Jump to content

Դև Մրուս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դև Մրուս

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1858




ԴԵՎ ՄՐՈԻՍ


(Ազգային ավանդություն)




Այդ ի՞նչ շփոթ, ի՞նչ աղմուկ, հուսակըտուր վայ ու լաց
Առհասարակ տիրել է Տարտարոսի զավակաց.
Ավերվե՞լ են Գեհենի այն պարիսպքը սարերե.
Ջախջախվե՞լ են շըղթայքը ադամանդյա քարերե։
Թե՞ Ստիքսը ցամքել է, թե՞ Աքերոնն է հիվանդ,
Թե՞ Կերբերի տեսիլքը ծերութենեն այլ չէ ժանտ։

Ո՛չ, գեհենի պատերը պինդ, անխախուտ են կանգնած,
Ոչ շըղթայքն են ջախջախվել և ոչ Ստիքսն է ցամաքած.
Առաջվա պես Կերբերը դուռը արթուն է պահում,
Աքերոնը անցուդարձ նավով Ստիքսն է անում։
Այդ փանաքին առթերեն չէ՛ Գեհենի աղմուկը,
Այդ փանաքին առթերեն չէ՛ դևերու լաց սուգը։

Դըժոխքի մեջ դահլիճ կա-խորհըրդարան է չարաց,
Յոթն աթոռի մեջտեղը կըլոր սեղան է դըրած,
Թվով յոթն են բազմականք` յոթն մեղաց համարավ,
Մին մինի մոտ լուռ ու մունջ տըխուր նըստած են կարգավ։
Թեև լուռ են, բայց անխոս խորհուրդ խորհին չարերը,
Թե խորհուրդը գործ դառնա կը կործանվին սարերը...

(Եղբա՛րք, ասաց վերջապես Բեհեղզեբուղ ծերունին,
Ձեր ցանկությամբ և կամոք ես այց ելա մեր երկրին,
Ինչ կար չըկար նորա վրա՝ ամեն աչքե անցուցի,
Բոլոր տեսածս ու լըսածս` մանրամասն գրեցի.
Իմ գըրվածքի մեծ մասը վաղուց եմ գրով հաղորդել,
Մընացորդը ուզում եմ բերանացի Ձեզ պատմել։

Հայաստանըն էր վերջին իմ այց ելած աշխարհքը,
Այլ ազգերե խիստ տարբեր է հայոց վարքն ու բարքը.
Ժողովուրդն է միամիտ, կըրոնասեր, հեզ, խոնարհ,
Խաղաղասեր, ժըրաջան ու շատ սիրում են իրար.
Հոգևոր հարց հարգելով՝ սատաներին են ատում,
Խունկ ու զըմուռս ծըխելով՝ սաստիկ են մեզ հալածում։

Թասով գինին խըմելիս՝ հայք միշտ Աստված հիշում են,
Խըռովարկու հարբողին խընջույքիցը քըշում են.
Երգ սիրում են - հոգևոր, խաղ սիրում են - բայց անմեղ,
Միով բանիվ՝ և՛ ըզգաստ, և՛ խելոք են ամեն տեղ...
Այժմ ասե՛ք սիրելիք, ի՞նչ հույս ունինք այն ազգեն,
Որի ամեն անհատը գիտե փախչել մեր ձեռքեն»։

-Բեհեղզեբուղ դու հիմա՜ր, Անամելիքը ասաց,
(Որ խորհըրդի ժամանակ լուռ անմըռունչ էր նըստած),
Զարմանում եմ քու խելքին, որ այդ չընչին համբավով
Շըփոթեցիր ամենիս ու լըցուցիր տագնապով.
Ասենք թե՝ հայք ըզգաստ են, իրանց կրոնին մըտերիմ,
Միթե ուրիշ հնար չի կա, որ հայք դառնան մեր գերին։

Զորօրինակ՝ հայերը բընությամբ խիստ տըռփոտ են,
(Եվ ու՞մ սիրտը անթափանց է սիրո սուր նետերեն)
Թ՛էլլադայեն շնորհաշուք գան Հայաստան աղջիկներ,
Այնուհետև տերս քանի պիտի քանդըվին տըներ:
Ուր սեր էր՝ անդ քեն կլինի, սուրը կշարժի իր տեղեն,
Սար ու ձորեր կը լրցվին հայոց արյան հեղեղեն։

Հա՜, հա՜, հա՜, հա՜, ծիծաղեց Բեհեղզեբուղ ծերունին,
(Նորա բարձր ծիծաղեն դրունք սարսեցան Գեհենին),
Գեղեցկությունն հայ կընկա բաղդատելով այլ ազգաց`
Այնպես գիտցի՛ր, ինչպես որ լուսինն հանդեպ աստեղաց.
Շըքեղ, նազուկ հասակավ, թուխ ու գանգուր մազերով,
Կես ամսվա լուսնի պես շողշողում են պատկերով։

