Jump to content

Դռնբաց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԴՌՆԲԱՑ

Քանի որ գնում եմ,
Վերջին տողերը գրեմ…
Չէ…
Ավելի լավ է խոսեմ…
Կանգնած…
Ոտի վրա…
Դռան արանքում
Դռան հետ ճռնչալ
Վերջին շրխկոցը…

Գալիս են ու գնում`
Գողունի թակելով դռները,
Մտմտալով սեփական շնորհները`
Նոբելյան մրցանակի պարգևած հուսահատությունից…

Չէ, քանի որ գնում եմ,
Ավելի լավ է`
Մուտքի մոտ կանգնածներին
Հայհոյեմ,
Քանի որ նրանց էլ չեմ տեսնելու,
Իսկ նրանք դռան նենգ ճռինչներով
Փակվելու համր հատկություն ունեն…

Մտնողնե՛ր,
Դռները բաց են,
Մի բախեք.
Օսլայած հեշտամուտ է…

Ես հասկանում եմ նախադռան մանրահատակի
Փքուն, բայց նրբանկատ ճռնչոցը.
Ոտքի տակ տվեք ձեր կուպրե առանձգականությունը…

Հրաշալի եղանակ է,
Եվ ես շտապում եմ դուրս,
Ուր փողոցները փախչում են
Ավտոմեքենաների անիվների տակից,
Եվ հանդիպում գրականության ուսուցչուհուս
Պայծառ ապագայով աչքերին…
Նա իր հռետորական ճռինչով
Շարունակում է իմ սիրտը քորել
Եվ իր սրտի փոշոտ դարակներից
Ինձ հրամցնել
«Ավարայրի խորհուրդն» ու
«Ոսկեղենիկ մայրենին»
Ու խանդով հիշել
Սոցռեալիզմի մունետիկներին
Եվ ծերացած գրամոլների
Հայրենապաշտ կեղծ շռայլությունը…

Եվ իջնելով ուսուցչուհուս
«Հայոց երկնաճեմ լեռներից»`
Ես հեռանում եմ
Եվ խոստանում`
Մի օր անպայման
Քողազերծ անել նրա լեգենդները,
Որոնք այլևս ինձ չեն զարմացնում…

Քանի որ, իրոք, հեռանում եմ,
Վերջին խոսք ունեմ ասելու,
Ովքեր չեն լսում,
Ուրեմն` սովոր են դռան շրխկոցին,
Իսկ ես սիրում եմ շրխկացնել,
Քանզի ով ականջ ունի
Կտրել է փափագում,
Իսկ ով` աչք,
Դռնից այն կողմ
Չի կարող տեսնել…