Jump to content

Դրոպագան Գևոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴՐՈԳԱՊԱՆ ԴԵՎՈՆ

1

Ամեն առավոտ խանի դարպասը բացվելիս, ամենից առաջ դրոգապան Գևոն էր դուրս գալիս։ Եվ այնպես արագ, կասես հրապարակի վրա ուղևորները վաղուց էին սպասում նրան։

— Կամա՛ց, տո՛, տակովն արիր,— կասեր խանի տերը, երբ Գևոն դրոգի վրա նստած դուրս գար խանից։

— Կրակի հո չես դնում,— կավելացներ նա։ Իսկ դրոգը, փոշու ամպի մեջ կորած, դռդռալով հրապարակի լայնքն էր կտրում։

Գևոն առավոտ կանուխ մի քանի պտույտ էր անում, դրոգի վրայից ձայն տալիս.

— Մի հոգի, վռազ Երևան էթացող…

Եվ երբ փոքրիկ քաղաքում առավոտ կանուխ մի հոգի վռազ գնացող չէր լինում, Գևոն դրոգը շուռ էր տալիս հրապարակի կողքի նեղլիկ փողոցը և կանգնում ծանոթ միկիտանի առաջ։

Դրոգի վրայից թռնելիս էր նա բարի լույս ասում գիշերն անքուն լուսացրած, դախլի առաջ աչքերը կիսախուփ արած միկիտանչուն, որ նոր էր ջուր շաղ տվել խանութի հողե հատակին և խաշի կճուճի երեսը պինդ ծածկել։

— Մի թաս, վռազ, պասաժիրը չի կայնում,— կասեր Գևոն և ձեռքը կմեկներ տախտակի վրա շարած բաժակներին՝ մեկի պռունկը կոտրած, մյուսն առանց տակ, ապակին ճարպոտ, գինու կարմիր շիթերը վրան։

Ամեն օր Գևոն առավոտ կանուխ պիտի տաքանար օղիով։ Մի թաս խմելը նրա համար նույնքան անհրաժեշտ էր, որքան իր լղար ձիերի համար գարին։ Նա ինքն էլ չգիտեր, թե առավոտ կանուխ խանից դուրս գալու պատճառը օղի՞ն էր, թե այն երևակայական մարդիկ, որոնք ըստ Գևոյի, անպատճառ պիտի սպասեին հրապարակում։

Եթե փոշու ամպի մեջ նա ձայն էր տալիս.

— Մի հոգի, վռազ էթացող,— այդ էլ անհրաժեշտ ձև էր, որովհետև եթե այդպիսին ճարվեր էլ, նա դարձյալ նեղլիկ փողոցում օղին պիտի խմեր և վերադառնար պասաժիրը տանելու։ Այդ ժամանակ նա մի բան պիտի սարքեր, հնարեր մի պատճառ։

— Էն սև ձին մեխով էր ընկել, տարա մեխը հանի… Է՜հ, մի օրինավոր նալբանդ էլ չկա էս քաղաքում, սաղ էլ հարամզադա են…

Կասեր և այնպիսի ձայն կհաներ, այնպես կկանչեր ձիերի վրա, որ դրոգում նստած մարդը մի րոպե կմոռանար դրոգի օրորվելը, անիվների չխկչխկոցը։ Մի հոգուն նստացնելուց հետո Գևոն դրոգը քշում էր հրապարակի կողքի փողոցներով, էլի կանչում։

— Մի հոգի, վռազ էթացող,— մեկն էլ ճարում, հետո շուռ տալիս հրապարակը, երրորդին վերցնում։ Եվ եթե քաղաքից դուրս գալիս հանկարծ մեկն էլ պատահեր, Գևոն նրան էլ էր վերցնում, թեկուզ կես ժամ էլ ուշանար: Շատ անգամ ինքն իջնում էր, վերջին ուղևորի իրերը կապոտում, շալակում, բերում դրոգում տեղավորում։

Իհարկե, դրոգում նստողները գանգատվում էին, բարկանում։ Իսկ առաջին ուղևորը, որ հրապարակում էր նստել և Գևոյի դրոգում նստած անցել էր քաղաքի ծուռ ու մուռ փողոցները, հրապարակը, լսել էր դրոգապանի հնարած պատմությունը, կեղծ զայրույթր։

— Դե ե՛կ էլի՛, շան…, երեկվանից եմ ասել հազիր կաց,— կամ թե՝

— Ախպե՛ր, ախր քու ի՞նչ բանն ա, որ քուչեքն ես ընկնում։ Հազար անգամ ասել եմ, պասաժիր ես, արի մեյդանն էլի, ընտեղ նստիր…

Առաջին ուղևորն այնքան էր հերսոտում, որ գերադասում էր լռել, մտքում խոսք տալով մյուս անգամ Գևոյի դրոգով չգնալ։

Վերջին ուղևորին տանելիս, նա մյուսներին միշտ էլ ասում էր.

— Ծանոթ տղա յա, բա վեր չունե՞մ… վախիլ միք, ընենց թռցնեմ, որ ըսկի ռեզինի ֆայտոնն էլ չհասնի։ Ձիերս կես փութ գարի են կերել էս գիշեր…

Այդ ասելիս նրա մտրակը շառաչում էր լղար ձիերի մարմնի վրա, ցնցվում էին ձիերը, հանկարծ ձիգ տալիս, դրոգը տեղից շարժում։ Քաշելիս տնքում էին, և եթե մեկը հասկանար նրանց տնքոցը, պիտի ասեր, որ ձիերը համամիտ չեն Գևոյի հնարած պատմության՝ կես փութ գարու մասին: Բայց որովհետև չէին հասկանում ձիերի տնքոցը, դրոգում նստողներից ոմանք առաջին պահ միամտորեն կարծում էին, թե ձիերը, իրոք, հրեղեն են, ռեզինե ֆայտոնից էլ կանցնեն։

