Դոն Կիխոտ/Գլուխ XXXVIII
ԿՂԶՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Դուքսը հրամաններ ու հրահանգներ արձակելով ծառաներին ու վասալներին, թե ինչպես պիտի նրանք վարվեն Սանչոյի հետ, երբ որ վերջինս գա վարչապետի պաշտոնով իրեն խոստացված կղզին, հետևյալ օրը Սանչոյին ասաց, որ արդեն ժամանակն է ճանապարհ ընկնելու կղզին, որովհետև կղզիաբնակները սպասում են նրան՝ ինչպես գարնան անձրևին։
— Շատ բարի,— համաձայնեց Սանչոն,— ես կաշխատեմ այնպես կառավարել կղզին, որ իմ հոգին, ի հեճուկս բոլոր կողոպտիչների, ուղիղ երկինք գնա։ Իմ հասակից բարձր թռչելու ընչաքաղց ցանկությունից և մեծ մարդ դառնալու համար չեմ գնում այդ գործին, այլ պարզապես ուզում եմ վարչապետության համը տեսնել։
— Եթե դուք մեկ անգամ միայն համը տեսնեք, Սանչո,— պատասխանեց դուքսը,— ապա ձեր ձեռքերն էլ այդ կերակուրի հետ կուլ կտաք, որովհետև աշխարհիս երեսին ավելի քաղցր բան չկա, քան հրամայել և տեսնել, որ ձեզ հնազանդվում են։ Եվ, անշուշտ, երբ որ ձեր տերը կայսր դառնա,— իսկ իրերի ընթացքից դատելով նա, իհարկե, դառնալու է,— ոչ մի ուժով հնարավոր չի լինի խլել նրա ձեռքից իշխանությունը։ Իր հոգու խորքում նա ափսոսալու և վշտանալու է, որ այսքան տարի ապրել է առանց կայսր լինելու։
— Պարոն,— պատասխանեց Սանչոն,— իշխելը միշտ հաճելի է, անգամ ոչխարների հոտի վրա։
— Դուք հազարափեշակ մարդ եք,— ասաց դուքսը,— ես հույս ունեմ, որ նույնքան խելացի եք կառավարելու, որքան խելոք դատում եք։ Այդքանը բավական է։ Հիշեցեք, որ ոչ ուշ, քան վաղը, դուք մեկնելու եք կղզին, իսկ այստեղ ձեզ կտան ձեր ատիճանին վայել զգեստներ և ճամփորդության պատրաստություն կտեսնեն։
— Թող ինձ ինչպես ուզում են զուգեն,— պատասխանեց Սանչոն,— ինչ շոր էլ վրաս լինի, մեկ է՝ ես նույն Սանչոն կմնամ։
Այդ միջոցին ներս մտավ դոն Կիխոտը։ Երբ որ նրան հաղորդեցին բանի էությունը և հայտնեցին, որ Սանչոն շուտով ուղևորվում է կառավարելու, նա բռնեց Սանչոյի ձեռքից և, դուքսի թույլտվությամբ, տարավ նրան իր սենյակը, որ խրատ ու խորհուրդ տա, թե ինչպես պիտի վարի իր պաշտոնը։
Սանչոն իր տիրոջ խրատներն առավ և հետևյալ օրը ճամփա ընկավ։ Նա գնում էր բազմաթիվ շքախմբի ուղեկցությամբ մի գյուղ, որը նրա համար պիտի վերափոխվեր կղզու։
Նոր և ճոխ զգեստներով Սանչոն նստած էր ջորու վրա, իսկ նրա կողքից գնում էր իր էշը, նոր՝ մետաքսե սարքով և արժանավայել արդուզարդով, ժամանակ առ ժամանակ Սանչոն նայում էր իշուկին, որի ընկերակցությունը նրան այնպիսի հաճույք էր պատճառում, որ իր տեղը չէր փոխի գերմանական կայսեր տեղի հետ։
Վերջապես Սանչոն իր շքախմբով հասավ գյուղ, որը հազարի չափ բնակիչ ուներ և համարվում էր դուքսի լավագույն կալվածներից մեկը։ Նրան ասացին, թե կղզին կոչվում է՝ Բարատարիա. նրա՞ համար արդյոք, որ այդ վայրը կոչվում էր Բարատարիա, թե՞ որովհետև Սանչոն կառավարելու իրավունքը ձրի ձեռք բերեց,— անհայտ է[1]։
Երբ նրանք հասան գյուղի դարպասին, տեղական իշխանություններն ընդառաջ եկան։ Զանգերը ղողանջեցին, բնակիչները միահամուռ ցուցադրեցին մեծ ուրախություն և մեծ հանդիսավորությամբ առաջնորդեցին Սանչոյին մայր տաճարը, որպեսզի այնտեղ մաղթանք կատարեն։ Ապա մի քանի ծիծաղաշարժ ծեսերից հետո հանձնեցին գյուղի բանալին և նրան ցմահ Բարատարիո կղզու վարչապետ ճանաչեցին։
Նոր վարչապետի զգեստը, մորուքը, հաստ փորը և կարճ հասակը զարմանք էին պատճառում նրանց, ովքեր չգիտեին այդ պատմության աստառը։ Ասենք, իմացողներից շատերն էլ էին զարմացած մնացել։
Վերջապես եկեղեցուց նրան տարան դատարանի դահլիճը, բազմեցրին բազկաթոռին, և դուքսի սենեկապետն ասաց.
