Դոն Կիխոտ/Գլուխ XXV
ԴԺՆԴԱԿ ԵՎ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐՄԻՐ ԳԻՆՈՎ ԼԻ ՏԿԵՐԻ ԴԵՄ
Մի կտոր հաց ուտելուց հետո խումբը ճամփա ընկավ և, առանց հիշատակության արժանի որևէ պատահարի, հետևյալ օրը հասավ Սանչոյին ահուսարսափ ազդող իջևանատանը։ Սանչոն կգերադասեր խուսափել ներս մտնելուց, բայց այդ նրան չհաջողվեց։
Իջևանատերը, տիրուհին, նրանց աղջիկն ու Մարիտոռնեսը, տեսնելով դոն Կիխոտին ու Սանչոյին, ընդառաջ վազեցին, բարձրաձայն արտահայտելով իրենց ուրախությունը։ Մեր ասպետը նրանց ընդունեց ծանր ու զուսպ, խնդրելով, որ իրենց անցյալ անգամվանից ավելի լավ անկողին տան։ Տիրուհին պատասխանեց, որ եթե նա ավելի լավ վճարելու լինի՝ իշխանավայել անկողին կունենա։ Դոն Կիխոտը համաձայնեց, և նրա համար պատրաստեցին մի բավական տանելի անկողին, նույն տեղը, որ նախընթաց անգամ գրավել էր նա։ Նա իսկույնևեթ պառկեց, որովհետև սաստիկ հոգնած էր և միտքը՝ մռայլ։
Հազիվ էր նա փակել իր սենյակի դուռը, որ իջևանատան տիրուհին մոտեցավ սափրիչին և, բռնելով նրա մորուքից, ասաց.
— Ազնիվ խոսք, ես թույլ չեմ տա, որ դուք իմ կովի պոչից ձեզ համար մորուք շինեք։ Իսկույն ետ տվեք, թե չէ մարդուս իքը․․․ ասել կուզե՝ սանրը, որ ես սովորաբար խրում էի այդ պոչի մազի մեջ, ամոթ է ասել, ընկած է հատակին։
Սափրիչը չէր ուզում վերադարձնել, իսկ տիրուհին քաշում-քաշքշում էր։ Սակայն լիցենցիատը կարգադրեց, որ տա, ասելով, թե նա այլևս կարիք չունի դիմակի և թե հիմա կարող է ցուցադրել իր իսկական կերպարանքը, իսկ դոն Կիխոտին կասվի, թե թիապարտների ձեռքով կողոպտվելուց հետո նա փախել-փրկվել է այս իջևանատանը։
Իսկ եթե դոն Կիխոտը հարցնելու լինի, թե որտե՞ղ է իշխանուհու զինակիրը, պետք է պատասխանել, թե նախապես ճամփա է գցված, որպեսզի թագավորության մեջ լուր տա, թե շուտով գալու է իշխանուհին իր փրկիչի հետ։ Դրանից հետո սափրիչը հոժարությամբ իջևանատան տիրուհուն վերադարձրեց եզան պոչը և բոլոր այլ առարկաները, որ վերցրել էր դոն Կիխոտին փրկելու համար։
Ճաշին իջևանատիրոջ, նրա կնոջ, աղջկա, Մարիտոռնեսի և բոլոր ճամփորդների ներկայությամբ խոսք բացվեց դոն Կիխոտի տարօրինակ խելագարության մասին և թե ինչպես նրան կարողացան գտնել։ Իջևանատիրոջ կինը պատմեց այն ամենը, ինչ որ տեղի էր ունեցել դոն Կիխոտի և ջորեպանների միջև, ապա, տեսնելով, որ Սանչոն ներկա չէ, պատմեց, թե ինչպես նրան վերմակի վրա վեր-վեր գցեցին, մի բան, որ մեծ զվարճություն պատճառնց ամբողջ հասարակությանը։
Այդ միջոցին դոն Կիխոտի սենյակից լսվեց սաստիկ աղմուկ և աղաղակ.
— Կաց, գո՛ղ, ավազա՛կ, դավաճա՛ն, դու իմ ձեռքում ես, և քո դաշույնը քեզ չի օգնի։
Միաժամանակ թվում էր, թե նա կատաղի հարվածներ է հասցնում պատերին։ Սանչոն ասաց.