Ճանապարհին բավական փոշի կուլ տալուց, անց ու դարձ անող կառքերին նայելուց հետո, նրանք, որոնք առաջին անգամ էին գնում Գևոյի դրոգով,— համոզվում էին, որ դրոգը միայն եզան սայլի առաջն է կտրում և լուռ ու մունջ դրոգի երկաթ ճաղերից բռնած, աշխատում էին հավասարակշիռ նստել, կողքերով ավելի քիչ հրել երկաթ ճաղերին։ Իսկ այդ անխուսափելի էր, որովհետև դրոգն ալեծուփ ծովում լողացող անառագաստ նավի պես ոչ միայն վեր ու վար էր անում, այլև այս ու այն կողքին դառնում։

Հերիք էր, որ ճամփեն մի քար լիներ կամ մի փոքրիկ փոս, անիվները շրխկոցով քարին կպչեին կամ փոսի մեջ ընկնեին, հերիք էր այդ ամենը, որպեսզի դրոգում նստողները խայթվածի պես ցնցվեին, իրար դիպչեին, աղիքները տեղահան լինեին։ Եվ այդ ժխորի մեջ նրանք չէին լսում Գևոյի ձայնը և թունդ հայհոյանքը ճանապարհ շինողի հասցեին։

— Գևո՛, քշի՛ր մեռանք էս շոգին, թոզը մեզ խեղդեց,— ասում էին դրոգում նստողները, հենց որ մի կառք, փափուկ ռեսորների վրա, սուրալով անցնում էր, փոշի անում։

— Հրես քշեմ, էս դարն էլ բարձրանամ։ Դու նրանց քշելուն մի նայի, որտեղ որ ա ձիերը կայնելու են… նրանց ուժը ես գիտեմ,— ասում էր Գևոն, սանձերն իրար տալիս։ Ձիերը քայլերը մի քիչ արագացնում էին, հետո էլի դանդաղում, կարծես նրանք էլ գիտեին, որ այդ դժգոհությունը հարկավոր է մի քիչ գոհացնել և հետո էլի առաջվա ընթացքով շարժվել։

Մեկ էլ ճամփի կեսին կանգնում էր.

— Արի՛ նստի, արի՛, ոտով մի գնա,— կասեր Գևոն ոտով գնացող մի ճամփորդի։

Դրոգում նստողները լսում էին նրանց սակարկությունը։

— Տո՛, ի՜նչ կտաս տուր է՛, ես քեզ հըմար եմ ասում, ոտքով չգնաս…

Հետո ճամփորդը մի կերպ սողոսկում էր դրոգի մեջ, նստողները սեղմվում էին նորեկին տեղ տալու։ Եթե մեկը բողոքեր, Գևոն էլի իրենն էր ասում.

— Բա հո ճամփին չեմ թողնելու… խղճով բան ասա, խղճով…

Իհարկե, բոլորն էլ հասկանում էին, որ այդ խիղճը քսան կոպեկից ավելի չարժեր, քանի որ նրանց սակարկությունը այդ գնի վրա էր հանգել։

Պատահում էր, որ Գևոն ճանապարհին մի ուրիշին էլ էր տեղավորում դրոգում։ Դրոգը մի քիչ ավելի էր ծանրանում, դարով բարձրանալիս մի քանիսը պիտի իջնեին, որ ձիերը կարողանային քաշել. իր բարձունքից Գևոն ավելի սաստիկ էր մտրակում ձիերին, որոնք մեջքները մտրակի ամեն մի հարվածից ծռմռատում էին, ոտքերով դոփում խճած ուղին, լայնացնում ռունգերը, որովհետև փուքսի նման բաց ու խուփ անող թոքերը վերելքում ավելի շատ օդի կարիք ունեին։

Ճամփին մի տեղ Գևոն անպատճառ պիտի հանգստանար։

Դրոգը քշում էր ծառի շվաքի տակ, դարմանով լի պարկեր կախում ձիերի վզից, էնքր մեկնվում շվաքում։

Բայց միշտ այդպես չէր անում։ Շվաքում պառկելը կախված էր նրա գրպանի արծաթից։ Եթե գրպանում զնգար թեկուզ մի արծաթ, Գևոն շվաքում պառկելու տեղ՝

— Հրես կգամ,— էր ասում և դիմացի տան դուռը բաց անում։

Դրոգում նստողներից մեկը կամ երկուսը, որ ավելի անհամբեր էին, պիտի գնային, նրան կանչեին, Գևոն դուրս էր գալիս, քիթն ավելի կարմրած։ Երեսը փոշոտ էր, միայն շրթունքներն էին թաց։

— Հասանք հա,— կասեր, դարմանի պարկերը կհաներ ձիու գլխից,— ինձ էլ հո չեք ուտելու, անիրավներ,— ձիերին կասեր, և լախտի պես մտրակը էլի կապույտ հետք կթողներ ձիերի փոշոտ մեջքին։

Դրոգը գռռալով գլորվում էր փոշոտ ճամփով, ճամփորդները շոգից թուլացած, գլուխ գլխի, օրորվում էին դրոգում, ասես ամենքն էլ՝ Գևոն, դրոգը, ձիերը և ճամփորդները թունդ հարբած էին։

Վայ թե հանկարծ մի կառապան անցներ Գևոյի ծանոթներից և ծաղրանքով կանչեր.

