Դավիթ-բեկ/Երրորդ/ԻԲ
Որպես ամառային գիշերներում ճրագի լույսը դեպի ինքն է հրապուրում զանազան միջատներին, այնպես էլ ամրոցում հայտնված հրդեհը ամեն կողմից դեպի ինքն էր կոչում բերդաքաղաքի բնակիչներին։ Ոմանք լոկ հետաքրքրության համար, ոմանք օգնություն հասցնելու համար, ոմանք զվարճանալու համար վազում էին դեպի հրդեհը։ Ամբոխը մի մեծ երեխա է, սիրում է կրակի հետ խաղալ։ Բերդի պարիսպների մոտ կանգնեցրած պահապան զորքերն անգամ, հակառան զինվորական կարգապահության, թողեցին իրենց պահականոցները և վազեցին դեպի ամրոցը։ Կրակը հեղաշրջեց ամեն օրենք, կանոն և այն բոլոր կարգադրությունները, որ տնօրինված էին թշնամուն դեմ դնելու համար։
Հանգցնելու հնար չկար։ Երկու մեծ գետերից, որ անցնում էին բերդի մոտով, ջուր վերցնել անկարելի էր, որովհետև թշնամին դրսում կանգնած էր։ Իսկ բերդի մեջ գտնված ջուրը խմելու անգամ բավական չէր։
Հրդեհը հետզհետե տարածվում էր։ Կրակը խոհանոցի մասից անցել էր դեպի դիվանատունը, իսկ ախոռատան կողմից մոտենում էր կանանոցին։ Կատաղի քամին, մի հսկայական փուքսի նման, ավելի բորբոքում էր, ավելի բոցավառում էր նրան։
Այժմ սկսել էր այրվել դիվանատունը։ Դա ամրոցի ամենագեղեցիկ մասն էր։ Ահագին դահլիճների կամարները, որոնց վրա նկարիչները գործ էին դրել իրանց բոլոր ճարտարությունը, խորտակվում էին, և դղրդալով կործանվում էին դեպի ցած։ Հրեղեն բոցերը, խառն ծխային թանձր ամպերի հետ, դուրս էին հոսում աշխարհի բոլոր շքեղություններով զարդարված սենյակներից։ Պալատի փառքը, գեղեցկությունը և ամեն զեղխություններով լի վայելչությունը լուծվում էր, մոխիր էր դառնում։ Եվ ո՞ւմ ձեռքով։ — Մի աղախնի, մի թույլ աղջկա ձեռքով։ Դա մի դառն խրատ է, որով ժողովուրդը պատժում է բռնակալի ամբարտավանությունը, որով կամենում է ցույց տալ նրա ոչնչությունը։ Երկրների երկաթե գավազանով իշխողին պատժում է իր ստրուկներից ամենատկարի ձեռքով։ Կարծես կամենում է հասկացնել նրան․ «Տես, դու էլ նույնպիսի մի մարդ ես, որպես այն բյուրավոր մարդիկը, որոնց ճնշում ես քո ոտքերի տակ․․․»։
Երկու սոսկալի տարերք՝ կրակը և քամին — կարծես միաբանվել էին մի սերտ դաշնակցությամբ, ոչնչացնելու բոլորը, ինչ որ կառուցել էր բռնակալ ձեռքը իր զոհերի արյունով և արտասուքով։ Երկու տարերք գործում էին․ քամին, որպես արդարադատի վրեժխնդրության շունչը, և կրակը, որպես հարստահարված ժողովրդի անեծքի արհատայությունը․․․