— Ի՞նչ եք կանգնել ականջ դնում, եկեք բաժանեցեք նրանց կամ թե օգնեցեք տիրոջս, կարծեմ, կարիք չկա, որովհետև հսկան անշուշտ անշունչ է։ Ես տեսա, թե ինչպես էր արյունը թափվում, ինչպես թռավ նրա կտրած գլուխը, որ գինով լիքը տկի չափ կլիներ։
— Գետինը մտնե՜մ,— ասաց իջևանատերը,— այդ դոն Կիխոտը թե դոն Դևը ճղած կլինի կարմիր գինով լիքը տկերից մեկը, որ կախված է նրա գլխի վերևը։ Գինիս է թափվել, իսկ այդ կտրիճը երևակայել է, թե արյուն է։
Այս խոսքերն ասելով, նա, բոլոր մնացածների ուղեկցությամբ, ներս մտավ սենյակը, և նրանք տեսան դոն Կիխոտին ամենազարմանալի հագուստով։
Նա մի շապիկ ուներ հագին, այն էլ այնքան կարճ, որ առջևից հազիվ էր ծածկում ազդրերը, իսկ հետևից մի վեց մատ ավելի կարճ էր։ Նրա մազմզոտ, երկար ու նիհար ոտքերը բավական կեղտոտ էին, գլխին՝ կարմիր ու յուղոտ գիշերային գլխարկ էր դրած, որ պատկանում էր իջևանատիրոջը։ Ձախ ձեռքին փաթաթել էր Սանչոյի համար ատելի վերմակը՝ իրեն լավ հայտնի պատճառով, իսկ աջ ձեռքով բռնել էր մերկ թուրը, որով հարվածում էր աջ ու ձախ այնպիսի գոռոցով, ասես թե իսկ որ հսկայի հետ կռվելիս լիներ։ Սակայն ամենազվարճալին այն էր, որ նա այդ ամենը անում էր աչքերը փակ։ Նա քնել էր և երազում տեսել, իբր թե կռվում է հսկայի հետ։ Նրա երևակայությունն այնքան էր զբաղված առաջիկա մարտի մտքերով, որ երազում տեսել էր, իբր թե հասել է Միկոմիկոն թագավորությունը և մարտնչում է իր թշնամու դեմ։ Տկերը ընդունելով հսկայի տեղ, նա այնպես էր դրանք բզիկ-բզիկ արել, որ ողջ սենյակը ողողված էր գինով։ Այդ տեսնելով, իջևանատերը կատաղեց և, բռունցքները սեղմելով, հարձակվեց դոն Կիխոտի վրա, սկսեց նրան այնպես ծեծել, որ եթե քահանան չլիներ, կռիվը հսկայի հետ ավարտված կլիներ։ Սակայն ծեծն էլ չարթնացրեց խեղճ ասպետին։ Սափրիչը ստիպված ջրհորից մի մեծ կաթսա սառը ջուր բերեց և թափեց նրա գլխին։ Այստեղ միայն նա զարթնեց, այն էլ ոչ այն աստիճան, որ նկատեր, թե ինչ ուներ հագին։
Սանչոն ամենուրեք հսկայի գլուխը փնտրելուց և չգտնելուց հետո ասաց.
— Ես արդեն գիտեի, որ այս տանը ամեն ինչ կախարդված է։ Անցյալ անգամ, հենց այս տեղում, որտեղ ես կանգնած եմ, հազար հարված ստացա, իսկ թե ումից՝ չգիտեմ։ Այնպես էլ աներևույթ մնաց նա։ Հիմա էլ ահա գլուխը կորավ, մինչդեռ ես սեփական աչքով տեսա, ինչպես կտրեցին, ինչպես արյունը հորդեց շատրվանի պես։
— Արյո՞ւնս որն է, շատրվանս որը,— գոռաց իջևանատերը,— մի՞թե, սրիկա, դու չես տեսնում, որ արյան այս ամբողջ շատրվանը ծակծկված տկերից է և այստեղ կարելի է կարմիր գինու մեջ լող տալ։ Թող նա հանդերձյալ կյանքում սատանաների մոտ այդպես լողանա։ Տես, ինչպես է ծակծկել, է՜։
— Բան չեմ հասկանում,— ասաց Սանչոն,— միայն կասեմ, որ եթե այղ գլուխը չգտնեմ, իմ կոմսությունը կլուծվի, ինչպես աղը՝ ջրի մեջ։
Սանչոն արթմնի ավելի վատթար էր, քան իր տերը՝ երազում, այնպես էին դոն Կիխոտի խոստումները պտտեցրել նրա գլուխը։
Իջևանատերը կատաղած՝ ծառայի պաղարյունությունից և տիրոջ անկարգություններից, երդվում էր, որ այս անգամ, առաջվա պես, առանց վճարելու նրանց չի հաջողվի գնալ։ Ասպետական արտոնություններն այլևս նրանց չեն օգնի։ Նա կստիպի վճարել անգամ ծակծկված տկերի կարկատանների գինը։
Քահանան բռնել էր դոն Կիխոտի ձեռքերը, իսկ դոն Կիխոտը, համարելով, որ սխրագործությունն արդեն կատարված է և որ իր առջև Միկոմիկոնի իշխանուհին է, չոքեց քահանայի առջև և ասաց.
