Դավիթ-բեկ/Երրորդ/Ժ
Խավար գիշեր էր։ Մի երիտասարդ, անդադար մտրակելով իր ամեհի նժույգը, ձիավարում էր։ Բայց ոչ մի ժամանակ այդ ուժեղ, սրընթաց անասունը այնպես վատ ծառայություն չէր արել իր տիրոջը, որպես այս գիշեր։ Բավական էր փոքր-ինչ խթել նրա կողքը և նա արծվի պես կսլանար։ Իսկ այս գիշեր նրա տերը ստիպված էր գործ դնել իր մտրակի ուժը, որ նա շարժվի։ Գիշերվա մթությունը մի կողմից, ձիավորի խռովությունը մյուս կողմից, թույլ չէին տալիս նկատել նրան, որ խեղճ անասունը համարյա երեք ոտքի վրա էր ընթանում, իսկ մի ոտքից կազում էր։ Վերջապես ընկավ նա, այլևս չբարձրացավ։
Երիտասարդը աշխատում էր կանգնեցնել ձիուն, բայց նա գլուխը գետնին զարկելով, խռխռում էր, ցավալի ձայներ էր արձակում, որ նշան էին մահվան տագնապի։ Նրա մի ոտքը բոլորովին ջախջախվել էր գնդակի հարվածքից, արյունը սաստիկ վազում էր, և այդ դրության մեջ նա անցել էր մի քանի մղոն ճանապարհ։ Մարմնի մի այլ տեղից նույնպես վերք էր ստացել։
Այդ դրության մեջ թողնելով ձիուն, երիտասարդը անցավ։ Նա սկսեց այժմ փախչել ոտքով, այնպիսի արագությամբ, որ շատ անգամ զարկվում էր քարերին, շատ անգամ խրվում էր թուփերի մեջ, պատառոտում էր իր հագուստը, և շատ անգամ չնկատելով ճանապարհի դարուփոսը, գլորվում էր, վայր էր ընկնում։ Այսպես մնում
[ 310 ]Նա աչքը դարձրեց դեպի երկինքը, տեսնելու, թե գիշերից որքան էր անցել։ Ոչինչ նշմարել չկարողացավ․ երկինքը պատած էր ամպերով։ Նա ամեն բան կտար, որ գիշերը երկար ու շատ երկար լիներ, և ինքը խավարով շրջապատած, կարողանար անցկենալ ընդարձակ տարածություն։
Հանկարծ նա սոսկաց։ Կարծես, նրա ոտքերից բռնեցին և ցած գլորեցին։ Կարծես հարյուրավոր մարդիկ շրջապատեցին նրան։ «Մի՜ սպանեք, — գոչեց նա ողորմելի ձայնով, — ես անձնատուր կլինիմ․․․ ահա իմ զենքերը»։ Նա իր դատարկ ձեռքերը տարածեց օդի մեջ, որպես թե մի բան տալիս էր։ Բայց նրա զենքերից և ոչ մեկը չէր մնացել իր վրա։ Գոտին կտրվելով, թուրը ճանապարհին վայր էր գցել․ ատրճանակները նույնպես կորցրել էր․ նրա գտակը մինչև անգամ գլխին չէր։
Նկատելով, որ երևակայական զենքերը իր ձեռքից ոչ ոք չէ առնում և թշնամիներից ոչ ոք չէ մոտենում, նա խոսեց ինքն իրան․ «Երևի, վախեցան, երևի, փախան, էլ չեն երևում․․․»։
— Ես այստեղ եմ․․․ — լսելի եղավ մի ձայն։
Երիտասարդը դարձյալ սարսափեցավ։ Ձայնը լսելի եղավ հենց նրա մոտից, հենց նրա ոտքերի տակից։ Նա դողդողաց և ընկավ մի դիակի վրա։
— Էդ էր պակաս, ես շարժվել չեմ կարողանում, դա էլ իմ վրա մի ծանր բեռ դարձավ․․․ — խոսեց դիակը, աշխատելով իր վրայից հեռացնել ընկած երիտասարդին։ Բայց երիտասարդը ինքն իրան գլորվեցավ դեպի մի կողմ։
