Դոն Կիխոտ/Գլուխ XXI
ՆՈՐ ՈՒ ՀԱՃԵԼԻ ԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ
Դուրս գալով բանուկ ճանապարհ, Սանչոն սկսեց որոնել Տոբոսոյի ճանապարհը և հետևյալ օրը հասավ այն իջևանատունը, որտեղ նրան թռցրել էին վերմակի վրա։ Իջևանատունը տեսավ թե չէ, զգաց իրեն օդում, ուստի չկամեցավ ներս մտնել, թեև պետք էր՝ ճաշի ժամանակ էր, և նա սաստիկ ուզում էր տաք կերակուր ուտել, որովհետև երկար ժամանակ միայն սառը բան էր կերել։ Այս անհրաժեշտությունը հարկադրեց նրան մոտենալ դարպասին, բայց նա դարձյալ տատանվում էր՝ նե՞րս մտնել թե ոչ։ Մինչ նա խորհում էր, դուրս եկան երկու հոգի, որոնք նրան իսկույն ճանաչեցին, և նրանցից մեկն ասաց մյուսին։
— Ասացեք, պարոն լիցենցիատ, այս ձիավորը Սանչո Պանսան չի՞, որի մասին մեր արկածախնդրի տնտեսուհին ասում էր, թե ուղևորվել է իր տիրոջ հետ որպես զինակիր։
Սրանք այն քահանան ու սափրիչն էին, որ դատաստան էին տեսել դոն Կիխոտի մատենադարանի հետ, այդ պատճառով էլ հեշտությամբ ճանաչեցին Սանչոյին, որն իրենց գյուղից էր։
Ճանաչելով Սանչո Պանսային և Ռոսինանտին, նրանք մոտեցան, որ դոն Կիխոտից տեղեկություն քաղեն, և քահանան հարցրեց.
— Սանչո Պանսա, բարեկամ, որտե՞ղ է ձեր տերը։
Սանչո Պանսան էլ իսկույն ճանաչեց նրանց, բայց վճռեց թաքցնել, թե ինչ վայրում ու վիճակում է թողել իր տիրոջը։ Ուստի պատասխանեց, թե տերը ինչ-որ տեղ զբաղված է ծայրաստիճան կարևոր գործով, իսկ ինչ գործով, չի կարող ասել, անգամ եթե նրա աչքերը հանելու լինեն։
— Ո՛չ, ո՛չ, Սանչո Պանսա,— ասաց սափրիչը,— եթե դուք մեզ չասեք, թե որտեղ է նա, մենք կկարծենք,— ասենք հիմա էլ արդեն այդ մտքին ենք,— որ դուք նրան սպանել ու կողոպտել եք, քանի որ հեծել եք նրա ձին։ Վերադարձրեք մեզ այդ քնձռոտ ձիու տիրոջը, թե չէ ձեր բանը վատ կլինի։
— Զուր եք սպառնում, ես այն տեսակ մարդ չեմ, որ մարդ սպանեմ և կողոպտեմ։ Թող ամեն ոք մեռնի, երբ որ ճակատին գրած է կամ երբ որ աստված կամենա։ Իմ տերը մնացել է լեռներում և այնտեղ ինչքան քեֆն ուզի թող ապաշխարանք անի։
Եվ առանց շունչ առնելու և կանգ առնելու, նա պատմեց, թե ինչ վիճակում մնաց դոն Կիխոտը և ինչ արկածներ պատահեցին նրան։ Ապա նա ավելացրեց, որ ինքը նամակ է տանում Դուլսինեա Տոբոսցուն՝ Լորենցո Կորչուելոյի աղջկան, որին իր տերը սիրահարված է մինչև ականջները։
