Jump to content

Եզդի ժողովրդի սխրանքը/Եզդի ժողովրդի պատմության էջերից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եզդի ժողովրդի պատմության էջերից
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
1. Եզդի ժողովրդի պատմության էջերից

Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են։ Նրանց նախահայրենիքը, ըստ հավաստի աղբյուրների, Հնդկաստանն է, ավելի ստույգ՝ Բըմբա (Բոմբեյ) քաղաքը։ Եզդիները հեթանոս են։ Եզդիներն արևապաշտ են, նրանց կրոնը շարֆադինն է։ Եզդիները երկրպագում են միաստվածություն և նրա երրորդությանը՝ Մալակե Թաուսին, Կարմիր Սուլթան Եզիդին, Շեխ Ադիին։ Եզդիները պաշտում են Մալակե Թաուսին սիրամարգի տեսքով։ Ընդհանրապես սիրամարգի պաշտամունքի առանձին տարրեր պատմական վաղ ժամանակներում լայն տարածում ունեին Հնդկական թերակղզում, Մերձավոր և Միջին Արևելքում ապրող ժողովուրդների մեջ և այդ պաշտամունքն արտացոլվել է նրանց հավատալիքներում, հոգևոր և նյութական մշակույթի հուշարձաններում։

Ըստ ժողովրդական բանահյուսության և ավանդապահ, բանիմաց ու գիտակ տարեց եզդիների, մեր նախնիները նոր տարվա առթիվ աղոթելով՝ ասում էին «Այսօր Նոր տարի է, թո՛ղ շնորհավոր լինի թագավորների թագավորի (փաթշե փաթշա) և ամբողջ աշխարհի ժողովուրդների Նոր տարին։ Թո՛ղ նոր թագավորը գա» ասելով ի նկատի են ունենում աստծուն։ Հնուց ի վեր կա նաև այլ բացատրություն։ Դա այն է, թե «Այսօր երկրի վրա նոր թագավոր եղավ։ Նոր թագավորը աշխարհին թո՛ղ բերի խաղաղություն և լիություն, թող ժողովուրդներին փորձանքից հեռու պահի»։ Ինչպես տեսնում ենք՝ թագավոր և թագ բառերի շուրջն է պտտվում խոսակցությունը։ Եզդի ժողովուրդը աստծուն հարգելով աստծու թագը համարում է Թաուս սրբություն։

Մեր խորին համոզմամբ, ելնելով բանահյուսության տվյալներից, թաուս բառն առաջացել է թագ բառից։ Աստծուն համարելով թագավոր և սրբացնելով նրա թագը, եզդիներն այն հեռավոր, վաղնջական ժամանակներում, դեռևս հինգ հազար տարի առաջ, առասպելական կերպարանափոխություն են կատարել՝ թագավոր, թագ բառերը սրբացվել են, կերպարանափոխվել, դարձել Մալաքե Թաուս։ Հնագույն աղբյուրներում նույնպես հիշատակվում է, որ Մալաքե Թաուս նշանակում է թագավորի թագ։ Թագի վրա ամրացվում էին սիրամարգի գեղեցիկ փետուրներ։ Եվ Մալաքե Թաուսը այդպես էր պատկերվում՝ սիրամարգ-հրեշտակ։ Հիշենք, որ սիրամարգն արևելքում համարվում է գեղեցկության և վեհության խորհրդանիշ, իմաստության և շուքի արտահայտություն։ Եվ դարեր շարունակ, և մինչև օրս սիրամարգ- հրեշտակը սրբացվել է որպես Աստծու փոխնորդ։ Իսկ եզդիներն իրենց համարել են Մալաքե Թաուսի ժողովուրդ։

Ցավոք, պատմական այս իրողությունները չեն ուսումնասիրվել գիտնականների կողմից, չեն դարձել հասարակայնության սեփականությունը։ Մինչդեռ թագավորի թագ, Մալաքե Թաուս, սիրամարգ-հրեշտակ առնչությունների ուսումնասիրությունը և դրանց լուսաբանումը լայն հնարավորություններ կտան աստվածաբանների, պատմաբանների գիտական պրպտումների, գիտական ճշգրտումների համար։

Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, որը համարվում է տիեզերքի արարիչը։ Ըստ եզդիների ազգային օրենքների՝ եզդին ծնվում է որպես եզդի և ոչ մի այլ ազգի ներկայացուցիչ չի կարող եզդի լինել։

Պատմական հեռավոր ժամանակներում, ժողովուրդների տեղաշարժների ընթացքում, եզդիները Հնդկաստանից տեղափոխվեցին Խազալիե, Ավախե, Բիրմայե, Կանդահարե (Աֆղանստան) քաղաքները, ապա Իրան, որտեղ և դարձան արևապաշտ։ Հետագայում եզդիները Իրանից տեղափոխվել են Բասրա, Քուֆ և Բաղդադ քաղաքները։ 7-րդ դարից եզդիներն իրենց նախահոր անունով իրենց համարեցին եզդի։ 683 թվականի, հոկտեմբերի 10-ին Քերբալայի դաշտում սպանվում է Շիա Ալու՝ Ալիիե Շերի որդի Հուսեյնը, այնուհետև ֆիզիկապես անհետանում է Կարմիր Սուլթան Եզիդը (նրա ճակատագիրը մինչև այսօր անհայտ է)։ Հիշենք, որ Քերբալայի դաշտում Հուսեյնի սպանությունից հետո մուսուլմանները կապույտ շոր են հագնում որպես սուգի նշան։ Մինչև այսօր էլ կապույտ զգեստ հագնելը եզդիների համար մեղք է համարվում։ Հիշենք նաև, որ Քերբալայի դաշտում, երբ Սուլթան Եզիդը ներկվեց կարմիր արյամբ, նա սկսեց կոչվել Կարմիր Սուլթան Եզիդ։ Հետաքրքիր փաստ է և այն, որ եզդիների դրոշը մինչև Քերբալա եղել է սպիտակ (բե լաքաբիե)։ Քերբալայի կռվից հետո, ի նշան թափված կարմիր արյան, եզդիների դրոշը դարձավ կարմիր և սպիտակ ու այդպես էլ պահպանվում է մինչև այսօր։ Շիաների ճնշման տակ եզդիները կրկին տեղահանվում են և հաստատվում Շարկ, Շամ (այժմ Դամասկոս), Մըսըր քաղաքներում։

Եզդիական բանահյուսության նմուշներից մեկի մեջ ասվում է.

«Կարմիր Սըլթան Եզիդը հարցնում է իր մորից. «Մայրիկ, ո՞վ է իմ հայրը»։ «Քո հոր անունով է շենացել Շամը»,– պատասխանում է մայրը։ Եզդիերեն դա հնչում է այսպես. «Քիե բավե մըն։ Միրո, բավե տը փաթշաբու, ռակի ռաուստանբու, շըհըրե շամե Դամասկոս, սար Նավե վիյա ավաբու»։ 11-րդ դարում՝ Շիխադա ժամանակ, եզդիները Շարկից և Շամից տեղափոխվում են Լալըշ, Շանգալ (Սինջար), Մոսուլ բնակավայրերը։ Շիխադու ժամանակ ստեղծվեց եզդիների համար հադսադ՝ սահմանադրություն, ըստ որի կազմվեց կրոնական պառլամենտ յոթ անդամներով՝ Նասրդին, Սըջադին, Շեշըմս, Ֆարխադին (սրանք եղբայրներ են, Ըստիա Զինի որդիները), Շիխըսըն, Հազմաման, Շեխուբաքր։

Ըստ Շեխ Ադիի կրոնական օրենքի՝ եզդիները բաժանվեցին երեք կաստայի՝ շեխեր, փիրեր, մրիդներ։

Շեխերը (կրոնական) իրենց հերթին բաժանվեցին երեք ենթակաստաների.

