Jump to content

Եզվիտներ և Զեյթուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Եզվիտներ և Զեյթուն


Վա՜յ ձեզ դպրաց և Փարիսեցաց

կեղծատրաց. զի յածիք ընդ ծով և ընդ ցամաք
առնել եկամուտ մի. և յորժամ լինիցի,
առնէք զնա որդի զեհենի կրկին ևս
քան զձեզ։

ԱԻԵՏԱՐԱՆ

I


Անա՛րդ ծառաներ, որ Քրիստոսի
Աննախանձ ուսման խեղդել եք հոգին,
Որ երանությունն հանդերձյալ կյանքի
Տալիս եք միայն սուրբ Կաթոլիկին.
5 Կբաղխե՞ն կուրծքըդ կաշառած
Մարդասեր դարիս առողջ հոսանքներ.
Կփշրե՞ն մտքիդ կապանք ժանգոտած
Ե՛վ ժամանակը, և նորա փորձեր։
Բայց պատրաստ է նավն. արդեն, լողալով,
10 Օվկիանոսի հերձում է ալիք,
Եվ սպիտակափայլ առագաստներով
Թռչում է ձեր հետ, բայց ո՞ւր, չար մարդիկ։

II


Զեյթո՜ւն, սրբազան մնացորդ անցյալի,
Տավրոս լեռների Հայ ազգ բնակիչ,
15 Արթո՜ւն կաց. գիտե՞ս, վերադ է գալի
Եզվիտ ամբոխը, գայլեր գիտշատիչ։
Նոքա յուրյանը հետ շատ ոսկի ունին,
Նոքա կշռում են դորանով կրոն...
Ականջ չդնես գետնաքարշ լեզվին,
20 Թքի՛ր լրտեսին, զինվորվի՛ր, Զեյթո՛ւն։
Լոյոլլի ստրուկ, բարեպաշտ քսուն
Պիտի նախատե քո Լուսավորիչ,
Որ կյանքիդ համար չխնայեր արյուն
Եվ բազմաչարչար եղավ քեզ փրկիչ։

III


25 Հարազատ եղբայր, որդի քաջության,
Թո՛ղ չկաշառե եզվիտի ոսկին
Քո սուրբ հավատը, քո նըվիրական
Ավանդություններ, քո Եկեղեցին։
Կարմրեր, եթե Պապի արբանյակ,
30 Յուր ամոթապարտ որոգայթներով,
Կարաց քեզ որսալ, կարաց խայտառակ
Հաղթություն կանգնել և ծաղր առնելով
Կործանել ամուր քո բնակարան,
Ուր հազարավոր սուլթանի զորքեր
35 Սրով մաղեցան և սասանեցան.
Այսպե՜ս պիտ լինի եզվիտի նետեր։

IV


Շատ ժամանակ է, որ Եվրոպայից
Այդ աղվեսներն արտաքս հանվելով
Եկել են ձեր կողմն, շահվել ձեզանից,
40 Արկածախնդիր եզվիտ մնալով։
Ո՛վ Զեյթո՛ւն, Զեյթո՛ւն, վերջին շո՛ւնչ զոհիր,
Զոհի՛ր քո երկիրն ոչ ամբարշտին,
Ո՛չ քո թշնամուն սատանայակիր.
Սուրբ անկախության, ազգիդ պարծանքին
45 Բե՛ր դորան, Զեյթո՛ւն. թող գերեզմանի
Տարածվի վերադ ապականություն.
Ազատ ծնել ես, թո՛ղ ազատ մեռնի
Զեյթունի որդին, քեզ անմահությո՜ւն։

V


Կգտնե՛նք ձեր մեջ մեք Հայաստանի
50 Ախոյանները, որ կյանք կնքեցին
Անմահ պարծանքով և բռնավորի
Շվթայք ու կապանք գոռոզ փշրեցին.
Ո՜վ արդյո՞ք ձեր կո՜ւրծքն առաքինական
Կխանձե հրով. կարո՞ղ եք մեզ տալ
55 Մի Ավարայրի նահատակ Վարդան
Կամ թե մի Վահան՝ առյուծ կատարյալ,
Թե՞ սոքա ինքյանք պետք է դագաղից
Նորից գան հանդես, որ ստրկության
Խորտակվին պարիսպք, որ Հայի կուրծքից
60 Բղխում է հորդառատ աղբյո՜ւր քաջության։

VI


Ո՜վ ազատություն, դու սպառազեն
Տավրոս լեռներից մեզ երևեցար,
Եվ արենարբու Ազիզն անօրեն[1]
Տարավ նշավակ, անկավ չարաչար։
65 Ա՜խ, պահի՜ր և այժմ քեզ ծանոթ Զեյթուն.
Տե՜ս, որքան վերքեր և որքան հարված
Տուր մեջքի վերա տանում է մաղված,
Եվ չունի ոչ ոք, ուժն օգնություն։
Եղեռնագործ են իշխանք աշխարհի,
70 Դոքա չեն լսում մուրճերի զարկեր,
Որից գոսացած և արտասվալի
Փչում են հոգին այդ անմեղ զոհեր։

VII


Ե՞րբ պետք է լռես, Անարդարություն,
Ճնշող, խարշամող մտքի ծաղիկներ,
75 Ե՞րբ գոռոզների խոլամտություն
Պիտո է գրկե կորստյան ստվեր.
Մինչև ե՞րբ պետք Է մնա զորավոր
Չարության կողմը, որ վանդակներով
Կապել է մեր խելքն, մեր հանճարն հզոր,
80 Որ պետք է լցներ աշխարհ հրաշքով.
Մե՛զ, որ միությամբ ձեռք-ձեռքի տրված,
Գիտության դրոշով մի սուրբ գունդ կազմած,
Պետք է լուծեինք անլուծանելին,
Եվ աստվածանա՛ր մեր ազատ հոգին։

VIII


85 Բայց ահա շատ մոտ արձակ ասպարեզ
Բացվում է աչքիս։ Խռնում են ազդեր
Ուրախ երգերով. նոքա պարզերես
Չգիտեն, ի՞նչ է կապանք, շղթաներ...
Ազատ են նոքա... և ամենայն բան
90 Շնչում է միայն սուրբ ազատություն։
Եվ չէ երևում բռնության նշան...
Սեր, և՛ Արդար գործ, և՛ Եղբայրության
Իշխում են դոցա. և առհասարակ
Ծաղկում է Հանգիստ, և՛ Բախտ, և՛ Վաստակ...
95 Այո՛, սերմերը, կարծեմ, աճում են,
Երբ ազգե՛րն յուրյանը պիտ կառուվարեն։

1864 թվին

  1. 1862 թվին, օգոստոս ամսին, զեյթունցիք ջարդեցին տաճիկ զորապետ Ազիզ փաշայի կանոնավոր զորքը և շատ թնդանոթներ խլեցին։

    Այս հաղթությունը պիտո է տոնախմբվի հայրենասեր շրջաններում. որպես փառավոր առհավատչյա հայկական քաջասրտության (ծանոթ. հեղինակի)։