— Երևի դա էլ վիրավորված է, — խոսեց առաջին ձայնը։
— Ես վիրավորված չեմ, — պատասխանեց երիտասարդը, — ի սեր աստուծո, մի՜ սպանեցեք ինձ։
— Շատ էլ որ ուզենամ, չեմ կարող սպանել, ինձ մոտ սպանելու ոչինչ չէ մնացել․ իսկ մի փոքր հեռու գնալու և մի քար վեր առնելու չափ ուժ չունեմ։
Վերջին խոսքերից խրախուսվելով, երիտասարդը հարցրեց․
— Դու ո՞վ ես։
— Ես վիրավորված զինվոր եմ։ Անիրավները այնպես ծակեցին կողքս, որքան էլ ձեռքով հուպ եմ տալիս, չեմ կարողանում արյունը կանգնեցնել։ — Ա՛խ, մի փոքր ջուր եթե կարելի լիներ գտնել այստեղ։— Ո՞ր կողմից ես։
Կամենում էր գիտենալ՝ Դավիթ բեկի զինվորների՞ց է, թե Դավիթ ուրացողի։
— Մելիք Դավթի կողմիցն եմ, — պատասխանեց վիրավորը։
Երիտասարդը այդ լսելով, ավելի սիրտ առեց։ Զինվորը թշնամու բանակին չէր պատկանում։
— Ինչպե՞ս վերջացավ կռիվը, — հարցրեց նա։
— Կռի՞վը․․․ շատ վատ վերջացավ․․․ — պատասխանեց վիրավորը։ — Մեզ բոլորիս ջարդեցին։ Ի՞նչ կարող ես անել դրանց հետ։ Դրանք մարդիկ չեն, կատարյալ սատանաներ են։ Մտնում են ամեն տեղ, որտեղ ուզում ես։ Ոչ կրակից են վախենում և ոչ սրից։ Թռչում են անդունդների վրայով և ծտի նման անցնում են սարսափելի ժայռերից։ Նրանց սրի առջևից մարդիկ այնպես ցած են թափվում, որպես չորացած հասկերը հնձավորի մանգաղի առջևից։ Ես իմ աչքով տեսա և հիմա հավատում եմ, որ այդ մարդիկների մարմինը անխոցելի է։ Ի՞նչ կարող ես անել կախարդված մարդու հետ, որի մարմնի վրա ոչ հրացանի գնդակը և ոչ էլ նիզակի սուր ծայրը չեն ներգործում։
Դավիթ բեկի և նրա զորապետների մասին արդեն տարածվել էին սնահավատ ժողովրդի մեջ շատ առասպելական զրույցներ, որոնք սարսափ էին գցում Բեկի թշնամիների վրա։
— Դու ո՞ր զորաբաժնի մեջն էիր, — հարցրեց երիտասարդը, ցավալի պատմությունը լսելուց հետո։
— Ես մելիք Դավթի զորաբաժնի մեջն էի, -ասաց վիրավորը․ — բռնել էինք դեպի Տաթև տանող ճանապարհի անցքը։ Բայց վերևից այնքան քարեր թափեցին մեր գլխին, կարծես բոլոր լեռները փուլ եկան մեզ վրա։
— Իսկ հա՞յրս․․․ ի՞նչ եղավ հայրս․․․ — հարցրեց երիտասարդը դողդոջուն ձայնով։
Վիրավոր զինվորը ճանաչեց նրան․ երիտասարդը Դավիթ ուրացողի որդի Շահ-կուլին էր։
— Հա՞յրդ․․․ — ասաց նա ձգական ձայնով, — ո՞վ է իմանում, թե ի՜նչ եղավ։ Սպանվեցավ, մնաց, փախավ, բռնեցին, — ո՞վ կարող էր գիտենալ այն խառնակության ժամանակ, երբ ամեն մարդ իր գլխի մասին էր մտածում։
Երիտասարդը բավական տեղեկություններ ստացավ հոր անաջողությունների— Դու գիտե՞ս, մենք այժմ ո՞րտեղ ենք գտնվում։
