Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ XLII

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ XLII

ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴՈՆ ԿԻԽՈՏԸ ՀԻՎԱՆԴԱՑԱՎ,
ԿՏԱԿ ԳՐԵՑ ԵՎ ՎԱԽՃԱՆՎԵՑ

Այս աշխարհում հավիտենական ոչինչ չկա։ Ամեն ինչ իր արշալույսից թեքվում է դեպի մայրամուտ, մանավանդ՝ մարդկային կյանքը։ Իսկ որովհետև դոն Կիխոտի կյանքը իր վազքը դանդաղեցնելու հրաշալի ընդունակությունը չուներ, ապա նրա վախճանը վրա հասավ այն վայրկյանին, երբ նա ամենից քիչ էր սպասում դրան։

Նա հիվանդացավ տենդով, որը վեց օր նրան պահեց անկողնում։ Նրա բարեկամները՝ քահանան, բակալավրը և սափրիչը, այցելում էին ամեն օր, իսկ Սանչո Պանսան, բարի զինակիրը, չէր հեռանում նրա սենյակից։

Բարեկամները բժիշկ կանչեցին։ Սա շոշափեց դոն Կիխոտի զարկերակը և դժգոհ մնաց, ուստի խորհուրդ տվեց մեր ասպետին, համենայն դեպս, խորհել իր հոգու մասին, որովհետև մարմինը վտանգի մեջ է։

Դոն Կիխոտը հանգիստ լսեց նրան։ Սակայն այդպես չվերաբերվեցին նրա զարմուհին, տնտեսուհին և զինակիրը, որոնք սկսեցին աղեխարշ լաց լինել, ինչպես եթե դոն Կիխոտը մեռած՝ պառկած լիներ նրանց առջև։

Բժշկի կարծիքով, դոն Կիխոտին սպանողը վիշտն ու թախիծն էր։

Հիվանդը խնդրեց, որ իրեն մենակ թողնեն և, առանց զարթնելու, քնեց ավելի քան վեց ժամ, այնպես որ նրա զարմուհին ու տնտեսուհին սկսեցին վախենալ՝ հո չի՞ վախճանվել քնած տեղը։ Սակայն նա զարթնեց և շուրջը հավաքեց ազգականներին ու բարեկամներին։

Դոն Կիխոտն ասաց.

— Շնորհավորեք ինձ, բարի մարդիկ, ես այլևս դոն Կիխոտ Մանչացին չեմ, այլ Ալոնսո Կիխանոն։ Հիմա ես Ամադիս Գաղիացու և նրա բյուրավոր ժառանգների թշնամին եմ և ինձ համար ատելի են թափառական ասպետների բոլոր անհեթեթ պատմությունները։ Ես հասկացա իմ անմտությունը և այն վտանգը, որին ենթարկեցի ինքս ինձ, կարդալով դրանք։ Եվ հիմա, երբ ողորմած աստված լուսավորեց, վերջապես, իմ գլուխը, ես նրանց դատապարտում եմ։

Երբ որ ներկա գտնվողները լսեցին այդ, վճռեցին, թե որևէ այլ խելագարություն է պատել նրան, և Սամսոնն ասաց.

— Հիմա, երբ մենք պատրաստվել ենք հովիվ դառնալ և իշխանական կյանք վարել, շարունակ երգ ասելով, ձերդ ողորմածությունը վճռում է ճգնավո՞ր դառնալ։ Թողեք այդ զառանցանքները, ի սեր աստծո։

— Զառացանքն այն է, որ մինչև հիմա է եղել,— պատասխանեց դոն Կիխոտը։— Ճշմարիտ որ եղածը կործանիչ զառանցանք է եղել ինձ համար։ Ես զգում եմ, պարոններ, որ մահս բոլորովին մոտ է։ Թողնենք կատակները մի կողմ, մի քահանա կանչեցեք, որ խոստովանվեմ, և մի գրագիր, որ գրել տամ կտակս։

