Jump to content

Դավիթ-բեկ/Երրորդ/ԼԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դավիթ-բեկ
 ԼԲ
ԼԴ 
ԼԳ

Արեգակը այժմ թափում էր իր լույսը և ջերմությունը լեռնային աշխարհում։ Բնությունը ժպտում էր գեղածիծաղ պայծառությամբ։ Գիշերային խավարի մեջ մրափած անտառը, զարթնելով իր հսկայական քնից, այժմ օրորվում էր, ծփում էր կանաչազարդ ծովի նման։ Ծառերը, ծաղիկները, շարժվելով մեղմ զեփյուռի հրապուրանքից, կարծես, գրկվում էին, համբուրվում էին, ողջունում էին միմյանց առավոտը։

Օրվա այդ խորհրդավոր ժամուն սքանչելի բնության հետ զարթնում է և մարդկային կյանքը։ Հովիվը իր հոտերը քշում է դեպի լեռների զառիվերը․ մշակը դաշտում կամ հերկում է, կամ հնձում է․ ձորերի և ծմակների մեջ նախշուն թիթեռնիկների նման վժվժում են գյուղացի աղջիկները։ Մարդը սկսում է գործել։

Իսկ այդ առավոտ մարդկային կյանքը կարծես, մեռել էր։ Ոչ մի արարած չէր երևում Արծվանիկի շրջակայքում։ Մինչև անգամ շինական խրճիթների ծուխը, կարծես թե, մարել էր։ Ի՞նչ էր պատճառը։ — Փոքր-ինչ հեռու այդ գյուղից մարդիկ կռվում էին․ հզորները արյուն էին թափում, իսկ տկարները երկյուղից փախել, թաքնվել էին անտառների մթության մեջ, որ իրանց կյանքը և կայքը ազատ պահեն հզորների բարբարոսությունից։

Մի մարդ միայն նստած էր իր ճգնարանի մուտքի հանդեպ, և տխուր խորհրդածության մեջ, ժայռերի բարձրությունից նայում էր դեպի շրջակա ձորերը։ Ահագին պեխի ծառի տերևախիտ ոստերը պահպանում էին ալևոր գլուխը արևի այրող ճառագայթներից։ Երբեմն մի շողք ժապավենի նման ճյուղերի միջից ցոլանում էր նրա մույգ-պղնձագույն դեմքի վրա և ավելի որոշ կերպով արտահայտում էր երեսի տխուր գծերը։

— «Սպասիր ինձ», — ասաց նա, ես սպասում եմ, բայց ինչո՞ւ այդքան ուշացավ․․․

Քառորդ ժամից հետո մի այլ ծերունի, ծառերից բռնելով, ժայռերի վրա մագլցելով, ցած էր իջնում դեպի ճգնարանը։ «Էլ ոչ աղոթք պեքտ է և ոչ ծերադրություն, ասում էր նա ինքն իրան, — այդ քարափներից ամեն օր իջնելը մի մեծ ապաշխարություն է․․․

Լսելով նրա ձայնը, պեխի ծառի ստվերի տակ նստած մարդը, որը ոչ այլ ոք էր, եթե ոչ դերվիշը, վերկացավ, մոտեցավ եկվորին, սկսեց օգնել նրան, որ ցած չընկնի։ Եկվորը ներքինապետն էր։

— Դուք ինձ բավական սպասել տվիք, Ահմեդ, — ասաց նրան դերվիշը։

— Եթե դուք գիտենայիք պատճառները, չէիք մեղադրի ինձ, — պատասխանեց ներքինապետը։

Երկուսն էլ մտան այրի մեջ․ այնտեղ ավելի ապահով էր, ոչ ոք չէր տեսնի նրանց։

— Հիմա պատմեցեք, ի՞նչ խոսեցիք խանի հետ, — հարցրեց ներքինապետը, նստելով խոտեղեն օթոցի վրա, որով ծածկված էր այրի հատակը։

Դերվիշը պատմեց, թե ի՜նչ նպատակով էր կանչել իրան խանը, ի՜նչ գուշակություններ արեց ինքը պատերազմի վախճանի մասին, և ի՜նչ խորհուրդներ տվեց նրան, որոնք դժբախտաբար ընդունելություն չգտան։

