Դավիթ-բեկ/Երրորդ/Ը
Վանքը մերկանում էր իր տաճարի զարդերը։ Խաչերը, բուրվառները, սկիհները, որ մինչև այն օր ծառայում էին որպես անոթներ, որ գործ էին դրվում մեղքերի քավության համար, — այդ դարավոր հարստությունները այժմ սկսվեցան գործ ածվիլ հայրենիքի փրկության համար։ Այդ ժամանակ ինքը ժողովուրդը ոչ սակավ զոհաբերություններ էր անում։ Ծնողներից որն որ ունևոր էր և պատերազմելու ընդունակ որդի ուներ, իր ծախքով զինվորում էր նրան և ուղարկում էր կռվելու։ Իսկ այն ընտանիքները, որ զուրկ էին չափահաս տղամարդից, օգնում էին իրանց աղքատ դրացուն․ եթե ձի չուներ, ձի էին տալիս նրան, եթե զենք չուներ, զենք էին տալիս։ Եվ այսպես, ընդհանուր զինվորությունը օրըստօրե աճում էր, ընդարձակվում էր ժողովրդի ջերմ ոգևորության հետ։
Այլևս սեփականության իմուքոյություն չկար։ Ով ինչ որ ուներ, բոլորը ծառայում էին միայն մեկ նպատակի և այդ նպատակը ամենի համար սուրբ էր։ Եթե գտնվում էին այնպիսիները, որոնք խնայում էին, որոնք չէին ցանկանում նվիրել, պատահած կամավոր զինվորը համարձակություն ուներ մտնել նրա տունը և իրան հարկավոր եղած բանը՝ մի ձի, մի զենք դուրս տանել, ասելով․
— Քեզ համար միևնույն է, այդ խո պարսիկը պիտի տաներ, և դու լուռ ու մունջ պիտի մտիկ տայիր։ Այժմ ինձ պետք է․ ես գնում եմ պարսիկի հետ կռվելու և քեզ նրա հարստահարությունից ազատելու։ Գոնե քո որդիների կայքը ապահովված կլինի։
Թե Բեկը և թե նրա զորապետները այս տեսակի կամայականությունների վրա միշտ ներողամտությամբ էին նայում։
Ուխտադրության օրվա երեկոյան պահուն վանքի մեջ տեղի ունեցավ մի սրտաշարժ տեսարան։ Բեկը նստած էր դահլիճում, նրան շրջապատել էին իր ավագները։ Վանքի հյուրընկալը ներս մտավ, հայտնեց, թե կնիկների մի պատգամավորություն կամենում է ներկայանալ։
— Կնիկների պատգամավորությո՛ւն․․․-կրկնեց Բեկը ժպտալով․—տեսնենք ի՞նչ են կամենում մեր քույրիկները։
Նա վերկացավ, և գեղեցիկ սեռը ավելի հարգած լինելու համար, ինքը անձամբ գնաց նրանց դիմավորելու։ Ներսես արքեպիսկոպոսը և բոլոր ավագները, որ դահլիճում նստած էին, գնացին նրա հետ։
Մի քանի հարյուր կնիկներ լցրել էին վանքի բակը։ Հայոց աշխարհի այդ համեստուհիները, որոնք հայ կնոջ վաղեմի սովորությամբ երեսները միշտ կալած ունեին և ցույց էին տալիս իրանց ամենամերձավոր ազգականներին միայն, — այն օր, ընդհակառակն, բոլորի երեսներն էլ բաց էին։ Կարծես, նրանք ներկայանում էին հարազատ եղբորը կամ իրենց ծնողին[1]։ Դրանք Տաթևի ավանիցն էին։ Երբ Բեկը հայտնվեցավ բակում, նրանցից երկուսը բաժանվեցան խումբից և առաջ եկան։ Մեկը Տաթևի ավագ քահանայի երեցկինն էր, իսկ մյուսը նույն տեղի տանուտիրոջ տիկինն էր։
— Մեր տղամարդիկը, — ասաց երեցկինը առաջ ընթանալով, — զոհում են իրանց կյանքը, իրանց արյունը մեր հայրնիքի ազատության համար․ իսկ մենք՝ կնիկներս, որպեսզի անմասն չմնանք սուրբ գործից, նվիրում ենք մեր զարդերը։ Ընդունեցեք, Բեկ, մեր կողմից այդ փոքրիկ նվերը, որպես նշան մեր համակրության և խորին զգացմունքի։ Այդ զարդերով թող զենք, վառոդ ու գնդակ գնվի, թող մեր երկրի տղամարդիկը պատերազմեն նրանցով։ Երբ նրանց հաղթության համբավը կլսենք, այնուհետև մեր ամենաթանկագին զարդը կլինի նրանց քաջությունը։
