր․ դրանից է մամլաքաթ բառը, որ նշանակում է տերություն, երկիր, թագավորություն։
- ↑ Մի քանի մահմեդական անունները դժվար է գտնել․ պատմությունը հիշում է նրանց քրիստոնեության ժամանակ ունեցած անունները միայն․ որպիսի են՝ Թեյմուրազ I, Բագրատ, Սիմոն։ Իսկ ոմանք հայտնի են մահմեդական անուններով․ որպիսի են՝ Դավութ-խան և նրա որդիները՝ Ռոստոմ-Միրզա ու Խոսրով-Միրզա։— Շահնավազ (Վախթանգ V-ը) և նրա որդիները՝ Մուրթուզա-Ալի-խան (Արչիլ), Գիորգին-խան ու Լևան-խան։— Նազար-Ալի-խան Կուլլար-Աղասի (Հերակլ I) և նրա որդիները՝ Իմամ-Ղուլի-խան (Դավիթ II), Մամատ-Դուլի-խան (Կոստանդին II) և Թեյմուրազ։— Հյուսեին-Ղուլի-խան (Վախթանգ VI) նրա որդի Շահնավազը (Բակարը), Վախթանգի եղբայրները՝ Քեյ-Խոսրով-խանը, Ալի-Ղուլի-խանը (Յասսեն) ու Սիմոնը։ Դրանք ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ պարսից կառավարության ներկայացուցիչներ։
- ↑ Ռոստոմ-Միրզա, Գիորգին-խան, Քեյ-Խոսրով-խան։
- ↑ Վախթանգ V-ը (Շահնավազ) իր Աննա անունով աղջիկը տվեց Շահ-Աբաս II-ին։
- ↑ Վախթանգ VI-ի եղբայր Յասսեն, որ կոչվում էր Ալի-Ղուլի-խան (վրաց երևելի Անտոն կաթողիկոսի հայրը) պարսից Հյուսեին-շահից ստացավ Կարթալինիայի կառավարությունը, խոստանալով ուղարկել նրան որպես ընծա 500 ընտանիք վրացիներ, այլև իր եղբայր Վախթանգի ամբողջ ընտանիքը։ Վախթանգի ընտանիքը ազատեցին, փախցնելով Իմերեթիայի կողմերը՝ Ռաճա, իսկ մնացյալ 500 ընտանիքը թաքնվեցին լեռների մեջ, երբ լսեցին այդ անզգամի գալուստը։
- ↑ Փոփոխություններ լինում էին, որ երբեմն պարսիկները տիրում էին թուրքերի ձեռքում գտնված երկրները, իսկ երբեմն թուրքերն էին տիրում պարսիկները ձեռքում գտնված տեղերը։
- ↑ Այժմյան աջարացիք, լազերը, ենդիլոյները և զանազան մահմեդական լեռնաբնակներ գլխավորապես այն ժամանակների արդյունք են։
- ↑ Վախթանգ V-ի (Շահնավազի) որդի Արչիլը, մահմեդականություն ընդունելով և կոչվելով Մուրթուզա-Ալի-խան, պարսից կառավարությունից ստացավ Կախեթիայի իշխատնությունը։ Երբ պարսիկները վերջը խլեցին նրանից այդ իշխանությունը, նա վեր առեց իր հետ մի քանի սրբություններ — Հիսուս Քրիստոսի սպանման գեղարդը, թաղման պատանքը — դիմեց ռուսաց թագավոր Ֆեոդոր Ալեքեևիչին և որ ուղղափառության բարեպաշտությունը ցույց տալով, պաշտպանություն խնդրեց։ Հուսացած օգնությունը չգտնելով, նա իր գլխին թուրքի չալմա փաթաթեց և դիմեց թուրքաց կառավարությանը։
- ↑ Այստեղ մի պատմական անճշտություն կա, որ մենք հարկավոր ենք համարում պարզել․ մեր պատմագրները Դավիթ-Բեկին Վախթանգ V-ի ժամանակումն են դնում և շփոթում են նրան Վախթանգ VI-ի հետ, որը առաջին թոռն էր, այսինքն նրա որդի Լևոն-խանի որդին։ Վախթանգ V-ի օրերում դեռ Դավիթ-Բեկը ծնված չէր։ Նա մեռավ Պարսկաստանում 1675 թվին․ այդ ժամանակ Դավիթ-Բեկը Վրաստանում լինել չէր կարող։ Նա եկավ Վրաստան Վախթանգ VI-ի ժամանակ, որը նույնպես շահնավազ (շահի հավանած) տիտղոս էր կրում, որպես իր պապը։
- ↑ Գիորգին-խանը Վախթանգի հորեղբայրն էր, կրոնով Մահմեդական։
- ↑ Դա միևնույն պատմագիր, օրենսդիր Վախթանգ VI-ն է, որ վրաց պատմության մեջ բավական փայլուն անուն է թողել։
- ↑ Կոստանդին II-ը կամ Մամադ-Ղուլի-խանը Հերակլ I-ի, այսինքն Նազար-Ալի-խանի որդին էր, և ծնված էր Սպահանում․ թե հայրը, թե որդին երկուսն էլ մահմեդականություն էին ընդունել։
- ↑ «Վալի» կոչվում են որևիցե վիլայեթի կամ նահանգի կառավարիչները։ Իսկ պարսից վալիները ավատական իշխանների նշանակություն ունեին։
- ↑ Այդ Մելիք Աշխարատը իշխան Բեհրուզյանների պապն էր։