  1. Վադանի - Շեխե Շիխսընա
  2. Զըրզանի - Շեխե Շեշըմսա
  3. Կաթանի - Շեխե շեխու բաքրա։

Սրանք համարվում են հանդերձյալ կյանքի եղբայրներ և միմյանց մեջ դնում են դաստ դամըն խարկա-քըլըկ։ Այս երեք ենթակաստաները իրավունք չունեն ամուսնանալու միմյանց հետ։ Այս արգելքը տևել է դարեր շարունակ և այսօր էլ գոյություն ունի։

2. Փիրեր (կրոնավոր) - որոշ ենթակաստաների փիրեր իրավունք չունեն ամուսնանալու միմյանց հետ, հատկապես փիրե հազմամաները, որոնք համարվում են քառասուն փիրերի փիրեր, իրավունք չունեն ամուսնանալու մնացած 40 փիրերի հետ։ Սակայն վերջին շրջանում, չնայած կրոնական արգելքներին, Փիրե Օմարե Խալան, փիրե Իսեբիան, փիրե Մալկավեսա կաստաներն ամուսնանում են միմյանց հետ։

3.Մրիդները (աշխարհիկ) - ազատորեն կարող են ամուսնանալ կաստայի ներսում, բայց ոչ շեխերի, ոչ փիրերի հետ։

Բացի այդ, եզդիները պետք է պահպանեն ևս երեք օրենքներ, որոնք պարտադիր են բոլոր եզդիների համար և պետք է պահպանվեն սրբությամբ։

  1. Դարբա խարկա կրոնավորի հանդերձն է, որին չպետք է հարվածել։ Իսկ եթե այն հարվածվել է, մեղադրյալը եզդի չի համարվի և կենթարկվի կրոնական խիստ պատժի։
  2. Դիսկա դընե, որ կոչվում է մրոտ կճուճ, նշանակում է, որ եզդին այլազգիների հետ ամուսնանալու, ընդհանրապես կապեր ունենալու իրավունք չունի, ունենալու դեպքում նա այլևս եզդի չի համարվի։
  3. Շալպկե զեռին, որ նշանակում է ոսկե բաժակ, արգելվում է ամուսնությունը և կապը շեխերի, փիրերի ու մրիդների միջև, խախտողներն այլևս եզդի չեն համարվում։

Շեխ Աղու մահից հետո՝ 11-րդ դարում, եզդիների մի ստվար մասը կրոնական շարժառիթներով Իրաքի հյուսիսային մասից տեղափոխվում է Թուրքիայի, Արևմտյան Հայաստանի, Կարսի, Մուշի, Վանի, էրզրումի, Դիարբեքիրում Օրթալայի, Կարակոյի, Իգդիրի, Սինակի, Դիգոռի և այլ բնակավայրեր։

Վերջին տարիների նոր տվյալների համաձայն եզդիների թիվն աշխարհում անցնում է երկու միլիոնից։ Եզդիների ամենախոշոր համայնքը մնում է Իրաքը, ուր ապրում է մեկ միլիոնից ավելի եզդի։ Եզդիներ են ապրում Իրանում (100 հազար), ուր նրանք կոչվում են Մալաքե Թաասի ժողովուրդ, Թուրքիայում (50 հազար), Ռուսաստանում (մոտ 300 հազար), Վրաստանում (50 հազար), Գերմանիայում (300 հազար), Սիրիայում (20 հազար), ինչպես նաև եզդիների ստվար համայնքներ կան Հնդկաստանում, Ավղանստանում, (վերջին երկու երկրներում եզդիներն իրենց համարում են Մալաքե Թաուսի ժողովուրդ)։ Հայաստանում եզդիների թիվը հասնում է շուրջ 60 հազարի։

Եզդիների հայրենիքը համարվում է Իրաքը։ Նրանց սրբավայրը գտնվում է Իրաքի հյուսիսում, Լալըշի խոր ձորում, որը եզդիների հոգևոր առաջնորդի՝ Միրի (միրեշեխա) նստավայրն է։