— Ուստա Գևո, քշի է՜, քշի մեռելի ղութին…

Եթե ասեր, Գևոն պիտի ցատկեր նստած տեղից, իրեն քաշեր սանձերը և սուր, յուրահատուկ մի հայհոյանք շպրտեր հեռացող կառքի ետևից։

— Մեռելիդ ականջը…

Զայրույթը ձիերի վրա պիտի թափեր։

— Ի՞նչ եք սատկածի քաշում։ Գարին ուտելիս ախոռն էլ հետն եք կրծում, գնալիս կասես մերած մածուն եք տանում:

Ձիերն էլի տնքում էին։ Եթե նրանք գարի ուտելիս ախոռն էլ հետն էին կրծում (իսկ այդ ճիշտ էր), գարին քիչ լինելուց էր և եթե դրոգում ճամփորդների տեղը մերած մածունով լի կճուճներ լինեին, վաղուց արդեն մածունը յուղ դարձած կլիներ։

Երբ հասնում էին այգիներին, Գևոն ավելի հաճախ էր մտրակում ձիերին, հոգնած ձիերը վերջին ուժն էին տալիս, քայլերն արագացնում։ Դրոգը շարժվում էր, ցնցվում։ Նստողներին մերթ այնպես էր թվում, թե գետինն է ժաժ գալիս, որովհետև անհասկանալի էր, թե ինչու հարթ խճուղու վրա էլ այդպիսի ցնցումներով է գլորվում դրոգը։ Այդ գաղտնիքը միայն ռեսոր շինող Մեխակի արհեստանոցում կարելի էր պարզել:

Դրոգը՝ կտուրին բարձած կողովներ, կապոցներ, սնդուկներ, մեջը լի ճամփորդներ, որոնցից ոմանք կես կանգնել էին, կես կախվել դրոգի երկաթե ճաղերից,— երբ դրոգը վերջապես տեղ էր հասնում, ճամփորդներն իջնում էին, կապոցները շալակին ցրվում,— Գևոն դրոգը քշում էր խանի դռնով ներս, դարմանով լիք պարկերը էլի կախում էր ձիերի վզից, ինքը մոտակա խանութը գնում։

— Օ՜հ, մեռանք էս շոգից…

Մի երկու բաժակ խմելուց հետո, երբ քիթը կարմրին էր տալիս հասած պամիդորի նման, գլուխը պտտվում էր, սեղանները, գինու դատարկ շշերը, մարդիկ, բաժակները պտույտ էին գալիս, օրորվում,— Գևոյին թվում էր, թե միկիտանն էլ մի դրոգ է, օրորվող, ռեսորները ջարդված դրոգ։

2

Սովորաբար Գևոն քաղաքում գիշերում էր։ Եվ գիշերելու պատճառը ոչ միայն հարբած, պատեպատ ընկնելով խան վերադառնալն էր, այլև առավոտ կանուխ դրոգի կոտրված մասը նորոգելու անհրաժեշտությունը։ Իսկ դրոգը հաճախ կարիք ուներ նորոգման, որովհետև ամեն անգամ կամ մեխ էր դուրս ընկնում, կամ ռեսորներին փաթաթած երկաթ լարերն էին բացվում։

Առավոտ կանուխ Գևոն գնում էր ձիերին նայելու։

— Հը՞, կերա՛ք, ես գիտեմ, ինձ էլ եք ուտելու մի օր։

Բայց նրա դժգոհությունն անհիմն էր, քանի որ եթե գիշերը հարբած չլիներ և նայեր ձիերին, կտեսներ, որ կերը երեկոյան է վերջացել։ Գիշերվա ընթացքում ձիերին մնում էր լսել, թե ինչպես կողքի կապած ձիերն ատամների տակ գարի են խռթացնում, կրծել ախոռի տախտակները կամ իրար վիզ քորել։ Եվ երբ Գևոն առավոտյան էլի մի քիչ դարման ու գարի էր տալիս, ձիերն ագահությամբ վրա էին պրծնում։

Մինչև ձիերը դարմանն ու գարին ուտեին, Գևոն դրոգից հանում էր փայտե մի մեծ արկղ, մեջը ժանգոտած երկաթեղեն, ծայրը ծուռ մեխեր, կոտրած նալեր, երկաթ լարեր և սկսում դրոգի պակաս տեղերը շինել։

— Հասնեմ թե չէ, Մեխակին եմ տալու մի լավ սարքի-լաք քսի,— ասում էր նա դրոգին մի երկու մեխ զարկելուց, կոտրած մասերը մի կերպ իրար անելուց հետո։ Ամեն անգամ նորոգելիս Գևոն այդ խոսքն էր ասում, բայց տարիներն անցնում էին, դրոգը ձեռքից ընկնում էր, ձիերը պառավում էին, Գևոյի շորերի կարկատանը կարկատանի վրա էր նստում, անցնող տարիները հազիվ գինի և արաղ էին հասցնում առավոտ-իրիկուն։

Հետո դրոգն էլի գոռալով խանի դարպասից դուրս էր գալիս, կանգնում հրապարակում։ Այստեղ Գևոն սովորություն չուներ փողոցներում ման գալու։ Նա բավականանում էր միայն մերթ ընդ մերթ կանչելով։

— Մի հոգի, վռազ էթացող…

Հրապարակում ուրիշ կառքեր էլ էին կանգնում։ Մի անգամ Գևոն փորձել էր նրանց շարքը մտնելու, բայց կառապանները հարահրոցով, ծաղր ու ծիծաղով նրան շարքից դուրս էին արել։

— Քաշի է՜, մեզ խայտառակ ես անելու,— ասել էին։

— Քաշի է՜, էդ հո բոստանի դագա յա, դրոգդ տար բոստանում դիր, մտի տակը։ Հլա ձիերին մտիկ։

— Ի՞նչ պակաս են, դու գիտես բանը շատ գարի ուտե՞լն ա, դու գնալն ասա։

Գևոն առաջ էլ էր այդպես ասել, բայց հետո ինքն էլ էր համոզվել, որ ձիերը պակաս են, լղար ու պառավ։ Գևոյի ձիերը…Անասնաբույժը հազար ու մի հիվանդություն, ուռուցք, քերվածք ու կապտած տեղեր կգտներ նրանց մաշկին, մեջքի վրա, ականջի մոտերքը քոս, պոչի մազերը նոսրացած, կողքի ոսկորները դուրս ցցված, մի ոտը նալած, մյուսը առանց նալ, սմբակները ճեղքած ու ճաքած։

Գևոն էլ նրանց շարքում չէր, կանգնում էր հրապարակի անկյունում, էժանը փնտրող մի քանի աղքատ ուղևորներ գտնում և դեպի տուն ուղևորվում նույն ճամփով, նույն առուներով դրոգը ցնցելով, ձիերին մտրակելով, հնարովի պատմություններ ասելով, մինչև իրիկնադեմին հասնում էր տուն։

***

Նրա ստացած արծաթից էր կախված այն տրամադրությունը, որ ցույց էր տալիս կնոջ և երեխաների հանդեպ։ Եթե գործն աջող էր անցել, ճամփի կեսին իջել էր և մի քիչ կոնծել, աղբի մեջ խաղացող իր փոքրիկին կանչում էր.

