Դավիթ-բեկ/Երրորդ/ԺԴ
Հետևյալ օրվա առավոտյան պահուն, Ասլամազ-Կուլի խանը, մի խումբ թիկնապահ ձիավորներով, բերդի ներսի կողմից, վազվզում էր պարիսպների մոտով, քննում էր աշտարակները, նայում էր նշանավոր դիրքերին, կարգադրություններ էր անում, պատվերներ ու հրամաններ էր տալիս։
Բերդը բոլորած էր ամուր, բարձր շրջապարիսպներով․ բացի դրանից, նա ուներ բնական ամրություններ ևս․ մի կողմում խոր անդունդի նման ձգվում էր մի վիհ, որի միջոց անցնում էր Հալիձորի գետը․ մյուս կողմում բարձրանում էին սրածայր լեռներ։ Շրջապարիսպը յուրաքանչյուր քսան քայլ հեռավորության վրա ուներ աշտարակներ, որոնց վերևի մասը վերջանում էր ժանիքների նման ատամնավոր բարձրություններով։ Այդ բարձրությունների ետևում շարված էին զինվորներ, և հրացանների ծայրերը դնելով վերնապարսպի մեջ բացված ծակերում, սպասում էին։ Նրանք թաքնված էին աշտարակների ժանիքների ետևում, որ ծառայում էին նրանց որպես պատսպարան։
Մի քանի նշանավոր դիրքերի վրա դրած էին փոքրիկ թնդանոթներ, որոնց զամբուրակներ են կոչում, և հարկավորած ժամանակ, ուղտերի մեջքի վրա կապելով, շատ հեշտությամբ կարելի էր մի տեղից մյուս տեղ փոխադրել։ Բերդի շուրջը պատող ահագին խրամը լցրած էր ջրով։ Բոլոր կամուրջները քանդված էին, պահվում էր մեկը միայն հաղորդակցությունը դրսի հետ առժամանակ պահպանելու համար, մինչև թշնամու մոտենալը։
— Ես այդ անհավատներին ցույց կտամ, թե ի՜նչ է նշանակում պաշարել իմ բերդը, — ասաց խանը կատաղությամբ, և դիտակը դնելով աչքերին, սկսեց վերնաբերդի բարձրությունից նայել, արդյոք երևո՞ւմ էր թշնամին, թե ո՜չ։ Ոչինչ չէր երևում։
— Եթե ծովերի ավազները զորքեր դառնան, ձեր զորության առջև կփշրվեն և փոշու նման օդի մեջ կցնդին, խան, — պատասխանեցին շողոքորթները, որ շրջապատել էին նրան։
Խանը միջահասակ մարդ էր․ փառավոր սև մորուքը հասել էր մինչև գոտին։ Այսօր ոտքից ցգլուխ զինված էր նա, իր հպատակներին օրինակ տալու համար։ Նա ցած իջավ վերնաբերդից, կրկին նստեց իր ձին և դիմեց դեպի մի այլ դիրք հետազոտելու համար։ Թիկնապահ ձիավորների բազմությունը հետևեց նրան։
Բերդի մեջ տիրում էր սարսափելի խռովություն և իրարանցում։ Դեռ չլուսացած, բոլորը ոտքի վրա էին։ Տղամարդիկը զինվում էին պաշտպանվելու համար, կնիկները տների իրեղենները թաքցնում էին հափշտակությունից զերծ պահելու համար։ Ամեն կողմից լսելի էին լինում հուսահատական ձայներ, խառն աղաղակների և արտասուքի հետ։
Վաղորդյան ժամն էր, թեև արևը դեռ չէր ծագել, բայց այնքան լույս էր, որ կարելի էր առարկաները փոքր հեռավորության վրա որոշել։ Շրջակա լեռները ծածկված էին թանձր մառախուղով։ Հեռվից ոչինչ չէր տեսնվում։
Այդ միջոցին Դավիթ բեկի զորքերը, զանազան գունդերի բաժանված, դժվարին, զարտուղի ճանապարհներով դիմում էին դեպի բերդը։ Առաջապահների մի խումբ, Բայինդուր իշխանի հրամանատարության ներքո, բավական մոտեցել էր բերդին։ Մի այլ խումբ, Մխիթար սպարապետի հրամանի ներքո, մոտենում էր բերդին ուրիշ ճանապարհով։ Ինքը, Դավիթ բեկը Թորոս իշխանի հետ պահել էին իրանց ձեռքի տակ գլխավոր ուժը, որ բաղկացած էր երկու հազար հետևակներից և երեք հարյուր ձիավորներից։
Մինչև բերդը հասնելը, զանազան կետերի վրա, թյուրքերը ամրացրել էին մի քանի դիրքեր, որ թույլ չտան թշնամուն մոտենալ և պաշարել բերդը։
Այդ դիրքերից մեկը գտնվում էր դեպի բերդը տանող նեղ ճանապարհի վրա և բոլորից ամուրն էր։ Երկու լայնանիստ բլուրներ, երկու հսկայական սյուների նման, բռնել էին նեղ ճանապարհի աջ և ձախ կողմերը, թողնելով իրանց մեջտեղում մի նեղ և երկայն կիրճ։ Այդ կիրճից պետք է անցներ Բեկի զորքը, բերդին մոտենալու համար։
Բայինդուր իշխանը, առաջապահ խումբերից մեկի հրամանատարը, դիմում էր ուղիղ դեպի կիրճը։ Նրա հետ էր հալիձորցի Մելիք-Փարսադանը։ Երբ մոտեցան, նա դարձավ դեպի մելիքը, ասելով․