Բոլորը զարմացած իրար նայեցին և, թեև չկարողացան փարատել իրենց կասկածը, այնուհանդերձ հակամետ էին հավատալու նրան։ Այդ հանկարծակի կերպարանափոխությունը՝ խելագարից ողջամիտի, նրանց թվաց մոտալուտ մահվան նշան։ Իսկ դոն Կիխոտը շատ ուրիշ բաներ էլ ասաց և այնքան կոկ ու կանոնավոր, ճշմարիտ քրիստոնեական ու բանական, որ կասկածները ցրվեցին, և բոլորը վերջնականապես հավատացին, որ դոն Կիխոտի միտքը պարզվել է։

Քահանան խնդրեց, որ բոլորը դուրս գան և, մնալով մենակ, խոստովանեցրեց նրան։ Բակալավրը, որ գնացել էր գրագրի հետևից, շուտով վերադարձավ գրագրի և Սանչո Պանսալի հետ։ Վերջինս բակալավրից տեղեկացած լինելով, թե ինչ վիճակի մեջ է իր տերը ու տեսնելով, որ դոն Կիխոտի զարմուհին ու տնտեսուհին լաց են լինում, ինքն էլ սկսեց հեկեկալ ու արցունք թափել։ Խոստովանությունն ավարտելուց հետո քահանան դուրս եկավ և ասաց.

— Իրոք որ Ալոնսո Կիխանոն մահանում է և իրավ՝ նրա միտքը առողջ է։ Ներս մտեք, որ ներկա լինեք կտակի կազմելուն։

Այս խոսքերը արցունքի նոր հեղեղ առաջ բերին դոն Կիխոտի զարմուհու, տնտեսուհու և բարի զինակիր Սանչո Պանսայի աչքերից, նրանք հեկեկում, ախ ու վախ էին քաշում։ Որովհետև, ինչպես մենք քանիցս նշել ենք, դոն Կիխոտը թե Ալոնսո Կիխանո եղած պահին, թե դոն Կիխոտ Մանչացի եղած միջոցին, քաղցր ու բարեսիրտ բնավորության տեր էր, ուստի և նրան սիրում էին ոչ միայն մերձավորները, այլև բոլոր ծանոթները։

Բոլորի հետ ներս մտավ նաև գրագիրը։ Երբ որ նա կտակի վերնագիրը գրեց-պրծավ, դոն Կիխոտը, հոգին աստծուն հանձնելով, պահպանելով քրիստոնեական բոլոր կանոնները, սկսեց մեկ-մեկ թվել կտակի կետերը։

— Այլև ցանկանում եմ, որ Սանչո Պանսայի ձեռքում եղած փողերս նրանից ետ չուզեն և հաշիվ չպահանջեն, որովհետև նրան, իմ խելագարության ժամանակ, ես զինակիր էի կարգել և իմ ու նրա միջև զանազան հաշիվներ են եղել, ստացում ու վճարում ենք ունեցել։ Իսկ եթե այգ գումարից նրան հասանելիքը հանելուց հետո որևէ մնացորդ մնալու լինի, թող նա վերցնի իրեն, որովհետև քիչ բան կլինի, իսկ նրան այդ քիչն էլ պետք կգա։ Եվ եթե խելագարությանս ժամանակ ես օգնեցի նրան կղզի ստանալ ի կառավարություն, ապա հիմա, առողջ մտոք, ես եթե ի վիճակի լինեի ողջ թագավորություն կտայի, որովհետև նրա պարզ ու հավատարիմ սիրտը արժանի է դրան։

Եվ, դառնալով Սանչոյին, նա ավելացրեց.

— Ներիր ինձ, բարեկամս, որ իմ երեսից դու էլ խենթի անուն հանեցիր, մեղքը իմն էր, որ դու մոլորության մեջ ընկար, հավատալով, որ աշխարհիս երեսին եղել են և կան հիմա էլ թափառական ասպետներ։

— Ա՜խ,— բացականչեց Սանչոն արտասվաթոր,— չմեռնեք, ձերդ ողորմածություն, տեր իմ, լսեցեք իմ խորհուրդը, ապրեցեք ևս բազում տարիներ։ Որովհետև մեծագույն խելագարությունը, որ կարող է անել մարդս՝ մեռնելն է, այն էլ առանց որևէ պատճառի, երբ որ նրան սպանող չկա, և ոչինչ չի մաշում նրան, բացի թախիծից։ Խնդրում եմ, որ անգործության չմատնեք ձեզ, վեր կացեք անկողնուց, գնանք թափառենք արձակ դաշտերում, հովվի հագուստով, ինչպես որ վճռել էինք։ Իսկ եթե որևէ թփի հետև մենք գտնելու լինենք կախարդազերծ եղած տիրուհի Դուլսինեային, այլևս ի՜նչ կմնա ցանկանալ մեզ աշխարհիս երեսին։