— Արի՛, բան տամ, արի՛…

Եվ երբ երեխան մոտենում էր, ձեռքը մեկնում, նա շատ քիչ անգամ էր բան տալիս. կամ ասում էր թե՝ «պա՜հ, մոռացել եմ, էզուց կտամ» կամ խաբում էր.

— Գնա, մորդ ասա, ջեբումն ա, մորդ ջեբումն ա։ — Բայց երեխան գիտեր, որ մոր գրպանում փալասի կտորներ կան, հին կոճակներ և մի հին մատնոց։ Եվ որովհետև գիտեր այդ, պռոշ էր անում, վերադառնում բակի աղբակույտում կիսատ թողած իր խաղին։

Այդպիսի երեկոյան տանը անպատճառ կռիվ պիտի լիներ։ Երեխան լացակումած մորն էր պատմում, թե հայրը ոչինչ չի բերել, և այդ առիթ էր լինում, որ կինը հարձակվի մարդու վրա, կանչի երեսին, բղավի։ Իսկ եթե այդ չլիներ առիթը, կինը հենց որ նրան քիթով տեսներ, ձիերի սանձերն արձակելիս, դռան շեմքից կկանչեր.

— Բերե՞լ ես…

— Ի՞նչը, ա՛յ կնիկ։

— Շաքարը, ի՜նչը։

Եվ սկսվում էր։ Հարձակվողը կինն էր լինում, ամեն անգամ նույն ձևով, նույն բառերով, նույն անեծքով, ասես սերտած դաս լիներ։ Մի քիչ որ կինը շունչ առներ, Գևոն ձայնը փորը գցած կասեր.

— Շաքար ա է՛լի, ըստեղից առ։ Էգուց քեզ կես մանեթ տամ, ա՛ռ։

Այդ խոսքը կնոջն ավելի էր զայրացնում, քանի որ նա գիտեր, թե վաղն ինչ է լինելու։ Պիտի ասի, որ ուղևորները քիչ տվին, հազիվ ձիերի գարի-դարմանին հերիք արեց։

Զայրույթի ամենաթունդ ժամին կինը ձեռքն ընկած իրը մի տեղից մյուսն էր շպրտում, ծալքատեղում դարսած անկողինը ձգում, թափում, նորից դարսում, ջրի կումի տեղը փոխում։ Միակ տուժողները երեխաներն էին, որոնք զայրույթի այդ ժամերին անակնկալ հարվածներ էին ստանում։

Դրա համար էլ երբ հայր ու մայր կռվեին, երեխաները կամ պահվում էին, կուչ եկած նստում, կամ բակ դուրս գալիս։ Եվ երեխաներն ամենևին չէին էլ ուզում, որ հայրը միջամտեր, երբ նրանք անակնկալ հարվածներ էին ստանում։

Նրանք փորձով գիտեին, որ այդ միջամտությունն ավելի ծանր հարվածների պատճառ էր դառնում, և մոր այն խոսքերին, որ վերաբերում էին ուտելուն և խմելուն։ Եվ մայրը երեխաներին ծեծելիս ամուսնու երեսին էր կանչում։

— Ես եմ նրանց պահում, հաց եմ տալիս, շաքար եմ առնում, քո ի՞նչ բանն ա, քո ի՞նչ բանն ա…

«Քո ի՞նչ բանն ա»-ն և հարվածը կապված էին մի ռիթմով, որի ինչ լինելը շատ ցավ էր մանուկների փափուկ մսերի համար։

Գևոյի վերջին միջոցը, վերջին զենքը խեղճ-խեղճ ասելն էր․

— Տազ արա, ախչի, խայտառակ մի՛ անի…

Բայց որովհետև այդ էլ չէր օգնում, կտրուկ միջոցը ձիերի մոտ գնալն էր, խոտի խուրձերի վրա քնելը։

Եվ թեպետ կռվի թունդ ժամին նա խոսք էր տալիս վաղը կես մանեթ տալ շաքարի, սակայն առավոտյան աշխատում էր շատ կանուխ դուրս գալ խանի դարպասից, քանի կինը չէր զարթնել և չէր հիշեցրել խոստումը, որ արաղի թասի հետ պիտի գոլորշիանար, որպես ծեգի շող։

Հերիք էր, որ ուղևորներ ճարեր, դրոգը ճանապարհ ընկներ դեպի քաղաք, որպեսզի Գևոն մոռանար կնոջ հետ ունեցած կռիվն էլ, աղբի մեջ խաղացող երեխաներին էլ։ Նա բարկանալու ոչ մի առիթ էլ չէր ունենա, եթե ամեն օր ճամփորդներ ունենար, գնար-գար։

Ուրախ կլիներ, թեկուզ կառքերն էլ արագ սուրային, փոշի բարձրացնեին, փոշին մի մատ հաստությամբ նստեր դրոգի վրա, ձիերի մեջքին, Գևոյի ունքերին, դեմքը հողի գույն ստանար։

Արևի տակ քրտնում էր Գևոն, փոշին հալվում էր քրտինքի մեջ, ինչպես ձյունը ջրում, և շորերի վրա կեղտի բծեր էին երևում։ Մենակ քրտնքի կաթիլները չէին, որ փոխվում էին կեղտոտ բծերի. կերակուր ուտելիս թափվում էր, գինի էր կաթում. գոմում քնելիս աղբաջուրն էր ծծում, ամիսներ շարունակ գլուխ չէր լվանում, շոր չէր փոխում։ Դժվար էր որոշել, թե նա ծույլ էր գլուխ լվալում, շոր փոխելում, թե ոչ գլուխ լվացող ուներ և ոչ էլ փոխնորդ։