Հրդեհը ավելի և ավելի ծավալվում էր, տարածելով իր շուրջը մի սոսկալի լուսավորություն։ Կանանոցի կիսամերկ գեղեցկուհիները, սարսափելով հանկարծակի վտանգից, քնաթաթախ դուրս էին թափվել իրանց օթյակներից։ Այդ թշվառները, մի այլ պատսպարան չգտնելով, հավաքվել էին բակի մեջ, և ոչխարի նման մինը մյուսի կողքին սեղմված, դողդողում էին, լաց էին լինում։ Նրանք մոռացել էին հարեմի փակված կնոջ թե՜ երկյուղը և թե՜ ամոթխածությունը, և դառն հառաչանքներով օգնություն էին աղաղակում։ Նրանց ձայնը գրավեց ներքինապետի ուշադրությունը, որը զայրացած կերպով մոտեցավ, և սպառնական խոսքերով ասաց․
— Քածեր, այդ ի՞նչ աղմուկ է, ինչո՞ւ եք հավաքվել այստեղ, դուք չե՞ք տեսնում, որ մարդիկ են նայում ձեզ վրա։
Կնիկները նկատեցին, որ կտուրների վրա, իրավ որ, բավական մարդիկ էին հավաքված։ Նրանք աշխատում էին քանդել մի կից շինվածք, որ միացնում էր կանանոցը դիվանատան հետ, որպեսզի արգելեն կրակի առաջ խաղալը։ Հարեմական կարգերին ընդդեմ էր, որ այդ մարդիկը տեսնեին խանի գեղեցիկ խանումներին, որոնք հրդեհի ծիրանագույն լուսավորության առջև ներկայացնում էին կենդանի պատկերների մի սքանչելի խումբ, զարհուրած, շվարած ընդհանուր սոսկումից, որպես Պոմպեի և Հերքուլանի կնիկները Էտնայի հրաբխության րոպեներում։
— Չե՞ք լսում, դեռ կանգնա՞ծ եք, — գոռաց ներքինապետը։
— Ո՞ւր գնանք, — եղավ թշվառների պատասխանը։
— Դժո՛խքը և գերեզմա՛նը․․․ եղավ ներքինապետի պատասխանը։ — Մտե՜ք ձեր օթյակները։
— Շուտով կրակը մեր օթյակներին կհասնի, — համարձակվեցավ հակառակել մեկը։
— Երբ որ այրվելու լինիք, այն ժամանակ ձեզ հրաման կտամ դուրս գալու։
Կնիկների խումբը ցրիվ եկավ, ամեն մեկը մտավ իր սենյակը, սարսափով սպասում էր կրակի մոտենալուն։
Ամրոցի բոլոր մուտքերը բաց էին, որ ժողովուրդը կարողանար օգնություն հասցնել։ Միայն կանանոցի դռների մոտ կանգնեցրած էին պահապաններ։ Այստեղ անցուդարձը արգելված էր։ Կանանոցի կտուրի վրա հավաքված բազմությունից երեքը գաղտնի կերպով բաժանվեցան և մոտեցան տանիքի մեզ ծանոթ փոքրիկ դռանը։ Ընդհանուր խռովության մեջ ոչ ոք չնկատեց նրանց մեկնելը։ Նրանցից մեկը գրպանից հանեց բանալին, բաց արեց փոքրիկ դուռը։ Երեքն էլ ներս մտան, դուռը կրկին փակվեցավ։
— Դուք այստեղ սպասեցեք, ես կգնամ նրան կբերեն, — հազիվ լսելի ձայնով ասաց նրանցից մեկը։
Երկուսը մնացին դռան մոտ, ներսի կողմից, իսկ երրորդը սկսեց մութ սանդուղքներով ցած իջնել։ Երբ հասավ վերջին աստիճանին, նա կանգնեց և նայում էր դեպի կանանոցի բակը, որը երբեմն լուսավորվում էր հրդեհի բոցերով, իսկ երբեմն խավարը պատում էր, երբ ծխային սև ամպերը ծածկում էին կրակի ճառագայթները։ Նա ընտրեց խավարի այդ վերջին րոպեներից մեկը և արագությամբ վազեց դեպի Զուբեյիդա խանումի սենյակը։ Ներքինի Ասադը այնտեղ չէր, ծերունին իր սղոցի թեփով լցրած բարձը վեր էր առել, և սատանան գիտե, թե որ անկյունում պառկած էր։ Նա մտավ խանումի սենյակը, որը միայնակ նստած էր, գրկած ունենալով իր հիվանդ երեխային, և գտնվում էր մի տեսակ տխուր, ուշակորույս ինքնամոռացության մեջ։ Տեսնելով անծանոթ մարդուն իր սենյակը մտնելիս, տիկինը սթափվեցավ և լալագին ձայնով աղաղակեց․