— Լսիր, մելիք, այսօր պարսից թագավորի «բաթման ղլիճը» այդ անպիտանների գլխին մի խաղ պիտի խաղա։
— Ի՞նչ խաղ, — հարցրեց մելիքը ժպտալով։
— Մի այնպիսի խաղ, որ իրանց կյանքում տեսած չլինեն, — պատասխանեց պարսից թագավորի «բաթման ղլիճը» իր սովորական եղանակով։ — Անպիտանները վատ տեղ են բռնել, եթե այդ նեղ կիրճի մեջ մտնելու լինենք, մեզ կխեղդեն, իսկ եթե նրանց գտնված բարձրության վրա գնանք, վերևից մեզ լավ կքոթկեն։ — Պետք է մի հնար գործ դնել, որ նրանք բլուրների գագաթից ցած իջնեին։ Ներքևում ավելի հեշտ կլիներ նրանց ջարդել։
— Ի՞նչ հնարքով կարելի է ցած բերել, — հարցրեց մելիքը։
— Ահա ինչ հնարքով․ դրանք հավի խելք ունեն, «քի՛շ» անես, կփախչեն, «ջու-ջու» անես, կմոտենան։ Հարկավոր է սկզբում մի թեթև հարձակում գործել․ երբ նրանք կընդդիմանան, պետք է կամաց-կամաց խույս տալ և ապա փախուստ ձևացնել։ Այդ ժամանակ նրանք մեր ետևից ընկնելու համար կիջնեն իրանց բարձրություններից, և տափարակի վրա մենք նրանց «հոգվոցը» կկարդանք․․․
— Փորձենք․․․ — ասաց մելիքը, և Բայինդուր իշխանի հետ իրանց ձեռքի տակ եղած խումբը երկու մաս բաժանելով, երկու կողմից սկսեցին դիմել դեպի կիրճի աջ և ձախ կողմերում գտնված բարձրությունները, որ ծածկված էին թյուրք հրացանակիրներով։
Զուռնայի և դավուլի ձայնը տվեց հարձակման առաջին նշանը։ Չնայելով, որ հայ զինվորներին հրամայված էր ձևի համար միայն հարձակում գործել, բայց այդ թյուրքի արյան ծարավի քաջերը, «կեցցե Դավիթ բեկ» գոռալով, առաջ մղվեցան, կամենում էին սար ու ձոր ոտքի տակ տալ և իրանց վրեժը առնել։ Նրանք զինված էին հրացաններով, նիզակներով և խենջարներով։ Բոլորի թիվը հազար հոգի էր, հինգ հարյուր Բայինդուր իշխանի հրամանի ներքո, հինգ հարյուր ևս Մելիք-Փարսադանի հրամանի ներքո։ Բայինդուր իշխանը, իր խումբի առաջն անցած, դիմում էր դեպի կիրճի աջ կողմի բարձրությունը, իսկ Մելիք-Փարսադանը՝ ձախ կողմի բարձրությունը։ Բլուրների զառիվները սաստիկ ուղղաձիգ էր․ հայոց զինվորները երբեմն կատվի նման ճանկռոտելով ապառաժները, երբեմն օձի նման սողալով մացառների միջով, իսկ երբեմն գազանների նման ոստյուններ գործելով խորին խրամատների վրայով, առաջ էին խաղում։ Վերևից թյուրքերի հրացանները որոտում էին․ բայց դեռ այնքան տարածություն կար, որ գնդակները չէին հասնում։ Հայերը չէին պատասխանում, երբեմն միայն արձակում էին իրանց հրացանները օդի մեջ։
Արևը ծագեց, բայց ճառագայթները դեռ չէին երևում․ թանձր մառախուղը պատել էր հորիզոնը․ սար, դաշտ, հովիտ կորած էին մթին մռայլի մեջ։
— «Գայլը ամպ օր կուզե, գողը՝ մութ գիշեր»․․․ մտածեց պարսից թագավորի «բաթման ղլիճը»։ — Այդ մառախուղից կարելի է օգուտ քաղել․․․
Թավ հոնքերի տակ թաքնված խոշոր աչքերը առյուծի նման դարձրեց նա դեպի իր շուրջը։ Մառախուղը հետզհետե թանձրանում էր, և կարծես, ձյունի պես սպիտակ, փխրուն լեռներ կուտակվում էին մինը մյուսի վրա։ Եղանակի այդպիսի փոփոխությունը Հայաստանում հատուկ է Սյունյաց աշխարհին միայն․ հանկարծ ամենապարզ օրը ընդունում է մառախլապատ մթնոլորտ։
Եղանակի փոփոխության համեմատ Բայինդուր իշխանը փոխեց և իր գործողության ծրագիրը, որ կազմել էր Մելիք-Փարսադանի հետ։ Նա թողեց այն կարգադրությունը, որով մտածում էր՝ սկզբում թեթև հարձակում գործել, հետո փախուստ ձևացնել, և թշնամուն հրապուրելով, իր բարձրությունից ցած իջեցնել։ Այդ բավական կզբաղեցներ նրան։ Իշխանը սիրում էր գործի մեջ տեսնել շուտափույթ վախճան։ Նա նկատեց, որ լեռան զառիվերը մագլցելը հետզհետե դժվարելանելի էր դառնում․ եթե երկար շարունակվեր, զինվորները բոլորովին ուժաթափ կլինեին հոգնածությունից։ Մյուս կողմից, տեսնում էր, որ բլուրների կողքերով ուղղակի գնալով, կարելի էր մի պտույտ գործել և անցնել կիրճի մյուս կողմը։ Շրջապատող մառախուղը հնար կտար այդ պտույտը բոլորովին աննկատելի կերպով կատարելու։ Անցնելով կիրճի մյուս կողմը, նա կվաստակեր երկու հաջողություններ․ առաջինը, հայոց զինվորները ազատ կմնային կիրճի մեջ մտնելուց և թյուրքերի գնդակակոծությանը ենթարկվելուց, երկրորդ, նա թշնամուն կթողներ իր ետևում, երկու կրակի մեջ, — իրա և Մելիք-Փարսադանի զորքերը մեջտեղում։
