Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ XXXI

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ XXXI
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅԱՄԲ
ՍԱՆՉՈՆ ԿԱԽԱՐԴԵՑ ԴՈՒԼՍԻՆԵԱՅԻՆ

Իրիկնապահին նրանց առջև բացվեց Տոբոսո մեծ քաղաքը։

Այդ տեսարանից դոն Կիխոտի ոգին ցնծաց, իսկ Սանչոյինը՝ տխրեց, որովհետև մեր զինակիրը չգիտեր, թե որտեղ է ապրում Դուլսինեան և իր օրում նրան տեսած չկար, ինչպես, ասենք, նաև իր տերը։ Այսպիսով նրանք երկուսով էլ հուզված էին՝ մեկը Դուլսինեային տեսնելու փափագից, մյուսը՝ նրան երբեք տեսած չլինելու պատճառով։ Սանչոն գլուխ չէր հանում՝ ինչ պիտի անի, երբ որ տերը իրեն Տոբոսո ուղարկի։

Դոն Կիխոտը վճռեց մինչև գիշեր քաղաք չմտնել և, սպասելով, որ մութը ընկնի, նրանք կանգ առան Տոբոսոյի մոտերքում գտնվող կաղնուտում։

Կեսգիշերին դոն Կիխոտն ու Սանչոն մտան Տոբոսո։

Քաղաքն ընկղմված էր խաղաղ լռության մեջ, որովհետև բոլոր բնակիչները, ինչպես ասում են, ոտքերը մեկնած՝ քնած էին։ Բացի շների հաչոցից, բան չէր լսվում։ Ժամանակ առ ժամանակ մի էշ էր զռռում, խոզ էր խանչում, կատու՝ մլավում, և այդ տեսակ-տեսակ ձայներից ավելի էր սաստկանում գիշերային լռությունը։

Սանչոն, տեսնելով, որ տերը մտատանջության մեջ է և դժգոհ, ասաց.

— Տեր իմ, շուտով լույսը կբացվի։ Անխոհեմություն կլիներ սպասել փողոցում, ավելի լավ չէ՛՛ր լինի դուրս գալ քաղաքից։ Ձերդ ողորմածությունը կթաքնվի մոտակա ծառաստանում, իսկ ես քաղաքում ցերեկով ման կգամ բոլոր ծակուծուկերը, մինչև որ գտնեմ ձեր տիրուհու տունը, ապարանքը կամ դղյակը։

— Սանչո՜,— բացականչեց դոն Կիխոտը,— դու սակավ ու կարճառոտ խոսքերով հազար ու մի միտք արտահայտեցիր։ Ես ջերմագին և մեծամեծ պատրաստակամությամբ ընդունում եմ քո խորհուրդը։

Դոն Կիխոտը մնաց ձիու վրա, ոտքերը ասպանդակների մեջ, հենված նիզակի վրա, տխուր ու տարտամ խոհերով լեցուն։ Սանչոն էլ թողեց իր տիրոջը նույնպես վհատ ու վշտոտ։ Դուրս գալով անտառից, նա շուռ եկավ և համոզվելով, որ դոն Կիխոտն այլևս չի երևում, վայր թռավ էշից և մի ծառի տակ նստելով, սկսեց ինքն իր հետ խոսել.

— Ապա ասա հիմա, եղբայր Սանչո, ո՞ւր է գնում ձերդ ողորմածությունը։ Ի՞նչ ես որոնում, դու։— Ոչ ավել, ոչ պակաս մի իշխանուհու, որը և գեղեցկության արև է, և միաժամանակ ողջ երկինքը։— Որտե՞ղ ես ապա ուզում գտած լինել, Սանչո, որտե՞ղ։— Տոբոսո մեծ քաղաքում։— Շատ բարի, իսկ ո՞ւմ անունից ես որոնում նրան։— Դոն Կիխոտ Մանչացու անունից, հռչակավոր մի ասպետի, որ վերականգնում է արդարությունը, կերակրում է ծարավներին և ջուր խմեցնում՝ քաղցածներին[1]։— Բարի՛, գեղեցի՛կ։ Իսկ դու, Սանչո, գիտե՞ս, թե որտեղ է նրա տունը։ Իմ տերն ասում է, թե նա ապրում է արքայական ապարանքում կամ շքեղ դղյակում։— Իսկ դու ապարանք կամ դղյակ տեսած կա՞ս։— Ո՛չ, ոչ ես եմ տեսել, ոչ էլ իմ տերը։ Ի՞նչ իմ բանն է ուրիշի քեֆի համար կատվի հինգերորդ ոտը որոնելը։

Այսպես խոսեց Սանչոն ինքն իր հետ և հետևյալ եզրակացության հանգեց.