Բեկը չկարողացավ թաքցնել իր սրտի ամենազգալի ցնցումը։ Ուրախության արտասուքը դուրս ցայտեց նրա խորախորհուրդ աչքերից, երբ մի քանի ուրիշ կնիկներ առաջ մատուցին պղնձե սինիների վրա դիզած նվերները։ Այդ նրանց զարդերն էին։ Սինիների մեջ կային՝ գինտեր, մատանիներ, պարանոցի մանյակներ, ապարանջաններ և զանազան այլ տեսակ արծաթեղեն, ոսկեղեն զարդեր։ Առաջին սինու վրա դրած էր մի փունջ ծաղիկ։ Պսակ պատրաստելու գաղափարը դեռ անծանոթ էր նրանց։ Տանուտերի կինը, որ ավելի մանկահասակ էր, քան թե առաջինը, վեր առեց փունջը և իր ձեռքով տվեց Բեկին։ Նա, երևի, կամենում էր մի բան ասել, բայց շփոթությունից լեզուն կապվեցավ։ Իսկ այդ լուռ շփոթության մեջ զգացմունքի և շնորհակալության այնքան ազդու արտահայտություն կար, որ Բեկը իսկույն ըմբռնեց, թե ինչ էր կամենում ասել հայրենասեր կինը, և նրա ձեռքից առնելով փունջը, ասաց․
— Ձեր վարմունքով դուք նմանում եք ձեր հինգերորդ դարու քույրերին․ նրանք էլ ձեզ պես նվիրեցին իրանց զարդերը հայրենիքի ազատության գործին։ Նրանք նվիրեցին և իրանց արյունը, մասնակցելով կռվի մեջ։ Իսկ եթե դուք չեք կարող հետևել նրանց օրինակին՝ վերք տալ և վերք ստանալ թշնամուց, գոնե ընդունեցեք դարմանել ձեր տղամարդերի վերքերը։ Եվ այդ ամենամեծ առաքինությունն էր, որ կինը կարող է մատուցանել պատերազմող մարդուն։
— Մենք ամեն բանի պատրաստ ենք, ամեն զոհաբերություն հանձն կառնենք, — պատասխանեցին կնիկները։ — Թշնամին մեր տունը քանդեց, մեր օջախի ծուխը մարեց, էլ ո՞ր օրվա համար ենք ապրում։ Նա արատավորեց ամեն ինչ, որ սուրբ և մաքուր էր մեզ համար։ Այլևս համբերություն չէ մնացել։ Կամ պիտի միանգամով մեռնենք, կամ պիտի ազատվենք վատ դրությունից։ Մենք մեր պատվի, մեր ընտանիքի, մեր կյանքի տերը չէինք։ Որդիք էինք մեծացնում, նա էր տանում․ անասուններ էինք հասցնում, նա էր տանում, մեր զավակների համար շալեր էինք գործում, կտավ էինք պատրաստում, նա էր տանում, իսկ մեր զավակները մնում էին մերկ։ Նա մեզ մոտ ոչինչ չէր թողնում, ինչ որ լավ էր, ինչ որ մեզ հարկավոր էր։ Էլ ինչի՞ն է պետք այսպիսի կյանքը, երբ մարդ իր գլխի, իր տան տերը չէ։ Մենք շատ անգամ ցույց ենք տվել, թե հարկավոր ժամանակ ինչպես պետք է վարվել թշնամու հետ։ Այն երևելի կինը, տաթևացի Սոնան, մեր քույրերից մեկն էր, որ իր գեղեցկությամբ հրապուրեց Ալի-խանին, և մի գիշեր իր տունը բերելով, գլուխը կտրեց։ Նա մեր երկիրը ազատեց մի բռնակալից, թեև ինէն էլ իրան սպանեց գործողությունը կատարելուց հետո։ Նրա պատմությունը մենք միշտ համակրությամբ ենք լսել մեր ծնողներից։
Թե Բեկը, թե Ներսես եպիսկոպոսը և թե այնտեղ կանգնած ավագները մեծ ուրախությամբ էին լսում կնիկների խոսքերը։ Երբ նրանք ավարտեցին, եպիսկոպոսը ասաց․