Նա կանչեց իր մոտ երևանցի մեկ ոտքից կաղ Օհանեսին, որ իր թիկնապահների թվումն էր գտնվում և հայտնի էր իր ճարպիկություններով։
— Տո, կաղ սատանա, մոտ եկ, — ասաց նրան, հարցնելով․ — դու իմանո՞ւմ ես, եթե այդ ուղղությամբ առաջ գնալու լինենք, ո՞րտեղ կդուրս գանք;
Նա ձեռքով ցույց տվեց ուղղությունը։
— Իմանում եմ, ուղիղ կդուրս գանք կիրճի մյուս կողմը, առանց նրա մեջ մտնելու, — պատասխանեց կաղ թիկնապահը։ — Բայց դրա համար պետք է ահագին պտույտ գործել։
— Իրավ է, բայց այդ ահագին պտույտը մեզ կազատե ժայռերի կուրծքը ճանկռտելուց և քարափների գլխից ցած գլորվելուց, որով շատ հեշտ կարելի է վիզը կոտրել։
— Կարելի է, — պատասխանեց կաղը, հավանություն տալով։
— Այդ էլ կարելի է, որ մենք անցնելով կիրճի մյուս կողմը՝ թշնամուն կբռնենք երկու կրակի մեջ։
— Կարելի է, եթե նրանք մեր շարժումը չնկատեն։
— Ուզում ես ասել, մեր առաջը կկտրեն, կաշխատեն մեր ընթացքը արգելել․ — այդ ավելի լավ, մենք էլ հենց այդ ենք ցանկանում, որ նրանք ցած իջնեն իրանց բարձրություններից։ Բայց ես կարող եմ տասնևերկու առաքյալների և երեք հարյուր վաթսուն ու վեց հայրապետների անունով քեզ հավատացնել, որ նրանք չեն տեսնի մեր շարժումը։ Տեսնո՞ւմ ես մառախուղը, այժմ ավելի ու ավելի մռայլ գույն է ստանում։
Թիկնապահը նայեց իր շուրջը, և իրավ, սպիտակ մառախուղը այժմ սկսել էր մոխրագույն ամպերի կերպարանք ստանալ։
— Այդ բոլորը գիտե՞ս, թե ինչու համար քեզ հետ խոսեցի, — հառաջ տարավ իշխանը․ — որ քեզ հասկացնեմ իմ դիտավորությունը։ Ես ահա այդ ուղղությամբ պետք է առաջ գնամ։ Իսկույն կվազես Մելիք-Փարսադանի մոտ, կհայտնես իմ միտքը։ Հասկացա՞ր։ — Հասկացա․․․ — պատասխանեց կաղը և պատրաստվեցավ ճանապարհ ընկնելու։
— Դե՜, իմ քաջ, շուտով, — խրախուսեց նրան իշխանը․ — դու քո կաղ ոտքով դարձյալ իմ թիկնապահների մեջ ամենից ավելի արագավազն ես։ Իմ կողմից կհայտնես մելիքին, որ իր տեղում անշարժ մնա, մի քանի ժամից հետո թշնամին իմ ու նրա մեջտեղում կլինի․ այն ժամանակ պետք է խեղդել երկու կողմից։
Կաղ թիկնապահը սատանայի նման աներևութացավ։
Իշխանը իր ձեռքի տակ գտնված խումբից չորս հարյուր հոգի իր հետ վեր առնելով, դիմեց դեպի ընտրած ուղղությունը, իսկ հարյուր հոգի թողեց առաջվա տեղում, որ «զբաղեցնեն» թշնամուն, շարունակելով հրացանաձգությունը, որպեսզի կարծել տան, թե ամբողջ զորքը այնտեղ է գտնվում։
Իշխանի ընտրած ուղղությամբ, որպես կարծում էր նա, այնքան հեշտ չէր անցնել։ Պետք էր իջնել ահագին վիհերի մեջ, հետո վեր բարձրանալ, կրկին իջնել, կրկին բարձրանալ, և այսպես սարսափելի ելևէջներով շարունակվում էր ճանապարհը, որտեղից վայրենի այծերը միայն կարող էին անցնել։
Անընդհատ անձրևները, սրընթաց հեղեղատները կտրատել էին լեռների կուրծքը և ամեն տեղ բաց էին արել խորին, ահռելի անդունդներ, որ ծածկված էին փշոտ թփերով և ճոխ մացառներով։ Խիտ պատուտակները հյուսել էին միմյանց հետ այդ հարուստ, վայրենի բուսականությունը, որի միջով օձերը միայն կարող էին սողալ։ Բայց հայ զինվորը, իր լեռների հարազատ որդին, անցնում էր այնտեղից։ Դժվարությունները ավելի գրգռում էին, ավելի բորբոքում էին նրա գորովն ու ոգևորությունը։ Հայրենասիրությունը, հայրենիքի ազատության գաղափարը նրա մեջ հասած էր վերին աստիճանի անձնազոհության։ Այսօր պետք էր տիրել մի բերդի, որ երկրի ամենանշանավոր ամրություններից մեկն էր․ պետք էր կամ մեռնել, կամ տիրել, — այդ էր յուրաքանչյուրի ուխտը։