Քահանան ու սափրիչը զարմացած մնացին Սանչո Պանսայի պատմությունից։ Թեև նրանք գիտեին դոն Կիխոտի խելագարության մասին, ինչպես գիտեին և այն, թե ինչ տեսակ խելագարություն է այդ, այնուհանդերձ ամեն անգամ, երբ լսում էին նրա մասին, նորից էին զարմանում։ Նրանք խնդրեցին Սանչո Պանսայից, որ ցույց տա դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն։
Սանչոն ձեռքը տարավ գրպանը, որ հուշատետրը հանի, բայց չգտավ և չէր էլ գտնի, եթե մինչև օրս էլ որոնելու լիներ, որովհետև հուշատետրը մնացել էր դոն Կիխոտի մոտ։ Դոն Կիխոտը մոռացել էր տալ նրան, իսկ Սանչոյի մտքովն էլ չէր անցել խնդրել նրանից։
Հուշատետրը չգտնելով, Սանչոն մեռելի պես գունաթափվեց և սկսեց արագ-արագ փնտրել բոլոր գրպաններում։ Համոզվելով, որ նամակը չկա, նա, առանց երկար մտածելու, երկու ձեռքով բռնեց իր մորուքը, մազերի կեսը պոկեց, սկսեց իր քիթ ու մռթին արագ-արագ բռունցքով հարվածել, մինչև որ վերջապես քթիցն արյուն եկավ։
Տեսնելով այդ ամենը, քահանան ու սափրիչը հարցրին, թե ի՞նչ է պատահել և ինչո՞ւ է այդպես ինքն իրեն խոշտանգում։
— Ի՜նչ է պատահել,— պատասխանեց Սանչոն,— այն, որ ես մեկ վայրկյանում ձեռքիցս երեք ավանակ բաց թողի, որոնցից յուրաքանչյուրը մի դղյակ արժե։
— Դա ի՞նչ կնշանակի։
— Ես կորցրել եմ հուշատետրը,— ասաց Սանչոն,— որտեղ գրած էր նամակ Դուլսինեային և գրություն իմ տիրոջ ստորագրությամբ, որով նա հրամայում է իր քրոջ աղջկան չորս թե հինգ ավանակներից, որ պատկանում են իրեն, երեքը տալ ինձ։
Այստեղ նա պատմեց իր էշի կորուստի մասին։ Քահանան նրան մխիթարեց, ասելով, որ երբ գտնվի նրա տերը, ինքը կհամոզի նրան հաստատել իր խոստումը և վերստին գրել, միայն թե առանձին թղթի վրա, ինչպես որ հարկն է, քանի որ հուշատետրի մեջ եղած վկայաթղթերը երբեք չեն ընդունվում և չեն վճարվում։
Դրանից հետո՝ Սանչոն հանգստացավ և հայտարարեց, որ եթե գործը այդպես է, Դուլսինեայի նամակի կորուստը նրան շատ էլ չի վշտացնում, քանի որ գրեթե անգիր գիտե և կարող է թելադրել որտեղ և երբ հարկավոր լինի։
— Դե ասա մեզ, Սանչո,— խնդրեց սափրիչը,— իսկ մենք գրի կառնենք։
Սանչոն սկսեց քորել ծոծրակը, որպեսզի իր հիշողությունից դուրս բերի նամակի բովանդակությունը և երկար ժամանակ մեկ մի ոտքի վրա էր հենվում, մեկ՝ մյուս։ Նա մեկ գետնին էր մտիկ տալիս, մեկ երկնքին։
Նա մի մատի եղունգի կեսը կրծեց և, վերջապես, իր ունկնդիրներին, որ սպասում էին, թե ինչ պիտի ասի, բավական չարչարելուց հետո ընդհատեց երկարատև լռությունը.