— Աշխարհիս երեսին, մահից բացի, ամեն ինչ ուղղելի է։ Հազար ու մի նշաններից երևում է, որ իմ տերը կապելու գիժ է։ Ասենք, ես էլ նրանից պակաս չեմ, դեռ նրանից ավելի խենթ եմ, որովհետև ծառայում և ուղեկցում եմ նրան։ Խենթությունը հարկադրում է տիրոջս շարունակ մեկ բան ընդունել մյուսի տեղ, սևը՝ սպիտակի, սպիտակը սևի տեղ։ Քանի որ այդպես է, դժվար չի լինի հավատացնել նրան, որ առաջին իսկ գեղջկուհին, որ մեր աչքին ընկնի՝ Դուլսինեան է։

Այս խորհրդածությունները հանգստացրին Սանչոյի հոգին, և նա վճռեց որ իր գործը կատարել է։ Նա ծառի տակ նստած մնաց մինչև երեկո, որպեսզի դոն Կիխոտը չկասկածի, որ նա իրոք Տոբոսո է գնացել-եկել։

Նրա բախտից այն միջոցին, երբ վեր կացավ, որ իր իշուկի վրա նստի, նայեց Տոբոսոյի կողմը ու երեք գեղջկուհի տեսավ, որ գալիս էին էշ նստած։

Սանչոն շտապով գնաց դոն Կիխոտի մոտ, որը դեռ շարունակում էր իր սիրային ախ ու վախը։

— Դե՞, Սանչո, տղա՞ է, թե աղջիկ։

— Ձերդ ողորմածությանը մնում է խթանել Ռոստինանտին և արձակ դաշտ դուրս գալ,— պատասխանեց Սանչոն։— Տիրուհի Դուլսինեա Տոբոսցին, իր երկու նաժիշտների ուղեկցությամբ, հյուր է գալիս ձերդ ողորմածության մոտ։

— Ողորմա՜ծ աստված,— բացականչեց դոն Կիխոտը,— այդ ի՞նչ ես ասում, Սանչո բարեկամ։ Տես, չխաբես ինձ և չփորձես պատիր ուրախությամբ ամոքել իմ անխարդախ տխրությունը։

Նրանք դուրս եկան անտառից և տեսան երեք գեղջկուհիներին, որ հեռու չէին։ Դոն Կիխւոտը ուշի-ուշով աչք ածեց Տոբոսոյի ճամփան և, տեսնելով միմիայն երեք գեղջկուհիներին, սաստիկ շփոթվեց և հարցրեց Սանչոյից, թե իրո՞ք Դուլսինեան և նրա ուղեկցուհիները դուրս են եկել քաղաքից։

— Ինչպե՞ս թե դուրս են եկել,— բացականչեց Սանչոն։— Ձերդ ողորմածության աչքերը ծոծրակի վրա՞ են, ինչ է։ Մի՞թե դուք չեք տեսնում, որ ահա նրանք են մեզ ընդառաջ գալիս, շողալով, ինչպես արևը կեսօրին։

— Ես միայն երեք գեղջկուհի եմ տեսնում, էշերի վրա նստած։

Սանչոն առաջ գնաց, որ դիմավորի գեղջկուհիներին։ Նա վեր եկավ էշից և, բռնելով նրանցից մեկի էշի նոխտան, ծնկի իջավ ու ասաց. — Գեղեցկության թագուհի և իշխանուհի, թող ձերդ ողորմածությունը բարեգութ և բարեմիտ ընդունի ձեզնով գերված ասպետին։ Ահա կանգնած է նա, որպես մարմարե սյուն, շշմաձ ու շփոթ ձեր շքեղության հանդեպ։ Ես նրա զինակիր Սանչո Պանսան եմ, իսկ նա՝ մոլորաշրջիկ ասպետ դոն Կիխոտ Մանչացին, այլապես՝ Վշտակերպ Ասպետը։

Այստեղ դոն Կիխոտն էլ ծնկի իջավ Սանչոյի կողքին և, մթնած աչքերը չռած, նայում էր այն գեղջկուհուն, որին Սանչոն տիրուհի և թագուհի էր կոչում։ Սակայն իր առջև լոկ գեղջկուհի տեսնելով, այն էլ բավական տգեղ, կլորադեմ և քիթը վեր ծռած, նա մնացել էր զարմացած, ապշել էր և սիրտ չէր անում բառ անգամ արտասանել։ Գեղջկուհիներն էլ էին ապշել, նկատելով, որ երկու իրար բնավ չնմանող մարդ ծնկի են իջել իրենցից մեկի առջև և արգելում են, որ առաջ ընթանան։ Վերջապես, աղջիկներից մեկը խիստ ու զայրացած գոչեց.