— Ինչ որ ուզում ես, տա՜ր, ես բոլորը քեզ կտամ, ի սեր աստուծո, երեխային մի՜ սպանիր։
Նա կարծեց, որ անծանոթը Բեկի զինվորներից մեկն էր, մտել էր իր սենյակը կողոպտելու։ Բայց նա մոտենալով տիկնոջը, կամաց շշնջաց․
— Սո՜ւս կաց, մի՜ վախիր, ես եկա քեզ էլ, քո երեխային էլ ազատելու։ — Չե՞ս ճանաչում ինձ։ Վերջին խոսքերի ժամանակ նա մի կողմ ձգեց գլխի ահագին մորթե գտակը, և նրա տակից դուրս թափվեցան կանացի երկայն գիսակները։
— Ա՛խ, Փարիշան, դո՞ւ ես, — բացականչեց տիկինը ուրախանալով։ — Ո՞րտեղ էիր, ինչո՞ւ, ինձ մենակ թողեցիր, ո՞ւր գնացիր։
— Սո՜ւս, — կրկնեց Փարիշանը, — կամաց խոսեցեք, վեր կացեք, վեր կացեք, պատրաստվեցեք, գնանք, քանի որ դեռ ուշ չէ։ Ես հետո կպատմեմ ձեզ, թե որտեղ էի։
— Ո՞ւր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում, — հարցրեց տիկինը շփոթվելով։ — Մի այնպիսի ապահով տեղ, ուր դուք ազատված կլինիք։ Շտապեցեք, ժամանակ կորցնելու չէ, մի քանի րոպեից հետո Բեկի զինվորները կթափվեն ամրոցի վրա և կրակից մնացածը նրանք սրով կոչնչացնեն։
— Ո՞ւր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում, — դարձյալ հարցրեց տիկինը, նստած տեղից չշարժվելով։
— Սառայի տունը, — պատասխանեց աղախինը նրա ձեռքից բռնելով։ — Սառան ձեր լավ բարեկամն է․ նա այնքան բարի է, որ դուք կարող եք նրա վրա վստահություն ունենալ։ Նա ինքը այստեղ է, եկել է ձեզ տանելու, սանդուղքների վրա սպասում է։
Տիկինը իսկույն չպատասխանեց․ տխուր մտածություններ տիրեցին նրա սրտին։ Նա թաշկինակը սեղմեց աչքերի վրա, և րոպեական լռությունից հետո, արտասավախառն հեկեկանքով հարցրեց․
— Դու ինձ առաջարկում ես փախչե՜լ, Փարիշան․․․
— Այո՜, փախչել, — պետք է անպատճառ փախչել այդ Սոդոմից, որ աստուծո բարկության հրովը կործանվում է․․․
Նրանց խոսակցությունը ընդհատեց մի սոսկալի, որոտաձայն դղրդոց։ Կարծես, հարյուր թնդանոթներ միասին արձակեցին, և կիսավեր ամրոցը հիմքից շարժվեցավ, օրորվեցավ, և փոքր էր մնում, որ մնացած մասերն էլ կործանվեին, տակնուվրա լինեին։
Փարիշանը վազեց, բաց արեց լուսամուտը, նայեց դեպի ծխի և փոշու մեջ կորած բակը։
— Այդ ի՞նչ էր, — հարցրեց սարսափած տիկինը։
— Ներքինապետի բարձր աշտարակը կործանվեցավ, նրա փառքը և իշխանությունը տապալվեցավ, — ծիծաղելով ասաց Փարիշանը։ — Կրակը անցնում է դեպի կանանոցը։
Իրավ, փուլ եկողը ներքինապետի աշտարակն էր, որի բարձրությունից «աղջիկների իշխանը» տիրում էր ամբողջ կանանոցի վրա։ Նա կործանվեցավ և իր ծանրության տակ փշրեց մի քանի այլ շինվածքներ։ Նրա որոտաձայն դղրդոցը բարձրացրեց հարյուրավոր կնիկների բերաններից զարհուրելի աղաղակներ, իսկ տիկնոջ գրկում զարթեցրեց քնած երեխային։