— Գրողը տանի ինձ, պարոն լիցենցիատ, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել այդ սատանի նամակը։ Գիտեմ միայն, որ այդպես էր սկսում՝ «բարձր ու տարող տիրուհի»։
— Անկարելի է, որ «տարող» լինի,— առարկեց սափրիչը,— երևի նա «տիրող» է գրել։
— Ճիշտ որ,— համաձայնեց Սանչոն։— Իսկ հետո, միտքս է գալիս, ասված էր՝ «ծեծվածն ու անքունը, խոցոտվածը համբուրում է ձերդ ողորմածության ձեռները, խստասիրտ և անհայտ գեղեցկուհի» և էլի ինչ-որ առողջության և հիվանդության մասին, որ տերս ցանկանում է նրան․ շատ լավ էր գրված, իսկ վերջում ասված էր. «Մինչև գերեզման ձերդ՝ Վշտակերպ Ասպետ»։
Քահանային ու սափրիչին բավական զվարճություն պատճառեց Սանչոյի լավ հիշողությունը։ Նրանք խնդրեցին, որ Սանչոն երկու անգամ էլ կրկնի նամակը, որպեսզի իրենք անգիր հիշեն և ժամանակին գրի առնեն։
Սանչոն երեք անգամ էլ կրկնեց և դարձյալ հազար ու մի դատարկ բաներ ասաց։
Ապա նա պատմեց իր տիրոջ գործերից։ Սակայն վերմակի վրա իր վեր-վեր թռչելու մասին այս իսկ իջևանատանը, որտեղ այնքան չէր ուզում մտնել, նա ոչ մի խոսք չասաց։
Մեր բարեկամները երկար ու բարակ խորհրդակցեցին, թե ինչ անեն, որ իրենց նպատակին հասնեն և ի վերջո քահանայի գլխով մի միտք անցավ, որ լիովին դոն Կիխոտի ճաշակով էր և շատ հարմար իրենց ձեռնարկած գործին՝ նա հայտնեց սափրիչին, որ մտածել է թափառական աղջկա զգեստ հագնել, իսկ սափրիչը պետք է զինակիր ներկայանա։ Այդ կերպ նրանք կգնան լեռները, դոն Կիխոտի մոտ։ Քահանան վիրավորված և անպաշտպան աղջկա տեսք կընդունի, կխնդրի դոն Կիխոտից շնորհ անել իրեն, և նա, իբրև արի թափառական ասպետ, չի կարողանա մերժել։ Իսկ այդ շնորհը այն կլինի, որ դոն Կիխոտը նրա հետևից գնա ամենուր և վրեժխնդիր լինի վիրավորանքի համար, որ հասցրել է նրան մի չար ասպետ։
Սափրիչը հավանություն տվեց քահանայի ծրագրին, և նրանք իսկույն ձեռնամուխ եղան այն ի կատար ածելու։
Նրանք խնդրեցին իջևանատան տիրուհուց մի շրջազգեստ և գլխաշոր, գրավ թողնելով քահանայի փարաջան։ Սափրիչը իր համար մորուք շինեց եզան պոչի շեկ մազերից։ Իջևանատիրոջ կինը քահանային այնպես զուգեց, որ ավելի լավ անհնարին էր։
Հազիվ էին նրանք մի քիչ հեռացել իջևանատնից, որ քահանայի մտքովն անցավ, թե նրանք վատ բան են անում, որ այդպիսի շորերով ման են գալիս, որովհետև վայել չէ հոգևոր անձին կնոջ զգեստ հագնելը, անգամ ամենալավ դիտավորությամբ։ Նա, այդ ասելով, խնդրեց սափրիչին, որ նրանք իրենց շորերը փոխեն, որովհետև շատ ավելի վայելուչ է, որ նա աղջիկը լինի, իսկ զինակիր՝ քահանան։
Սափրիչը համաձայնեց կատարել քահանայի ցանկությունը, և քահանան, շարադրելով նոր ծրագիր, սկսեց խրատել, թե անպաշտպանը ինչպես պետք է պահի իրեն և ինչ խոսքեր ասի, որպեսզի դոն Կիխոտին կարողանան դրդել և հարկադրել հետևելու իրենց և լքել այն որջը, որ նա ընտրել է իր ապարդյուն ապաշխարանքի համար։
Սանչոն ասաց նրանց, թե ավելի լավ կլինի, եթե ինքն առաջ ընկնի և հաղորդի դոն Կիխոտին նրա սրտի տիրուհու պատասխանը։ Գուցե հենց այդ բավական լինի նրան այնտեղից հանելու համար և քահանային ու սափրիչին անհանգստանալու կարիք չի լինի։
Բարեկամները հավանություն տվին Սանչոյի մտքին և վճռեցին կանգ առնել ու սպասել նրա վերադարձին, որպեսզի տեղեկանան, գտե՞լ է նա արդյոք իր տիրոջը։