— Ես գուշակություններին շատ փոքր եմ հավատում, — ասաց ներքինապետը, — դուք ինձ այն ասեցեք, թե ինչո՞վ կարողացաք հասկանալ, որ այսօր խանը հաղթող կհանդիսանա, իսկ մի քանի օրից հետո կրկին կռիվ կլինի, որի մեջ նա կհաղթվի։

— Այդ բոլորը հասկանալու համար, — պատասխանեց դերվիշը, — ոչ կախարդություն և ոչ էլ գերբնական գիտություններ պետք են, այլ հարկավոր է փոքր-ինչ առողջ դատողություն ունենալ։ Եթե դուք կարդացած լինեիք մելիք Ֆրանգյուլի խանին գրած նամակները, միևնույն նախագուշակությունները կանեիք։

— Մելիք Ֆրանգյուլի նամակնե՞րը․․․ — գոչեց ծերունին սարսափելով։ — Ինչպե՞ս հաջողվեցավ ձեզ կարդալ այդ չարագործի նամակները։

Դերվիշը այնքան մտերիմ էր ներքինապետի հետ և այնքան հարգում էր նրա բարեկամությունը, որ ոչինչ չծածկեց նրանից և միըստմիոջե պատմեց, թե ի՜նչ հանգամանքներից օգուտ քաղելով, կարողացավ կարդալ նամակները։ Հետո հաղորդեց նրան նամակների բովանդակությունը, որից պարզ երևում էր, թե որպիսի խաբեությամբ հայոց զորքերին պետք է որոգայթի մեջ ձգեին։

— Հիմա հասկանում եմ․․․ — ասաց ներքինապետը հոգվոց հանելով․ — դուք այդ նամակների բովանդակությունից կարող էիք նախագուշակել այսօրվա կռվի աղետալի վախճանը։ Բայց ինչո՞վ եք իմանում, որ հետո մի ուրիշ կռիվ կլինի, որի մեջ խանը կհաղթվի։

— Այդ շատ հեշտ է իմանալ․ այսօրվա կռվի մեջ խանի զորքերի հաջողությունը պետք է վերաբերել մելիք Ֆրանգյուլի դավաճանությանը։ Իսկ հետո, շատ հասկանալի է, որ Բեկը ավելի լավ պատրաստությամբ զորքեր կուղարկե և նրանք կջարդեն մահմեդականներին։

— Այդ բոլորը շատ հավանական է, — ասաց ներքինապետը։ — Բայց դեռ ուշ չէ, կարելի է այսօրվա չարյաց առաջը առնել։ Իսկ ես բոլորովին չվարած եմ, խելքս համարյա գլխումս չէ։ Դուք իմաստուն մարդ եք, դերվիշ, մի խորհուրդ տվեցեք, արդյոք ինչո՞վ կարող ենք վտանգը հեռացնել։

— Դուք դեռ չեկած, ես դրա վրա էի մտածում, — պատասխանեց դերվիշը։ — Բայց մի՞թե դուք մինչև այսօր չէիք նկատում մելիք Ֆրանգյուլի խաբեությունները, ինչո՞ւ չփութացիք նախապես զգուշացնել հայոց զորապետներին։

— Ես նկատում էի, որ գաղտնի կերպով ինչ-որ դավադրություն սարքվում է, թեև ինձ համար բոլորովին պարզ չէր նրա մանրամասնությունները, այսուամենայնիվ, շտապեցի մի սուրհանդակ ուղարկել Թորոս իշխանի մոտ և զգուշացնել նրան։

— Բայց Թորոսը կարող էր չհավատալ ձեր սուրհանդակին, որովհետև նա ձեզ չէ ճանաչում։

— Այդ ես մտածեցի, դրա համար էլ սուրհանդակը ուղարկվեցավ «տիկնոջ» կողմից, ոչ թե ուղղակի Թորոսի մոտ, այլ Ստեփաննոս իշխանի մոտ։ Իշխանի հարաբերությունները «տիկնոջ» հետ ձեզ հայտնի են․․․