Տարիների ընթացքում նա մերվել էր իր դրոգին, դարձել նրա անբաժան մասը։ Երբ հրապարակում կանգնած ուղևոր էր սպասում և գլուխը քաշ ննջում, հեռվից նայելիս այնպես էր թվում, թե Գևոն մի կապոց է, կամ ռեսոր, մի արկղ՝ մեջը լի երկաթի կտորտանք կամ թե և՛ կապոց, և՛ ռեսոր, և՛ արկղ։

Եթե ամեն օր ճամփորդներ ունենար, արաղի փողը կլիներ, ձիերին՝ գարի ու դարման։ Դրոգն այնքան կքշեր, մինչև կամ դրոգը շրջվեր կամուրջի վրա, կամ հարբած ժամանակ ընկներ անիվների տակ։ Այն ժամանակ նա քաղցած մնալու վտանգը չէր զգա, կմեռներ ճամփի փոշու մեջ, թեկուզ իր պառավ ձիերի սմբակների տակ։

Բայց այդպես չեղավ, ոչ դրոգը շրջվեց, ոչ էլ ինքը մնաց անիվների տակ։ Դրոգն էլի հրապարակում կանգնում էր, բայց առաջվա չափ ուղևորներ չկային։ Միկիտանչին էլ էր տեսնում Գևոյի անգործ մնալը, օղու շիշն առաջվա պես սրտաբաց չէր հանում դարակից։

Երբ Գևոն առաջին անգամ քաղաք տանող ճանապարհին մարդատար ավտոմոբիլ տեսավ, դրոգը քաշեց ճամփի մի կողմը և զարմացած նայեց արագ գլորվող անիվներին։ Ձիերը մի քիչ խրտնեցին, խլշեցին ականջները, մեկը ձգեց դրոգը մի կողմ, բայց ուժը չպատեց։ Ավտոմոբիլը հեռացավ, ձիերն ականջներն էլի կախեցին, դրոգն իր ճանապարհը շարունակեց։

3

Տարիներ անցան, և տարիների հետ ավտոմոբիլը շատացավ, Գևոն ռեզինե փափուկ կառքերից ավելի թշնամացավ ավտոմոբիլի հետ։

Երբ ճանապարհին Գևոն դրոգը մի կողմի էր պահում եկող ավտոմոբիլին տեղ տալու, որ անցնի, ուղևորներից ոմանք նկատում էին նրա բարկացած հայացքը և լսում թունդ հայհոյանքներ։

— Գևո՛, էն ա հա լազաթը,— ասում էին նրան։

— Ոչ թոզ կուլ տուր, ոչ էլ կողքաճաղդ ջարդի։ Այդ խոսքերից և ոչ մեկը նրան դուր չէր գալիս։ Պռոշները կրծոտում էր, ձիերին մտրակում։

— Պետք ա մի օր շուռ գա կամրջում, որ ես իմանամ…

— Շուռ չի գա, Գևո՛, քշի, թոզը մեզ խեղդեց։

Ավտոմոբիլն ավելի շատ փոշի էր բարձրացնում, քան կառքը, և Գևոյի զայրույթը փոշու բարձրության էր հավասար։ Նա չնկատեց էլ, թե ինչպես իր զայրույթը հողմնացույցի պես փոխեց իր ուղղությունը կառքից մինչև ավտոմոբիլը։ Ճիշտ է, առաջվա պես կառապանները նրան տեսնելիս էլի ծաղրում էին, հազար ու մի խոսք ասում, բայց ավելի սուր էին թվում այն բառերը, որ անց ու դարձ անող շոֆերը կիսաժպիտով շպրտում էր ճամփի եզրին չորացած կրիայի պես կանգնած դրոգի կողմը։ Եթե շոֆերը մի բառ էլ չասեր, հերիք էր, որ մի անգամ նայեր, ծիծաղեր, որ Գևոն պռոշները կծոտեր, հայհոյանք տար։

Ի՜նչ անսահման էր նրա ուրախությունը, երբ ճանապարհի կեսին տեսնում էր շոֆերին փոշու մեջ, ձեռքերը, շորերը յուղոտ, նավթոտ, մեքենայի փչացած մի մասը նորոգելիս։ Հրճվանքի կարճատև այդ րոպեներից նա լի ու լի էր օգտվում, քամում բաժակը, պռոշներով վերջին կաթիլը ծծում։ Եվ այն ուղևորին, որ հանդգնել էր ավտոմոբիլը դրոգից բարձր դասելու,— Գևոն հանգիստ չէր տալիս այդ ժամանակ։

— Տեսա՞ր, տեսա՞ր, նավթի մեջ կոլոլվել էր, տեսա՞ր հո… բա ես էդպես բան կանեմ։ Դե դու ես նստած, սպասի, թե երբ պիտի շինեն։ Մի փորձանք էլ պատահի պասաժիրին, ո՞վ գիտի…

Ուղևորին նա հանգիստ չէր տալիս նույնիսկ այն ժամանակ, երբ կես ճամփին տեսած ավտոմոբիլը գալիս էր անցնում։

— Հրես, էլի կկոտրի, ա՜յ տես… Մարդ էլ էդ մաշինը նստի՜, գիժ հո չի։ Հենց էն ա թոզ ա անում։

Գևոյի զայրույթն ավելի սաստկացավ, երբ առաջին անգամ երևաց ավտոբուսը, աժան գնով 15-20 մարդ միանգամից առավ, տարավ։ Մի օր էլ, մինչև ինքը կկանչեր՝

— Մի հոգի, վռազ էթացող․–

Մինչև նեղլիկ փողոցներով կգնար մի երկու անգամ, վռազ գնացող մի ուղևոր էլ ճարելու, հրապարակում Գևոյին սպասող առաջին ուղևորը ավտոբուս էր նստել գնացել։

— Գևո բիձա, քո էն պասաժիրդ մաշինը նստեց, գնաց, ասեց էլ չեմ սպասի։

Հրապարակում մի երեխա լուր տվեց նրան։ Եթե այդ ժամանակ կինը փորձեր մի գրվանքա շաքարի համար աղմկելու, Գևոյի երեսին հազար ու մի խոսք ասելու, դժվար թե Գևոն լռեր և խեղճանար, այնքան շատ էր նրա զայրույթը։