— Տեր վարչապետ, մեր կղզում մի հին սովորույթ կա՝ ով որ դառնում է այս կղզու վարչապետը, պետք է պատասխանի բավական խորամանկ ու խճճված հարցերի։ Այդ պատասխաններից բնակիչները դատում են և, այսպես ասած, իրենց նոր վարչապետի մտավոր ունակությունների զարկերակը շոշափում, ու դրա համեմատ կամ ուրախանում են նրա գալստյան համար, կամ տխրում։
Սենեկապետի ճառի միջոցին Սանչոն նայում էր իր բազմոցի դիմացի պատից կախված մեծ-մեծ գրերով մի երկար արձանագրության, իսկ որովհետև անգրագետ էր, ուստի հարցրեց, թե այդ ի՞նչ նշաններ են նկարված պատին։
Նրան պատասխանեցին.
— Տեր, այնտեղ գրած ու գծած է, թե այս ինչ օրը ձերդ ողորմածությունը դարձել է կղզու վարչապետ։ Արձանագրությունն ասում է՝ «Այսօր, այսինչ օրը, այս ինչ ամսին, այս ինչ տարում, պարոն դոն Սանչո Պանսան դարձավ կղզու վարչապետը և տերը թող նրան պահպանի իշխանության գլխին բազում տարիներ»։
— Իսկ ո՞ւմ են դոն Սանչո Պանսա կոչում,— հարցրեց Սանչոն։
— Ձեզ, ձերդ ողորմածություն,— պատասխանեց սենեկապետը,— քանի որ մեր կղզին մի հատիկ Պանսա է ժամանել, այն էլ հիմա բազմած է այս բազկաթոռին։
— Դե, նկատի առեք, եղբայր,— առարկեց Սանչոն,— որ ոչ ես, ոչ էլ մի ուրիշը մեր ցեղում երբեք դոն չի եղել։ Ինձ պարզապես կոչում են Սանչո Պանսա, իմ հոր անունն էլ էր Սանչո, պապինս էլ՝ Սանչո և նրանք բոլորն էլ Պանսա են եղել առանց դոն ու մոնի։ Ես կասկածում եմ, որ ձեր կղզում դոները խճաքարից շատ են։ Եթե ինձ հաջողվի այստեղ մի քանի օր վարչապետություն անել, բոլոր այդ դոներին կքշեմ։ Երևի նրանք այստեղ խժվժում են և զահլա տանում մոծակներից էլ ավելի։ Դե, ձեր հարցերը տվեք, և ես խղճի մտոք պատասխաններս կտամ հուրախություն թե ի վիշտ իմ ժողովրդի։
Այդ վայրկյանին դահլիճ մտան երկու ծերուկ, որոնցից մեկը ձեռքին հաստ ձեռնափայտ ուներ։ Երկրորդը, որ առանց ձեռնափայտի էր, ասաց.