— Այսուհետև, ձերդ մեծություն, բարձրազարմ ու ազնիվ տիրուհի, դուք կարող եք ապրել հանգիստ, առանց երկյուղ կրելու այդ ստոր էակի դավերից։
— Ես չէի՞ ասում,— բացականչեց Սանչոն։— Հո հարբած չէի՞։ Մտիկ տվեք, թե իմ տերը ինչպես է աղաջրի մեջ դրել հսկայի գլուխը։ Եզների ճաշն եփած է, կոմսությունս՝ կորած։
Ինչպե՞ս մարդ ծիծաղը պահեր, լսելով այս երկու ցնդածներին՝ տիրոջն ու ծառային։
Ի վերջո սափրիչին ու քահանային մի կերպ հաջողվեց դոն Կիխոտին անկողին պառկեցնել։ Նա քնեց և երևում էր, որ ծայր աստիճան հյուծված էր։
Նրանք թողին քնածին և դուրս եկան նախասենյակը մխիթարելու Սանչո Պանսային, որը չկարողանալով գտնել հսկայի գլուխը, բոլորովին հուսահատվել էր։ Սակայն ամենադժվարը նրանց համար պանդոկապանին հանգստացնելն էր, որ լաց էր լինում հանկարծամահ տկերի համար։ Իջևանատան տիրուհին էլ էր լացուկոծի մեջ.
— Տարաժամ եկավ մեզ մոտ այդ թափառական ասպետը և անիծված վայրկյանին։ Երանի նրան տեսած չլինեի, այնքան թանկ նստեց մեզ վրա։ Անցյալ անգամ նա գնաց առանց վճարելու ընթրիքի, անկողնու, դարմանի և վարսակի գինը։ Նա հայտարարեց, որ ինքը ասպետ է, արկածախնդիր,— աստված նրա և ուրիշ ասպետների գլխին թող այնպիսի արկած բերի, որ նրանք ողջ կյանքում հիշեն,— և որ նա պարտավոր չէ վճարելու։ Իբրև թե թափառական ասպետների կանոնադրության մեջ այդպես էլ գրած է։ Հետո, նրա երեսից, այս պարոնը եկավ մոտս և տարավ կովի պոչը, որ վերադարձրեց ինձ այնքան փչացած, մազը այնքան պոկած, որ մարդ այլևս չի կարող գործածել։ Այդ ամենը լրացնելու և պսակելու համար այդ անիծյալ ասպետը տկերս ծակծկեց և միջի գինին ողջ թափեց։ Թող նրա արյունն այդպես թափվի։ Թող նա չերևակայի, որ էժան կպրծնի՝ երդվում եմ հորս ոսկորներով և մորս կյանքով, նա կվճարի այդ ամենի համար մինչև վերջին կոպեկը, թե չէ ես՝ ես չեմ լինի, ոչ էլ հորս աղջիկը։
Սանչոն, որ գլխի ընկավ, թե հսկան գինու տիկ է եղել, սաստիկ վշտացավ, իսկ երբ բացվեց, որ Միկոմիկոնի չքնաղ թագուհին՝ Դորոթեան է, վարչապետ դառնալու նրա բոլոր հույսերը հօդս ցնդեցին, և նա մռայլ դեմքով ներս մտավ իր տիրոջ սենյակը, որ այդ միջոցին զարթնել էր, և ասաց.