Մտրակը սեղմեց ձեռքում, նայեց ձիերին, որոնք պառավ էշերի պես ականջները կախել և իրար մռութ էին շոյում, և սկսեց մտրակել նրանց։

Ոչ մի անգամ նա ձիերին այնքան չէր ծեծել, բերանում թուքը փրփուր չէր կապել, աչքերն այդքան չէին մեծացել։ Ձիերը դես ու դեն էին ձգում, ետևի ոտները ծռում, գավակն իջեցնում, որ հարվածներից խուսափեին, գլուխները մեկ աջ, մեկ ձախ դարձնում, հանցավոր շան պես պոչը ոտքերի արանքում պահում։ Ձիերի վերքերն ուտող ճաճերն էլ տեղահան եղան, թռան մեկից մյուսը, իջան վերքերի վրա, բայց հենց որ հանեցին կնճիթները թարախի մեջ կոխելու, մտրակը շռռա՜խ իջավ վերքերի վրա, ուռուցքների վրա, քոսից լերդացած, քերծված մաշկի վրա։ Թարախ ծծող ճանճերը թռան հեռու։

Մսավաճառի խանութի շվաքում նստած մի քանի հոգի դիտում էին, թե ինչպես է Գևոն ձիերին ծեծում, ինչպես են ձիերը ծառս լինում։ Մեկը հռհռալով կանչեց.

— Հո՜, Գևոն ձիերին ցիրկի խաղ ա սովորացնում։

Այդ որ լսեց Գևոն, ավելի զայրացավ, կռացավ, որ մտրակի կշկռած ծայրը ձիերի ականջներին հասնի, սկսեց հարվածել ձիերի գլխին, ականջներին։ Ամեն մի հարված նրա սրտին մի պատառ հանգստություն էր բերում։

Սակայն նրա սիրտը լիովին չհանգստացավ, որովհետև մտրակի ճիլը կտրվեց, կոթն էլ ձեռին փշուր–փշուր եղավ։ Երբ ձիերի գլուխը դեպի խանի բաց դարպասները շրջեց, ձիերը բնազդաբար արագացրին իրենց քայլերը, օրորալով, հարվածների ցավից երբեմն ցնցվելով։ Որովհետև Գևոյի աչքը միկիտանի նեղլիկ փողոցն էր, նա չտեսավ ձիերի վերքերից հոսող արյունը, որի շուրջը ճանճերն էլի բոլորվել էին։ Եթե միկիտանի գինին այնքան տաք լիներ, ինչքան բացված վերքերի արյունը ճանճերի համար, դրոգապան Գևոն մի քիչ կհանգստանար։ Բայց այդպես չեղավ։ Խմում էր առվի ջրի պես պղտոր գինին, գավաթներն իրար հետևից պարպում, բայց միտքն ավելի էր սրվում, հիշողությունը պայծառանում, գետինը, պատերը, շշերը չէին օրորվում, ինչպես առաջ, երբ ուղևորներից ստացած արծաթը գրպանում, ճամփից բեզարած մտնում էր միկիտանը և գինի կաթեցնում փոշոտ շորերին։

Շատ քիչ էր պատահել նրան օրվա այդ ժամին նստել միկիտանում։ Այդ էր պատճառը, թե գինին էր անչափ պայծառացրել դատողությունը,— որովհետև այդ օրը նա զգաց, թե ինքն իրոք որ բոստանի դագա է ունեցել, իր հին ուղևորներից շատերն են այժմ օմնիբուսով գնում։

— Էն մունդռիկը, էն հարամզադան…

Երբ հիշեց Գևոն, թե քանի անգամ է նրան տեղ տվել դրոգում, աժան գնով տարել, ճամփորդների հանդիմանության դիմացել, երբ հիշեց այդ, գինու մի գավաթ էլ ծծեց և գավաթը սեղանին դնելիս ասաց.

— Վա՜յ աշխարհք… էն մունդռիկն էլ։

Միկիտանի մի անկյունում մի խումբ քեֆ էր անում։ Երգում էին, ավելի ճիշտ գազանային զանազան ձայներ հանում, որովհետև խմած ալկոհոլը չափազանց շատ էր նրանց ձայնալարերը փչացրել։ Երբ մեկը ձեռքն ականջի մոտ պահելով ծոր տվավ ու զլեց.—

Ավտամաբիլը ցոլաց ու գնաց,
Սիրտս իմ յարի կարոտով մնաց…

Քեֆ անող խումբն ու միկիտանչին միասին վեր թռան, երբ Գևոն երգողի վրա բղավեց.

–Մի՛ ասի է, էդ մի ասի…— Եվ ձեռքի գավաթը գետնով տվավ։ Շարունակությունը մի քանի բռունցքների միաժամանակ հարվածներ էին, որ նրան դուրս արին միկիտանից։

Միկիտտնից դուրս գալուց նա չիմացավ գիշեր է, թե ցերեկ։ Պատերի տակով, ձեռքը պատին դեմ տալով, ինքն իրեն խոսելով հասավ հրապարակին, աչք ածեց, խանի դարպասները չտեսավ։ Եկած փողոցով անցնելիս նրան այնպես թվաց, թե այդ փողոցն էլ է անծանոթ։ Հետո մի ուրիշ փողոց անցավ, շները հաչացին, կռացավ, որ քար շպրտի շներին, օրորվեց, ընկավ գետին։

Առավոտյան աչքը բաց արեց և աչքի տակ, մարմնի զանազան տեղերում ցավ զգաց։ Աչքերը չորս կողմը ածեց, իր տունը ճանաչեց։ Հանկարծ աչքն ընկավ դռան մոտ կանգնած իր կնոջ վրա, աչքի տակի ցաված տեղը մրմռաց։