— Իհարկե,— ասաց Սամսոնը,— բարի Սանչո Պանսան միանգամայն ճիշտ է դատում բոլոր այդ բաների մասին։

— Կամաց, պարոններ,— պատասխանեց դոն Կիխոտը,— անցյալ տարվա բներում նորելուկ ճտեր չեն լինում։ Ես եղել եմ խելագար, իսկ հիմա միտքս առողջ է։ Ես եղել եմ դոն Կիխոտ Մանչացի, իսկ հիմա դարձել եմ, ինչպես արդեն ասացի՝ Ալոնսո Կիխանո։ Թող իմ զղջումն ու ճշմարտասիրությունը վերադարձնեն ինձ ձեր նախկին հարգանքը։ Իսկ հիմա, պարոն գրագիր, շարունակեցեք գրել։

— Այլև կտակում եմ իմ ողջ կարողությունը առանց որևէ սահմանափակումի զարմուհուս՝ Անտոնինա Կիխանոյին, նախապես, հարմարագույն ձևով, հանելով այն, ինչ ես այլ անձանց եմ հատկացրել։ Այդ թվում, նախ և առաջ խնդրում եմ վճարել իմ տնտեսուհու ռոճիկը բոլոր այն ժամանակամիջոցի համար, որ նա ծառայել է ինձ և դրա վրա քսան ոսկի՝ հագուստի համար։ Կտակակատար նշանակում եմ այստեղ ներկա գտնվող տեր հորը և պարոն բակալավր Սամսոն Կարրասկոյին։

— Այլև կամենում եմ, որ իմ զարմուհին՝ Անտոնինա Կիխանոն, եթե նա մարդու գնալու լինի, ամուսին ընտրի այնպիսի մարդու, որի մասին նախապես ստուգած լինի, թե նա չգիտե ինչ ասել է ասպետական վեպ։ Իսկ եթե պարզվի, որ նա գիտե և այնուհանդերձ զարմուհիս դարձյալ ցանկանա ամուսնանալ, ես զրկում եմ նրան իմ ժառանգությունից և խնդրում եմ, որ կտակակատարներս, ըստ իրենց հայեցողության, իմ կարողությունը գործադրեն բարեգործական նպատակով։

Դոն Կիխոտը սրանով ավարտեց իր կտակը և, ուշագնաց լինելով, մեկնվեց անկողնու վրա։ Բոլորն իրար անցան, կամենալով նրան օգնած լինել։

Երեք օր ապրեց նա կտակը գրել տալուց հետո և գրեթե շարունակ ուշագնաց վիճակում էր։

Ամբողջ տունը տագնապի մեջ էր։

Վերջապես դոն Կիխոտը վախճանվեց, բայց թե որ գյուղում՝ մնաց անհայտ, կարծես թե նրա համար, որ Մանչայի բոլոր գյուղերը վիճեն իրար հետ, որդեգրելով դոն Կիխոտին, ինչպես յոթ հունական քաղաքներն էին վիճում Հոմերոսի ծննդավայրը կոչվելու համար։

Մենք չենք նկարագրելու դոն Կիխոտի զարմուհու, տնտեսուհու և Սանչո Պանսայի արցունքները։ Մենք մեջ չենք բերելու դոն Կիխոտի գերեզմանին փորագրած տապանագրերը։

Սահմանափակվենք Սամսոն Կարրասկոյի հորինածով։


Այստեղ հանգչում է մի արի ասպետ,
Այնքան հզոր էր և հուժկու այնքան,
Որ մահը նrան տարել է թեպետ,
Չի հաղթել սակայն, և աճյունն անգամ
Մեռած էլ՝ մնաց կենդանի հավետ։

Աշխարհը բնավ չէր գնահատում,
Խրտվիլակ էր նա և ուրու արթուն,
Սիրտը բարի էր և անդավաճան
Եվ նա ունեցավ երջանիկ վախճան՝
Խելագար ապրեց, մեռավ ի՛մաստուն։