Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ XIII

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ XIII
ՈՐ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ Է ԱՐԻ ԴՈՆ ԿԻԽՈՏԻ
ԵՎ ՆՐԱ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԶԻՆԱԿՐԻ ԿՐԱԾ
ՀԵՏԱԳԱ ԱՆՀԱՄԱՐ ԱՂԵՏՆԵՐԸ ԻՋԵՎԱՆԱՏԱՆԸ,
ՈՐԸ ՄԵՐ ԱՍՊԵՏԸ, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ԴՂՅԱԿԻ ՏԵՂ ԷՐ ԴՐԵԼ

Մինչ այս, մինչ այն, դոն Կիխոտը ուշքի եկավ և դիմեց իր զինակրին.

— Սանչո, բարեկամս, դու քնա՞ծ ես։ Քնա՞ծ ես դու, Սանչո բարեկամ։

— Էլ ի՞նչ քուն,— պատասխանեց Սանչոն վշտալից,— սատանաները կարծես այս գիշեր գլխիս էին թափվել։

— Միանգամայն հիմք ունես այդպես մտածելու,— պատասխանեց դոն Կիխոտը,— որովհետև կամ ես բան չեմ հասկանում, կամ այս դղյակը կախարդված է։ Իմացած եղիր․․․ Ասենք, նախ դու պետք է երդվես, որ այս ամենը ինչ ես քեզ կպատմեմ, գաղտնի կպահես թե իմ կենդանության օրոք, թե իմ մահից հետո։

— Երդվում եմ,— ասաց Սանչոն։

— Դե լավ,— շարունակեց դոն Կիխոտը, այսպես թե այնպես ես վստահ եմ, որ դու ազնիվ ես և սիրում ես ինձ։ Դե իմացած եղիր, որ այս գիշեր ինձ պատահեց ամենազարմանալի արկածներից մեկը, որոնցով ես կարող եմ պարծենալ։ Կարճ՝ նոր էր եկել մոտս այս դղյակի տիրոջ աղջիկը, չքնաղագեղ ու հրապուրիչ մի աղջիկ, որ կարելի է գտնել աշխարհիս երեսին։ Այն միջոցին, երբ ես նրա հետ ամենաքնքուշ ու սիրալիր խոսակցություն ունեի, անտեսանելի և անհայտ հրեշի ձեռքը տարավ-բերեց և իմ ծնոտին այնպիսի հարված հասցրեց, որ բերանս մինչև հիմա էլ արնակալած է։ Դրանից հետո էլ ինձ այնպես ջարդուբուրդ արեց, որ հիմա դրությունս ավելի վատ է, քան թե երեկ, երբ ձիապանները մեզ վիրավորեցին, ինչպես դու հիշելիս կլինես, Ռոսինանտի անզսպության պատճառով։ Դա հարկադրում է ինձ ենթադրել, որ այդ աղջկա անգին գեղեցկության գանձը պահպանում է որևէ հմայված մավր, այն էլ ոչ ինձ համար։

— Ոչ էլ անշուշտ ինձ համար,— հարեց Սանչոն,— որովհետև չորս հարյուրից ավելի մավրեր այնպես ման եկան մեջքիս վրա, որ դրա հետ համեմատած երեկվա մահակները հալվա ու փախլավա են։ Բայց ասացեք, պարոն, ինչպես կարող եք դուք մեզ այսպիսի մի կացության մեջ գցող արկածը հազվագյուտ անվանել։

— Ինչպե՜ս, մի՞թե քեզ էլ են ծեծել,— հարցրեց դոն Կիխոտը։

— Բայց ես ձեզ չասացի՞ այդ, անիծյա՜լ լինեն իմ ծնողները,— պատասխանեց Սանչոն։

— Մի՛ վշտանար, բարեկամս,— ասաց դոն Կիխոտը,— ես իսկույն կպատրաստեմ իմ թանկագին բալասանը, և դու աչք ճպելու ժամանակ չես ունենա, ինչ մենք բուժված կլինենք։

Այդ իսկ վայրկյանին պահակը, որ վերջապես հաջողացրեց ճրագը վառել, ներս մտավ, որ տեսնի կարծեցյալ մեռելին։ Տեսնելով, որ միայն շապիկը հագին, գլուխը թաշկինակով կապած, ճրագը ձեռքին և ոչ մի բարի բան չգուշակող դեմքով մարդ է մոտենում իրենց, Սանչոն հարցրեց տիրոջից.

