Jump to content

Եզրափակման խոսք Հայ գրողների ընկերության առաջին երեկույթին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եզրափակման խոսք Հայ գրողների ընկերության առաջին երեկույթին
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 391
ծ. ― էջ 631

սիրտն ու ոգևորությունը որ լինեն, էլ մեզ բան չի պակասիլ։ Նրանք են տալիս կյանքում ամեն բան, նրանք են տալիս և՛ հանճարեղ գրական գործեր ու ստեղծագործություններ։ Խորիմաստ կերպով Նիցշեն ասում է. գնահատել, կնշանակի ստեղծել։ Եվ այսօր դուք, որ եկել եք գնահատելու հայոց գրականությունը, եկել եք ստեղծելու, այսօր դուք ստեղծողներ եք։ Եվ այսպիսով միայն կստեղծեք ու կունենաք մեր գրականությունից ավե՛լի լավ գրականություն ու մեզանից ավելի լավ գրողներ։ Դուք պետք է իմանաք, որ մեզանում հայ գրողը միշտ իրեն մենակ է զգացել ու լքված, այլև շատ ու շատ անգամ ենթարկված հալածանքի ու նեղության, որ դուք իմացել եք միայն սուր դեպքերի ժամանակ։ Նրա թիկունքին կանգնած չի եղել իր հարազատ ժողովուրդը։ Սակայն սրանով չեմ մեղադրում մեր ժողովրդին, որ նոր-նոր է ազատվում խավարի դարավոր կապանքից, որ նույնպես ենթարկված է եղել միշտ հազար ու մի նեղության, և թվով էլ մեծ չի։ Բայց փոքր ժողովուրդներն էլ, երբ գիտակցության են գալիս, երբ նրանց մեջ խաղում է կենդանության շունչը, կարողանում են առաջ բերել մեծ գրականություններ: Օրինակ առեք Հին Հունաստանը իր Աթենքով, մի՞թե թվով մեծ էր նա, մի՞թե մեծ էր Շեքսպիրի Անգլիան, մի՞թե մեծ են այսօր Շվեցիան ու Նորվեգիան, մի՞թե մեծ են Դանիան, Բելգիան կամ Հոլանդիան, որ տալիս են մեծ գեղարվեստագետներ ու գրողներ։

Այո՛, թվով մենք էլ ենք փոքր նրանց նման։ Բայց թվական մեծությունը գուցե անհրաժեշտ է մեծ պատերազմներով ազգեր ու աշխարհքներ կործանելու համար, իսկ գրականության ու գիտության մեջ, որ նույնպես մի մեծ պատերազմ է, պատերազմ լույսի ու խավարի, այստեղ խնդիրը վճռում է ժողովրդի բարոյական մեծությունը։ Շուտով կենդանության շունչն ավելի ու ավելի զվարթ կխաղա և մե՛ր կյանքում, ու մեծ է մեր հավատը հայ ժողովրդի կուլտուրական ուժի ու նրա պայծառ ապագայի վրա, որ հենց ինքը՝ հայ ժողովուրդը, իր ազգային առասպելի մեջ նմանեցրել է մշտավառ կանթեղի, որ սրբազան Արագածի վերևից կախված է երկնքի բարձրությունից, ու ոչ մի ձեռք չի հասնիլ նրան, ոչ մի փոթորիկ չի հանգցնիլ նրան։ Նա հայ ժողովրդի հույսն է, անմարելի ու մշտավառ։

Եվ ահա վառվում են ամենքի հայացքները ներքին ուրախությունից, փայլում են ամենքի դեմքերը, և բուռն ծափերը միախառնվում են ոգևորված երգերին ու ճառերին։ Սակայն այսօր դեռ սկիզբն է, այսօր դեռ առաջին երեկոն է, դեռ շատ ու շատ երեկոներ ունենք մեր առաջ։ Եկե՛ք, միշտ եկե՛ք, էդպես սրտալի ու եղե՛ք կենդանի սյուներ ու պաշտպանները էս հաստատության, որ իր հարկի տակ է ժողովելու գրականությանը, գիտությանն ու հրապարակախոսությանը նվիրված մեր բոլոր ուժերը։

Եվ ձեզ, որ եկել եք այսօր խանդավառ ողջույններով, մոռացության տված ամեն նեղ կուսակցական խտրություն, ամենքդ միասին լցված հարազատ զգացմունքներով ու մայրենի գրականության սիրով և թև ու թիկունք եք տալիս գրական մարդկանց՝ հաղթանակով վարելու խավարի ու հույսի նվիրական պատերազմը, ձեզ, գնահատողներիդ, որ գնահատելով ստեղծողներ եք, ըստ Նիցշեի, ձեզ ամենքիդ լիասիրտ շնորհակալություն եմ հայտնում Հայոց գրական ընկերության անունից։