Նա իր գեղեցիկ աչքերը բաց արեց, և լուսամուտից տեսնելով դրսի լուսավորությունը, — ժպտալով ասաց․
— Արևը դուրս է եկել, ես ո՜րքան շատ քնեցի։
— Հա՜, զավակս, շատ քնեցիր, — պատասխանեց մայրը, նրան համբուրելով։ — Բայց դա արևը չէ․ այնտեղ կրակ են վառում․․․ — Ինչո՞ւ համար են վառում։
— Այնպես, վառում են․․․
— Երևի մի բան խորովում են։
Մայրը ոչինչ չգտավ պատասխանելու, կրկին համբուրեց իր զավակին։ Փարիշանը տեսնելով, որ ժամանակը անցնում է, սկսեց շտապեցնել իր տիկնոջը։
— Ուշանում ենք, տիկին, — ասաց նա․ — տվեցեք ինձ երեխային, իսկ դուք ծածկվեցեք այդ վերարկուի մեջ։
Տիկինը դրեց երեխային աղախնի գիրկը, ինքը վեր կացավ։
— Ո՞ւր ենք գնում, — հարցրեց հետաքրքիր երեխան։
— Պարտեզը, — պատասխանեց աղախինը, — այնտեղ լավ է, այդպես չէ՞։
— Լավ է, — ասաց երեխան, — այնտեղ խնձոր կա։
Աղախինը իր վերարկուի տակ ծածկեց երեխային, որ նրան ոչ ոք չտեսնե։ Իսկ նրա մայրը արդեն պատրաստ էր, նրա թուլասրտությունը անցավ։ Ազատության հույսը զորություն տվեց նրան։ Նա թողնում էր այն զնդանը, ուր ամբողջ յոթ տարի տանջվել էր, մաշվել էր, ուր թաղել էր իր երիտասարդության ամենաթանկագին օրերը։ Բայց երբ դուրս եկան սենյակից, տիկնոջ աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով։ Բնակարանը մարդու մտերիմ ընկեն է, նրա հավատարիմ խորհրդապահն է։ Ամբողջ յոթ տարի այդ շքեղազարդ սենյակին, ուր կենդանի թաղված էր նա, հավատացել էր իր սրտի ցավերը։ Նրա լուռ, գեղագրական պատերը միայն վկա էին եղել նրա արտասուքներին, բայց մխիթարել չէին կարողացել։ Այժմ թողնում էր իր սգարանը։
Բակում մարդիկ էին ման գալիս։ Խավարի մեջ դժվար էր որոշել նրանց։ Լույս չկար, բայց խեղդող ծուխը թանձր մառախուղի նման ծածկել էր շինվածքները։ Երբ իջան բակը, տիկինը հարցրեց․
— Հիմա Սառան ո՞րտեղ է։
— Սանդուղքների վրա, նրա հետ կա և մի տղամարդ, — պատասխանեց աղախինը։
Սառայի անունը լսելիս, երեխան գլուխը դուրս հանեց աղախնի վերարկուի տակից, և ճչալով բացականչեց․
— Սառային չեմ ուզի, Սառան վատ է, նա բողազս հուպ կտա․․․
Խեղճ երեխան մտաբերեց իր բժշկին և իր կոկորդի նույն գիշերվա ցավը։ Բայց Փարիշանը հանգստացրեց նրան, ասելով․ — Չէ, սիրելիս, դա այն Սառան չէ, դա ուրիշ Սառա է, քեզ լավ բաներ կտա։
Երբ սկսեցին բարձրանալ սանխուքներից, տիկինը հարցրեց․
— Ո՞վ է Սառայի հետ եկող տղամարդը։
— Մի վարդապետ, որին կոչում են Խորեն հայր սուրբ։ Նա շատ լավ մարդ է։
— Վարդապե՛տ, — զարմանալով կրկնեց տիկինը։
— Այո՜, վարդապետ։ Նա մի քաջ տղամարդ է և Սառայի բարեկամն է։
