Jump to content

Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Փորձված բարեկամություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փորձված բարեկամություն

Եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս, եզդի ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

— Պրն Թամոյան, շնորհավորում ենք Ձեզ այդ բարձր պարգևի առիթով։ Որքան ինձ հայտնի է, Դուք առաջին եզդին եք, որ նման պարգևի է արժանանում․․․

— Այդ պարգևը թեև ՊՆ կողմից տրված է ինձ, իմ անունով է, սակայն այն առաջին հերթին պատկանում է մեր ամբողջ ժողովրդին բոլոր եզդիներին։ Այդ պարգևն Արցախյան ազատամարտում մեր փոքրաթիվ ժողովրդի ունեցած ակտիվ մասնակցության գնահատումն է։ Այդ մեդալը Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի ազգային փոքրամասնությունների նկատմամբ ունեցած հարգանքի վկայություններից մեկն է։ Եվ այդ նշանակալից փաստը չէր կարող անարձագանք մնալ մեր ժողովրդի կողմից։ Եվ մեդալի հանձնման հանդիսավոր արարողության օրը, որը տեղի ունեցավ Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ամո եզդիաբնակ թաղամասում, վերածվեց իսկական համաժողովրդական տոնի։ Եզդի ժողովրդի անունից խորին շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի իշխանություններին իմ համեստ վաստակը բարձր գնահատելու համար։ «Մարշալ Բաղրամյան» մեդալը հատկապես թանկ է ինձ համար, որովհետև այն տրված է ռազմական գերատեսչության կողմից և ազատագրական պատերազմում իմ ունեցած դերակատարության համար։ Ես և իմ ազգակիցներն այդ պատերազմում պաշտպանել ենք այն հողը, որը մեզ համար թանկ է ու սուրբ, որտեղ ծնվել ենք, ապրելու են մեր զավակները․․․

— Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը։

— ․․․Իմ տունը, տեղը, ծննդավայրը, երկրորդ հայրենիքը։ Հայաստանն աշխարհի այն եզակի անկյուններից է, որտեղ ապրում ու բազմանում է իմ ժողովուրդը, զարգանում է մշակույթը, որտեղ մենք կարողանում ենք պահպանել մեր իսկ ազգային դիմագիծը, ծիսակատարություններն ու սովորությունները, տոնակատարությունները․․․ Մենք՝ եզդիներս, ավանդապաշտ ու ավանդապահ ժողովուրդ ենք։ Ամբողջ աշխարհում շուրջ 2 մլն եզդի է ապրում, բայց մենք միայն Հայաստանում է, որ կարողանում ենք մեր ազգային ինքնությունը պահպանել, ավելին՝ զարգացնել։ Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը հազարամյա պատմություն ունի, և մեր խնդիրն է, որ այդ բարեկամությունն է՛լ ավելի սերտանա և ամրապնդվի։ Մենք բախտակից և զինակից ժողովուրդներ ենք։ 1915թ. Հայոց եղեռնի ժամանակ թուրք հրոսակների զոհը դարձան նաև տասնյակ հազարավոր եզդիներ․․․ Մեր ժողովուրդն այս հողի վրա թափած քրտինքով ու արյունով է վաստակել հայ ժողովրդի հետ ապրելու իրավունքը։

— Այո՛, հիշենք Սարդարապատի ճակատամարտը, Ջհանգիր աղային և նրա 500 հոգանոց հեծելազորը, Ուսուբ բեկին․․․։

— Ուրախ եմ, որ Դուք հիշատակեցիք մեր ժողովրդի համար սրբացած անունները։ Նրանք հայ զինվորների հետ միասին, Դրոյի ղեկավարությամբ, կարողացան ջարդել ու դուրս քշել Շեֆքեթ փաշայի դիվիզիան։ Ինչպես դարասկզբին Սարդարապատը հայ և եզդի ժողովուրդների բարեկամության փորձաքարը դարձավ, այդպես էլ Արցախը դարձավ նորօրյա մեր բարեկամության վկայագիրը։