— Տեր, ես այս բարի մարդուն տասը ոսկի եմ պարտք տվել, կամենալով նրան ծառայություն մատուցած լինել և սիրաշահել, այն պայմանով, սակայն, որ նա վերադարձնի, հենց որ ետ պահանջելու լինեմ։ Շատ ժամանակ անցավ, և ես պարտքս չէի պահանջում, հասկանալով, որ եթե ինձնից պարտք անելու միջոցին նա դժվարին կացության մեջ էր, ապա, վերադարձնելով, նա առավել ևս ծանր կացության մեջ կընկնի։ Սակայն վերջ ի վերջո ինձ թվաց, թե նա իսկի չի էլ մտածում իր պարտքր տալու մասին, ուստի ես մի քանի անգամ հիշեցրի, իսկ նա ոչ միայն փողը չվերադարձրեց, այլև ժխտում է, թե պարտք է արել և պնդում, թե ես երբեք նրան տասը ոսկի պարտք չեմ ավել, իսկ եթե երբևիցե տվել եմ, ապա նա վաղուց վճարել պրծել է։ Ոչ պարտքը տալու, ոչ էլ վճարելու վկա կա։ Ասենք, վճարում երբեք չի էլ եղել։ Ես կխնդրեի ձերդ ողորմածությունից, ստիպել այս մարդուն երդում ուտել և, եթե նա երդվի, որ իր պարտքը վճարել է, ես նրանից ձեռք կքաշեմ։
— Ի՞նչ կասեք, ծերուկ,— հարցրեց Սանչոն մյուսին։
— Պարոն,— պատասխանեց մյուսը,— ես ընդունում եմ, որ նա ինձ պարտք է տվել։ Իջեցրեք ձեր գավազանը, ձերդ ողորմածություն, և քանի որ հայցատերը հույս է դրել իմ երդումի վրա, ապա կերդվեմ, որ տվել ու վճարել եմ պարտքս լրիվ և առանց խաբեության։
Վարչապետը մեկնեց գավազանը, և ծերուկը իր հաստ ձեռնափայտը տվեց մյուս ծերուկին՝ խնդրելով, որ պահի, իբրև խանգարող մի առարկա, ինքը ձեռքը դրեց գավազանի ծայրի խաչի վրա և հայտարարեց, որ իրավ, նրան տասը ոսկի պարտք տրված է եղել, սակայն ինքը ետ է տվել, իսկ պարտապանը, մոռանալով, մի քանի անգամ նորից է պահանջել պարտքը։
Լսելով այդ, վարչապետր հարցրեց պարտքատերից, թե ի՞նչ կարող է պատասխանել հակառակ կողմի հայտարարությանը, և սա ասաց, թե պարտապանն անկասկած ճշմարիտ է ասում, որովհետև նրան ազնիվ մարդ է համարում և բարի քրիստոնյա և թե, երևի, ինքն է մոռացել՝ ե՞րբ և որտե՞ղ է ետ ստացել տասը ոսկին և որ այսուհետև այլևս այդ փողը երբեք չի պահանջի։
Պարտապանր վերցրեց իր ձեռնափայտը, գլուխ տվեց և հեռացավ դատարանից։
Սանչոն, տեսնելով, որ պարտապանը հանգիստ կերպով գնաց, իսկ հայցատերը հեզությամբ գլուխը խոնարհել կրծքին, մնացել է տեղում կանգնած, աջ ձեռքի ցուցամատը դնելով հոնքերի մեջտեղը, մի պահ մնաց մտամոլոր, ապա, բարձրացնելով գլուխը, հրամայեց, որ պարտապանին ետ բերեն։
Երբ որ նա վերադարձավ, Սանչոն նայեց նրան և ասաց.
— Ապա, բարի մարդ, տվեք ձեր ձեռնափայտը, ինձ հարկավոր է։
— Մեծ ուրախությամբ,— պատասխանեց ծերուկը,— համեցեք, տե՛ր։
Սանչոն վերցրեց ձեռնափայտը, հանձնեց մյուս ծերուկին և ասաց.