— Դե, հիմա, ձերդ ողորմածություն, վշտակերպ պարոն, դուք կարող եք քնել, որքան կամենաք և կարող եք հոգ չտանել հսկա սպանելու և իշխանուհուն թագավորություն վերադարձնելու մասին։ Այդ գործն արդեն գլուխ է եկել ու պրծել։
— Ես էլ եմ այդ կարծիքին,— պատասխանեց դոն Կիխոտը,— քանի որ հսկայի հետ այնպիսի դաժան ճակատամարտ ունեցա, որպիսին ես, երևի, այլևս ոչ ոքի հետ չեմ ունենա։ Ես նրան այնպիսի մի հարված հասցրի, որ գլուխը թռավ, և արյունը հոսեց, որպես գետի ջուր։
— Ավելի լավ է ասենք՝ ինչպես կարմիր գինի,— պատասխանեց Սանչոն,— որովհետև, ամոթ չլինի ասել, եթե ձերդ ողորմածությանն այդ հայտնի չէ, սպանված հսկան մի ծակծկված տիկ է եղել, արյունը՝ կարմիր գինի, իսկ գլուխը․․․ ձեր երևակայության արդյունքը, սատանան տանի այդ ամենը։
— Ինչե՜ր ես դուրս տալիս, ախմա՛խ,— բացականչեց դոն Կիխոտը։— Խելքդ տե՞ղն է։
— Ավելի լավ է վեր կենաք, ձերդ ողորմածություն, և տեսնեք, թե ինչե՜ր եք արել և ինչքա՜ն եք ստիպված վճարել։ Դուք կտեսնեք, որ թագուհին մի սովորական տիկին է դառել, անունը՝ Դորոթեա, և շատ ուրիշ բաներ, որ ձեզ անշուշտ զարմանք կպատճառեն։
— Ինձ ոչ մի բան չի զարմացնի,— պատասխանեց դոն Կիխոտը,— որովհետև արդեն անցյալ անգամ, երբ մենք այստեղ իջևանեցինք, ես քեզ ասացի, անշուշտ դու հիշելիս կլինես, որ այս տանը ամեն ինչ կախարդված է։ Զարմանալի չի լինի, որ հիմա էլ նույն բանը տեղի ունենա։
— Ես այդ ամենին կհավատայի,— առարկեց Սանչոն,— եթե վերմակը, որի վրա ինձ վեր-վեր թռցրին, նույնպես հմայված լիներ։ Բայց արի տես, որ իսկական և իրական վերմակ էր։ Ես հիշում եմ, որ նույն պանդոկապանը, որ հիմա էլ այստեղ է, բռնել էր վերմակի ծայրից և ամբողջ ուժով ինձ վեր էր թռցնում, այն էլ ծաղրուծանակ անելով։ Թեև ես ուսումնական մարդ չեմ, այնուհանդերձ կարծում եմ, թե քանի որ նրանց բոլորի երեսը ճանաչեցի, ուրեմն այստեղ ոչ մի կախարդանք չկա և չի եղել, այլ պարզապես սաստիկ ծեծ է եղել և մեծ անախորժություն։
— Իմացած լինես, Սանչո բարեկամ, որ քեզ նման անպիտանը բովանդակ Իսպանիայում մենակ ղու ես, որ կաս։ Երդվում եմ․․․ (նա աչքերը վեր բարձրացրեց և սեղմեց ատամները), որ քեզ պատառ-պատառ կանեմ, բոլոր ստախոս զինակիրներին սաստելու համար։
— Հանգստացե՛ք, ձերդ ողորմածություն, տեր իմ,— պատասխանեց Սանչոն,— շատ կարող է պատահել, որ ես տիրուհի Միկոմիկոնի կերպարանափոխության վերաբերյալ մի բան շփոթած լինեմ։ Գալով հսկայի գլխին, ավելի ճիշտ՝ ծակծկված տկերին և այն բանին, որ արյունը կարմիր գինի է եղել, ապա երդվում եմ աստծով, որ չեմ սխալվում, որովհետև ծակծկված տկերը մինչև հիմա ձերդ ողորմածության անկողնի գլխատեղի մոտ են, իսկ կարմիր գինին լճացել է սենյակում։ Իսկ եթե չեք հավատում, համբերեցեք մինչև ձեր ճաշը եփեն՝ դուք կտեսնեք, թե պարոն իջևանատերը ի՜նչ հաշիվ կներկայացնի իր վնասների համար։ Իսկ մնացած բաներում, եթե տիրուհի իշխանուհին նույնն է մնացել, ինչ որ եղել էր, ապա սրտանց ուրախ եմ, կնշանակի՝ ինձ էլ, ինչպես աշխարհի ամեն մի զավակի, կհասնի իմ բաժինը։
— Ահա թե ինչ կասեմ քեզ, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը,— ներիր ինձ, բայց դու շատ տխմար ես։