Զբաղված լինելով այդ խոսակցություններով, փախստականները չնկատեցին, որ մի մարդ խավարի միջից լրտեսում էր նրանց։ Դա ներքինի Ասադն էր։ Հենց որ լսեց ծերունին երեխայի ճիչը, թե «Սառային չեմ ուզի», իսկույն ճանաչեց նրա ձայնը, հետո սկսեց ականջ դնել տիկնոջ և աղախնի խոսակցություններին։ Երբ փախստականները ոտք դրեցին սանդուղքների վրա, սկսեցին բրձրանալ, նա հասկացավ բոլորը, և իսկույն վազեց ներքինապետի մոտ, նրան իմացում տալու համար։
Այդ միջոցին փախստականները արդեն գտնվում էին սանդուղքների վերին աստիճանների վրա։ Սառան բաց արեց փոքրիկ դուռը, և բոլորը միասին դուրս եկան կտուրի վրա, դուռը իրանց ետևից կողպեցին։
Երեխան դարձյալ իր գլուխը դուրս հանեց աղախնի վերարկուի տակից, և տեսնելով հրդեհի շրջակա լուսավորությունը, ասաց․
— Հո՛ւ, այդ ո՜րքան կրակ են վառել․․․ Ի՞նչ են եփում, մայրիկ։
Փարիշանը մտածեց երեխայի ձայնը կտրել, ասելով․
— Եթե դու մյուս անգամ կխոսես, ես «բոբոխին» կկանչեմ․․․
Երեխան երկյուղից գլուխը ներս քաշեց աղախնի վերարկուի տակ և կծկվեցավ նրա գրկի մեջ։ «Բոբոխը» մի երևակայական էակ էր, որի սարսափելի նշանակությունը միայն երեխան գիտեր։
Կտուրի վրա հավաքված բազմությունը այժմ ավելի շատ էր։ Բոլորը գոռում էին, գոչում էին, և մինը մյուսին չէր հասկանում։ Նրանք աշխատում էին քանդել կից շինվածքները, որպեսզի կրակի առաջ անցնելը արգելեն։ Փախստականները շտապով անցան հուզված, խառնափնթոր բազմության միջից, և կտուրից իջան փոքրիկ պարտեզը, որ կից էր կանանոցին։
Այդ պարտեզը խանի տիկինների զբոսանքի դրախտն էր։ Այստեղ ներքինիների հսկողության ներքո բաց էին թողնում նրանց, ուր զվարճանում էին, թռչկոտում էին, վազվզում էին և զանազան խաղեր էին անում, որպես կուսանոցների գիշերօթիկ աշակերտուհիները վերակացուների հսկողության ներքո։ Այստեղ երբեմն, գիշերային մթության ժամանակ, դուրս էին գալիս խանի գեղեցկուհիները և հանդիպում էին վարդենիների տակ թաքնված սիրահարին․․․
Ներքինապետը, լսելով Ասագից Զուբեյիդա խանումի փախստյան մասին, իսպառ կատաղեցավ։
— Ո՞ր կողմով փախան, թշվառ ծերուկ, — հարցրեց նա, — էգուց խանը քեզ կենդանի այրել կտա։
— Աստված էլ գիտե, որ ես մեղավոր չեմ, — պատասխանեց սարսափած ծերուկը, ցույց տալով կտուրի սանդուղքները։
Ներքինապետը վազեց դեպի սանդուղքները։ Իսկ ծերուկը իր սղոցի թեփով լցրած բարձը, իր անբաժան ընկերը, գրկած, դիմեց դեպի իր տիկնոջ բնակարանը, և, գլուխը դնելով սենյակի դռան մոտ, պառկեց, դարձյալ միևնույն վաղեմի տպավորության ներքո երևակայելով, թե իր տիկինը այնտեղ է։
Ներքինապետը բարձրանալով սանդուղքներից, փոքրիկ դուռը գտավ փակված։ Նա մի սաստիկ քացի տվեց, և տախտակները փշրվեցան հսկայի ոտքի հարվածքից։ Անցավ կտուրի վրա և վազեց դեպի պարտեզը, բնազդումով հասկանալով, որ փախստականները այն կողմով պիտի գնացած լինեին, որովհետև այնտեղ մարդիկ չկային։ Պարտեզից մի դուռ բացվում էր ուղիղ դեպի փողոցը։
