Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ XL

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ XL
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՇՏԱԼԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ

Իր վարչապետության յոթերորդ գիշերը Սանչոն պառկած էր անկողնում, կուշտ՝ ոչ թե հաց ու գինով, այլ դատ ու դատավճիռներով, իր հրապարակած հրովարտակներով ու օրենքներով, և արդեն նինջն սկսել էր փակել նրա աչքերը, երբ մի այնպիսի խլացուցիչ աղաղակ բարձրացավ ու զանգերի ղողանջ, որ նրան թվաց, թե ողջ կղզին խորտակվում է։

Նա նստեց մահճակալին և սկսեց ուշի-ուշով ականջ դնել, աշխատելով գլխի ընկնել, թե ի՞նչը կարող է այս մեծ իրարանցումի պատճառը լինել։ Սակայն նա բան չէր կարողանում հասկանալ, որովհետև զանգերի ղողանջին և աղաղակներին շուտով խառնվեցին անթիվ փողերի և թմբուկների ձայներ, որ ավելի ևս շփոթեցրին Սանչոյին և ահ ու սարսափով պատեցին նրան։

Նա վեր կացավ տեղից, հողաթափերը հագավ (որովհետև հատակը խոնավ էր) և, առանց վրան խալաթ կամ նման բան գցելու, մոտեցավ իր ննջարանի դռանը այն իսկ վայրկյանին, երբ սրահ խուժեցին մոտ քսան մարդ, վառ ջահերն ու մերկ թրերը ձեռքներին, ու գոռացին.

— Զինվեցե՛ք շուտով, տեր, եթե չեք կամենում կործանել ողջ կղզին։

— Ինչի՞ համար զինվեմ,— պատասխանեց Սանչոն։— Մի՞թե ես զենքից ու պաշտպանությունից բան եմ հասկանում։ Այդ գործը ավելի լավ կլիներ հանձնել իմ տիրոջը՝ դոն Կիխոտին։ Նա մեկ հարվածով վերջ կտար, և դուք անվտանգ կլինեիք։ Իսկ ես, ինչ մեղքս թաքցնեմ, այդ խառնաշփոթությունից գլուխ չեմ հանում։

— Օ, տեր վարչապետ, այդ ի՞նչ անտարբերություն է։ Զինվեցեք, ձերդ ողորմածություն, մենք ձեզ համար և հարձակվելու, և պաշտպանելու զենքեր ենք բերել։ Դուրս եկեք հրապարակ, եղեք մեր առաջնորդն ու զորավարը, որովհետև իրավամբ ձեզ է վայելում այդ կոչումը, քանի որ դուք մեր վարչապետն եք։

— Շատ բարի, զինեցեք,— պատասխանեց Սանչոն։ Իսկույն բերին երկու մեծ վահան, որ նախապես պատրաստել էին և, առանց թույլ տալու, որ Սանչոն շորերը հագնի, մեկ վահանը՝ առջևից, մյուսը՝ հետևից, ամուր կապեցին։ Վահաններով սեղմված, ինչպես տախտակներով, նա իլիկի պես ուղիղ կանգնել էր, անկարող լինելով ոչ ծունկ ծռել, ոչ քայլել։ Նրա ձեռքը մի նիզակ տվին, որի վրա հենվեց, որ վայր չընկնի։ Այդպես զարդարելով նրան, առաջարկեցին ճամփա ընկնել, առաջնորդել և արիացնել մարտիկներին։ Նրանք ավելացրին, թե ամեն ինչ լավ կվերջանա, եթե նա կողմնացույց, լապտեր և լուսատու լինի։

— Ինչպե՞ս գնամ, խեղճ ողորմելիս,— բացականչեց Սանչոն,— քանի որ անկարող եմ ծնկներս շարժել։ Այս տախտակները մխրճվում են մարմնիս մեջ և կաշկանդում ինձ։ Ձեզ մնում է միայն, որ ինձ ձեռքերի վրա տանեք-կանգնեցնեք կամ պառկեցնեք որևէ դռան արանքում, որ ես պաշտպանեմ նիզակով կամ մարմնովս։

— Եկեք, տեր վարչապետ, ձեզ ոչ թե տախտակներն են կաշկանդում, այլ երկյուղը։ Շուտ արեք, եկեք, ուշ է արդեն, թշնամու թիվն էլ հա՛ աճում է, աղմուկն ավելանում, և աղետը վրա է հասնում։