Կինը, երբ աչքն ընկավ աչքին, դռան մոտից հանկարծ վրա պրծավ, ասես ժամերով դարան էր մտել, սպասում էր, որ Գևոն աչքերը բաց անի։ Երբ կնոջ ոտքերի հարվածները դիպան մեջքին, փորին, այնպես թվաց, թե մի սանձարձակ ձի հազար սմբակներով կոխկրտում է իրեն, երկաթ նալերով աքացիներ տալիս։

4

Հաջորդ շաբաթը մոռացնել տվեց ամեն ինչ։ Ձիերը և Գևոն հաշտվել էին, որովհետև, երբ Գևոն նստած տեղից մտրակում էր ձիերին, կենդանիներն ուժ էին առնում, մի քիչ քայլերն արագացնում և հետո էլի դանդաղեցնում։ Դրոգը երկու անգամ քաղաք էր գնացել։

Եվ նորից հավատալի թվաց ծանոթ միտքը, որ նրա ծածուկ ցանկությունն էր, թե գուցե հաջողվի մինչև վերջն էլ ապրել այդպես, դրոգապան լինել։

Բայց մի առավոտ էլ Գևոն գոմի դուռը բաց անելիս մի ձին պառկած տեսավ։ Քթից կանաչավուն լորձունք էր հոսել, սառել քթածակերի առաջ։ Ատամները սեղմել էր և սեղմած ատամների արանքում բռնել մի դեղին ծղոտ։

Երբ Գևոն գոմի դուռը բացեց և ձին պառկած տեսավ, կայծակի պես մի միտք անցավ նրա գլխով, թե ձին սատկել է։ Մի քայլ հետ կացավ, նորից կռացավ, ոտքով հրեց ձիուն, կանչեց։ Երբ ոտքը դիպավ ձիուն, Գևոն իսկույն հետ քաշվեց։ Մյուս ձին կամացուկ վրնջաց, գլուխը դարձրեց Գևոյի կողմը։ Գևոն մեկ էլ նայեց պառկած ձիու աչքերին, բաց ատամներին և հասկացավ, որ ձին սատկել է։ Առավոտ կանուխ, երբ խանի դռները բացվեցին, Գևոն դրոգը չքշեց դեպի հրապարակ և չկանչեց առաջվա պես.

— Մի հոգի, վռազ էթացող…— Դրոգի վրա ձիու լեշն էր դրած, գլուխը մի կողմի վրա կախ։ Միակ ձին չկարողացավ քաշել դրոգը։ Գևոն պարապ սանձերից բռնեց և վերջին ձիու հետ լեշը խանի բակից հանեց։

Եթե մսավաճառի խանութը բաց լիներ և խանութի առաջ նստոտած մարդիկ լինեին, նրանք դժվար թե հռհռային, երբ տեսնեին, թե ինչպես դրոգի ամեն մի ցնցումից սատկած ձիու ոտքերը վեր ու վար էին լինում։ Եվ եթե կինը քնած չլիներ, լսեր ամուսնու տնքոցը, երբ նա ձիու հետ քաշում էր դրոգը, գուցե թե երեսին չկանչեր։

Հրապարակի անկյունում այս ու այն պատի տակ գիշերով թազնող ավարա շները գլուխները կախ հետևում էին Գևոյի դրոգին, իհարկե նրանք սուտ հուղարկավորներ էին, թեկուզ գլխիկոր էին քայլում և դանդաղ։ Նրանցից յուրաքանչյուրի բերանում լորձունքը կիտվել էր. սատկած ձին պետք է որ համեղ պատառ լիներ։

Քաղաքից դուրս աղբակույտեր կային, փոսեր, ժանգոտած երկաթներ, աղտոտություն։ Երբ Գևոն լեշը գլորեց մի փոսի մեջ, ձին խլշեց, ականջները ցցեց. ծեծելու օրից հետո ձին ականջները չէր խլշել։ Շները մռմռալով վրա տվին լեշին։ Գևոն տեսավ, թե ինչքան կապույտ էր միսը։

Վերադարձին դրոգը մի ոտանի մարդու էր նման, ավելի շատ էր օրորվում և թեքվում այն կողմը, ուր վերջին ձին էր լծած։ Խանի դարպասով ներս մտնելիս Գևոյի ականջին ընկավ ավտոբուսի ծկլթոցը։ Եվ թեպետ կինն ավելի բարձր ծկլթաց, նույնիսկ զայրույթից կուժը գետնով տվավ (կինը կուժը մարդու գլխովն էր ուզում տալ, բայց Գևոն գլուխը թեքեց և կուժը ականջի տակով անցավ, գետին կպավ, փշուր-փշուր եղավ), բայց Գևոն ձայն էլ չհանեց։

Պատի տակ կանգնել էր Գևոն։ Ինչ-որ մարդիկ էին գալիս գնում, հրապարակում աղմուկ կար, կինը դեռ չէր հանգստացել, խոսում էր, շուտ-շուտ ներս ու դուրս անում, դուռն աղմուկով դնում։ Գևոյի աչքը կոտրած կժի սուր–սուր կտորների վրա էր, երբ ականջովը ընկավ ավտոբուսի ձայնը։

— Էն մունդռիկն էլի գնաց,— անցավ նրա մտքով։

Մեկ էլ նայեց կուժի կտորներին, մոտեցավ դրոգին, բացեց այն արկղը, որի մեջ հին մեխեր կային, ժանգոտած երկաթներ, լարեր։ Դռան մոտ կանգնած փոքրիկը, որ չոր հացի կտոր էր կրծում, զարմացած նայեց հորը և չհասկացավ, թե ինչո՞ւ նա կժի կտորները հավաքեց, լցրեց դրոգի արկղը և դուրս եկավ փողոց։

Ծանոթ միկիտանում այդ օրը նա ավելի շատ խմեց։ Երբ միկիտանչին հիշեցրեց պարտքի մասին, Գևոյի գինուց կարմրած, արնով լցված աչքերն ավելի լայնացան։