— Դե գնացեք, հիմա դուք ձերն ստացաք։
— Մի՞թե, տեր իմ, այս ձեռնափայտը տասը ոսկի արժե,— հարցրեց պարտքատերը։
— Արժե,— պատասխանեց վարչապետը,—իսկ եթե ոչ՝ ապա ես աշխարհիս ամենահաստագլուխ մարդն եմ։ Հիմա դուք կհամոզվեք, ընդունա՞կ եմ ես մի ամբողջ թագավորություն կառավարելու, թե ոչ։
Եվ նա հրամայեց, որ բոլորի ներկայությամբ ձեռնափայտը մեջտեղից ջարդեն։ Հրամանը կատարվեց, և ձեռնափայտի միջից դուրս եկավ տասը ոսկին։
Բոլորը զարմացած մնացին և վճռեցին, որ նոր վարչապետը Սողոմոն իմաստունն է։ Սկսեցին հարցուփորձ անել, թե ինչպես գլխի ընկավ նա, թե տասը ոսկին ձեռնափայտի մեջ է թաքցրած։ Սանչոն բացատրեց այսպես՝ ծերուկը երդում ուտելուց առաջ ձեռնափայտը տվեց իր հակառակորդին և երդվեց, թե ինքը լրիվ և առանց խաբեության վերադարձրել է պարտքը և ապա, երդվելուց հետո, իր ձեռնափայտը ետ վերցրեց։ Տեսնելով այդ, Սանչոն կասկածել էր, թե պարտքը ձեռնափայտի մեջ է։
Բոլորը դարձյալ զարմացան նոր վարչապետի դատավճռից ու որոշումից։ Գրագիրն այդ ամենը գրի առավ և ուղարկեց դուքսին, որ սրտատրոփ սպասում էր լուրի։
Դատավարությունից հետո Սանչոյին տարան մի շքեղ ապարանք։ Մեծ դահլիճներից մեկում արքայական շուքով սեղան էր գցված։
Սանչոյի հայտնվելուն պես երաժշտություն հնչեց, և չորս մանկլավիկ նրան ջուր մատուցեցին լվացվելու համար, և նա մեծ արժանապատվությամբ կատարեց այդ արարողությունը։
Երաժշտությունը լռեց, և Սանչոն նստեց սեղան՝ պատվավոր տեղում։ Ասենք, սեղանին ուրիշ տեղ էլ չկար և հացը մեկ հոգու համար էր գցած։ Սանչոյի կողքին կանգնեց ինչ-որ մարդ՝ ձեռքին կիտոսկր. նա, ինչպես հետո պարզվեց, բժիշկ էր,
Վերցրին սեղանի երեսին փռած ճերմակ ընտիր գործվածքը, որ ծածկում էր բազմաթիվ ու բազմազան սկուտեղներ ամեն տեսակ կերակուրներով ու մրգերով։
Մի ուրիշ մարդ, տեսքից դատելով՝ հոգևոր կոչում ունեցող, օրհնեց սեղանը։ Մանկլավիկներից մեկը Սանչոյի պարանոցին կապեց ժանյակավոր անձեռոցիկ, իսկ մյուսը, որ սենեկապետի պաշտոն էր կատարում, մատուցեց նրան առաջին տեսակը՝ մի ափսե միրգ։ Հազիվ էր Սանչոն մի կտոր կուլ տվել, որ բժիշկն իր կիտոսկրը կպցրեց ամանին, և իսկույն ևեթ արագ-արագ ափսեն դուրս տարան։ Սենեկապետը տեղը մի ուրիշը դրեց, Սանչոն ուզեց ճաշակել, բայց հենց որ նա ձեռքը մեկնեց, որ կերակրի համը տեսնի, կիտոսկրը դարձյալ դիպավ ափսեին, և մանկլավիկը տարավ նույնքան հապճեպ, որքան և մրգերը։
Սանչոն շվարեց։ Նա նայեց շուրջը և հարցրեց, թե մի՞թե ճաշը պետք է այն եղանակով ուտել, ինչպես ներկայացնում են ձեռնածուները։ Կիտոսկրը ձեռքին մարդը դրան պատասխանեց հետևյալը.