— Մի՛ք կտրի մեր ճամփան, իսկույն թողեք գնանք, մենք շտապում ենք։

Սանչոն դրան պատասխանեց.

— Օ՜, իշխանուհի և Տոբոսոյի գերագույն տիրակալ։ Մի՞թե ձեր վեհանձն սիրտը չի մեղմանում, տեսնելով, թե ինչպես ձեր գերապատիվ դեմքի առջև ծունկ է խոնարհել թափառական ասպետության այս սյունն ու հաստատությունը։

Լսելով այդ խոսքերը, մյուս գեղջկուհիներից մեկն ասաց.

— Ա՜յ քեզ բան։ Տեսեք, թե այս պարոնները ինչպես են ծաղրում գեղջկուհիներին։ Դուք ձեր ճամփով գնացեք և մեզ թողեք հանգիստ։

— Վեր կաց, Սանչո,— ասաց դոն Կիխոտը,— հիմա ես տեսնում եմ, որ բախտը չի հագեցել իմ դժբախտություններով և որ մարմնիս մեջ տառապող իմ թշվառ հոգու համար ուրախության բոլոր ուղիները կտրված են։ Իսկ դու, օ՜, բարձրագույն առաքինություն, օ՜, սահման մարդկային ազնվության և քեզ պաշտող վշտալից սրտի միակ ուրախություն։ Թեև ինձ հալածող չարանենգ կախարդը իմ աչքերը մշուշով է պատել, ուստի և մենակ ինձ է թվում, որ քո աննման գեղեցիկ դեմքը աղքատ գեղջկուհու երես է դարձրել, սակայն եթե նա ինձ էլ չի կերպարանափոխել, հրեշի վերածել, որ իմ տեսքն ատելի դարձնի քո աչքերին, ապա նայիր ինձ քնքուշ ու կաթոգին, ես ծնկաչոք եմ քո այլայլված գեղեցկության առջև, և դու տեսնում ես, թե ինչ հնազանդությամբ է պաշտում քեզ իմ հոգին։

— Այդ իմ պապին պատմիր,— պատասխանեց աղջիկը։— Շատ հարկավորս է ձեր սիլի-բիլիները։ Դեն կաց, ճամփա տուր։

Սանչոն մի կողմ քաշվեց, բաց թողեց գեղջկուհուն և սաստիկ ուրախ էր, որ իր խորամանկությունն այդքան բարեհաջող վերջացավ։

Դուլսինեայի դերը խաղացող աղջիկը, ազատվելով, բզով ծակեց իր էշի կողն ու քշեց դաշտ։ Բայց էշը, զգալով, որ բիզը սովորականից խոր խրվեց, սկսեց քացի-քացի տալ և տիրուհի Դուլսինեային վայր գցեց։ Այդ բանը տեսնելով, դոն Կիխոտը մոտ վազեց, որ նրան բարձրացնի, իսկ Սանչոն էլ վազեց, որ կապի էշի փորին փալանը։

Երբ որ փալանը պնդացրած էր, և դոն Կիխոտը պիտի բարձրացներ իր կախարդված տիրուհուն ու էշին նստացներ, աղջիկը նրան ազատեց այդ գործից, մի քիչ ետ գնաց, վազ տալով եկավ, երկու ձեռքը դրեց էշի գավակին, բազեից թեթև թռավ փալանի վրա և տղամարդու պես բազմեց իր էշին։ Մյուս երկու աղջիկներն էլ տեսնելով, որ Դուլսինեան նստեց, իրենց էշերը քշեցին և, առանց ետ նայելու, կես մղոն տարածություն անցան։

Դոն Կիխոտը նրանց ճամփա դրեց հայացքով, իսկ երբ նրանք անհետացան, դարձավ Սանչոյին և ասաց.

— Ի՞նչ կասես սրան, Սանչո։ Ահա թե ինչեր եմ քաշում կախարդների երեսից։ Երբ որ մոտեցա Դուլսինեային, որ նրան օգնեմ՝ հեծնի ձին (դու պնդում ես, թե ձի էր, իսկ ինձ էշ թվաց), նրանից սխտորի սաստիկ հոտ փչեց. գլուխս պտտվեց և քիչ էր մնում խեղդվեի։

— Անզգամնե՜ր,— բացականչեց Սանչոն։— Չարավնաս և չարանենգ վհուկներ։ Սիրտս ասում է՝ վերցրու և ձկների պես շարիր նրանց թելի վրա։


Տողատակեր

[խմբագրել]
  1. Սանչոն, ըստ իր սովորության, խառն ու սխալ է դասավորում բառերը։ Ծ. Թ.։