Եզդիների լեզուն (էզդիկի) պատկանում է հնդեվրոպական ընտանիքի իրանական լեզվախմբին։ Եզդիները դեռևս 11-րդ դարում ունեցել են իրենց այբուբենը 33 տառով, որ ստեղծվել են նեստորական այբուբենի հիման վրա։ Այբուբենն ստեղծվել է շեխ Իսընի միջոցով (կըլըմա մըլըկ շիխըսըն)։ Հետագայում, արդեն 1921 թվականին, հայազգի Լազոն (Հակոբ Ղազարյանը) Հայաստանում ստեղծեց եզդիերեն այբուբեն՝ օգտագործելով հայերեն տառերի գծագրությունը։ 1929 թվականին եզդիերեն այբուբենում օգտագործվեցին լատիներեն տառեր։ Հեղինակներն էին Իսահակ Մորոգուլովը և Արաբ Շամիլովը։ 1946 թվականից սկսեց գործել ռուսերեն այբուբենը, առանձին հնչյունների համար օգտագործելով լատիներեն տառեր։ Նախաձեռնողն էր Հաջիե Ջնդին։

Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, ուր եզդիները գրում են իրենց մայրենի եզդիերեն լեզվով և հանրային ռադիոյով ունեն ամենօրյա կեսժամյա հաղորդում։ Եզդիերենը սովորում են 2-8-րդ դասարաններում, շաբաթական 2 ժամով։ Այդպիսի դպրոցների թիվը Հայաստանում 20-ից ավելի է։ Եզդիերեն ուսուցմամբ դպրոցներ են գործում Արմավիրի մարզի Արտաշար, Ֆերիկ, Զարթոնք, Կոտայքի մարզի Զովունի, Քանաքեռավւսն, Ջրվեժ, Արագածոտնի մարզի Շամիրամ, Ռյա թազա, Ալագյազ, Շենկանի, Դերեկ, Օրթաճիա, Սիփան, Ավշեն, Սանգառ, Ամրե թազա, Ջամշլու, Միրաք, Թալինի շրջանի Հակո, Գյալթո, Սորիկ, Թլիկ և այլ գյուղերում։ Ցավոք, այդ դպրոցների մեծ մասում այժմ չեն գործում եզդիերեն դասարանները՝ եզդիերեն դասագրքերի և եզդիների ուսուցիչների պակասության պատճաառով։

1989 թվականի մարդահամարի տվյալներով եզդիների թիվը հանրապետությունում կազմում է 51 900 մարդ։ Մարդահամարի փաստաթղթերում 60-70 տարվա տևական ընդմիջումից հետո վերջապես երևաց եզդի անունը։ Թեև խորհրդային տարիներին՝ առաջին և երկրորդ մարդահամարների ժամանակ նշվում էր եզդի անունը, սակայն 30-ական թվականներից սկսած եզդի անունը վերացվեց, ավելի ճիշտ՝ նույնացվեց քուրդ անվան հետ։ 1988 թվականին, երբ հայ ժողովուրդը ոտքի ելավ անիրավության դեմ, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, սկսվեց նաև եզդիների ազգային զարթոնքը։ Առաջին մեծ հաղթանակը եզդի անվան վերականգնումն էր, որի համար պայքարի ելավ եզդի ժողովուրդը։ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ Մոսկվա մեկնեց եզդիների հատուկ պատվիրակություն, որն իր հետ տարավ 15 հազար ստորագրություն այն մասին, որ իրենք եզդի են և չեն ցանկանում քուրդ կոչվել։ Պայքարը պսակվեց հաջողությամբ։ Եվ 1989 թվականի մարդահամարի տվյալներով եզդիները կոչվեցին իրենց անունուվ՝ եզդի։

Պատահական չէ, որ Եզդիների ազգային միության պաշտոնաթերթ «էզդիխանա» (նախկինում՝ «Եզդիների ձայն») թերթի ճակատին գրված է. «Ազգությունս՝ եզդի, լեզուս՝ եզդիերեն, կրոնս՝ շարֆադին»։