— Ոչ, տեր վարչապետ, այս կղզում ճաշում են այնպես, ինչպես ընդունված և կարգն է ուրիշ կղզիներում, որ կառավարող են ունենում։ Ես բժիշկ եմ, ռոճիկ եմ ստանում և կցված եմ վարչապետի անձին, հոգ եմ տանում նրա առողջության մասին ավելի, քան իմ։ Ես գիշեր-ցերեկ աշխատում եմ, ուսումնասիրելով վարչապետին, որպեսզի հիվանդության դեպքում կարողանամ բուժել։ Սակայն իմ գլխավոր պարտականությունն է ներկա լինել ճաշի և ընթրիքի միջոցին և թույլ տալ, որ նա ուտի միայն այն, ինչ որ ինձ հարմար թվա, և հեռացնել սեղանից այն, ինչ որ, իմ կարծիքով, կարող է նրան վնաս տալ և ստամոքսը փչացնել։ Ահա թե ինչու ես հրամայեցի, որ մրգերը տանեն, որովհետև նրանց մեջ շատ տամկություն կա և հեռացնեն երկրորդ կերակուրը, որովհետև շատ էր տաք-տաք և համեմած էր, մի բան, որը ինչպես հայտնի է՝ ծարավեցնում է, իսկ ով շատ ջուր է խմում, նա ոչնչացնում ու վերացնում է իր միջի հիմնական հեղուկը, որ պարփակում է մեր կենսական ուժերը։
— Այդ դեպքում խորոված կաքավները այնքան համեղ են պատրաստված, որ, անշուշտ, ինձ վնաս չեն տա։
Բժիշկը դրան պատասխանեց.
— Տեր վարչապետը ձեռք չի տա այդ կերակրին, քանի ես կենդանի եմ։
— Որ այդպես է,— ասաց Սանչոն,— խնդրեմ, պարոն բժիշկ, իմ առջև շարած բոլոր կերակուրներից ընտրեք այն, որ ինձ ամենից շատ օգտավետ է և ամենից քիչ վնասակար, և թույլ տվեք, որ ուտեմ, առանց ձեր կիտոսկրով ափսեին խփելու, որովհետև, վարչապետի արևը վկա՝ ես սովամահ կլինեմ։ Ինչ էլ դուք ասելու լինեք, պարոն բժիշկ, ինչքան էլ բարկանալու լինեք, սակայն, զրկելով ինձ ճաշից, դուք ոչ միայն չեք երկարացնի իմ կյանքը, այլ պարզապես կսպանեք ինձ։
Ապա, թիկնելով բազկաթոռին, Սանչոն սևեռեց հայացքը բժշկին և խիստ ձայնով հարցրեց, թե ինչպես է բժշկի անունը և որտեղ է նա ուսում առել։
Բժիշկը պատասխանեց.
— Տեր վարչապետ, ես կոչվում եմ Պեդրո Ռեսիո դե Ադուրեո։ Ես ծնվել եմ Տիրտեաֆոլերա գյուղում, որ գտնվում է Կարակուելի և Ալմադովար դե Կամպոյի միջև, աջ կողմի վրա, իսկ գիտական աստիճանս ստացել եմ Օսունայի համալսարանում։
Սանչոն, կատաղությամբ բռնկված, բղավեց.
— Ահա թե ինչ, պարոն բժիշկ Պեդրո Ռեսիո դե Մալ-Ագուերո, Տիրտեաֆուերայում ծնված, որ գտնվում է աջ կողմի վրա, եթե Կարակուելից գնալու լինես Ալմադովար դել Կամպո, և Օսունայում գիտական աստիճանի արժանացած, ապա կորեք այստեղից և շուտո՛վ։ Թե չէ, իմ արևը վկա, մի մահակ կվերցնեմ և, սկսելով ձեզնից, բոլոր բժիշկներին կքշեմ կղզուց, համենալն դեպս բոլոր տգետ բժիշկներին։ Իսկ իմաստուն, փորձառու և գիտուն բժիշկներին կպահեմ աչքիս լույսի պես և կպատվեմ որպես սուրբ մարդկանց։ Իսկ հիմա ուտելու բան տվեք, կամ ետ վերցրեք վարչապետությունը, որովհետև մի պաշտոն, որը չի կարող կերակրել, լոբու հատիկ էլ չարժե։
Վարչապետին այդքան սաստիկ զայրացած տեսնելով, բժիշկը շփոթվեց և արդեն դահլիճից փախչելու վրա էր, որ փողոցում հնչեց շեփորըր։ Սենեկապետը դուրս նայեց լուսամուտից և, մոտենալով Սանչոյին, ասաց.
