Jump to content

Դու քո արցունքով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Դու քո արցունքով լվացված սիրտը
Դրել ես, ահա,
Երկնի մի ծայրին։
        Հոգնած գնում ես՝
Փնտրելու։
Դժգոհ։
Լույսի հատիկը ծլում է աչքում։
ՈՒ ինչ ապրում է էությանդ մեջ
Ու արյանդ մեջ,
Ու մարմնիդ մեջ, ասվելու համար
Վստահվում է մի կաթիլ արցունքի։
Սիրտդ վիրավոր
Թեւ է կռունկի։
Ես քո ցավից եմ
Ստեղծել
Ինքս ինձ։
Երկինքը նավի մի ծայրին դրած՝
Իմ կողմն ես
Հրում։
Եվ ես դառնում եմ անվերջ հոսող ծով,
Որ ամենեւին ծով էլ չէ գուցե,
        Այլ՝ կապույտ ծաղիկ,
        Իսկ ալյակները՝
        Թերթիկներ կապույտ -
Պահված քո բարակ,
Քո թույլիկ-մույլիկ ցողունի վրա։
Ո՞նց ես դիմանում։
Մի մեծ, վիթխարի, անսահման երկինք
        եւ դու՝ խիստ մենակ՝
Երկնի հեռավոր, հեռու մի ծայրում։
- Կանգնիր, նավարար, ինձ այստեղ
                                     մի թող...