Jump to content

Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Զովունի գյուղի Ամո թաղամասում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԻ ԱՄՈ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
(ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ)

ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱԶԳԱՑԻՆ ՄԵԾ ՏՈՆ է, «ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՀՀ ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ» ՊՐԵԶԻԴԵՆՏ՝ ՊՐ. ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԻՆ «ՄԱՐՇԱԼ Հ. Ք. ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ

Հիրավի, 2007թ. փետրվարի 23-ին Զովունի գյուղի Ամո եզդիաբնակ թաղամասում մեծ հանդիսություն էր, որտեղ ապրում է նրանց նախագահ պր. Ազիզ Թամոյանը։ Այս մի երանելի ուրախության առիթ էր ՀՀ ազգային փոքրամասնություն կազմող եզդիների համար, որ հավուր պատշաճի կերպով նրանք արժանի են յուրովի մեծարման, հանձինս՝ պր. Ա. Թամոյանի կատարած լումայի և անբասիր վաստակի համար։

Անկեղծությունը թույլ է տալիս խոստովանել, որ այս ժողովրդի հետ կապված ՀՀ նորովի ժամանակների և Արցախ-Ղարաբաղ հայտնի իրադարձություններին, այլ խոսքով՝ պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտներում չկա մի որոշակի բնագավառ, որ պր. Ա.Թամոյանը իր ակտիվ և եռանդուն մասնակցությունը ունեցած չլինի։ Որքանով առնչվել ենք վերջինիս հետ, մշտապես լի է հախուռն և երիտասարդական ավյունով, միայն ու միայն մարդկանց մի բարիք բերի, մխիթարական և հայրական հորդորով մի իմաստուն խորհուրդ տա։ Նամանավանդ Արցախ-Ղարա֊բաղ հուժկու ազգային-ազատագրական շարժման օրերին և դրա հետ կապված պատմաքաղաքական անցուդարձերին, նա դրոշը ձեռքին, որպես անձնուրաց և անվեհեր մի զինվոր, հայ ժողովրդի կողքին իր ազդու ձայնն էր բարձրացնում հանուն պատմական ճշմարտության։ Միշտ ընդգծելով այն հանրահայտ իրողությունը, որ եզդի-հայ բախտակից ժողովուրդների ճակատագրերը դարերից ի վեր միահյուսված են եղել իրարու։ Հայաստանը ներկա պահին համարելով իրենց երկրորդ հայրենիքը (պատմականը հուշ է դարձել), պետք է հայերի հետ ուս-ուսի տված, իրարու թիկունք դարձած տեր ու հովանի կանգնել ՀՀ այս մի բուռ հողակտորին։ Նա այնքանով, ինչքանով տեղյակ է իր ժողովրդի անցած մաքառումներով լի որոգայթներին, որոնք լի են հազար ու մի նեղություններով ու զրկանքներով, հավասարապես տեղյակ է հայերի անցյալին (նրանք կորցրել են իրենց պատմական հայրենիքի զգալի մասը)։ Այո, ժամանակներ, որոնք հաջորդելով մեկը մյուսին, ի վերջո պատմական արդարությունն իր պատշաճին տեղ է գտնելու։ Արցախ-Ղարաբաղի դեպքերին ականատես Ա. Թամոյանն իր անմնացորդ նվիրումն է հանդես բերում։ Կազմակերպում է եզդիական կամավորական ջոկատ, գլխավորում է շտաբը և կոորդինացնում է մարտական գործողությունները։ Այնպես, որ պր. Ա. Թամոյանը ասելու և խոսելու շատ բան ունի՝ 1988-1994թթ. դեպքերի խաչմերուկներում։ Եվ պատահական չէ, որ 1992թ. նոյեմբերի 27-ին «Աշխարհի և ՀՀ Եզդիների ազգային միություններ»-ը նրան շնորհում են «Եզդի ժողովրդի ազգային հերոս»-ի կոչում և՝ պարգևատրում ոսկե մեդալով։ Նա իր եզդիական փրկարարական խմբով ակտիվ մասնակցություն է ունենում հայտնի երկրաշարժի ժամանակ մարդկանց փրկելու և նյութական օգնություն ցույց տալու առումով, որի համար արժանանում է ջերմ համակրանքի, հարգանքի և արժանապատվության։ Այսպիսին է այս անհանգիստ ու միշտ հոգատար մարդը, բոլորին միայն կամենում մի բարի գործ կատարել։ Այնպես որ լիիրավ արժանի է կրելու մեծ զորավարի հուշամեդալը։

Այս բոլորից հետո գալով փետրվարի 28-ի հանդիսությանը, իրոք Զովունիի Ամո թաղամասի եզդիների համար յուրովի ու եզակի տոն էր։ Պր. Ա. Թամոյանի հյուընկալ օջախում էին հավաքվել ոչ միայն եզդի բնակչության ստվարաթիվ բազմություն, այլ նաև պետական, հասարակական շերտերից ներկայացուցիչներ, հեռուստալրագրողներ, լրագրողներ և ուրիշներ։ Պատվավոր հյուրերի շարքում էին պր. Ս. Երիցյանը (ՀՀ նախագահի «Ազգային փոքրամասնությունների գծով» խորհրդական), ԼՂՀ նախկին Պաշտպանության նախարար Ս. Բաբայանը («Դաշինք» հասարակական-քաղաքական կազմակերպությունից, իր համախոհներով), ՀՀ Պաշտանության նախարարության ներկայացուցիչներ և ուրիշներ։ Այո, երանելի պահեր, որ եզդի ժողովրդի կյանքում դեռ երկար կհիշվեն։

Պատրաստեց Թ.Թ-Բ.