Ելույթը Կարնեգի հիմնադրամում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ելույթը Կարնեգի հիմնադրամում

Ռոբերտ Քոչարյան

Հարգելի պարոն նախագահ, տիկնայք և պարոնայք,

Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել այս հանդիպման կազմակերպիչներին՝ հրավերի համար և ողջունել բոլոր մասնակիցներին։ Ինձ համար լավ հնարավորություն է ներկայացնել Հայաստանը գիտնականներին, քաղաքագետներին, դիվանագետներին ու լրագրողներին, ինչպես նաև՝ անդրադառնալ Հարավային Կովկասին՝ կարևորելով իմ այստեղ գտնվելը։

Երեկ Հարավային Կովկասի երեք պետությունների Նախագահների միջև ԱՄՆ-ի պետքարտուղար տիկին Մադլեն Օլբրայթի հովանու ներքո տեղի ունեցավ հանդիպում։ Իմ կարծիքով, մենք ներկա եղանք տարածաշրջանի ներկայի և ապագայի վերաբերյալ մի հետաքրքիր քննարկման։ Փաստորեն դա պատվիրակությունների նման բարձր մակարդակով տարածաշրջանային խնդիրները քննարկելու առաջին նման փորձն էր։ Ես հավատում եմ, որ նման հանդիպումներն ու քննարկումները պետք է կանոնավոր բնույթ կրեն, քանի որ տարածաշրջանը կայուն չէ, քաղաքական գործընթացները շատ արագընթաց են և առկա հակամարտությունների պատճառով ազատ հաղորդակցման հնարավորությունը խնդրահարույց է։

Կուզենայի այսօր շարունակել այդ թեմայի քննարկումը, ձեզ հետ կիսելով տարածաշրջանային գործընթացների իմ ըմբռնումը, ինչպես նաև՝ այն միջոցառումների, որոնք կարող են հանգեցնել կուտակված խնդիրների լուծմանը։

Հարավային Կովկասը դարեր շարունակ մաս է կազմել այս կամ այն կայսրության, որոնք և որոշել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները։ Կայսրություններից որևէ մեկի թուլացումը կամ հզորացումը անպայմանորեն հանգեցրել է պատերազմների և, իբրև արդյունք՝ նոր աշխարհաքաղաքական վերաբաժանման։ Դարասկզբին Ռուսական կայսրության տրոհումը Հարավային Կովկասում նշանավորվեց արյունալի իրադարձություններով։ ԽՍՀՄ-ի տրոհումը տարածաշրջանում ստեղծեց սկզբունքորեն նոր իրավիճակ և հանգեցրեց սառեցված հակամարտությունների բորբոքման, որոնք դեռևս շարունակվում են։ Այսօր Հարավային Կովկասի հանրապետություններն ունեն անկախ պետություններ կառուցելու պատմական հնարավորություն։ Այդ նպատակների իրականացումը նրանց իսկ պատասխանատվությունն է։ Կկարողանա՞նք մենք անցած ճանապարհը և զարգացման ռեալ հնարավորությունները սթափ գնահատել, ընդունել համարձակ, պրագմատիկ, ապագային միտված որոշումներ, հարևանի մեջ տեսնել գործընկեր, ոչ թե՝ մրցակից, և հասարակությանը տրամադրել կառուցողականության։

Իրադրությունը նպաստավոր է, քանի որ աշխարհը փոխվել է։ Ակնհայտ է, որ մենք զարգացնում ենք միջազգային կապեր, որոնք մեզ նոր տիպի հարաբերություններ ստեղծելու հնարավորություն կտան։ Այնուամենայնիվ ճեղվածք կա իրականության և իրականության մեր ընկալման միջև։ Մենք այդ ժառանգել ենք մեր անցյալից։

Այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունները, մենք ժառանգել ենք անցյալից։ Կան խնդիրներ, որ ձեռք ենք բերել վերջին տարիներին։

Հարավային Կովկասի հանրապետությունները գտնվում են իրենց արտաքին և ներքին քաղաքական առաջնահերթությունները ձևավորելու փուլում։ Ինչ-որ տեղ որոշակիությունը մեծ է, ինչ-որ տեղ՝ փոքր, ինչ-որ բան ձևավորվում է օբյեկտիվ նախապայմանների, ինչ-որ բան սուբյեկտիվ, երբեմն էլ՝ իրադարձությունների զգացմունքային ընկալման հիման վրա։

Շատ կարևոր է հենց այժմ փորձել համադրել մեր պատկերացումներն՝ ըստ ընդհանուր պատկերի և հատված առ հատված։ Համոզված եմ, որ մի ամբողջ շարք հարցերում կարելի է զգալիորեն մերձեցնել մեր դիրքորոշումները։