— Պարոն, չլինի թե հմայված մավրը հենց սա է, որ իր գործը չի ավարտել և վերադարձել է, որ մեզ սպանի պրծնի։

— Սա չի կարող մավր լինել,— պատասխանեց դոն Կիխոտը,— որովհետև հմայվածները անտեսանելի են լինում։

— Թե տեսնել չի լինի, հո զգալ կլինի՞,— պատասխանեց Սանչոն,— իմ կողերը կարող են պատմել դրա մասին։

— Իմն էլ,— ասաց դոն Կիխոտը,— բայց դա դեռ չի նշանակում, թե մեր տեսած մարդը հմայված մավրն է։

Պահակը մոտենալով և տեսնելով նրանց խաղաղ խոսելիս, սաստիկ զարմացավ։ Պետք է ձեզ ասեմ, որ դոն Կիխոտը շարունակում էր մեջքի վրա պառկած մնալ, ուժ չունենալով տեղից շարժվելու ծեծի և սպեղանիների պատճառով։ Պահակը մոտեցավ նրանց ու հարցրեց.

— Է՜հ, ի՞նչ օրի ես, խղճուկ։

— Ձեր տեղը ես ավելի քաղաքավարի կլինեի,— պատասխանեց դոն Կիխոտը,— թե՞ ձեր կողմերում թափառական ասպետների հետ այդպես է ընդունված խոսել, բռի գյուղացի։

Տեսնելով, որ այդ խղճուկ արտաքինով մարդն ինչպես է խոսում հետը, պահակը չհամբերեց, տարավ-բերեց ձեթով լի ճրագն ու խփեց դոն Կիխոտի գլխին այնպես, որ քիչ էր մնում նրա գանգը փշուր-փշուր աներ։ Դարձյալ սենյակն ընկղմվեց խոր խավարի մեջ, և պահակն իսկույն դուրս եկավ։

— Անկասկած, պարոն,— ասաց Սանչո Պանսան,— դա հենց հմայված մավրն է, որ կա։ Երևի թե նա գանձը ուրիշների համար է պահում, իսկ մեզ՝ բռունցքի և ճրագի հարվածներ հրամցնում։

— Երևի այդպես է,— պատասխանեց դոն Կիխոտը։— Բայց չարժե փորձել այդ տեսակ կախարդանքի դեմ կռվել։ Անօգուտ է նմանապես զայրանալ կամ գանգատվել, որովհետև քանի որ այդ ուժերն աներևույթ են և ցնորական, մենք, ինչքան էլ ջանք թափելու լինենք, չենք կարող վրեժ առնել։ Փորձիր, ապա, Սանչո, վեր կենալ ու որոնել այս դղյակի պարետին։ Աշխատիր մի քիչ յուղ, գինի, աղ և խնկունի ձեռք բերել, որ ես կարողանամ բուժիչ բալասան եփել։ Ճիշտն ասած, ես դրա կարիքը շատ ունեմ, որովհետև այդ ուրուի հասցրած վերքերից սաստիկ արյուն է գալիս։

Ոսկորների սաստիկ ցավով, Սանչոն վեր կացավ և մթության մեջ գնաց իջևանատիրոջ մոտ։ Ճանապարհին դեմ առնելով պահակին, որը հետևում էր, թե ինչ է մտադիր անելու իր հակառակորդը, ասաց.