Մինչ Բայինդուր իշխանը իր խմբով դանդաղ, բայց եռանդոտ կերպով առաջ էր գնում, այդ միջոցին Մելիք-Փարսադանը լեռան մյուս կողմում բոլորովին այլ ձեռնարկության վրա էր մտածում։ Նրա տարիքը անցել էր վաթսունից։ Ծերունի զորապետի մազերը ճերմակել էին անընդհատ կռիվների և արյունահեղության մեջ։ Հոգով նա մի հմուտ և փորձված զինվոր էր, իսկ խելքով՝ երկրի լավ կառավարիչ։ Հալիձորը իր շրջակա գյուղորայքով պատկանում էր նրան։ Նրա և թյուրք զինվորների մեջ շարունակվում էին թեթև հրացանաձգություններ։ Ոչ մի կողմը չէր կամենում վճռական քայլ անել, և հարձակում գործել։ Հրացանները արձակվում էին ավելի ցույցի համար, կարծես, մինը մյուսին ասել էր ուզում․ «Տես, ես այստեղ եմ․․․»։
Մառախուղը այժմ բոլորովին կորցրել էր իր ճերմակությունը և մոխրի գույն էր ստացել։ Հանկարծ բարձրացավ թեթև, բայց սառն քամի․ սկսեց մանր կերպով անձրևել։ Այդ երևույթը, որ կռվի ժամանակ կարող էր ուրիշներին տհաճություն պատճառել, ազդեց ծերունի զորապետի մեջ մի ներքին ուրախություն։ Նրա դեմքի կնճիռները ցնցվեցան և ժպիտի նման մի բան փայլեց խորին աչքերի մեջ։ Այդ միջոցին հայտնվեցավ կաղ Օհանեսը և հաղորդեց նրան Բայինդուր իշխանի պատվերները։
— Կռվի ժամանակ այսպիսի հաստատ և անփոփոխ որոշումները շատ անգամ կարող են վնասակար հետևանք ունենալ, — պատասխանեց նա իր սովորական հանդարտությամբ։ — Պետք է հարմարվել հանգամանքների և պայմանների փոփոխության հետ։ Նա հրամայում է ինձ իմ տեղում անշարժ մնալ, բայց դուք ի՞նչ կասեք այդ անձրևին։
— Անձրևին ես ոչինչ ասել չեմ կարող, — պատասխանեց կաղ պատգամաբերը ծիծաղելով․ — նա իր քեֆը ուզածի չափ, որքան կամենա, այնքան էլ կգա։
— Այո՜, որքան կամենա, այնքան կգա, — ասաց ծերունի զորապետը նույնպես ծիծաղելով։ — Բայց ես այդ մթին ամպերից գուշակում եմ, որ երկար կգա։ Մանր անձրևները մեր երկրում շուտով չեն դադարում։ Եվ այդ անձրևի հետ կապված է մեր հաջողությունը․․․
— Այսինքն, շուտով ամենքս թրջված հավ կդառնանք․․․
— Ես կրկնում եմ, որ այդ անձրևի հետ կապված է մեր հաջողությունը։ Այդ կարելի է վճռված բան համարել։ Դու գիտես, որ թյուրքերը զինված են այնպիսի հրացաններով, որ վառվում են փիլթաներով (ֆիտիլ)։ Անձրևը անպատճառ կթրջե փիլթաները և ոչ մի հրացան արձակել չեն կարող։ Իսկ մեր մարդիկը ունեն գեղեցիկ կայծհանավոր հրացաններ, որ անձրևից շատ չեն վախենում։ Այժմ կարելի է համարձակ հարձակում գործել և մի քանի ժամից հետո բոլոր թյուրքերին իրանց բարձրություններից կթափենք ձորի մեջ։
Մելիք-Փարսադանի ձեռնարկությունը իսկապես չէր հակառակում Բայինդուր իշխանի դիտավությանը, այլ ավելի նպաստում էր նրան։ Իրավ է, որ հայերը զինված էին լավ հրացաններով, որ սպահանցի վաճառականների միջնորդությամբ, Ռուսաստանի և Կասպից ծովի վրայով, ստացվել էին Եվրոպայից։ Հայոց զինվորը առաջին անգամ տեսնում էր իր հրացանի ծայրին սվին և այդ այնքան զվարճացնում էր նրան, որքան մի նոր խաղալիք երեխայի ձեռքում։
Որի ընդհակառակն, թշնամու հրացանները բոլորովին հին ձևի էին և սաստիկ ծանր։ Նրանք սվինների փոխարեն ունեին իրանց ծայրին երկճղի եղջյուրներ, որ շինված էին փայտից և ծառայում էին որպես նեցուկ։ Եղջյուրները այնպես էին հարմարեցրած, որ հեշտությամբ շարժվում էին․ արձակելու ժամանակ կարելի էր նրանց սուր ծայրերը ամրացնել գետնի մեջ, որպես երկու ոտիկներ, և հրացանի փողը հորիզոնական ձևով կանգնեցնել նրանց վրա։ Այդ այն հարմարությունն ուներ, որ ծանր հրացանը դողդոջուն ձեռքի մեջ բնավ չէր շարժվի։ Իսկ երբ պետք չէր գործ ածել, կարելի էր եղջյուրները հրացանի փողի ուղղությամբ շուռ տալ, այդ դրության մեջ նրանք սվինի ձև էին ստանում, միայն փայտից շինված[1]։
Անձրևը մանրիկ կաթիլներով դեռ մաղվում էր։ Բարեբախտաբար ցեխ չէր գոյացնում․ ավազոտ հողը ծծում էր իր մեջ վերևից թափված խոնավությունը։ Բացի դրանից, լեռների տափարակները պատած էին կամ խիտ խոտաբույսերով, կամ սալացած ապառաժներով, որոնց վրայից վազում էր ջուրը։