Նրանք այնպես էին համոզում ու հայհոյում, որ խեղճ վարչապետը, վճռելով վերջապես շարժվել, թրմփաց գետնին այնքան ուժեղ, որ թվում էր, թե փշուր-փշուր եղավ։ Նա մնաց պառկած գետնին, ինչպես կրիան, կծկված ու ներփակված իր պատյանի մեջ, կամ խոզի բուդ, երկու տաշտի արանքում, կամ թե ավազով լեցուն մակույկ։ Անգամ Սանչոյի վայր ընկնելուց հետո զվարճասերները նրան մազաչափ չխղճացին, ընդհակառակն, հանգցրին ջահերը, սկսեցին գոռալ ավելի ուժգին, ավելի մոլեգին զենքի կոչել և տրորել խեղճ Սանչոյին, թրերով անընդհատ զարկելով նրա վահաններին, այնպես որ եթե խեղճ վարչապետը գունդուծկիկ չդառնար, գլուխը ներս քաշելով վահանների մեջ, նրա բանը բուրդ կլիներ։ Ամեն կողմից սեղմված, քափ ու քրտինք կտրած, նա հոգով-սրտով աղոթում էր աստծուն և աղաչում, որ դուրս բերի իրեն այս կրակից։ Ոմանց ոտքը դեմ էր առնում նրա վահանին, ոմանք գլորվում էին նրա վրա, իսկ մարդու մեկն էլ բարձրացավ նրա վրա և ասես թե պահակային աշտարակից, երկար ու բարակ հրամաններ էր արձակում զորքին, բարձրաձայն աղաղակելով.

— Մերո՛նք, վազեք այստեղ, թշնամին այս կողմի վրա է գրոհում։ Պահակ դրեք այն մուտքի մոտ, դարպասը փակեցեք, գերաններով ծածկեցեք սանդուղքները։ Ձյութ ու կրի ամանները բերեք, կաթսաների մեջ եռման յուղ, ձեթ ու կուպր ածեցեք։ Փողոցները փակեք ներքնակներով։

Մի խոսքով, նա ամեն տեսակ ռազմական պարագաների և նյութերի անուններ էր տալիս, որոնցով սովորաբար պաշտպանում են քաղաքները պաշարման պահին, մինչդեռ կիսաշունչ Սանչոն այդ ամենը լսում, համբերում ու ինքն իրեն ասում էր.

— Ախ, աստված տար շուտով այս կղզին թշնամիները գրավեին, իսկ ես կամ մեռնեի, կամ ազատվեի այս զահրումարից։

Երկինքն անսաց նրա աղերսանքիկ, և ահավասիկ, երբ որ նա ամենից քիչ էր սպասում, հնչեցին բարձրաձայն աղաղակներ.

— Հաղթությո՜ւն, հաղթությո՜ւն, թշնամին հաղթված է։ Վեր կացե՛ք, տեր վարչապետ, ձերդ ողորմածություն, համեցեք, վայելեցեք հաղթանակի պտուղները և բաժանեցեք ավարը, որ արի և անհաղթ ձեռքով մենք խլել ենք թշնամուց։

— Վեր կացրեք ինձ,— տանջված ու ցավագին ձայնով ասաց Սանչոն։

Նրանք օգնեցին և, ոտքի կանգնելով, նա ասաց.

— Ավար բաժանել չեմ ուզում։ Իսկ եթե ձեզանից մեկնումեկը ինձ մի կում գինի տա և քրտինքս սրբի․․․

Սանչոյի վրայից վահանները հանեցին, նրա մարմինը սրբեցին և գինի բերին։

Նա նստեց մահճակալի վրա և ուշագնաց եղավ ահից, ցնցումից և հոգնածությունից։ Այդ կատակը սարքողներն արդեն սկսեցին զղջալ, գտնելով, որ կատակը կոպիտ դուրս եկավ։ Սակայն նրանց տխրությունը երկար չտևեց, որովհետև վարչապետը շուտով ուշքի եկավ և հարցրեց, թե ժամը քանի՞սն է։ Նրան պատասխանեցին, թե արդեն լույսը բացվում է։ Նա ոչ մի խոսք չարտասանեց և, լուռումունջ, սկսեց շորերը հագնել։ Բոլորը սպասում էին, թե նրա արագ-արագ հագնվելու վերջն ինչ պիտի լինի։

Վերջապես Սանչոն հագնվեց ու դանդաղ քայլերով, որովհետև նա այնքան ջարդված էր, որ ավելի արագ շարժվել չէր կարող, գնաց դեպի գոմ, ուր նրա հետևից գնացին բոլոր մերձավորները։

Սանչոն մոտեցավ իր իշուկին, գրկեց, քնքշորեն համբուրեց նրա ճակատը և, արցունքն աչքերին, ասաց.

— Իմ ընկերս, բարեկամս և օգնականս գործերիս և աղետներիս պահին։ Երբ որ ես քեզ հետ էի ապրում, իմ բոլոր մտքերը կլանում էր քո սարքը նորոգելու, քո որովայնը սնելու հոգսը։ Ճշմարիտ, երջանիկ էին իմ ժամերը, օրերն ու տարիները։ Բայց քեզ լքեցի թե չէ, բարձրացա փառասիրության և պարտության աշտարակը, հոգիս պատեցին հազար ու մի ցավեր, հազար ու մի հոգս և չորս հազար հուզմունք։

Այդ խոսքերն արտասանելով, նա միաժամանակ փալանում էր էշին։

Բոլորը լուռ էին։

Էշին փալանելուց հետո Սանչոն, տնքտնքալով, ախ ու վախով, նստեց վրան և դառնալով սենեկապետին, քարտուղարին, բժիշկ Պեդրո Ռեսիոյին և մյուսներին, ասաց.