Ես տեսնում եմ հարցերի երեք խոշոր բլոկ։

Առաջին հերթին հարկավոր է մանրամասն քննել, թե ինչ վտանգներ են սպառնում նախ՝ Հարավային Կովկասին ամբողջությամբ, երկրորդ՝ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի, և երրորդ՝ Հարավային Կովկասի յուրաքանչյուր ժողովրդի։ Այսինքն՝ վերցնել երեք հարթություն, որոնք փոխկապակցված են և դրանցից յուրաքանչյուրն էական դեր է խաղում տարածաշրջանի անվտանգության ընդհանուր համապատկերում։ Ընդ որում, դրանցից ոչ մեկին չպետք է տրվի գերապատվություն։ Սա հասկանալը մեզ կօգնի ճիշտ գնահատել մեր ընդհանուր մտահոգությունները։ Արժե նշել, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների արմատները այս երրորդ հարթության՝ Հարավային Կովկասի ժողովուրդներին սպառնացող սպառնալիքները չտեսնելու մեջ են։ Երկրորդ բլոկն ընդգրկում է նախապայմաններ, որ մենք պետք է ընդունենք, քանի որ դրանք բացահայտ են.

Բարգավաճող հարևանը քաղցած հարևանից լավ է,

Հարավային Կովկասի պետությունները միայն տնտեսապես ամրանալու դեպքում կկարողանան ավելի արդյունավետ լուծել ծագող խնդիրները և ավելի մեծ չափով ունակ կլինեն ինքնուրույն վճիռներ կայացնելու։ Այս գործընթացն ունի բնական մեծ իներցիա և պահանջում է համբերություն ու իմաստնություն, Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունների համաչափ զարգացումը կբարձրացնի, ինչպես տարածաշրջանի անվտանգության մակարդակը, այնպես էլ՝ բոլորի ինքնուրույն զարգացման հավանականությունը։ Երկրներից որևէ մեկի մեկուսացման փորձը վնասաբեր է բոլորի և առաջին հերթին՝ նրանց անվտանգության համար,

Որևէ երկրի զարգացման տնտեսական կողմը չի կարելի դիտել իբրև կողմերից մեկի վրա ճնշում բանեցնելու գործիք։ Ադրբեջանի կողմից նավթային գործոնի՝ իբրև քաղաքականության գործիքի, քարոզչությունը Հայաստանում ձևավորել է խիստ բացասական վերաբերմունք։ Կասպիական նավթը Հայաստանում ընկալվում է իբրև սպառնալիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով,

Տարածաշրջանը, որպես միասնական տնտեսական տարածք, անկասկած, ավելի գրավիչ է խոշոր բիզնեսի համար։ Տնտեսական կարգավորիչների միասնականացումը բոլոր երեք հանրապետություններում փոխշահավետ է,

Հարավային Կովկասը պետք է զարգանա ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով։ Միայն ժողովրդավարական պետություններ լինելով է, որ մենք կարող ենք կանխատեսելի լինել, ինչը կբարձրացնի փոխադարձ վստահության մակարդակը։ Տարածաշրջանը չի կարող լինել ինչ-որ մեկի հիվանդ երևակայության կամ անսահման ամբիցիաների պատանդը,

Ժողովրդի մեջ չձևավորել հարևանի նկատմամբ թշնամու կերպար։ Մենք ինքներս այդ հասարակական կարծիքի զոհը կդառնանք, ինչի հետ ստիպված կլինենք հաշվի նստել ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը զուգընթաց։

Ես պետք է նշեմ, որ առնվազն վերջին տարվա ընթացքում մենք մեր քաղաքականությունը կառուցել ենք վերը նշված սկզբունքների վրա։ Եվ վերջապես երրորդը՝ հարկավոր է հաշվի առնել հարևանների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի մտահոգությունները և փորձել դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ անաչառ վերաբերմունք դրսևորել։ Պետք է նկատի ունենալ անցյալի ու ներկայի որոշակի առանձնահատկությունները։ Մեր տարածաշրջանը չափազանց զգայուն շրջան է։ Այն չի կարող համեմատվել Եվրոպայի հետ, որտեղ շատ գաղափարների՝ քաղաքական, տնտեսական, մարդասիրական, էկոլոգիական, իրավական և այլն, նկատմամբ ձևավորվել է խորապես միասնական վերաբերմունք, և տեղի են ունենում ինտեգրացման հզոր գործընթացներ։ Եվրոպայում շատ-շատերն իրենց աշխարհի քաղաքացի են համարում։ Սա հեղափոխություն է մտածողության մեջ, և ես կարծում եմ, որ դրա հետևանքները մինչև վերջ հաշվարկված չեն (Հարավսլավիան բացառություն է)։