— Ես հավատացած եմ, որ սյունեցի կինը նույնքան քաջասիրտ է, որքան սյունեցի տղամարդը։ Բայց դուք մոռանում եք մի անցք, որ պատահեց մեզանից մոտ քսան տարի առաջ։ Այդ անցքը կարող է ձեզ լավ օրինակ լինել։ Պարսիկները տիրեցին Գենվազի ամբողջ գավառը, մնաց միայն Կալեր ավանը, որը չկամեցավ անձնատուր լինել և քաջությամբ պաշտպանվում էր։ Վերջը պարսիկները խաբեությամբ տղամարդերին կանչեցին իրանց բանակը, հրամայեցին բոլորին կոտորել։ Այդ դավաճանությունից հետո կամենում էին տիրել Կալերին։ Բայց կնիկները զինվեցան թշնամու դեմ և սկսեցին կռվել։ Երկար պաշտպանվում էին նրանք, իսկ երբ նկատեցին, որ այլևս ընդդիմանալ չեն կարող, թունավորեցին բոլոր աղբյուրները, և իրանց տներին կրակ տալով, պատսպարվեցան անտառների մեջ։ Այդ բոլորը դուք գիտեք, շատ ժամանակ չէ անցել այն օրից։
Կնիկները հայտնեցին, որ ամեն մի դեպքում կաշխատեն հետևել իրանց արժանահիշատակ քույրերի օրինակին։ Եվ նրանց ներկայացուցիչները՝ երեցկինն ու տանուտերի կինը համբուրեցին սրբազանի աջը, և նրա օրհնությունն առնելով, բոլորը գլուխ տվեցին, ուրախությամբ դուրս եկան վանքից։
Բեկը հրամայեց նրանց բերած նվերները տանել իր գանձարանը, որ արդեն կազմված էր վանքում։ Հետո իր ավագների հետ դիմեց դեպի դահլիճը։ Գնալու միջոցին եպիսկոպոսը մի առանձին ոգևորությամբ ասաց նրան․
— Տեսնո՞ւմ եք, Բեկ, իմ այսօրվա քարոզը հինգերորդ դարու կանանց մասին, երևում է ազդեցություն է գործել դրանց վրա։ Ես ուրախությամբ նկատում էի, որ քարոզի ժամանակ տաճարում կային բազմաթիվ կնիկներ, որոնք ուշադրությամբ լսում էին ինձ։ Ա՛խ, որպես սաստիկ ազդում են կենդանի քարոզները, որ ուղղակի վերաբերվում են իրական կյանքին։ Ո՜րքան մեղավոր ենք մենք ժողովրդի առջև, ո՜րքան շատ կորցրել ենք մենք մեր նախապաշարմունքներով, անդադար խոսելով դժոխքի և արքայության վրա։
— Երանի՜ թե այդ տեսակ քարոզները մի քանի դար առաջուց կրկնվեին մեր եկեղեցու բեմից, այժմ մենք կգտնեինք հողը բոլորովին պատրաստ, — ասաց Բեկը տխրությամբ։ — Բայց մենք հայերս սովորություն ունենք հիվանդի մասին մտածել միայն այն ժամանակ, երբ նրա կենսական ուժերը բոլորովին սպառված են, երբ բժշկի օգնությունը հազիվ թե կարող կլիներ ուղղել, կարգի բերել հիվանդի խանգարված կազմվածքը․․․
Վերադառնալով դահլիճը, Բեկը հենց նույն գիշերը կատարեց իր զինվորական կարգադրությունները։ Նա իր ուժերը երկու գլխավոր մասերի բաժանեց․ մեկին կոչում էր տիրապետող ուժ, իսկ մյուսին՝ «թշնամու գլուխը խառնող», այսինքն՝ նրան շփոթության մեջ գցող ուժ։ Այս վերջինը կազմված էր զանազան մանր խումբերից, որոնք ավազակների հրոսակի բնավորություն ունեին։ Խումբերից յուրաքանչյուրը ուներ իր առանձին առաջնորդը, որին անպայման կերպով պետք է խոնարհվեին ստորադրյալները։ Ամեն մի խումբի թիվը հիսուն ձիավորից չէր անցնում։ Նրանց նպատակը պետք է լիներ անակնկալ կերպով հարձակումներ գործել մահմեդականների կարավանների և գյուղերի վրա, այրել, հափշտակել և անցնել, առանց