— Ով էլ լինեք դուք, պարոն, եղեք այնքան բարեգութ ու բարեգործ, մեզ մի քիչ խնկունի, յուղ, աղ ու գինի տվեք, որպեսզի դեղ պատրաստենք թափառական ասպետներից լավագույնի համար, որը պառկած է անկողնում՝ այս իջևանատանը բնակվող կախարդ մավրի ձեռքով ծանր վիրավորված։

Լսելով այդ, պահակը վճռեց, որ իր առջև խելագար է կանգնած։ Եվ, որովհետև լույսն սկսել էր բացվել, նա դուռը բաց արեց և, իջևանատիրոջը կանչելով, հաղորդեց նրան խեղճի խնդիրքը։

Իջևանատերը տվեց Սանչոյին ինչ որ պետք էր, և վերջինս տարավ տվեց դոն Կիխոտին, որը կանգնել էր՝ ձեռքով բռնած գլուխը և գանգատվում էր ճրագով հասցրած հարվածից, թեև այդ հարվածից նրա ճակատին միայն երկու բավական խոշոր ուռուցք էր դուրս եկել, իսկ արյան տեղ նա ընդունում էր պարզապես քրտինքը, որը ծորում էր առատորեն։

Վերջապես, նա վերցրեց այդ բաղադրիչ մասերը և պատրաստեց բուժիչ խառնուրդ, պահելով կրակի վրա և խառնելով, մինչև որ նրան թվաց, թե բավական է։ Ապա մի սրվակ խնդրեց, որպեսզի խառնուրդն ածի մեջը, բայց որովհետև ողջ տանը սրվակ չգտնվեց, նա գոհացավ ձեթի թիթեղյա ամանով, որ իջևանատերն առաջարկեց նրան ձրիաբար։ Դրանից հետո թիթեղի ամանի վրա ոչ պակաս քան ութսուն անգամ «հայր մեր» ասաց և բազմաթիվ այլ աղոթքներ, յուրաքանչյուր խոսքի վրա խաչ հանելով։ Սանչո Պանսան, իջևանատերն ու պահակը ներկա էին այս գործողությանը։ Գալով ջորեպանին, նա ամենահանգիստ կերպով զբաղված էր իր ջորիներով։ Ապա դոն Կիխոտը կամեցավ իսկույն փորձել այնքան բուժիչ, իր կարծիքով, բալասանի զորությունը և միանգամից կուլ տվեց թիթեղյա ամանի մեջ չտեղավորված և կավե ամանի մեջ մնացած դեղը։ Բայց հազիվ էր նա խմել, որ սիրտն այնպես խառնեց, որ ստամոքսում եղած-չեղածը դուրս թափվեց։ Սրտախառնության հարուցած ջղաձգություններից և լարվածությունից քրտինքը թափվում էր առատությամբ, և նա խնդրեց, որ իրեն տաք-տաք ծածկեն ու մենակ թողնեն։ Երեք երկար ու ձիգ ժամ քնելուց հետո նա զարթնեց թարմ մարմնով և հարվածների ցավը այնքան էր մեղմացել, որ նա իրեն միանգամայն առողջ համարեց և հավատաց, որ այդ բալասանի շնորհիվ նա այլևս երկյուղ չունի ընդհարումներից, կռվից ու տուրուդմփոցից, ինչքան էլ դրանք վտանգավոր լինեն։

Սանչո Պանսան, որ իր տիրոջ առողջանալը հրաշք համարեց, խնդրեց, որ դոն Կիխոտը իրեն տա ամանում մնացածը. իսկ ամանի մեջ քիչ բան չէր մնացել։ Դոն Կիխոտը տվեց, և Սանչոն, երկու ձեռքով բռնելով ամանը, մեծ հավատով ու ջերմեռանդությամբ իր կոկորդն ածեց մի քիչ պակաս, քան իր տերը։ Սակայն դուրս եկավ, որ Սանչոյի ստամոքսը այնքան էլ զգայուն չէր, որովհետև մինչև սիրտ թափելը նա այնպիսի ծակոցներ զգաց և սիրտն այնպես էր խառնում, այնպես քրտնեց և այնքան թուլացավ, որ հաստատ ու անկեղծ վճռեց, թե իր վերջին ժամը հասել է։ Այս ծանր ու տանջալից կացության մեջ, նա սկսեց անիծել և՛ բալասանը, և՛ չարագործին, որ իրեն հրամցրեց։ Տեսնելով նրան այդ վիճակում, դոն Կիխոտն ասաց.