Մի՞թե հային կույր գիտես, կամ թըշնամի իր անձանց,
Որ սոսկ քարը գոհարեն կարծեն նոքա գերազանց։
Չէ՛, այդպես չէ՛, սիրելիս, հայի աչքը շատ սուր է,

Հային հիմար կարծողը՝ երկու աչքով էլ կուր է.
Ուրիշ միջոց, ուրիշ հնար եկ աշխատենք գըտնելու,
Այդ բաներով չէ՛ երբեք մեզնից հայը խաբվելու»։

Այս լըսելով դևերեն մինը՝ Մըրուս անունով,
Որ դըպիրն էր ատենին, տեղեն ելավ անխըռով.
Աչքը դարձուց իր չորս դին սովակատաղ վագրի պես,
Դըժոխաշունչ բերանեն անեծք թափեց լիապես,
Նորա լայնդիր ճակատը գահ էր յոթից հանցանաց,
Սոսկավիթխար հասակը ահարկու էր և դիվաց։

Սա այն չարկամն էր ազգիս, որ Արամա օրերեն
Խըղճուկ հայը օր չունի նորա անողորմ ձեռեն.
Սա այն ծնունդն էր անիծից, որ նոր պեսպես դիմակավ
Հիմն ի վեր կործանելու շուտ-շուտ Հայաստան եկավ.
Մե՛րթ Վասակ էր անունը, մե՛րթ Պապ էր, մե՛րթ Մերուժան,
Մե՛րթ Հազկերտ էր կրակամոլ, մերթ մոլեգին Չարմաղան։

Դրախտանմանն Հայաստան ըսպանդ դարձուց սոսկալի
Ու անհովիվ հոտի պես թողուց հայոց ցավալի,
Որք արգավանդ դաշտերում կարոտ էին չոր հացին,
Աղբերառատ այն երկրում ծարավատանջ մընացին,
Արտասուքով ցողեցին կանաչազարդ ձորերը,
Անմեղ արյան հեղեղով ողողեցին փոսերը։

Հայի բնությանը տեղյակ՝ նա գուժկանի խոսքերեն
Չայլայլեցավ այլոց պես, միայն ելավ իր տեղեն,
Խոսքը դարձուց դևերուն, մըխիթարեց, ըսփոփեց,
Փոքրիկ մի ճառ կարդալով խոսքը այսպես ավարտեց.
«Մի՛ք երկնչիլ, բարեկամը, քանի որ կամ ձեր միջին,
Շատ մահացու վերքերով կըխոցոտենք մենք հային»։

Պըրծավ այսոց ատյանը։ Ամենեքին միամիտ
Դարձան իրանց գործերուն ու խորհըրդին չարամիտ։
Իսկ Մըրուսը անհապաղ ու հապճեպով մըտավ կառք,
Տարտարոսի խավարեն իսկույն ելավ լույս֊աշխարհք.
Ծիծաղելով աչքերը դարձուց դեպի Արարատ,
Ասաց, «աստ իմ մանգաղին ըսպասում է հունձ առատ»։

Նա քաջ գիտեր, որ հայը հանուն իր սուրբ հավատին
Միշտ պատրաստ է զոհելու գանձը, տունը և որդին.
Ավանդության մըտերիմ իր պաշտելի հին նախնյաց՝
Համհավասար սըրբերուն հարգում է հոգևոր հարց.
Ուստի` հագավ ֆարաջա, աջ ձեռումը գավազան,
Տերողորմյան ձախումը, այսպես մըտավ Հայաստան։

Սա իր ճերմակ մազերով ու բընութքովը խոնարհ,
Ծըռած վիզով, հեզ դեմքով ու մարմնովը նիհար
Շուտ գըրավեց ամենի խելքը, միտքը ու հոգին.
(Այսպես միշտ հեշտ խաբվել է հայը ձևով արտաքին)։
Դև Մըրուսի հռչակը` Սուրբ Գրիգորին հավասար,
Ծավալեցավ, սըփռեցավ ամեն հեռավոր աշխարհ։

Արդ` Մըրուսը ի՞նչ արավ։ Նա իր խոսքը կատարեց,
Տարտարոսի երկյուղը տասը տարում փարատեց.
Ուր որ դրրեց իր ոտքը` աղմուկ դարձուց ամեն տեղ,
Հորն ու որդուն կըռվեցուց, ինքը մընաց միշտ անմեղ,
Անթիվ կասկածանք ցանեց նա միամիտ սըրտերում,
Սեր ու հաշտության տեղը թողեց նախանձ, չարություն։

Հայք իրարմե հեռացան, առանձնություն սիրեցին,
Ձանձրությունը ու վիշտը շատ մոլությունը ծընուցին,
Զվարթ բարքը առաջվա իսպառ կորավ հայերից,
Ուրախության սիրո երգ հատավ նոցա բերանից։
Եղբա՛րք, ինչո՞ւ տիրել են մեզ այսքան վիշտ, այսքան ցավ,-
Էնդուր համար, որ մեր մեջ Մըրուս-Դևը հայտնեցավ։