Jump to content

Դժվար եմ կրում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԴԺՎԱՐ ԵՄ ԿՐՈՒՄ


Ես իմ անունը կրում եմ, ինչպես
հողն է պապիս պատիվը կրում,
եւ ծառը բարձրիկ, ծառը երկնահաս՝
հավքի նորոգվող բույնը ձեռքերում։

Ես իմ անունը կրում եմ, ինչպես
մայրն է կրում չծնված որդուն.
ինչպես որ ցավն են կրում մեծ սիրո
արյան գույնի մեջ - հավիտյան արթուն։

Ես իմ անունը կրում եմ դժվար,
դժվար եմ կրում նաեւ ձեռքերս,
որոնք, թե պետք է՝ կընծայեմ ես ձեզ
եւ կերգեն անգամ չերգվող երգերս։