Այդ բոլոր հանգամանքները լցնում էին Մելիք-Փարսադանի սիրտը անսահման ուրախությամբ։ Ծերունի զորապետը, կարծես, կրկին մանկացել, երիտասարդական աշխույժ և եռանդ էր ստացել։ Խորտակված, միմյանց վրա դիզված ժայռերը, պատի նման ուղղաձիգ ապառաժները, լեռների դժվարելանելի դարիդուսը, և տեղ-տեղ խորին խրամատները ամենևին չէին վհատեցնում նրան։ Իր զորքերի առաջն անցած, խրախուսում էր նրանց, սիրտ էր տալիս, և հորդորում էր առաջ մղվել։
— Դե՜, զավակներս, այդ սարն էլ անցնենք, թշնամին մեր ճանկերի մեջ կլինի։
Իսկ նրա զավակները առյուծի նման առաջ էին գնում, և բնավ պետք չունեին հրամանատարի քաջալերությանը։
Երբ բավական տարածություն անցան, ծերունի զորապետը հրամայեց զինվորներին, որ փոքր-ինչ հանգիստ առնեն, կազդուրվեն, վերջնական հարձակումը գործելու համար։ Նրանք անկանոն կերպով նստոտեցին քարերի վրա։ Ոմանք սկսեցին ծխել, ոմանք իրանց պարկերի միջից դուրս բերելով արաղի փոքրիկ սրվակները, խմում էին և իրանց ընկերներին «համեցեք» էին անում։ Նրանց զվարթ երեսները, շառագունած, փթթած լեռնային օդից ու եղանակի զովությունից, արտահայտում էին խորին բավականություն։ Կարծես, խնջույքի մեջ էին նստած, կամ հարսանիքի հանդես էին կատարում։
Զինվորները մի առանձին համազգեստ չունեին, այլ կրում էին իրանց տեղային հագուստը, որ պատրաստված էր հայ կնոջ ձեռքով մանված բուրդից, նրա ձեռքով գործված շալից, և նրա մատներով կարված «գեյմայից»։ Այդ փոքր-ինչ կոշտ գործվածքները այն առավելությունն ունեին, որ անձրևի տակ թրջվելով, ավելի պնդանում էին և բոլորովին անթափանցիկ էին դառնում։ Այդ պատճառով, նրանք խիստ անհոգ կերպով նստած էին անձրևի տարափի ներքո, միայն իրանց զենքերը ծածկելով վերարկուների տակ։
Մինչ զինվորները նստած հանգստանում էին, ծերունի զորապետը ոտքի վրա անհանգիստ կերպով այս կողմ և այն կողմ էր գնում։ Երբեմն կանգնում էր նա և ականջ էր դնում։ Մթին թուխպերի թանձրությունից, մի հիսուն քայլ հեռավորության վրա, ոչինչ չի կարելի տեսնել։ Աչքի փոխարեն ծառայում էր ականջը։ Ծերունի զորապետի լսողությունը, չնայելով նրա հասակին, դեռ չէր կորցրած իր վաղեմի սրությունը։ Նա հետազոտում էր ամեն մի աննշան շշունջ, քննում էր ամեն մի անորոշ հնչյուն և ձայնահմայի[2] նման նրանցից գուշակություններ էր անում։ Նա կանչեց իր մոտ Ավթանդիլ գնդապետին, ասելով․
— Նկատո՞ւմ ես, թշնամու հրացանների ձայնը հիմա սկսեց նվազիլ, երևում է, անձրևը թույլ չի տալիս նրանց շուտ-շուտ կրակ տալ։
— Ես էլ այդպես եմ կարծում, — պատասխանեց գնդապետը, ինքն էլ նույնպես ականջ դնելով։
— Նկատո՞ւմ ես, — դարձյալ հարցրեց ծերունի զորապետը, — հրացանների ձայնը ավելի մոտից է լսվում, երևում է, թշնամին մեզանից շատ հեռու չէ գտնվում։ — Նրանք այդ բլուրի ետևում են, — խոսակցության մեջ մտավ կաղ Օհանեսը, հանկարծ հայտնվելով, կարծես, գետնից բուսավ նա։
— Ի՞նչ գիտես, — հարցրեց ծերունի զորապետը հետաքրքրությամբ։
— Մի ժամ առաջ ես նրանց բանակի մոտից անցա, այնքան մոտից, որ կարողացա բոլորը տեսնել։ — Եվ նա սկսեց պատմել իր տեսածները, որից երևաց, թե թշնամին բավական բազմաթիվ է, թե նրանց հրացանները, թեև բանի պետք չեն, բայց ամենքն ունեն սրեր, որ ձեռնամերձ կռվի ժամանակ կարղ են գործ ածել։ Մի քանի ուրիշ մանրամասնություններ ևս հաղորդելուց հետո, ավելացրեց նա․
— Երևում է, Բայինդուր իշխանը բավական հեռու է գնացել, և գուցե անցել է կիրճի մյուս կողմը։ Թշնամին, որպես ես նկատեցի, հոտը առել է․ պատրաստվում էին շարժվել դեպի այն կողմը։
— Բայինդուրից շատ խեր չեն տեսնի, — ասաց ծերունի զորապետը ժպտալով, և դարձավ դեպի Ավթանդիլ գնդապետը․
— Մերոնք բավական կազդուրվեցան, հիմա պետք է վրա տալ․ սկզբում հրացանի բռնել․ հետո սկսել ծակծկել․․․