— Հայտնի են․․․ Հետո՞։

— Հետո սուրհանդակը կես ճանապարհի վրա բռնվեցավ, բերվեցավ ամրոցը։

— Տե՛ր ողորմյա։ Հետո՞։

— Նա բերվեցավ գիշերը։ Բարեբախտաբար խանը ամրոցում չէր, որ իսկույն հարցուփորձ աներ նրանից, գնացել էր իր եղբայր Աղասի խանի մոտ պատերազմի մասին կարգադրություններ անելու։ Սուրհանդակին բանտարկեցին, պահեցին մինչև խանի վերադառնալը։ Իմ անհանգստությանը չափ չկար։ Մտածում էի, որ «տիկնոջ» ոչ միայն պատիվը, այլև կյանքը վտանգի մեջ է։ Ուրիշ ճար չկար, ես ստիպվեցա կատարել մի մեծ եղեռնագործություն․․․

— Եղեռնագործությո՞ւն, — հարցրեց դերվիշը զարհուրելով։

— Այո՜, եղեռնագործություն, — պատասխանեց ծերունի ներքինապետը արտասուքը աչքերում։ — Մինչև խանի վերադառնալը իր եղբոր մոտից, մինչև սուրհանդակից հարցուփորձ լինելը, ես նրան խեղդել տվի բանտի մեջ։ Իմ ամենահավատարիմ, ամենասիրելի բարեկամն էր սուրհանդակը, բայց ես այդ եղեռնագործությունը կատարեցի, որ իմ թանկագին «տիկնոջ» կյանքը ազատեմ խանի բարկությունից։

— Այդպես էլ պետք էր, — պատասխանեց դերվիշը, հանգստացնելով ծերունի ներքինապետին, որը այժմ ավելի սաստիկ կերպով սկսեց ողբալ իր բարեկամի կորուստը։ — Դուք դրանով ոչ միայն ազատեցիք «տիկնոջ» կյանքը, այլ օգնեցիք ընդհանուր գործին։ Ընդհանուր գործին չվնասելու համար մի բարեկամի կյանքը ոչինչ նշանակություն չունի, կարելի է զոհել։ Բայց ինձ այն ասեցեք, նամակներ չգտա՞ն սուրհանդակի մոտ։

— «Տիկինը» նամակ չէր հանձնած․ սուրհանդակը պետք է բերանացի հաղորդեր բոլորը։ Եվ որպեսզի իշխանը նրա խոսքերին հավատ ընծայեր, «տիկինը» որպես նշան սուրհանդակի ձեռքով ուղարկել էր իր մատանին, միևնույն մատանին, որ իր օրիորդ ժամանակ ստացել էր իշխանից որպես իրանց սիրո գրավական։ Դուք գիտեք, որ «տիկինը» իշխանի հարսնացուն է եղել, բայց օրիորդի անգութ հայրը զրկել է նրան և իր աղջիկը տվել խանին։

— Այդ տխուր պատմությունը ես գիտեմ․․․ — պատասխանեց դերվիշը։ — Դուք ինձ այն ասացեք, ի՞նչ եղավ մատանին։

— Սուրհանդակը մատանին մի այնպիսի տեղում պահած ուներ, որ կալանավորելու ժամանակ չէին գտել։ Բայց որովհետև ինձ հայտնի էր պահած տեղը, խեղդողներին ասել էի, նրանք հանել էին և վերադարձրին ինձ։

— Երեսուն տարի կլինի, — առաջ տարավ ներքինապետը, — որ ես ծառայում եմ խանի մոտ, բայց երբեք այս տեսակ հսկողություններ, այս տեսակ զգուշություններ չեմ տեսել նրա ամրոցի մեջ։ Անիրավ մելիք Ֆրանգյուլը նոր կարգեր է մտցրել․ լրտեսները ամեն տեղ վխտում են, ամեն քայլ դիտում են, ոչինչ չես կարող անել։ Ես չեմ հասկանում, մի՞թե մարդ կարող է այս աստիճան դավաճան լինել, այս աստիճան վնասակար լինել իր ազգին և հայրենիքին։ Եվ ի՞նչ շահ ունի։