— Ճամփա տվեք, սիրալիր պարոններ, թույլ տվեք, որ ես վերադառնամ իմ նախկին կյանքին։ Թույլ տվեք, գնամ-որոնեմ իմ անցյալ կյանքը, որպեսզի հարություն առնեմ իմ այժմյան մահվանից։ Ես վարչապետ լինելու, թշնամիներից կղզի ու քաղաք պաշտպանելու համար չեմ ծնված։ Իմ խելքն ավելի լավ է կտրում, թե ինչպես պետք է վարել, փորել հողը, էտել խաղողի որթը, քան թե հրատարակել օրենքներ և պաշտպանել պետությունը։ Ինձ ավելի կվայելի ձեռքիս մանգաղ բռնել, քան վարչապետի գայիսոն։ Ես գերադասում եմ պառկել կաղնու հովանու տակ, իսկ ձմեռը փաթաթվել ոչխարի մորթու մեջ, քան այս վարչապետական տաժանքը կրել, քնել հոլանդական սավանի վրա և սամույրի մուշտակ հագնել։ Հաղորդեցեք իմ տիրոջը՝ դուքսին, որ ես ծնվել եմ մերկ և մերկ էլ մնացել եմ, ոչինչ չեմ տարել և տանուլ չեմ տվել։ Ասելս այն է, որ ես դատարկ գրպանով սկսեցի պաշտոնավարել և դատարկաձեռն էլ թողնում եմ պաշտոնս։ Սովորաբար, ուրիշ կղզիներում վարչապետները այլ կերպ են վարվում։ Դե, ճամփա տվեք, ես գնում եմ բժշկվեմ, որովհետև առողջ տեղ չի մնացել վրաս։

— Հնարավոր բան չէ, պարոն վարչապետ,— բացականչեց բժիշկ Ռեսիոն,— ես ձերդ ողորմածությանը դեղ կտամ, որը կվերադարձնի ձեզ ձեր նախկին ուժն ու առողջությունը։

— Ուշ է, ուշ,— պատասխանեց Սանչոն։— Ավելի շուտ ես թուրք կդառնամ, քան կփոխեմ իմ որոշումը։ Ես Պանսաների ցեղից եմ, որ համառ մարդիկ են։ Եթե մեզանից մեկնումեկն ասել է, թե սա կենտ է, կնշանակի կենտ է, թեկուզ զույգ է։

Սենեկապետն ասաց.

— Տեր վարչապետ, մենք ամենայն պատրաստակամությամբ ձեզ թաց կթողնենք, թեև շատ ծանր է մեզ համար զրկվել ձեզանից։ Սակայն ամենքին հայտնի է, որ յուրաքանչյուր վարչապետ, նախքան պաշտոնավայրից հեռանալը, պարտավոր է հաշիվ ներկայացնել։ Ներկայացրեք, ձերդ ողորմածություն, ձեր կառավարչության տասն օրվա հաշիվը և ապա՝ գնացեք խաղաղությամբ։

— Ինձնից ոչ ոք հաշիվ պահանջելու իրավունք չունի,— պատասխանեց Սանչոն,— բացի ինձ լիազորող անձից, տեր դուքսից։ Հիմա ես նրա մոտ եմ գնում և նրան հաշիվ կներկայացնեմ։ Ասենք, ես այստեղից տկլոր եմ գնում, էլ ի՞նչ փաստաթղթեր և փաստարկումներ են պետք ապացուցելու համար, որ ես հրեշտակի պես եմ կառավարել։

— Ազնիվ խոսք, արդարացի է մեծն Սանչոն,— բացականչեց բժիշկ Ռեսիոն։— Իմ կարծիքով, մենք կարող ենք նրան բաց թողնել, որովհետև դուքսին մեծ հաճույք կպատճառի տեսակցությունը նրա հետ։

Բոլորը համաձայնվեցին և թույլ տվին, որ Սանչոն գնա, նախապես առաջարկելով նրան պատվավոր պահակ և այն ամենը, որպեսզի ճամփորդությունը հարմար ու հաճելի լինի։ Սանչոն պատասխանեց, թե իր էշի համար կուզենար գարի ստանալ, իսկ իրեն համար հաց ու պանիր, քանի որ ճանապարհը երկար չէ, ուստի ավելի առատ և ավելի ընտիր պաշարի կարիք չունի։

Բոլորը հերթով գրկեցին նրան։ Նա էլ, արցունքն աչքերին, գրկեց նրանց և հեռացավ։