— Ես կարծում եմ, Սանչո, որ քեզ հասած ամբողջ ցավը նրանից է, որ դու ասպետ չես կարգված։ Որովհետև, կարծեմ, այս խմիչքը օգուտ չի բերում նրան, ով ասպետ չէ։

— Եթե ձերդ ողորմածությունը գիտեր այդ բանը,— բացականչեց Սանչոն,— ինչո՞ւ ապա, գետինը մտնեմ ես իմ յոթը պորտով, թույլ տվեց, որ խմեմ։

Դոն Կիխոտը, ինչպես մենք արդեն ասացինք, թարմ ու առույգ լինելով, կամեցավ իսկույն ճամփա ելնել արկածներ որոնելու, որովհետև այստեղ անցկացրած յուրաքանչյուր ժամը նրան կորուստ էր թվում աշխարհի և իր պաշտպանության ու հովանավորության կարոտ բոլոր զրկվածների համար։ Եվ նրան առանձնապես մղում էր այդ անելու այն խոր հավատը, որ ներշնչել էին նրան իր բալասանի հատկությունները։ Տոչորվելով այդ ցանկությամբ, նա իր ձեռքով թամքեց Ռոսինանտին և փալանեց իր զինակրի էշը, ապա օգնեց Սանչոյին, որ վեր կենա և նստի վրան։ Դրանից հետո նա հեծավ ձին և, անցնելով բակի ծայրը, վերցրեց այնտեղ դրած գեղջկական նիզակը, որ պիտի փոխարիներ մարտականին։

Երր որ նրանք երկուսով էլ անասունների վրա էին, դոն Կիխոտը մոտեցավ իջևանատան պատշգամբին և, դիմելով տիրոջը, ծանր ու հանդիսավոր ձայնով ասաց.

— Ձեր դղյակում վայելածս բարիքները, կալվածատեր պարոն, մեծ ու բազմաթիվ են, և ես ինձ պարտավոր եմ համարում մինչև վերջին օրերս շնորհակալ լինել ձեզ։ Օ՜, եթե կարողանայի երախտամատույց լինել, պատժելով ձեզ վիրավորանք հասցրած որևէ հանդուգնի։ Որովհետև, իմացած եղեք, իմ կոչումն է՝ օգնել տկարներին, կեղեքվածների վրեժը լուծել և պատժել ստորությունը։

Դրան, նույնպիսի արժանապատվությամբ, իջևանատերը պատասխանեց.

— Պարոն Կաբալյերո, ես կարիք չունեմ, որ ձերդ ողորմածությունը վրիժառու լինի ինձ հասցրած վիրավորանքների համար, որովհետև տեղ եկած ժամանակ, ես էլ գիտեմ ինձ վիրավորողների հախիցը գալ։ Մի բան միայն կկամենայի ես, որ ձերդ ողորմածությունը վճարեր ինձ իմ իջևանատանը գիշերելու համար, այսինքն՝ ընթրիքի և երկու անկողնու համար, ինչպես և ձեր երկու կենդանիների կեր ու դարմանի գինը։

