Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԴԱՐՁՅԱԼ ՍԻՐՈ ԿՅԱՆՔ
Դարձյա՛լ սիրո կյանք, երջանի՛կ օրեր…
Ա՜խ, ինչպես սիրտս տրոփում է ուժգին.
Ուր էլ նայում եմ — ժպտում է ինձ սեր.
Սիրո է փոխվել աշխարհն իմ աչքին։
Արև, արշալույս, ջինջ երկնակամար,
Աղբյուր ու գետակ, հովիտ ու անտառ,
Թռչուններ օդում, ծաղիկներ դաշտում —
Բոլո՜րն էլ ինձ սեր, սե՛ր են ավետում։
Եվ նախկին հեգնված սիրույս վերքերից
Տառապող հոգիս՝ ամոքված նորից,
Որպես վանդակից ազատված թռչուն,
Օրհնում է նա կյանք, երկինք, բնություն։
Օրհնում է և՛ քեզ, իմ անգի՛ն ընկեր,
Դու քնքուշ ծաղիկ նոր սիրուս գարնան,
Ա՜խ, եթե քո այդ հրաշալի պատկեր
Շողա՜ր ինձ կյանքում մինչև գերեզման…
|
|