Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


ԳԼՈՒԽ I

ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՀՌՉԱԿԱՎՈՐ ՀԻԴԱԼԳՈ

ԴՈՆ ԿԻԽՈՏ ՄԱՆՉԱՑՈՒ

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԻ ՄԱՍԻՆ


Մանչայի գյուղերից մեկում մի կալվածատեր էր ապրում։ Նա ուներ նիզակ, հին վահան, քնձռոտ մի ձի և որսորդական շուն։ Նրա եկամտի երեք քառորդը կլանում էր սնունդը՝ տաք կերակուր, ավելի հաճախ տավարի մսից, քան ոչխարի, ընթրիքին՝ սովորական ապուր, շաբաթ օրերը՝ խաշ, ուրբաթ՝ ոսպ, իսկ կիրակիները, բացի այդ, ևս մի աղավնի։ Մնացածը գնում էր հագուստի՝ նուրբ մահուդից կարած կապա, թավշյա տաբատ և նույն կտորից հողաթափ՝ տոն օրերի համար, իսկ շաբաթվա մնացյալ օրերին տնայնագործ մահուդից զգեստ էր հագնում։ Նա տանը տնտեսուհի էր պահում, որ քառասունն անց էր, քրոջ աղջկան, որ քսանին մոտ էր, և առտնին ու դաշտային աշխատանքների համար մի ծառա, որ տեղը եկած ժամանակ կարող էր ձի էլ թամբել, պարտեզում էլ մկրատ բանեցնել։ Մեր հիդալգոն[1] մոտ հիսուն տարեկան կլիներ։ Նա ուներ ամուր ու նիհար կազմվածք, սուր դեմք, վեր էր կենում լույսը չբացված և որսորդության սիրահար էր։

Դուք պետք է իմանաք, որ վերոհիշյալ հիդալգոն ազատ ժամերին (ասել է, թե՝ գրեթե ողջ տարին) անձնատուր էր լինում ասպետական վեպերի ընթերցանության այնպիսի հափշտակությամբ ու մոլությամբ, որ որսն էլ էր

մոռացության տալիս, իր տնտեսական գործերն էլ։ Նրա մոլությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ, գրքեր գնելու նպատակով, մի քանի օրավար պիտանի հող վաճառեց։

Մեր կալվածատերը խորասուզվեց ընթերցանության մեջ այն աստիճան, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Նա քիչ էր քնում, շատ կարդում, և նրա ուղեղը չորանում էր, մինչև որ, վերջապես, խելքը կորցրեց։ Նրա երևակայությունը լի էր այն ամեն բաներով, որ կարդացել էր գրքերում՝ կախարդանքով, մենամարտերով, մարտակոչերով, ճակատամարտերով, վերքերով, սիրո խոստովանություններով, տառապանքներով և այլ հազար ու մի դատարկաբանություններով։ Եվ այնքան ամուր էր մտել նրա գլուխը, թե իր կարդացած երևակայական հերյուրանքի կույտը զուտ ճշմարտություն է, որ նրա աչքում աշխարհիս երեսին ավելի ճշմարտանման բան չկար։

Վերջ ի վերջո, կորցնելով առողջ դատողությունը, նա հասավ ամենատարօրինակ մի զառանցանքի, որ միայն խելագարն է կարող հնարել, այն է՝ թե վայել է և անհրաժեշտ, ինչպես իր սեփական փառքի, այնպես էլ պետության օգտի համար, թափառական ասպետ դառնալ և ձիով ու սպառազինված արկածներ որոնել, բոլոր դեպքերում այնպես վարվելով, ինչպես թափառական ասպետները (որոնց մասին նա կարդացել էր), վերացնել ամեն անարդարություն, և հավերժական փառք ու հռչակի հասնել։

Նախ և առաջ, նա մի լավ մաքրեց իր նախնիների զենքուզրահը, որ երկար տարիներ անկյունում ընկած ժանգոտել ու փոշոտել էր։

Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց ու նորոգեց զենքնուզրահը, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսակալի էր։ Հիդալգոն ստվարաթղթից երեսակալ շինեց և կպցրեց, ու դուրս եկավ սաղավարտի պես մի բան։ Ճիշտ է, կամենալով փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է արդյոք դիմանալ մարտում, նա թուրը քաշեց, երկու հարված հասցրեց և վայրկենապես ոչնչացրեց ամբողջ շաբաթվա շինածը։ Դրանից նա չշփոթվեց և, որպեսզի ապագայում ապահովված լինի նման դժբախտությունից, մեջը երկաթի կտորներ դրեց, ամրացրեց և, չկամենալով նորից փորձել, դա համարեց ամենակատարյալ սաղավարտը աշխարհիս երեսին։