— Շահ ունի նա, — պատասխանեց դերվիշը դառնությամբ։ — Խանը արդեն ստորագրել է իր հրովարտակը, որով ամբողջ Չավնդուր վիճակի իշխանությունը որպես վարձատրություն շնորհում է դավաճանին։ Ձեզ հայտնի է, որ Չավնդուրը Թորոս իշխանի հայրենական ժառանգությունն է։ Ուրեմն նրա ժառանգությունը գրավելու համար դավաճանը աշխատում է ոչնչացնել Թորոսին։ Եվ Չավնդուրը, դուք գիտեք, որ արդեն մելիք Ֆրանգյուլին պատկանող Բարգյուշատի հետ սահմանակից է, այդ երկու վիճակները միացնելով, դավաճանը տեր կլինի մի ընդարձակ երկրի։ Ահա ձեզ գլխավոր նպատակը, որ դրդում է նրան ամեն տեսակ անիրավություններ գործել։ Եվ միշտ այդ է եղել մելիք Ֆրանգյուլի ու Թորոս իշխանի տոհմերի մեջ կատարված դարևոր երկպառակությունների պատճառը։

— Ցավալի՛ է, շա՛տ ցավալի, — ասաց ներքինապետը, գլուխը շարժելով, — որ մարդիկ իրանց անձնական շահերի համար դավաճանում են իրանց ազգին․․․

— Թողնենք այդ, — ծերունու խոսքը ընդհատեց դերվիշը։ — Ես ժամանակ եմ կորցնում․․․ ես պետք է վաղուց գնացած լինեի․․․ Բայց սպասեցի ձեզ, որովհետև դուք ամրոցի բակում ինձ հայտնեցիք, թե կամենում եք ինձ հետ տեսնվել։ Եթե մի այլ ասելիք չունեք, ինձ թոյլ տվեցեք, որ ճանապարհ ընկնեմ․․․

— Ունեմ, — պատասխանեց ծերունին, — մի ասելիք էլ ունեմ և դա ամենակարևորն է․․․

Ներքինապետը պատմեց նրան, թե «տիկինը» ինչ նամակ ստացավ իշխան Շահումյանից կեղծ մուրացկանի ձեռքով, պատմեց այդ նամակի բովանդակությունը, պատմեց և այն, թե «տիկինը» ինչ պատասխանեց նույն մուրացկանի ձեռքով իշխանին։

Դերվիշի մռայլված դեմքը փոքր-ինչ պարզվեցավ։ Նա հարցրեց․

— Այդ բոլորը գիտեիք դուք, բայց ինչո՞ւ էիք ծածկում ինձանից։

— Այդ բոլորը կատարվեցավ այն ժամանակ, երբ դուք դուրս եկաք խանի դահլիճից, — պատասխանեց ծերունին։ — Դրա համար էլ, երբ ես բակում հանդիպեցա ձեզ, խնդրեցի, որ սպասեք ինձ, որպեսզի ես միջոց ունենամ հաղորդելու ձեզ այդ նորությունը։

— Շնորհակալ եմ, — ասաց դերվիշը կանգնելով։ — Դուք այժմ կարող եք գնալ․ թող ձեր իմ մոտ լինելը չնկատեն։ Գնացեք, մխիթարեցեք «տիկնոջը», որ դեռևս ժամանակ կա մի բան անելու, և ես դրա համար պատրաստվում եմ․․․

Ծերունի ներքինապետը նույնպես կանգնեց։

— Ասացեք «տիկնոջը», որ նշանակյալ ժամում իմ այրի մեջ գտնվի։ Ահա բանալին հանձնում եմ ձեզ։

Դերվիշը տվեց իր աղքատիկ բնակարանի բանալին ներքինապետին։ Հետո նա վեր առեց իր երկայն կոթավոր տապարը, որ սովորաբար կրում են դերվիշները, երբ հեռու տեղ են գնում, և դուրս եկավ այրից։ Ներքինապետը կողպեց այրի դուռը, բանալին դրեց իր գրպանը, և ապա դառնալով դերվիշին, հարցրեց․

— Հիմա դուք ո՞ւր եք գնում։

— Գնում եմ այնտեղ, ուր մարդիկ միմյանց կոտորում են․․․