— Տեր, դուքսից սուրհանդակ է եկել, երևի որևէ կարևոր հանձնարարությամբ։
Ներս մտավ սուրհանդակր հևիհև ու փոշոտ և, գրպանից մի նամակ հանելով, հանձնեց վարչապետին, իսկ Սանչոն մեկնեց սենեկապետին և հրամայեց կարդալ հասցեն։
Գրած էր՝ «Դոն Սանչո Պանսային, Բարատարիո կղզու վարչապետին։ Հանձնել անձամբ նրան կամ նրա քարտուղարին»։
Սանչոն հարցրեց.
— Իսկ ո՞վ է իմ քարտուղարը։
— Ես,— պատասխանեց մեկը,— որովհետև գրել-կարդա լ գիտեմ։
Նորաթուխ քարտուղարը պատվերը կատարեց և, կարդալով նամակը, հայտարարեց, որ նման գործերի մասին կարելի է խոսել միայն երես առ երես։
Սանչոն հրամայեց, որ բոլորր դուրս գան դահլիճից, ապա քարտուղարը կարդաց հետևյալ նամակը.
«Պարոն դոն Սանչո Պանսա, ես տեղեկացել եմ, որ իմ և ձեր թշնամիները հարձակում են պատրաստում ձեր կղզու վրա մոտակա գիշերներից մեկը, իսկ թե երբ՝ ինձ անհայտ է։ Ուստի արթուն կացեք և հսկեցեք, որ ձեզ հանկարծակիի չբերեն։ Նաև իմացա վստահելի լրտեսներիս միջոցով, որ ինչ-որ չորս հոգի, ծպտված, մուտք են գործել ձեր կղզին, մտադիր լինելով զրկել ձեզ կյանքից, որովհետև ձեր իմաստությունը նրանց երկյուղ է ներշնչում։ Աչքերդ չորս դարձրեք, խուզարկեցեք ամենքին, ովքեր գալու լինեն ձեզ մոտ ընդունելության և հրաժարվեցեք բոլոր կերակուրներից, որ առաջարկելու լինեն ձեզ։ Եթե ձեզ վտանգ սպառնալու լինի, ես անհապաղ օգնության կհասնեմ։ Բոլոր այդ գործերում ղեկավարվեք ձեզ հատուկ խոհեմությամբ։ Գրած է մեր դղյակում, օգոստոսի տասնվեցին, առավոտյան ժամը չորսին։
- Ձեր բարեկամ
- ԴՈՒՔՍ»
Սանչոն ապուշ կտրեց, նրա մերձավորներն էլ զարմացած ձևացան։ Դիմելով սենեկապետին, նա ասաց.
— Ահա թե հիմա ինչ պիտի անել, այն էլ՝ անհապաղ։ Ստորեկրյա զնդանը նետել բժիշկ Ռեսոյին, որովհետև եթե մեկնումեկը մտադիր է ինձ սպանելու ապա, անշուշտ, նա է։ Նա նյութել է ինձ համար ամենադաժան մահը՝ սովամահությունը։ Հաց տվեք ինձ և մի չորս գրվանքա խաղող։ Սա հո չի՞ կարող թունավորված լինել, իսկ առանց ուտելու ես չեմ կարող յոլա գնալ։ Եվ եթե մենք պետք է պատրաստ լինենք մեզ սպառնացող մարտին, ապա պետք է լավ սնվենք, որովհետև քաջությունը կախված է ստամոքսից և ոչ թե ստամոքսը՝ քաջությունից։ Իսկ դուք, քարտուղար, պատասխանեցեք իմ տիրոջը՝ դուքսին, և գրեցեք, որ նրա բոլոր հրամանները ճշտիվ կատարված կլինեն, առանց բան բաց թողնելու։
Իսկ հիմա, հավաքեցեք սեղանը, ինձ համար ուտելու բան բերեք, և եթե որևէ լրտեսներ, մարդասպաններ ու կախարդներ հարձակվելու լինեն ինձ վրա, ես նրանց հախիցը կգամ։
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Այս անունը կազմված է իսպաներեն barato բառից, որը նշանակում է սուտ, էժան (հեշտ հասանելի իմաստով)։ Հեղինակն ակնարկում է, որ Սանչոյի կառավարելը սարքովի էր, սուտ, կեղծ։ Ծ. Թ.։