Ավթանդիլ գնդապետը Դավիթ բեկի հետ Վրաստանից եկած քաջերից մեկն էր, մոտ քառասուն տարեկան մի տղամարդ, որ հայտնի էր իր հանդուգն և անվեհեր անձնավստահությամբ։
— Պետք է սկսել․․․ — կրկնեց նա ծերունի զորապետի վերջին խոսքը։ — Մենք բավական ժամանակ կորցրինք։ Թեև արևը չէ երևում, բայց կեսօր է արդեն։ Մենք մինչև այժմ պետք է մաքրեինք ճանապարհը։ Շուտով կհասնեն Բեկի զորքերը, բայց մինչև նրանց հասնելը, այդ անպիտաններին պետք էր քշել ճանապարհից։
Այդ կարճ պատերազմական խորհրդից հետո, որ կատարվեցավ ոտքի վրա, ծերունի զորապետը հարկավոր պատվերները տվեց գնդապետներին, և հայկական զորքը մի քանի խումբերի բաժանելով, սկսեցին գնալ։
Թեև ամպամած մթնոլորտի մեջ անկարելի էր նշմարել թշնամուն, բայց նրանք արդեն գիտեին, թե գլխավորապես որտեղ էր ամրացած նա։ Կաղ Օհանեսի հաղորդած տեղեկությունները բոլորովին ուղիղ էին։ Նա ճշտությամբ լրտեսել էր թշնամու բանակը։ Պետք էր անցնել մի բլուր․ թշնամին նրա ետևումն էր։ Իսկ բլուրը անցնելու համար բավական դժվարություններ կային․ նրա գագաթի վրա կանգնած էին մի խուբ թյուրքեր, որ մթին ստվերի նման նկարված էին հորիզոնի վրա։ Երբ բոլորովին մոտեցան, ծերունի զորապետը ձայն տվեց։
— Կրա՜կ․․․
— «Կեցցե՛ Դավիթ բեկը», — գոռացին հայ զինվորները և նույն վայրկենում հրացանները միանգամից որոտացին։ Թանձր ծուխը միախառնվեցավ մթին թուխպերի հետ և սոսկալի դղրդյունը շանթերի բոմբյունի նման կտրատվելով տարածվեցավ լեռների մեջ։
Հորիզոնի վրա նկարված ստվերը չքացավ։ Երևում էր, թյուրքերի խումբը կամ ընկավ, կամ ցրվեցավ։
— Դրանք այդպես են, — ասաց հայ զինվորներից մեկը իր ընկերին․ — երբ վրա տաս, կփախչեն, երբ հետ դառնաս, գազան կդառնան։
Առաջին կրակից հետո կրկին տիրեց խուլ լռություն․ միայն լսելի էր լինում սումբաների խշխշոցը, որոնցով դարձյալ լցնում էին հրացանները։
Եվ իրավ, բլուրի գագաթի վրա կանգնած թշնամու խումբը ցրվեցավ խիստ փոքր կորուստով։ Նրանք պահակներ էին և ավելի ոչինչ։ Բայց գլխավոր ուժը գտնվում էր բլուրի մյուս կողմում։
Հայ զինվորները առանձին խումբերով, գազանների արագությամբ անցան նույն բլուրի գագաթի վրա, որտեղ առաջ կանգնած էին թշնամու պահակները։ Այդ դիրքին տիրելը մի մեծ հաջողություն էր, որ կատարվեցավ կես ժամվա մեջ։
Բլուրի գագաթը այնքան սրածայր չէր, որպես հեռվից երևում էր։ Այստեղից տարածվում էր մի հարթ տափարակ, որ պատած էր խոտով։ Տեղ-տեղ բուսել էին ողորմելի թուփեր, կամ կարելի էր տեսնել մի-մի վայրենի տանձենի։
Անձրևը դադարել էր․ երկինքը փոքր առ փոքր պարզվում էր․ ամպերի ետևից աղոտ կերպով տեսնվում էր արևի սքողված բոլորակը։
Օդի նսեմության միջից թշնամին նկատեց հայ զինվորների մոտենալը, և մի քանի զամբուրակներ արձակվեցան դեպի հայոց զորքը։
— Այդ անպիտանները թնդանոթներ էլ են ունեցել, — բացականչեց ծերունի զորապետը ուղիղ այն րոպեում, երբ ռումբերից մեկը ընկավ նրանից մի քայլ հեռու։ — Տղերք, կրակ տվեցեք։
Այս անգամ ոչ բոլորը միասին, այլ յուրաքանչյուր խումբ փոփոխակի կերպով սկսեցին հրացաններ արձակել և միևնույն ժամանակ առաջ խաղալ։ Թշնամու կողմից հրացաններ շատ փոքր թվով էին արձակվում․ նրանք պատասխանում էին զամբուրակներով, որ երեք հատից ավելի չպիտի լինեին։ Կռիվը այս կերպով շարունակվեցավ մի ամբողջ ժամ։
Այդ միջոցին Ավթանդիլ գնդապետը, մոտենալով ծերունի զորապետին, ասաց․
— Այդ երեխայական խաղից ոչինչ չի դուրս գա, հրամայեցեք վերջնական կերպով հարձակում գործեն։
— Այժմ վտանգավոր է․․․ — պատասխանեց ծերունի զորապետը փոքր-ինչ վրդովված ձայնով։ — Նայեցեք, թշնամու բանակները միացան։
Գնդապետը նայեց դեպի այն կողմը, որ ցույց տվեց ծերունի զորապետը։ Նա տեսավ, իրավ, թշնամու մյուս զորաբաժինը, որ գտնվում էր կիրճի աջ կողմում (այսինքն այն կողմում, որտեղից պետք է անցներ Բայինդուր իշխանը), թողնելով իր դիրքը, եկավ, միացավ առաջինների հետ։