Ապա հիդալգոն քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, ու թեև նրա ոսկորները դուրս էին ցցվել և մազը թափվել, նա գտավ, որ աշխարհիս երեսին իր ձիու նմանը չկա։ Չորս օր մտածում էր, թե ինչ անուն տա ձիուն, որովհետև խորհում էր, թե անթույլատրելի է, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի երևելի անուն չունենա։ Ուստի կամեցավ նրան այնպիսի անուն տալ, որ հենց անունից հասկացվեր, թե ինչ է եղել նախքան թափառական ասպետի ձի դառնալը և ինչ է այժմ դարձել։ Նա խորապես համոզված էր, որ եթե տերը փոխում է իր արվեստը, ուրեմն ձին էլ պիտի փոխի իր անունը և նոր, փառավոր, ախորժալուր անուն ստանա՝ տիրոջ նոր աստիճանին ու կոչմանը համապատասխան։

Այսպիսով, մի շարք անուններից հետո, երբ նա հորինում, մերժում ու փոփոխում էր, վերջապես որոշեց ձիուն Ռոսինանտ[2] անունը տալ։ Այս անունը նրան թվաց ազնիվ, ախորժալուր և նշանակալից, որ ցույց էր տալիս, թե նախկինում նա վատույժ ձի էր, իսկ այժմ՝ առաջին նժույգը աշխարհի երեսին։ Ձիու համար, ըստ իր ճաշակի, անուն հնարելուց հետո՝ նա կամեցավ իրեն համար էլ անուն հորինել։ Մի շաբաթ էլ այս մտմտումքի մեջ անցկացնելուց հետո, վերջապես, վճռեց կոչվել դոն Կիխոտ[3]։

Եվ ահա, երբ որ զենքը մաքրված էր, սաղավարտը՝ պատրաստ, ձին նոր անուն էր ստացել, ինքն էլ նորից մկրտվել, մնում էր գտնել մի տիկին, որին կարելի լիներ սիրահարվել, որովհետև թափառական ասպետն առանց սիրո միևնույն է, թե ծառն առանց տերևի ու պտուղի կամ մարմինն՝ առանց հոգու։

Նա ինքն իրեն ասում էր.

— Եթե որպես պատիժ իմ մեղքերի համար կամ թե իմ բախտից ես հանդիպելու լինեմ որևէ հսկայի, ինչպես միշտ պատահում է թափառական ասպետներին, և առաջին իսկ ճակատամարտում նրան թամբից վայր գցելու կամ միջից կես անելու լինեմ, հաղթեմ ու հպատակեմ, միթե վա՞տ կլիներ, եթե մեկնումեկին նվեր ուղարկեմ նրան, որպեսզի ծնկի գա իմ սիրելի տիկնոջ առջև, հեզ ու խոնարհ ձայնով ասի՝ «Ես Կրակուլիամբրո հսկան եմ, տիկին, Մալինդրանիա կղզու իշխանը։ Ահասաստ մարտում հաղթված Մանչացի ասպետ դոն Կիխոտից, որի սխրագործությունները ամեն գովասանքից վեր են։ Նա ինձ հրամայեց, որ ներկայանամ ձերդ ողորմածությանը, որպեսզի ձերդ մեծությունը տնօրինի իմ բախտը ըստ իր հայեցողության»։

Ա՜խ, ինչ ցնծությամբ էր մեր բարի ասպետն արտասանում այս ճառը և առավել ևս ցնծաց, երբ վերջապես գտավ, թե ով պիտի լինի իր սրտի տիրուհին։

Պատմում են, թե հարևան գյուղում մի շատ սիրունատես երիտասարդ գեղջկուհի կար, որին նա մի ժամանակ սիրահարված է եղել, թեև գեղջկուհին, ինչպես երևում է, բոլորովին չի իմացել այդ մասին։

Նրա անունը Ալդոնցա Լորենցո էր։ Ահա սրան մեր ասպետը որոշեց տալ իր սրտի տիկնոջ տիտղոսը։ Եվ որոնելով նրա համար նոր անուն, որը նրա սեփական անունից շատ չզանազանվեր և համապատասխան լիներ իշխանուհու և ազնվական տիկնոջ, նա վճռեց անվանել՝ Դուլսինեա Տոբոսցի, որովհետև աղջկա ծննդավայրը Տոբոսոն էր։ Այդ անունը, հիդալգոյի կարծիքով, ախորժալուր, քնքուշ և իմաստալից էր, ինչպես և նրա մինչ այդ հնարած բոլոր անունները։

Տողատակեր

[խմբագրել]
  1. Հիդալգո—ազնվական, կալվածատեր։
  2. Ռոսին կնշանակի՝ վատույժ ձի, իսկ անտե՝ առաջ։ Իսպաներեն հնչում է՝ Ռոսինանտե։
  3. Իսպաներեն հնչում է դոն Կիխոտե։