Վիրավոր զինվորը ոչինչ չպատասխանեց և ոչ լսեց երիտասարդի հարցմունքը։ Նրա ձեռքը, որով բռնել էր իր վերքը, թուլացել, ընկել էր գետին, իսկ աչքերը փակվել էին․․․
Նույն դրության մեջ թողնելով զինվորին, երիտասարդը սկսեց վազել, թեև ուր գնալը ինքն էլ չգիտեր։ Առավոտյան լույսը դեռ լծագած, նա հասավ մի գյուղի, սկսեց բախել առաջին հանդիպած խրճիթի դուռը։ Երկար բախում էր նա, մինչև մի մանկահասակ կին, դուռը բաց անելով, հայտնվեցավ շեմքի վրա։
— Ի՞նչ եք կամենում, — հարցրեց նա, ուշադրությամբ նայելով օտարականի վրա, թեև խավարի մեջ դժվար էր նրան ճանաչել։
— Ճանապարհից մոլորված եմ, ի սեր աստծու, մի անկյուն շնորհեցեք ձեր տան մեջ, որ փոքր-ինչ հանգստանամ։
Այդ խոսքերը այնպիսի մի ողորմելի եղանակով արտասանեց նա, որ տանտիկինը խղճալով, ներս հրավիրեց։
Երբ մտան խրճիթը, տանտիկինը իսկույն ճրագ վառեց, այժմ միայն տեսավ իր հյուրի այլանդակված կերպարանքը, որ ավելի սարսափելի էր իր պատառոտած և աղտոտված հագուստի մեջ։
Խրճիթում ուրիշ ոչ ոք չկար․ մի քանի երեխաներ պառկած էին թոնրի մոտ, փսիաթի վրա և ծածկված էին ցնցոտիներով։ Չնայելով դառն չքավորությանը, որ ամեն կողմից աչքի էր զարկում, տանտիկինը առաջարկեց հյուրին, արդյոք չէ՞ր կամենա նա մի բան ուտել։
— Շնորհակալ եմ, — պատասխանեց երիտասարդը, — ուտելու ախորժակ չունեմ, ինձ տվեցեք միայն խմելու ջուր։
Տանտիկինը տվեց նրան ահագին թասը լիքը ջրով։ Երիտասարդը կեսը խմեց և թասը դրեց իր մոտ, որ մնացածն էլ խմե։ Կարծես, նրա ներսում կրակ էր վառվում, որ պետք էր հանգցնել։
— Դուք տանը մենա՞կ եք, — հարցրեց երիտասարդը իր շուրջը նայելով։
— Մենակ եմ, — պատասխանեց տանտիկինը, — մարդս տանը չէ։
— Ո՞ւր է գնացել։— Ո՞ւմ դեմ։
— Պարսիկների դեմ։
Երիտասարդը հասկացավ, որ թշնամու տան մեջ է ընկել և աշխատեց ծակել իր ով լինելը։ Տան տղամարդը գնացել էր պարսիկների դեմ կռվելու, կնշանակե, նա մտել է Դավիթ բեկի խումբի մեջ․ կնշանակե՝ նա նույն կամավոր զինվորների թվումն էր, որ այս գիշեր ջարդեցին իր հոր և իր զորքերը։
Տանտիկինը նստեղ իր երեխաների անկողնի մոտ։ Երիտասարդը նստած էր նրանցից փոքր-ինչ հեռու՝ կապերտի կտորի վրա։ Նա մտատանջության մեջ էր, թե ի՞նչ կլինի իր դրությունը, եթե այդ կինը կճանաչի իրան։ Մտածեց կաշառել նրան։
— Երևի, ձեր ամուսին այրը աղքատ է, — հարցրեց նա, դարձյալ նայելով իր շուրջը։
— Տեսնո՞ւմ եք իմ խրճիթը, պարոն, էլ ինչո՞ւ եք հարցնում, — պատասխանեց տանտիկինը մաղձոտ կերպով։ — Անիծվի՛ մելիք Դավիթը, նա ոչ մի գյուղացու մոտ ուտելու հաց չի թողել։ Հինգ օր չկա, որ մեր տան կայքը ծախել տվեց հարկերի փոխարեն։
