Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:
Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին...
Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:
Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին...
Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա —
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի — Նրա...