Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ III

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԼՈՒԽ III


ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ԾԻԾԱՂԱՇԱՐԺ ԿԵՐՊՈՎ

ԴՈՆ ԿԻԽՈՏԸ ԱՍՊԵՏ ԿԱՐԳՎԵՑ

Տանջվելով այդ մտքից, դոն Կիխոտը շտապեց ավարտել իր սուղ ընթրիքը, վեր կացավ, կանչեց իջևանատիրոջը և, տանելով նրան գոմ ու փակելով դուռը, ծնկի իջավ նրա առջև ու ասաց․

— Ես տեղիցս վեր չեմ կենա, արի ասպետ, մինչև որ դուք չկատարեք խնդիրքս, որով մտադիր եմ դիմելու ձեզ և որը կնպաստի ձեր փառքին և մարդկային ցեղի բարօրությանը։

Տեսնելով, որ հյուրը ծնկաչոք է և լսելով նման խոսքեր, իջևանատերը շփոթվեց, և նայում էր նրան, առանց իմանալու, թե ինչ ասի և ինչ անի։ Ապա սկսեց թախանձել, որ դոն Կիխոտը վեր կենա, սակայն ապարդյուն։ Նա չէր ուզում վեր կենալ, մինչև որ իջևանատերը խոստացավ կատարել նրա խնդիրքը։

— Ես հավատացած էի, պարոն, որ դուք, անսահման բարի լինելով, չեք մերժի ինձ,— ասաց դոն Կիխոտը,— և դուք լայնասիրտ կերպով խոստացաք վաղը, արևածագին, ինձ ասպետ կարգել։ Վերջապես կկատարվի իմ վառ փափագը, այսինքն՝ ես կկարողանամ, ինչպես հարկն է, արկածներ որոնել հօգուտ թույլերի, ինչպես պարտադրում է թափառական ասպետների կանոնադրությունը։

Մենք արդեն ասացինք, որ իջևանատերը խելքը գլխին մարդ էր և նկատել էր, որ իր հյուրի ծերը պակաս է, և լսելով այդքան տարօրինակ խոսքեր, նա վերջնականապես համոզվեց այդ բանում, և, գիշերը զվարճացած լինելու համար, վճռեց թև տալ նրա խելագարությանը։ Ուստի պատասխանեց դոն Կիխոտին, թե նրա ցանկությունն ու խնդիրքը միանգամայն բանական են, թե նման մտադրությունը միանգամայն բնական ու արժանի է այնպիսի մի ազնիվ ասպետի համար, ինչպիսին դոն Կիխոտն է, դատելով նրա արի արտաքինից և շարժուձևերից։ Թե ինքն էլ երբ երիտասարդ հասակում անձնատուր է եղել այդ պատվաբեր գործին և թափառել է աշխարհիս զանազան կողմերում՝ արկածներ որոնելով, վարժվել է ոտքերի արագաշարժության և ձեռքերի հմտության մեջ, ի վերջո ծանոթացել է Իսպանիայի բոլոր դատական հիմնարկություններին։ Իսկ իր օրերի մայրամուտին բնակվել է այս դղյակում և ապրում է այստեղ, հյուրընկալելով բոլոր թափառական ասպետներին, ինչ կոչման ու կարողության տեր էլ լինեն նրանք, միմիայն հանդեպ նրանց տածած մեծ սիրուց դրդված, իհարկե պայմանով, որ ի տրիտուր իր լավ վերաբերմունքի, նրանք իրենց ունեցածից իրեն էլ բաժին հանեն։

Իջևանատերը ասաց նաև, որ դոն Կիխոտը գիշերը կարող է դղյակի բակում անցկացնել, իսկ վաղը կկատարվեն կարգման համար բոլոր պարտադիր արարողությունները, և նա այնպիսի ասպետ կկարգվի, որից լավը չի գտնվի արար աշխարհում։

Վերջապես նա հարցրեց՝ փող ունի՞ արդյոք դոն Կիխոտը։ Դոն Կիխոտը պատասխանեց, թե գրոշ չունի, որովհետև ոչ մի վեպում չի կարդացել, որ թափառական ասպետները հետները փող ունենան։