Հյուսիսում Ռուսաստանը բարեփոխումների մի շատ դժվարին փուլում է, և չափազանց բարդ գործընթացներ են տեղի ունենում Հյուսիսային Կովկասում։ Հարավում՝ Թուրքիայում, հսկայական տարբերություն կա հռչակված քաղաքական գծի և բնակչության մտածելակերպի միջև։ Իրանը զարգացման իր ուղին է ընտրել և ընթացող գործընթացների մասին իր կարծիքն ունի։ Բոլոր երեք երկրներն էլ տարածաշրջանում նախկինում իրենց ունեցած ազդեցության պատմական հիշողություններ են ժառանգել։ Ի վերջո, մենք՝ Հարավային Կովկասի հանրապետություններս տնտեսապես թույլ ենք, մեծ թվով սեփական խնդիրներ և հակասություններ ունենք և եվրոպական կառույցներում ինտեգրվելու կուրս ենք որդեգրել։ Իրադրությունն իսկապես շատ նուրբ է, և անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել։ Քանի որ խոսքը տարածաշրջանի զարգացման այնպիսի ուղղության մասին է, որը տարբերվում է ձևավորված պատկերացումներից, պետք է անել ամեն ինչ, որ այդ զարգացումը չընկալվի թշնամաբար։

Կովկասում հեշտ են վիճում և դժվար հաշտվում, եթե ընդհանրապես հաշտվում են։

Գործնականում այս խնդիրները կարելի է իրագործել տարբեր կերպ։ Ըստ երևույթի, ավելի ճիշտ է սկսել ամենապարզից. ինչն է բացահայտորեն մեզ ձեռնտու և ինչը պարզապես չի կարելի անել։ Կոնկրետ ուղղությունների և քայլերի մշակումը հետևողական ջանքեր է պահանջում։

Ո՞րն է Հայաստանի դերը Հարավային Կովկասում։

Կասկած չկա, որ Հայաստանը կարող է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել, քանի որ գոյություն ունեցող մի քանի նախապայմանների շնորհիվ այն դառնում է Կովկասում ամենակազմակերպված երկիրը։

Այդ նախապայմանները հետևյալն են՝

երկրի ներսում էթնիկական խնդիրների բացակայությունը,

հայ ժողովրդի պատմական ավանդույթները,

աշխարհով մեկ տարածված հայկական սփյուռքի գոյությունը, այդ սփյուռքի ունեցած քաղաքական և տնտեսական կապերն ու կուտակած փորձառությունը, նավթային կամ տրանզիտային ծրագրերի հրաշագործ ազդեցության առասպելական հույսերի բացակայությունը։

Երկու խոսք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք բազմիցս։ Կարգավորման հիմքում պետք է դրվեն հետևյալ սկզբունքները. կողմերի իրավահավասարություն, ԼՂՀ-ի անկլավայնությանբացառում և Ղարաբաղի բնակչության երաշխավորված անվտանգություն։ Նաև համոզված ենք, որ առանց բանակցային գործընթացին Ղարաբաղի լիարժեք մասնակցության հնարավոր չի լինի հաջողության հասնել։ Հիշեցնեմ, որ Ղարաբաղում ազգային-ազատագրական պայքարը սկսել է Հայաստանին միանալու որոշմամբ։ Ավելի ուշ Ղարաբաղը հռչակեց անկախություն և ամրագրեց այն համաժողովրդական հանրաքվեով, այսպիսով նահանջելով վերամիավորման գաղափարից, ինչը, պետք է նշեմ, մինչև այսօր գերիշխում է մեր ժողովրդի մեջ։ Ընդհանուր պետություն կազմելու վերաբերյալ Մինսկի խմբի վերջին առաջարկություններն ընդունելով՝ Ղարաբաղը և Հայաստանը փաստորեն կատարեցին և՛ս մի խոշոր քայլ կարգավորման ուղղությամբ, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը՝ սովետական ինքնավարության վրա հիմնված, ինչպես կար, այնպես էլ մնացել է։ Ուզում եմ հիշեցնել, որ այդօրինակ բոլոր ինքնավարությունները կա՛մ հանգեցրել են պատերազմի, կա՛մ բնիկ ժողովրդի անհետացման (Կոսովոն ամենաթարմ օրինակն է։ Մեզ համար ակնհայտ է, որ հարկավոր է գտնել իրավական փոխհարաբերություն ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև։ Կարծում ենք, որ ընդհանուր պետության գաղափարն այդպիսի որոշում գտնելու սթափ փորձ է։

Մեզ համար ակնհայտ է, որ «ամբողջականությունն» արդեն չի կարող ներկայանալ իբրև բարձրագույն առաջնահերթություն։ Այդպիսին են վերջին տասնամյակի պատմական իրողությունները։

Շնորհակալություն ուշադրության համար։

1999

Աղբյուր[խմբագրել]

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հին տարբերակը