մի տեղում երկար մնալու։ Այդ խումբերը, թեև առանձնացած պիտի գործեին, բայց ընդհանուր կապ պիտի ունենային միմյանց հետ, և հարկավորած ժամանակ, պետք է մինը մյուսին օգնության հասներ։ Այս պատճառով յուրաքանչյուր վիճակի համար որոշված էին մի քանի խումբեր։ Խմբապետը գլխավորապես այն անձինքն էին, որ Բեկը իր հետ բերել էր Վրաստանից։ Լոռեցի Ավթանդիլ գնդապետը և երևանցի կաղ Օհանեսը, որ հայտնի էր իր ճարպկություններով, ուղարկվեցավ դեպի Հին Նախիջևանի կողմերը։ Մեծ Գիորգին և փոքր Գիորգին ուղարկվեցան դեպի Զանգազորի կողմերը։ Զաքարիա իշխանը և պատանի Մոսին ուղարկվեցան Երասխ գետի ափերի վրա՝ դեպի Բարգյուշատի կողմերը։ Թաթեոս բեկը և գանձակեցի Եղիազար աղան ուղարկվեցան դեպի Սիսիանի կողմերը։ Վաղարշապատցի Հարություն տանուտերը ուղարկվեցավ դեպի Գողթնյաց երկրի կողմերը։
«Եթե թշնամու տունը կամենում ես հրդեհել, պետք է կրակը մի քանի տեղից վառել, որ չկարողանա հանգցնել», — ասում էր Բեկը։ Վերոհիշյալ խումբերը ուրիշ նշանակություն չունեին, բայց միայն կայծեր գցել Սյունյաց աշխարհի զանազան կողմերում, խռովել, աղմկել և զբաղեցնել թշնամուն։
Բայց Բեկի գլխավոր ուժերը, որոնց նա կարգել էր որպես պատերազմող և տիրապետող ուժեր, կազմված էին ավելի խոշոր խումբերից։ Այդ խումբերը հանձնված էին Սյունյաց աշխարհի նշանավոր ավագների ձեռքը, որոնք ուխտակից եղան Բեկին և հավատարմության երդում տվեցին։
Չավնդուրի Թորոս իշխանը ուներ իր հրամանի ներքո 2000 հոգի․ նրան օգնական էր տվել Բեկը Բայինդուր իշխանին և Թորոսի ազգական Մելիք-Նուբարին։ Հալիձորի Մելիք-Փարսադանը և նրա որդի Բալի զորապետը ունեին իրանց հրամանի ներքո 500 հոգի։ Մելիք-Փարսադանի փեսա տեր Ավետիքը ուներ իր հրամանի ներքո 468 հոգի։ Կալերի Պապ զորապետը և Բեկի սիրելի Ստեփաննոս Շահումյանը ունեին իրանց հրամանի ներքո 700 հոգի։ Սիսիանի Լևոն զորավարը ուներ իր հրամանի ներքո 500 հոգի։ Սիսիանի մելիք Կաջոն ուներ իր հրամանի ներքո 200 հոգի։ Սիսիանի տեր Գասպարը, որ և կոչվում էր «Ավշար երեց», ուներ իր հրամանի ներքո 250 հոգի։ Բաղաբերդի Ադամ զորավարը ուներ իր հրամանի ներքո 150 հոգի։ Գյուլ-բերդի Ղազար զորավարը ուներ իր հրամանի ներքո 110 հոգի։ Շիրվանաձորի Սարգիս զորավարը ուներ իր
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Երևում է, կանանց ծածկապահության վերաբերությամբ մեր և պարսից մեջ միևնույն սովորություններն էին տիրում։ Պարսիկները թեև շատ խստությամբ պահպանում են հարեմական կանոնները, բայց իրանց ազգային մեծ տոնի օրը, որ կատարվում է գարնանամուտին և կոչվում է նովրուզ (նոր օր), բարձր դասի կանանց հասարակությունը նույնպես ներկայանում է շահին հանդիսավոր սելամի ժամանակ և շնորհավորում է թագավորի «նոր օրը»։ Նրանց բոլորի երեսները բաց է լինում, ներկայանում են առանց ծածկոցի, որպես կարող էին երևնալ միայն ամուսիններին կամ ծնողներին։ Թագավորը այսպիսի դեպքերում հասարակաց հայր է համարվում, կինը նրանից պետք է չծածկվի։