Պետք էր հսկում կատարել զենքի առջև՝ իջևանատան մեծ բակում։ Դոն Կիխոտը հավաքեց իր զենքուզրահը, դրեց ջրհորի բերնին և, բռնելով նիզակն ու վահանը, մեծ արժանապատվությամբ սկսեց ետ ու առաջ քայլել։ Իջևանատերը պատմեց ամենքին, ովքեր իջևանել էին իր մոտ, հյուրի խելագարության մասին, զենքի առջև հսկում կատարելու մասին և ասպետ կարգվելու մասին։

Խելագարության այդ տարօրինակ տեսակից զարմացած՝ բոլորն էլ գնացին և հեռվից տեսան, որ մեր ասպետը մերթ ծանր ու հավասար ետ ու առաջ էր գնում, մերթ՝ հենված նիզակին, հառում էր աչքերը իր զենքուզրահին և երկա՜ր-երկա՜ր նայում։

Այնինչ գիշերը վրա էր հասել, և լուսինն այնպես պայծառ էր փայլում, որ շուրջը ցերեկվա պես լուսավոր էր, և հանդիսականներին երևում էր այն ամենը, ինչ որ անում էր ուխտի մեջ մտնել պատրաստվող մեր ասպետը։

Այդ միջոցին իջևանատանը գիշերող ջորեպաններից մեկի խելքին փչեց իր ջորիներին ջրել, իսկ ջրհորից ջուր հանելու համար պետք էր պռունկից դեն քաշել զենքուզրահը։

Դոն Կիխոտը, լսելով ջորեպանի ոտնաձայնը, բացականչեց.

— Ով էլ որ լինես դու, հանդուգն ասպե՛տ, որ մեկնում ես ձեռքդ երբևէ սրով գոտեպնդված թափառական ասպետներից ամենաարիի զենքուզրահին, խորհիր նախապես, թե ինչ ես անում և չհամարձակվես ձեռք տալ, թե չէ հանդգնությանդ համար կվճարես քո կյանքը։

Ջորեպանը գլուխն էլ շուռ չտվեց և՝ զենքուզրահի փոկերից վերցնելով, մի կողմ շպրտեց։


Տեսնելով այդ, դոն Կիխոտը աչքերը հառեց երկնքին, մի կողմ դրեց վահանը, երկու ձեռքով բարձրացրեց նիզակը և այնպիսի ուժով հարվածեց ջորեպանի գլխին, որ վերջինս փռվեց գետին՝ ամենաողբալի վիճակում։ Եթե նա մի հարված էլ հասցնելու լիներ, հակառակորդն այլևս բժշկի դիմելու կարիք չէր ունենա։

Իր գործը կատարելուց հետո դոն Կիխոտը հավաքեց զենքուզրահը, դրեց նախկին տեղը և վերսկսեց ետ ու առաջ քայլել նույնքան հանգիստ, որքան առաջ։

Մի քիչ հետո, եղելությունից միանգամայն անտեղյակ (որովհետև հարվածից շշմած ջորեպանը ընկած էր մնացել) մի ուրիշ ջորեպան եկավ. նա նույնպես ուզում էր ջրել իր ջորիներին, և երբ ձեռքը մեկնեց զենքուզրահին, դոն Կիխոտը, առանց մի բառ արտասանելու, երկրորդ անգամ մի կողմ դրեց վահանը, երկրորդ անգամ երկու ձեռքով քաշեց նիզակն ու վար բերեց երկրորդ ջորեպանի գլխին այնքան հաջող, որ ոչ թե նիզակը երեք կտոր եղավ, այլ գանգը՝ չորս։

Աղմուկի վրա վազեվազ հավաքվեցին իջևանողները, նրանց հետ՝ նաև իջևանատերը։

Վիրավորված ջորեպանների ընկերները, տեսնելով յուրայիններին գետնին փռված՝ հեռվից սկսեցին քարկոծել դոն Կիխոտին, որը, ինչքան կարող էր, պաշտպանվում էր վահանով, բայց չէր հեռանում ջրհորից, չկամենալով լքել իր զենքուզրահը։

Իջևանատերը գոռում էր, որ ջորեպանները կռվին վերջ տան, քանի որ իրենց արդեն ասված է եղել, որ այդ մարդը խելագար է։