Հայոց ազգային զարթոնքի առաջին օրերին մեր գլխավորությամբ եւ ԵՊՀ պրոֆեսոր Գ. Ասատրյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որում ընդգրկվեցին հայաստանաբնակ եզդիների հայրենասերները։ Մեր ժողովուրդն այդ օրերին համախմբվեց մի մարդու պես։ Շուտով կազմկոմիտեին կից ստեղծվեց ռազմական շտաբ։ Եզդի կամավորականները կռվեցին Արցախյան պատերազմի տարբեր ճակատներում Ստեփանակերտ, Լաչին, Մարտակերտ, Երասխավան, Ոսկեպար և այլն։ Հենց այդ ժամանակ էլ եզդիների ազգային միության նախագահությունն ի նպաստ Արցախյան պատերազմի՝ դրամահավաք-հանգանակություն հայտարարեց։ Հավաքված շուրջ 6 մլն ռուբլին փոխանցվեց ՀՀ իշխանություններին, պատերազմի կարիքները հոգալու համար։

Եզդի փոքրաթիվ ժողովուրդը Արցախյան հերոսամարտում քաջաբար կռվեց և թանկ կորուստներ կրեց։ Երեք տասնյակից ավելի եզդի երիտասարդներ իրենց կյանքը զոհեցին Արցախի անկախության համար, նրանցից երեքը՝ Իսմայիլ Շարոյանը, Թեմուր Զեյդինյանը և Գագիկ Հաջոյանը հանգչում են Եռաբլուրում հայոց քաջերի կողքին։ Եզդի նահատակների թափած արյունը, նրանց քաջագործություններն աննկատ չեն մնացել հայ ժողովրդի կողմից։ Ես շնորհակալ եմ, որ հարգարժան պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հովանավորությամբ մենք կարողացանք այս հերոսների քաջագործությունների մասին պատմող մեր հեղինակած գիրքը՝ «Եզդիները Արցախյան հերոսամարտում», հրատարակել և անմահացնել նրանց վաստակն ու քաջագործությունները։

— Պրն Ա. Թամոյան, շնորհավորում եմ Ձեզ նաև եզդիական այբբենարանի եւ առաջին ու երկրորդ դասարանների եզդիերեն լեզվի ու գրականության դասագրքերի լույս ընծայման կապակցությամբ։ Փաստորեն, Ձեր ժողովուրդն իր դարավոր պատմության միայն այս ժամանակահատվածում, մեր օրերում կարողացավ իր գիրն ու այդ գրով իր գրականությունը ստեղծել։ — Մեր այբբենարանի ստեղծումը, եզդիերեն առաջին դասագրքերի տպագրությունը մեծ իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում։ Վերջապես մեր ժողովուրդն էլ կարող է իր երեխաներին մայրենի լեզվով կրթել ու դաստիարակել։ Հայաստանում մենք մեր լեզվով հեռարձակվող ռադիոհաղորդում ունենք, տպագրում ենք Եզդիների ազգային միության «Էզդիխանա» պաշտոնաթերթը։ Այս ամենը վկայում է հայ ժողովրդի մեծահոգության, նրա մեծ սրտի եւ մեծ հոգու մասին։ Հայաստանում հարգվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, և մենք Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ ենք. ահա այս է ամենագլխավորը։ Դժվարին օրերին մենք հայ ժողովրդի հետ կիսել ենք նրա դժվարությունները, և ահա այս խաղաղ ժամանակ էլ վաստակել ենք մեր մշակույթը, մեր ազգային կյանքը զարգացնելու իրավունքը։

Հարցազրույցը վարեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

«Հայ զինվոր» ԹԻՎ 12 (674) 31 ՄԱՐՏԻ - 7 ԱՊՐԻԼԻ 2007