Երիտասարդը բարկությունից գունաթափվեցավ։ Նրա աչքի առջև նզովում էին, հայհոյում էին իր հորը։ Բայց նա զսպեց իրան և ոչինչ չպատասխանեց։ Այդ նզովքը, ընդհակառակն, սկսեց նրան փոքր առ փոքր հանգստացնել, որովհետև դրանից կարելի էր եզրակացնել, որ տան տիրուհին չէ ճանաչում իրան․ եթե ճանաչելու լիներ, չէր համարձակվի որդու մոտ հայհոյել հորը։
Եվ իրավ, նա սկզբից չճանաչեց, բայց երբ ավելի ուշադրությամբ նայեց նրա վրա իսկույն ճանաչեց, որ դա նույն չարագործի որդին էր, որ Տաթևի ամբողջ վիճակը սարսափի մեջ էր պահում, որ աղքատությունը տարածել էր ոչ միայն իր տան մեջ, այլ բոլոր գյուղացիների խրճիթներում։ Անողորմ մարդու նույնպես անողորմ որդին իրան լավ ծանոթ էր։ Շատ անգամ նրան տեսել էր իրանց գյուղում հարկերը հավաքելիս կամ գյուղացիներին ծեծելիս։ Բացի դրանից նա ուներ մի բնական նշան, որ մի անգամ նրան տեսնողը, մյուս անգամ պատահելու ժամանակ, իսկույն կարող էր ճանաչել։ Նրա աչքերից մեկը սև գույն ուներ, մյուսը՝ կապույտ։
Բայց ինչո՞ւ լռեց նա, ինչո՞ւ ոչինչ չպատասխանեց, եբ լսեց աղքատ կնոջ նզովքը իր հոր մասին։ Մի ուրիշ ժամանակ այսպիսի մի խոսք բավական էր, որ Տաթևի մելիքի հզոր որդին հրամայեր անզգամին խեղդեին։ Այժմ ինչո՞ւ համբերեց նա։ Եվ ինչո՞ւ նաՏանտիկնոջը դժվար չէր հասկանալ, որ երիտասարդը հաղթված և պատերազմի դաշտից փախած պետք է լինի։ Բեկի կռիվների համբավը արդեն տարածվել էր ամեն տեղ, բոլորը նրա մասին էին խոսում։ Նա լսել էր և այն, որ Դավիթ ուրացողը իր որդու հետ հավաքել է բազմաթիվ զորք, որ արգելեն Բեկի Տաթևի սահմանը մտնելը։ Այժմ ուրացողի որդին, ողորմելի դրության մեջ, իր խրճիթում ապաստան էր գտել։ Այժմ ամեն ինչ պարզ էր տանտիրուհու համար։ Իսկույն ծագեց նրա գլխում մի միտք և նրա շրթունը զգալի կերպով դողդողացին։
— Ձեր խրճիթում չկա՞ մի առանձին տեղ, — հարցրեց երիտասարդը։
— Ինչո՞ւ համար է, — ասաց տանտիկինը։
— Ես սաստիկ հոգնած եմ, կամենում եմ փոքր-ինչ հանգստանալ, կցանկանայի առանձին տեղում պառկել, որ ինձ ոչ ոք չխանգարեր։
«Նա կամենում է թաքնվել․․․» — մտածեց կինը և միևնույն ժամանակ նրա դեմքի վրա փայլեց մի չարագուշակ ուրախություն։
— Իմ ամբողջ տունը ձեր աչքի առջևն է, պատվելի պարոն, — պատասխանեց կինը, — տեսնումե եք, որ առանձին տեղ չունեմ։ Բայց եթե հարմար կհամարեք, ես ձեզ ցույց կտամ մի տեղ։
Նա վեր առեց ճրագը և իր հյուրի ճանապարհը լուսավորելով, տարավ նրան բակը, և մի անկյունում ցույց տվեց փոքրիկ շինվածք նեղ դռնով։ Այստեղ մի ժամանակ հավաբույն էր, բայց երբ հարկահանները (այսինքն նույն իսկ հյուրը) տարան հավերը, այնուհետև այդ շինվածքը մնաց դատարկ։ Այնտեղ ժամանակ առ ժամանակ, անձրևային եղանակներում պառկում էր տանտիրոջ շունը, և այժմ ավելի շան որջ էր, քան թե հավաբույն։ Երիտասարդը գլուխը ներս տարավ, նայեց, ասելով․