— Կանգնեցե՜ք, — կանչեց ներքինապետը որոտալից ձայնով, երբ լսեց փախստականների ոտքերի խշխշոցը պարտեզի խոտերի վրա։
Խորեն հայր սուրբը կանգնեց, մյուսներին ասելով, որ հեռանան։
— Ձեզ եմ ասում կանգնեցե՜ք, — կրկնեց ներքինապետը ավելի խրոխտալի ձայնով։
— Ի՞նչ ես կամենում, — հարցրեց երիատասարդ աբեղան, վիթխարիի առաջը կտրելով։
— Ո՞ւր ես տանում դրանց։
— Այդ իմ գիտենալու գործն է։
— Քո գիտենալու գո՞րծն է, — խոսեց դառն ծիծաղով վիթխարին։ — Ահա այդ էլ իմ գիտենալու գործն է․․․
Վերջին խոսքերի հետ նա իր ծանր սուրը սաստիկ թափով իջեցրեց դեպի աբեղայի գլուխը։ Բայց աբեղան զարմանալի ճարպկությամբ իր սրով ետ մղեց նրա զարկը։ Վիթխարին կրկին բարձրացրեց իր սուրը, գազանային կատաղությամբ մռնչելով․
— Հիմա դիմացի՜ր․․․
Աբեղան մի կողմի թեքվեցավ, իսկ վիթխարիի սուրը դիպչելով ծառի ահագին ճյուղին, կտրեց և ցած ձգեց։
Այդ միջոցին երիտասարդ աբեղան իր սուրը խրեց նրա կողքի մեջ։ Հարվածքը թեև սաստիկ էր, բայց վիթխրին, ամենևին ցավ չզգալով, կրկին անգամ հարձակում գործեց։ Նույն րոպեում Սառան վրա վազեց, և ետևից իր խենջարը խրելով հսկայի փորը, ասաց․
— Սատկի՜ր, անպիտան, մինչև ե՞րբ պիտի չարչարես մեզ։
Վիթխարին մի մեծ կոթղի նման ցած գլորվեցավ և մռնչալով փչեց հոգին։
Փախստականները մոտեցան պարտեզի դռանը, որ փակված էր փայտյա վանդակապատով։
— Թողեք, ես դրա բաց անելու ձևը գիտեմ, — ասաց Փարիշանը, ձեռքը տանելով դեպի դռան սողնակը։
Ի՞նչ սատանայական հնարք գործ դրեց նա, հայտնի չէ, բայց սողնակը իսկույն ետ քաշվեցավ, դուռը բացվեցավ, և նրանք դուրս եկան փողոցը։ Այստեղ Փարիշանը հարցրեց իր տիկնոջից․
— Գիտե՞ք նա ով էր։
— Գիտեմ․․․ — ասաց տիկինը և նրա ձայնի մեջ լսելի եղան ուրախության հնչյուններ։
Դուրս գալով փողոցը, փախստականները դիմեցին ուղղակի դեպի հայոց թաղը։ Արշալույսը սկսել էր շառագունիլ, և երկնքի վրա մոխրագույն ամպեր ցոլացնում էին արևի ծագման վաղահաս նշույլները։ Բայց փողոցների մեջ դեռ տիրում էր խավարը։ Շրջակա անտառապատ լեռները այնքան բարձր էին, որ երկար մրցում էին արևի հետ, մինչև թույլ էին տալիս նրա ճառագայթներին մուտք գործել խոր ձորի մեջ թաղված բերդաքաղաքը։
Բերդի բնակիչները գտնվում էին սարսափելի խռովության մեջ։ Իսկ անտառային թռչունները սկսել էին իրանց վաղորդյան ուրախ չըկչըկոցը։ Նրանք, կարծես, ծիծաղում էին մարդիկների բարբարոսությունների վրա, կարծես ասում լինեին նրանց․ «Տեսեք, մենք որքան ուրախ ենք, որքան երջանիկ ենք, որովհետև միմյանց դեմ ոխ, թշնամություն չունենք, նրա համար, որ բաժանելու էլ ոչինչ չունենք․․․»։ Խորեն հայր սուրբը և տիկինը գնում էին առաջ։ Տիկինը լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Երիտասարդ աբեղան մի քանի անգամ փորձեց խոսեցնել նրան, բայց ստացավ կարճ, սառն պատասխաններ։