— Պատրաստ եմ երդվել, որ Բայինդուրը այդ հիմարներին մոլորության մեջ է ձգել, — խոսեց Ավթանդիլ գնդապետը ուրախությամբ ծափ տալով։ — Դուք ինչպե՞ս եք կարծում, մելիք։
— Շուտով կհայտնվի, — պատասխանեց ծերունի զորապետը։ — Բայինդուրը գործի մեջ զանցառություն չէ սիրում, նա ինքը տեղեկություն կտա մեզ։ Բայց մինչև տեղեկություն ստանալը պետք է այդ բլուրը, որ մենք ձեռք բերեցինք, պահպանել։
Մինչ հայ զորապետները այսպիսի անորոշ կարծիքների մեջ էին, թշնամու բանակները միմյանց հետ միանալով, ավելի և ավելի ստվարացան։ Եվ նրանք, որ մինչև այժմ պաշտպանողական դիրք էին բռնած, սկսեցին հարձակողական կերպարանք ընդունել։
«Յա՜ Ալի․․․» — գոռացին հազարավոր ձայներ և լեռները թնդացրին վայրենի աղաղակներով։
Այդ սրբազան անունը լցնում է մահմեդականի սիրտը կատաղի ոգևորությամբ, այդ անվան հետ կապված է նրա բոլոր կրոնական զգացմունքը․ այդ անունը արտասանելիս նա մոռանում է ամեն ինչ՝ թե իր անձը, թե իր կյանքը, և խավար մոլեռանդությամբ պատրաստ է բոլորը զոհել նրա սիրո համար։
«Կեցցե՛ Դավիթ բեկ», — գոռացին հայոց քաջերը և պատասխանեցին թշնամուն հրացանների կրակով։
Գետինը ծածկվեցավ դիակներով։ Բայց թշնամին դրանից չվհատելով, մի երկրորդ հարձակում ևս գործեց։ Զամբուրակները այժմ ավելի ստեպև ստեպ կերպով սկսեցին որոտալ։ Հայերը ոչ մի թնդանոթ չունեին․ միայն ժայռերի ետևում պատսպարված, թուփերի մեջ թաքնված, կամ խրամատների խորության մեջ մտած, հրացաններ էին արձակում։
Այդ միջոցին մի երիտասարդ, երեսից քրտինքը սրբելով և հազիվ շունչ քաշելով, մոտեցավ ծերունի զորապետին, ասելով․
— Ինձ ուղարկեց ձեզ մոտ Բայինդուր իշխանը․ ասաց՝ իմ կողմից շատ բարև արա մելիքին, հայտնիր, որ պարսից թագավորի «բաթման ղլիճը» մազե կամուրջից անցավ․ այժմ թշնամին մեր երկուսի մեջտեղումն է գտնվում, եթե հունար ունես, բանացրու, — դու այն կողմից, ես այս կողմից։
Պետք էր ծանոթ լինել Բայինդուր իշխանի միտք արտահայտելու ձևի հետ, որ կարելի լիներ հասկանալ նրա իմաստը։ Իսկ այդ անգամ նրա հաղորդած տեղեկությունը բավական պարզ էր։ Իշխանը անցել էր «մազե կամուրջից», այսինքն կատարել էր այն սարսափելի պտույտը լեռների դարուփոսերի միջով, որը այնքան անձնավստահությամբ հանձն առեց նա։ Այժմ թշնամին գտնվում էր երկու հայ բանակների մեջտեղում և հեշտ էր երկու կողմից ջարդել նրան։
Մի քանի րոպեում այդ ուրախալի լուրը տարածվեցավ բոլոր հայ զինվորների մեջ, բոլորը առյուծի սիրտ և արծվի թռիչք ստացան։
— Տղե՜րք, ձեր հոգուն մատաղ, — ձայն տվեց ծերունի զորապետը, արագությամբ իր գունդերի միջից անցնելով․ — այնպես շարժվեցեք, որ ոչ մի հոգի ձեռքից բաց չթողնեք։
Թշնամու զամբուրակները կրկին որոտացին։
— Այդ զամբուրակները մեր զահլեն տարան, — ասաց հայ զինվորներից մեկը․ — մինչև ե՞րբ դրանց ձեռքում պիտի թողնենք․․․
— Շուտով կխլենք․․․ — պատասխանեց մի ուրիշ զինվոր։
Այդ միջոցին թշնամու զորքերի մեջ նկատվեցավ խռովություն։ Նրանց ետևից նույնպես կրակ էին թափում։
— Բայինդուրը հասավ․․․ — լսելի եղան հարյուրավոր ուրախալի ձայներ։
Թշնամին սեղմվեցավ երկու կրակների մեջ։ Բայց նա այնքան համառ էր, որ հեշտությամբ անձնատուր չէր լինի։ Կռիվը յուրաքանչյուր կողմից, զանազան կետերի վրա, կատաղությամբ շարունակվում էր։ Օդը մռայլված էր թանձր ծխով։ Այդ միջոցին մի խումբ, Ավթանդիլ գնդապետի առաջնորդությամբ, գնդակների կարկուտի միջից անցնելով, հարձակվեցավ ճեղքել թշնամու վաշտերը և տիրել զամբուրակներին։ Նրանցից մեկը, մի երիտասարդ, առաջ անցնելով, արծվի արագությամբ ընկավ թյուրքաց գլխավոր դրոշակակրի վրա, և իր սրի մի հարվածով նրան գետին տապալելով, խլեց դրոշակը։ Այդ միջոցին մի գնդակ անցավ նրա ոտքի ազդրի միջից։ Նա վեր բարձրացրեց դրոշակը, և «Կեցցե՛ Դավիթ Բեկ» գոչելով՝ ծիծաղելով ասաց․
— Ես այդ ոտքից հենց առաջ էլ կաղում էի․․․