— Ուրեմն սա իջևանատո՞ւն է եղել,— հարցրեց դոն Կիխոտը։

— Այո և լավագույն համբավ վայելող,— պատասխանեց իջևանատերը։

— Մինչև այս վայրկյանը ես մոլորության մեջ եմ եղել,— ասաց դոն Կիխոտը,— որովհետև, ճիշտն ասած, երևակայում էի, թե դղյակ է, այն էլ վատը չէ։ Բայց քանի որ դղյակ չէ, այլ իջևանատուն, ինձ մնում է խնդրել ձեզանից, որ վարձից ազատեք։ Ես չեմ կարող փոփոխել թափառական ասպետների կանոնադրությունը, որի համաձայն, ինչպես ինձ լավ հայտնի է, քանի որ գրքերում երբեք հակառակը չեմ հանդիպել, նրանք երբեք գիշերելու կամ որևէ այլ բանի համար չէին վճարում հյուրանոցին, որտեղ իջևանում էին։ Նրանք իրավամբ և ըստ օրինաց ամենուրեք լավագույն ընդունելություն էին վայելում, մի բան, որ նրանց ցույց էր տրվում ի վարձատրություն մեծամեծ նեղությունների, որ նրանք կրում են զօր ու գիշեր անցկացնելով արկածների որոնումների մեջ, ամառ ու ձմեռ, ոտքով թե ձիով, տանելով քաղց ու ծարավ, շոգ ու սառնամանիք, ենթարկվելով երկնային արհավիրքների բոլոր փոփոխություններին և երկրային աղետներին։

— Այդ գործերից խելքս քիչ է կտրում,— հայտարարեց իջևանատերը,— վճարեցեք ինձ ինչ որ հարկն է, թե չէ ես գործ չունեմ զանազան առասպելների և ասպետությունների հետ։

— Դուք անտաշ ու մուռտառ միկիտանչի եք,— բացականչեց դոն Կիխոտը։

Եվ, խթանելով Ռոսինանտին, ճոճելով իր գեղջկական նիզակը, նա անարգել դուրս եկավ բակից և բավական ճանապարհ կտրեց, առանց ետ նայելու, որ տեսնի, գալի՞ս է արդյոք իր հետևից զինակիրը, թե ոչ։

Տեսնելով, որ կենվորը գնաց առանց վճարելու, իջևանատերը իր հաշիվը ներկայացրեց Սանչո Պանսային։ Սանչոն հայտարարեց, թե քանի որ իր տերը չկամեցավ վճարել, ապա ինքը ավելի քիչ է հակված վճարելու, որովհետև, թափառական ասպետի զինակիր լինելով, նա ենթարկվում է նույն կանոնադրության, ինչ որ իր տերը, որը թույլ չի տալիս իջևանատներում և պանդոկներում որևէ բանի համար վճարել։ Իջևանատերը լրջորեն զայրացավ և սպառնաց, որ եթե Սանչոն չվճարի, ապա նրա հախիցը կգա իր գիտցած ձևով։ Բայց Սանչոն դրան պատասխանեց, թե հնազանդելով ասպետական կանոնադրության, նա ոչ մի գրոշ չի վճարի, անգամ իր կյանքի գնով, որովհետև նա չի ուզում, որ իր պատճառով պախարակված լինի թափառական ասպետների գեղեցիկ և հին սովորությունը և որպեսզի իրենից հետո աշխարհ եկած զինակիրները չկարողանան դժգոհել իրենից և կշտամբել այնքան արդար օրենքի խախտման համար։

Դժբախտ Սանչոյի չար բախտից իջևանատան կենվորների մեջ չորս տեղացի մահուդագործ կային Պոտրոսից, որ գտնվում է Կորդովում, և էլի երկու սրիկա Սևիլիայից, բոլորն էլ ուրախ, կտրիճ ու հանաքչի տղաներ։ Նրանց բոլորի մտքում միևնույն միտքը ծագեց, և խոսքները մեկ անելով, նրանք շրջապատեցին Սանչոյին և, քաշելով, քաշքշելով, էշից վայր բերին։ Նրանցից մեկը վազեվազ գնաց բերեց իջևանատիրոջ վերմակը, որի վրա և գցեցին Սանչոյին։ Սակայն աչքերը բարձրացնելով և նկատելով, որ առաստաղը ցածր է իրենց մտահղացման համար, նրանք վճռեցին հետևի բակն անցնել, որի առաստաղը երկնակամարն էր։ Այստեղ Սանչոյին վերմակի մեջտեղը դնելով, նրանք սկսեցին վեր-վեր գցել։

