Jump to content

Դու զուլալ նայիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Դու զուլալ նայիր թախծոտ երգերիս,
Եվ իմ երգերը
Քոնը կլինեն,
Իմ մեկնած ձեռքը սեղմիր դու ջերմին,
Եվ դու կունենաս
Եվս երկու ձեռք։
Օրը քաշվում է
Անարդարորեն վաղ,
Եվ իր շան վրա տերը հաչում է,
Եվ երկվությունը շղթա է վզի,
Որով աստղերն են ագուցվում անգամ։
Դու իմը եղիր։
Քո մեկնած ձեռքի մատները մեկ-մեկ
         համբուրում եմ ես,
Քո սիրուց ցաված աչքերը մեկ-մեկ
         համբուրում եմ ես,
Եվ դանդաղ-դանդաղ վերադառնում են
Կորած ձեռքերս, կորած աչքերս,
Որոնք պայծառ են մնացել ասես
Տնավեր որբի հուշերի նման։
Իմ ցաված աչքեր...
Իմ ցաված ձեռքեր...
        ինչքա՜ն իմն են։
Ես իմ աչքերը՝
Չարը խափանող հուլունքներ որպես,
Խավար գիշերվա սնարից կախում
Ու ձայնիդ վրա գալիս եմ դեպ քեզ...
Ես քեզ տեսնում եմ ցավիս աչքերով,
Իմ ցավի վրա բյուր-միլիոն աչք կա։
Քո թեւերով է բացվում իմ ճամփան,
Ճամփաս համբույր է աչքերիդ վրա։