Եվ իրավ նա երևանցի կաղ Օհանեսն էր։
Դրոշակի հափշտակությունը ազդեց թշնամու զորքերի մեջ ընդհանուր վհատություն։ Նրա վրա կարմիր գույնով նկարված էր Ալիի աջը, որ հովանավորում էր նրանց, որ ուժ և զորություն էր տալիս նրանց։
Բայց մի փոքր հեռու կատարվում էր սարսափելի կոտորած։ Ավթանդիլի խումբը կռվում էր թյուրքաց թնդանոթաձիգների հետ։ Հայերը աշխատում էին գրավել թնդանոթները, իսկ թյուրքերը պաշտպանում էին։ Այստեղ վառոդի փոխարեն գործում էր սուր երկաթը։ Հայոց սվինները հրաշք էին կատարում։ Արյունը առվակներով վազում էր։ Մարդիկ տապալվում էին մինը մյուսի վրա․․․
— Անիրա’վ, մինչև ե՞րբ պիտի տանջես մեզ․․․ — գոչեց Ավթանդիլ գնդապետը և իր ծանր սուրը իջեցրեց մի վիթխարի թյուրք զինվորի գլխին, որը տասնից ավելի վերք ստանալուց հետո, դարձյալ ձեռքից բաց չէր թողնում թնդանոթը։
Նա թնդանոթի փողը գրկած պահելով, այնպես էլ մնաց, միայն ճեղքված գլուխը թեքվեցավ մի կողմ, և տաք արյունը շատրվանի նման դուրս ցայտելով խոր վերքից, ներկեց իր պաշտպանած մահային անոթը։ Գնդապետը ձեռքով գետին գլորելով դիակը, գրավեց թնդանոթը։ Մնացած թնդանոթները նույնպես անցան հայերի ձեռքը։
Մինչ այստեղ այս էր կատարվում, մյուս կողմից Բայինդուր իշխանը իր որոտալից ձայնով գոռում էր իր զինվորներին․
— Տղերք, չարժե դրանց վրա վառոդ փչացնել, ծածկվեցե՜ք, ծածկվեցե՜ք․․․
Եվ հայ զինվորները գրոհ տալով, մեկը սրով, մյուսը նիզակով, մի այլը սվինով, ոմանք հասարակ քարերով խորտակում էին պատահած զինվորին։ Կոտորածը երկու կողմից ևս տևեց մի քանի ամբողջ ժամ, մինչև թյուրքերը աղաղակեցին։ — Ռայա՜․․․ ռայա՜․․․
Այսինքն անձնատուր ենք լինում կամ հպատակում ենք։
Բայինդուր իշխանը և նրա հետ շատերը այն կարծիքը հայտնեցին, թե պետք է բոլորին կոտորել, բայց ծերունի զորապետը ընդդիմացավ, հրամայելով, միայն զինաթափ անել և գերի վերցնել։ Թշնամու անասունները, սայլակները և ահագին քանակությամբ ռազմամթերք ընկան հայերի ձեռքը։ Այդ ճակատամարտի մեջ հայերը կորցրին մոտ 300 հոգի, բայց թշնամուց սպանվածների թիվը 2․000-ից ավել կլիներ, չհաշվելով վիրավորներին, որ համեմատաբար խիստ շատ էին։
— Այդ բոլոր ղալմաղալի մեջ, — ասաց Բայինդուր իշխանը մոտենալով ծերունի զորապետին, — մի ուրախալի բան կա միայն, որ մենք ձեռք ձգեցինք թշնամու թնդանոթները, որ մենք չունեինք։
— Այդ ուղիղ է, բերդը պաշարելու ժամանակ հարկավոր կլինի մեզ, — պատասխանեց ծերունի զորապետը իր սովորական բարի ժպիտով։ — Ես կարծում եմ, որ Բեկն էլ շատ գոհ կլինի դրանով․ նա սիրում է թշնամու զենքերը խլել, հետո իր դեմ գործ դնել։
— Բայց ո՞րտեղ մնաց այդ Բեկը, չէ երևում, — հարցրեց Բայինդուր իշխանը իր շուրջը նայելով, կարծես Բեկը նրանց հետ լիներ։
Դեռ ծերունի զորապետը չպատասխանած, հայտնվեցավ մի սուրհանդակ, որը հաղորդեց, թե Բեկը Թորոս իշխանի հետ և իրանց մոտ ունեցած զորքերով մտան կիրճի մեջ, այնտեղից անցնում են դեպի բերդը գնալու համար։ Նա ավելացրեց, որ Բեկին արդեն հայտնի էր կատարված հաղթությունը, և այդ պատճառով նա աներկյուղ կերպով մտավ կիրճի մեջ, գիտեր, որ ճանապարհը թշնամիներից մաքրված է։
— Իսկ Մխիթար սպարապետից լուր չունե՞ք, — հարցրեց սուրհանդակից ծերունի զորապետը։
— Ունեմ, նա էլ մի գեղեցիկ հաղթությունով դուրս է եկել Կարա-բուրունի անցքից, որ բռնած էր թշնամիներով։ Այժմ բերդին հասած կլինի սպարապետը։
— Իսկ մենք ի՞նչ սպասելիք ունենք, — ասաց Բայինդուր իշխանը, և հրաման տվեց ճանապարհ ընկնելու։
Գերիների թևքերը կապեցին չվաններով, նրանցից խլած ռազմամթերքը բարձեցին նրանց սայլակների վրա, նույն սայլակների վրա տեղավորեցին և հայ վիրավորներին, հետո ճանապարհ ընկան։ Բոլորովին մութ էր, երբ Բեկը Թորոս իշխանի հետ մի կողմից, Մխիթար սպարապետը մյուս կողմից, հասան բերդին։ Երբ Բայինդուր իշխանը Մելիք-Փարսանդի հետ եկան, — սկսվեցավ պաշարումը։