— Դուք, երևի, հոգնեցաք, տիկին, — ասաց նա, նկատելով, որ չէր կարողանում հետևել իրան։
— Այո՜, յոթ տարի կանանոցի մեջ փակված մնալով, ես համարյա կորցրի ման գալու ընդունակությունը, — պատասխանեց տիկինը տխրությամբ։
— Թույլ տվեցեք բռնել ձեր թևքից։
Տիկինը իր թևքը մեկնեց նրան։
Միևնույն կարեկցությունը ցույց տվեց Սառան Փարիշանին, ասելով․
— Դու հոգնեցար, սիրելիս, ինձ տուր երեխային, ես կգրկեմ։
— Այսպես լավ է, — պատասխանեց Փարիշանը, — երեխան կարող է խանգարել քեզ, դու մի քաջ թիկնապահի պաշտոն ես կատարում, քո ձեռքերը պետք է ազատ լինեն։
— Ծիծաղո՞ւմ ես իմ վրա, Փարիշան։
— Ինչո՞ւ եմ ծիծաղում, ես տեսա, թե ինչպես դու ծակեցիր ներքինապետի կողքը․ կարող է մի այսպիսի դեպք դարձյալ պատահել։
Նրանց մոտից մեծ աղմուկով անցան մի քանի մահմեդական զինված խումբեր։ Բայց որովհետև գիտեին, որ այդ ժամանակ փողոցներում ոչ մի հայ չի համարձակվի դուրս գալ, այդ պատճառով ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց վրա։
Մեկը միայն հարցրեց․
— Ո՞ւր եք գնում։
— Դեպի այդ կողմը, — պատասխանեց Խորեն հայր սուրբը։
— Հայոց թաղով չեք կարող անցնել, բոլոր փողոցները բռնված են։
— Ինչպե՞ս բռնված են։
— Բռնված են․․․ գնացեք, կտեսնեք․․․
Նա անցավ,ժամանակ չունենալով բացատրություն տալու։
Եվ իրավ, հասնելով հենց առաջին փողոցը, նրանք գտան փակված։ Փողոցի մուտքը բռնված էր ամուր սանգիառով (պատնեշ)։ Հայ բնակիչները դիզել էին միմյանց վրա իրանց սայլերը, գութանները, արորները և տնային զանազան կարասիները, այսպիսով կազմել էին մի ամուր պատնեշ։ Կին, աղջիկ, տղամարդ, ծեր և պատանի, հրացանները ձեռքներին բռնած, կանգնել էին պատնեշի ետևում։
— Այստեղից անցնել անկարելի է, գնանք մյուս փողոցով, — ասաց Խորեն հայր սուրբը։
— Ինչո՞ւ, դրանք խո հայեր են, — պատասխանեց Սառան։ — Մեզ ի՞նչ վնաս պիտի տան։
— Հայեր են, բայց մինչև նրանց հասկացնելը, թե մենք ովքեր ենք, հարյուրավոր հրացաններ կարձակեն մեզ վրա։
Նրանք շուռ տվեցին դեպի մյուս փողոցը։
— Ինչպե՞ս շուտ պատրաստվեցան, — ասաց Սառան մի առանձին ուրախությամբ։
— Զենքը մարդուն քաջություն է ներշնչում, — պատասխանեց Խորեն հայր սուրբը։ — Մենք տվեցինք նրանց զենքեր, իսկ նրանք կտան մեզ լավ զինվորներ։
— Մի՞թե հայերը զինվորական ընդունակություն ունեն, — հարցրեց տիկինը։
— Հայերը նույնպիսի մարդիկ են, ինչպես բոլոր մարդիկը, — պատասխանեց Խորեն հայր սուրբը։ — Դու տուր մարդուն աչքի լույս, նա կգտնե իր ճանապարհը․․․