— Վատ չէ, դուք միայն մի շոր տարածեցեք, որի վրա կարելի լիներ պառկել։
— Ես ձեզ համար բարձ էլ կբերեմ, — ասաց տանտիկինը և վազեց դեպի խրճիթը։
Երկյուղը այն աստիճան տիրել էր երիտասարդի սրտին, որ նաՄի քանի րոպեից հետո տանտիկինը վերադարձավ, բերելով իր հետ մի փալասի կտոր, մի բարձ և մի վերմակ։ Ավելով շնաբույնի անմաքրությունները մի կողմ տանելով, պատրաստեց նա իր հյուրի անկողինը։
— Դուք մի քանի րոպե առաջ գանգատվում էիք ձեր աղքատության վրա, — ասաց նրան երիտասարդը․ — ահա ձեզ տալիս եմ բոլորը, ինչ որ ինձ մոտ ունեմ․ դրանով դուք կարող եք ուղղել ձեր դրությունը։
— Ձեր արծաթը թող ձեզ մոտ մնա, — պատասխանեց կինը․ — մենք սովորություն չունենք աստուծո հյուրերից փող ընդունելու։
— Բայց ես մի շատ թեթև բան կխնդրեի ձեզանից։
— Ինչ որ կամենում եք հրամայեցեք։
— Դուք ձեր հյուրի այստեղ լինելը բոլորովին գաղտնի պիտի պահեք։ Իսկ պատճառները հետո ինքներդ կիմանաք։
— Այդ մասին անհոգ կացեք, պարոն, դուք կարող եք հանգիստ քնել այստեղ։ Ինձ համար միևնույն է, թե դուք ով եք, կամ ինչ հանգամանքներից ստիպված ձեզ թաքցնում եք։ Բավական է, որ ես մի լավություն արած կլինեմ ձեզ։ Ինքս լավ եմ հասկանում, որ պատերազմական ժամանակ է, քի՞չ բաներ կարող են պատահել մարդիների հետ․․․
— Շնորհակալ եմ, բարեսիրտ կին, — ասաց երիտասարդը և մտավ շնաբույնի մեջ, — ես հավատացած եմ, որ դուք կկատարեք ձեր խոստմունքը։
Այն մարդը, որ սովորած էր գեղեցիկ սենյակներում, մետաքսից պատրաստած փափուկ անկողինների մեջ պառկել, տարածվեցավ կապերտի կտորի վրա, գլուխը դրեց կտավի բարձի վրա, որ լցրած էր խոտով և մի քրքրված վերմակով ծածկվեցավ։ Այդ ողերմելի անկողինը նա ինքն էր պատրաստել իր համար։ Դա մի պատիժ էր, որ աստված ցույց էր տալիս նրան, ասելով․ «Հիմա քո անձի վրա փորձիր, թե ինչ բան է աղքատությունը․ քանի՜ հազար ընտանիքներ դու զրկել ես հացից և հագուստից․ հիմա տես, թե ինչ տեսակ տեղում են պառկում քո զոհերը․․․»։Տանտիկինը ձեռքի ճրագը հանգցնելով, կանգնած մնաց շնաբույնի դռան մոտ և երկար ուշադրությամբ լսում էր քնած հյուրի խռմփալու ձայնը։ Եթե մեկը խավարի մեջ կարող լիներ նշմարել այդ մանկահասակ կնոջ դեմքի ուրախ արտահայտությունը, կհասկանար, թե որպիսի անսահման հոգեկան բերկրության մեջ է գտնվում նա։ Իր երկրի տիրող իշխանի որդուն, իր հարստահարչին, նա կոխել էր շնաբույնի մեջ։ Դա մի կատակ էր, մի դա՛ռն և չա՛ր կատակ։ Ուրիշ կերպով վրեժխնդիր լինել չէր կարող նա, բայց դրանով ևս չբավականացավ։