Իսկ դոն Կիխոտը ավելի բարձր էր բղավում, ամենքին ստոր, դավաճան անվանելով, իսկ դղյակի տիրոջը՝ չար ու նենգ, որովհետև թույլ է տալիս իր իսկ դղյակում այսպիսի վիրավորանքներ հասցնեն թափառական ասպետին։ Եվ ավելացնում էր, որ եթե ինքն արդեն ասպետ կարգված լիներ, ապա կխրատեր նրան նման ստորության համար։

Այս ամենը նա այնքան խիզախ ու վճռական էր ասում, որ սաստիկ ահաբեկեց հարձակվողներին։ Շնորհիվ իջևանատիրոջ հորդորի, նրանք դադարեցին քարկոծելը, ապա դոն Կիխոտը թույլ տվեց, որ հավաքեն վիրավորներին և վերսկսեց իր հսկումը զենքուզրահի առջև այնպիսի սառնասրտությամբ, ասես թե բան չէր պատահել։

Այս կատակները իջևանատիրոջը դուր չեկան, և գործին վերջ տալու համար նա վճռեց հյուրին անհապաղ ասպետ կարգել, քանի դեռ նոր աղետ չէր պատահել։

Ուստի, մոտենալով դոն Կիխոտին, ներողություն խնդրեց ստոր ռամիկների լկտի վարմունքի համար, որ առանց իր գիտության է եղել, թեև նրանց հանդգնությունը չարաչար պատժված է։ Ապա նա մեկ էլ կրկնեց, որ ասպետ կարգելու ողջ էությունը ծոծրակին՝ ձեռքով, ուսին՝ սրով հարված հասցնելն է, մի բան, որ կարելի է անգամ բաց դաշտում անել։ Գալով զենքի առջև հսկում կատարելուն, ապա այդ էլ ավարտված պիտի համարել, քանի որ սովորաբար դա տևում է ընդամենը երկու ժամ, իսկ դոն Կիխոտը չորս ժամից ավելի է, ինչ հսկում է արթուն։

Դոն Կիխոտը այս ամենին հավատաց և պատասխանեց, որ պատրաստ է հնազանդելու և խնդրում է, որ ծեսը, ըստ կարելվույն, շուտ կատարվի, որովհետև եթե մեկնումեկի խելքին փչի դարձյալ հարձակվել իր վրա, նա դղյակում կենդանի շունչ չի թողնի, խնայելով միայն դղյակի տիրոջը՝ հարգանքից դրդված, և միմիայն նրանց, որոնց համար նա բարեխոս կլինի։ Վախեցած այս նախազգուշացումներից, ամրոցի տերն իսկույն գնաց բերեց տետրը, որի մեջ գրի էր առնում, թե ջորեպաններին ինչքան գարի ու դարման է բաց թողնում և, ուղեկցությամբ մոմի կտոր բռնած մի տղայի և արդեն հիշատակված երկու աղջիկների, մոտեցավ դոն Կիխոտին, հրամայեց, որ նա ծնկի գա և ինչ-որ աղոթք ջերմեռանդությամբ կարդալու ձև արեց։ Ընթերցանության միջոցին նա հանկարծ տարավ-բերեց և խփեց դոն Կիխոտի ծոծրակին, ապա նրա իսկ թրով զարկեց ուսին, շարունակելով աղոթքի պես բան մռթմռթալ։

Այդ ամենից հետո առաջարկեց, որ տիկիններից մեկը գոտեպնդի սրով նորընծա ասպետին, մի բան, որ տիկինը կատարեց շատ վարժ ու զուսպ։

Երբ որ այս չտեսնված ծեսերը կատարված էին այսպիսի արագությամբ, դոն Կիխոտն շտապեց ձի հեծնել՝ այնքան անհամբեր էր նա արկածախնդրության։ Նա իսկույն թամբեց Ռոսինանտին, թռավ վրան և, գրկելով իջևանատիրոջը, շնորհակալություն հայտնեց իրեն ասպետ կարգելու համար այնպիսի արտասովոր ոճով, որ անհնար է վերարտադրել։

Իսկ իջևանատերը, որ ուրախ էր նրանից ազատվելու համար, պատասխանեց ավելի կարճ, բայց ոչ պակաս հռետորական ոճով, օթևանելու համար բան չվերցրեց և նրան բարի ճանապարհ մաղթեց։