— Հեր օրհնած, ձիս քեզ փեշքաշ, դրոգն էլ քեզ… Հո ես մեռած չեմ։

Միկիտանչին փոշմանեց իր ասածից, որովհետև Գևոն այնպես բարձր կանչեց՝

— Հո ես մեռած չեմ,— և այնպես պինդ խփեց կրծքին, որ նրան թվաց, թե կրծոսկրից մեկը անպատճառ ջարդվեց։

Անկապ խոսքեր Գևոն շատ ասեց, բայց միկիտանչին չլսեց բոլորը, նրա միտքը տված շշերի համարքը հազիվ էր պահում։

Մութին, երբ Գևոն դուրս եկավ միկիտանից, փողոցները չխառնեց։ Նա լավ գիտեր, որ հրապարակի միակ ճրագի դիմաց խանի դարպասն է, բակում իր դրոգը, գոմում վերջին ձին։

Եվ ոտքերը չդողացին, պատեպատ չընկավ, երբ հասավ դարպասին։ Ներս մտավ, մոտեցավ գոմի դռան, ուզեց դուռը բաց անի։ Ձին ոտնաձայնից վրնջաց գոմում, Գևոն դուռը բաց չարեց։

Երբ դարպասից դուրս եկավ, նրան շատ թեթև թվաց շալակի արկղը, մեջը լի կոտրած երկաթի, կուժի կտորներ։ Ծուռ ու մուռ փողոցներով անցավ, որովհետև գլխավոր փողոցում դեռ երթևեկ կար, աղմուկ կար։

Արկղի ծանրությունն արդեն զգալի էր նրա համար, երբ Գևոն հասավ առաջին կամուրջին։ Դրոգը կամուրջով անցնելիս ավելի շատ էր աղմկում, կարծես կամուրջը մի մեծ թմբուկ լիներ, որի վրա անիվները և ձիերի սմբակները զարկում էին անկարգ, խառնիխուռն:

Գևոն պահվեց կամուրջի մոտ, գլուխը գրեց գետնին։ Մի ավտոմոբիլ հեռվում ճրագներ էր վառել, կարծես սելվորները ճամփին կրակ էին արել: Առաջ, երբ գիշերով էր քաղաք գնում, իջնում էր դրոգից՝ ձիերին խոտ տալիս և կրակի մոտ սելվորների հետ զրույց անում։ Սայլերի վրա տակառների մեջ գինի կար. ինչքա՜ն էին խմում. խարույկի կրակը թրթռում էր, չորս կողմը լուսավորում:

Ավտոմոբիլը հանկարծ անցավ Գևոյի մոտով, լուսավորեց ճանապարհի խիճերը, կամուրջի փայտերը, ինչպես աոաջ, երբ սելվորները կրակ էին վառում։

Ավտոմոբիլն անցավ, մթնեց, Գևոն մոռացավ կրակները, ձեռքը դիպավ կողքին դրած արկղին։ Արագ շարժումով նա հանեց արկղի մեջ եղած կուժի սրածայր փշուրները, երկաթի կտորները, ցրեց կամուրջի տախտակների վրա։ Գրպանից հանեց ժանգոտ մեխեր, ցցեց մի քանի տեղ, ապա նորից պահվեց կամուրջի ետևին։

Կամուրջի տակ վշշում էր գետը, ալիքները քարապատին լափու էին տալիս, ճղփյունով իրար զարկում, կամուրջի տակից անցնում։ Կամուրջից դեն գետը լայնանում էր, ալիքները հանդարտվում էին։

Կամուրջի մոտ թփեր կային։ Գևոն թփերի տակ էր պահվել և, երբ գլուխը խոնարհում էր ցած, կամուրջի տակ իրար հրող ալիքների ձայնն էր լսում։ Երբ բարձրացավ, նայի ճանապարհին, ոտքը դիպավ արկղին, արկղը գլորվեց ու շրա՜փ ընկավ ջրի մեջ։

Պատահում էր առաջ, դրոգը ծառի շվաքի տակ պահում էր, ձիերին խոտ տալիս, իջնում, դետի մեջ լողանում։ Ինչքա՜ն էր հովանում։

Մի ձայն լսելիս, Գևոն պահված տեղից գլուխը վեր էր բարձրացնում, ավելի պինդ բռնում թփի ճյուղից, որ վայր չընկնի։ Մեկ ուզում էր վեր կենա, մեխերը, երկաթները հավաքի, գնա տուն, բայց հենց որ միտն էր գալիս ավտոբուսը, շոֆերի ծիծաղը, միակ պառավ ձին և օրերով հրապարակում ուղևորի սպասել՝ տապ էր անում, տեղը նստում։ Էլ ո՞ւմ էր պետք ինքը, դրոգը:

— Եթե ավտոբուսը չլիներ, պասաժիրը միշտ բոլ կլիներ…

Դիմացից լույս երևաց։ Գևոն գլուխը բարձրացրեց, մոտեցող ճրագները տեսավ։ Ավտոմոբիլ էր։

Ավելի կռացավ, մոտեցավ քարափի պռունկին, մի ձեռքը թփի ճյուղից բռնած։ Գևոն մի ոտը կախել էր գետի վրա, կախած ոտով շոշափեց քարափը, մի քար գտավ, ոտը գրեց քարի վրա, մյուսը ծալեց։

Կամուրջի տակ գետը վշշում էր, վշշոց կար և Գևոյի գինով գլխում, նա չէր կարողանում որոշել, թե ու՞ր է գնում գետը՝ հե՞տ, թե առաջ, ա՞ջ թե ձախ։

Հանկարծ կամուրջի փայտերը լուսավորվեցին, լույսն ընկավ ջրի վրա, գետի հունը երևաց, քարափի պատի մի մասը:

Ավտոմոբիլը ասես Գևոյի գլխավերևը պայթեց, շիները սրածայր մեխերի վրա ընկան։ Գևոյի ձեռքերը թուլացան, ոտքը սայթաքեց, չիմացավ՝ թո՞ւփը պոկվեց, թե ինքն ընկավ։

Ավտոմոբիլի մեջ նստողներն այնպես կարծեցին, թե կամուրջից մի քար պոկվեց, ընկավ գետի մեջ։