Վեր գցվողի տառապալից ճիչերը այնքան սուր էին, որ հասան իր տիրոջ ականջին, որը սկզբում կարծեց, թե իրեն որևէ նոր արկած է հանդիպել, սակայն շուտով ճանաչեց զինակրի ձայնը։ Շուռ տալով ձիու գլուխը, նա ահավոր արագությամբ քշեց, ետ եկավ իջևանատուն և, դարպասը փակ գտնելով, սկսեց շուրջը պտույտ գալ, որոնելով մուտքը։ Սակայն հազիվ էր մոտեցել հետին բակի ցանկապատին, որը շատ էլ բարձր չէր, տեսավ այն ուրախ խաղը, որ խաղում էին իր զինակրի գլխին։ Նրա աչքի առջև զինակիրը թռչում էր օդ և ապա վայր ընկնում այնպիսի զվարճալի արագությամբ, որ եթե դոն Կիխոտի ցասումը չբռնկեր, կարելի է համոզված լինել, որ նա ծիծաղից կթուլանար։ Նա փորձեց ձիուց անցնել ցանկապատի վրա, բայց այնքան թույլ ու ջարդված էր, որ չկարողացավ անգամ ձիուց իջնել։ Ուստի, շարունակելով ձիու վրա նստած մնալ, նա սկսեց չարաճճիների վրա կարկուտի պես այնպիսի անեծք ու հիշոց թափել, որ գրիչս հրաժարվում է վերարտադրել։ Իսկ հանաքչիները, չնայած դրան, չէին դադարում ուրախ-զվարթ աշխատելուց, ինչպես և չէին դադարում օդում թռչկոտող Սանչոյի վայնասունները, որոնց մեջ միախառնվում էին աղերսանքն ու սպառնալիքը։ Այդ ամենը, սակայն, նրան քիչ էր օգնում։ Վերջապես տղերքը, հոգնելով, իրենք թողին խաղը։ Այստեղ նրանք էշը քաշեցին, նստեցրին Սանչոյին փալանի վրա և վերմակը գցեցին նրա ուսին, իսկ սրտացավ Մարիտոռնեսը, տեսնելով, թե նա ինչպես է տանջվել, վճռեց, որ պատեհ կլինի կազդուրել նրան մի գավաթ ջրով, որը և բերեց նրա համար ջրհորից։ Սանչոն վերցրեց գավաթը և արդեն տարել էր բերանը, որ հանկարծ կանգ առավ, լսելով իր տիրոջ բարձր ճիչը․

— Սանչո, զավակս, ջուր մի՛ խմիր։ Մի՛ խմիր, զավակս, եթե չես ուզում մեռնել։ Տես, ահա հրաշագործ բալասան (այս խոսքերի վրա նա ցույց տվեց թիթեղյա ամանը), որի երկու կաթիլը քեզ իսկույն կբուժի։

Բայց, ի պատասխան, Սանչոն միայն խեթ-խեթ նայեց նրան և ոչ պակաս բարձր բղավեց.

— Ձերդ ողորմածությունը մոռացել է, հա՞, որ ես ասպետ չեմ և կամենում է, որ ես այս գիշերվանից մնացած վերջին փորոտիքս փսխե՞մ։ Ձեր խմիչքը՝ ձեզ մնա, հազար սատանա, իսկ ինձ հանգիստ թողեք։

Վերջին խոսքերը նա արտասանեց արդեն քիթը կոխած գավաթի մեջ։ Սակայն առաջին իսկ կումից նկատելով, որ հասարակ ջուր է, նա չկամեցավ շարունակել և գինի խնդրեց։ Գինին խմելուց հետո՝ նա կրունկներով տվեց էշի կողերին և, դարպասը լայն բանալով, դուրս եկավ բակից, սաստիկ գոհ մնալով, որ բան չվճարեց և իր ասածը եղավ, թեև ոչ առանց վնասի իր սովորական երաշխավորների՝ կողերի համար։ Ճիշտ է, իջևանատերը պահել էր նրա ճամփորդական պայուսակը՝ հաշվի դիմաց, բայց Սանչոն դուրս գալուց այնքան հուզված էր, որ դա չնկատեց։