Երբ բոլորովին համոզվեցավ, որ նա քնած է, հեռացավ շնաբույնից, դիմեց դեպի բակի դուռը, ձեռքը տարավ փականքին, տեսավ, որ կողպված է։ Թեև դուռը ինքն է կողպել, բայց կամենում էր նորից ստուգել։ Հետո մտավ խրճիթը և կրկին վառեց ճրագը։ Մոտեցավ պառկած երեխաներին, նրանք նույնպես քնած էին, բոլորը մեկ վերմակի տակ։ Նա ուղղեց վերմակը, որ անհանգիստ երեխաները մի կողմ էին գցել։ Եվ ապա սկսեց ճրագով խրճիթի քունջ ու պուճարը որոնել։ Նա անդադար վեր էր առնում այս և այն առարկաները, նայում էր և մի կողմ էր գցում։ Կարծես, նրանք չէին հարմարվում մի նպատակի, որի համար կամենում էր ծառայեցնել։ Հետո գտավ մի կոտրած դանակ, փորձեց ձեռքի վրա, տեսավ, որ շատ բութ է։ Դանակը նույնպես մի կողմ դրեց։ Վերջապես գտավ մի թավլամեխ[1]․ այդ լավ էր, բայց պետք էր մի ուրիշ գործիք ևս նրան ցանկացած տեղը խրելու համար։ Վեր առեց քուֆտա ծեծելու օթակը[2]։ Այդ երկու զենքերով դիմեց նա դեպի շնաբույնը։ Կատվի նման իր քայլերը այնքան ուշիկ-ուշիկ էր փոխում, որ ամենևին ձայն չէր լսում։ Մի քանի րոպե կանգնեց շնաբույնի դռան առջև, ականջ էր դնում։ Երիտասարդը ոչ միայն ծանր կերպով խռմփում էր, այլ սկսել էր քնի մեջ խոսել։ Այդ ավելի հաստատ նշան էր, որ նա արթուն չէ։Այդ միջոցին երիտասարդը դեռ շարունակում էր խոսել քնի մեջ։ Նրա անկապ, խառնափնթոր խոսքերից կինը խիստ պարզ որոշեց այս նախադասությունը․ «Պետք է կոտորել բոլոր բեկյաններին»[3]․․․
Նա բոլորովին կատաղեց այդ խոսքերը լսելու ժամանակ։ Նա ինքը պատկանում էր նույն կուսակցությանը։ Նրա ամուսին այրը նույնպես բեկյան էր, և Բեկի կամավորների թվում, գուցե հենց նույն ժամում, կռվում էր նույն մարդու զորքերի հետ, որ այժմ տարածվել էր իր առջև, որի կյանքը այդ րոպեում իր ձեռքումն է։
«Դրանց պետք չէ խնայել․․․» — ասաց նա իր մտքում, և նրա աչքերը վառվեցան կատաղի բարկությամբ, — «որքա՛ն մարդիկ են կոտորել դրանք, որքա՛ն կնիկներ են անբախտացրել․․․ չկա մի գյուղ, չկա մի խրճիթ, որ դրանց ձեռքով ոչնչացած չլինի․․․ Դրանց պետք չէ խնայել․․․»։
Վերջին խոսքերի ժամանակ նա խաչակնքեց իր երեսը, ահագին երկաթյա մեխի սուր ծայրը դրեց երիտասարդի ճակատի վրա և օթակով այնպես սաստիկ զարկեց, որ մեխը մինչև կեսը խրվեցավ նրա գլխի մեջ։ Նա կրկնեց զարկը և տաք արյունը դուրս ցայտեց[ 318 ]վերքից։ Երիտասարդը գործեց մի քանի ցնցողական շարժումներ և հանգստացավ։
Կինը իսկույն դուրս եկավ, իր ետևից կողպելով շնաբույնի դուռը։