Ելույթը առաջին երդման արարողության ժամանակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Քոչարյանի ելույթը առաջին երդման արարողության ժամանակ

Ռոբերտ Քոչարյան

Վեհափառ Տեր,

սիրելի հայրենակիցներ,

նիստի հարգարժան մասնակիցներ

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ընտրություններին ակտիվ մասնակցության համար, անկախ նրանից, թե ում են տվել իրենց ձայնը։ Ընտրված Նախագահը բոլորի նախագահն է։

Հանրապետության նախագահի կայացած ընտրությունները մեր պետականության ամրապնդման և հետագա առաջընթացի գրավականն են։ Ես հպարտ եմ Հայաստանի Հանրապետույթան Նախագահ ընտրվելու այն բարձր պատվի համար, որին արժանացել եմ մեր ժողովրդի վստահության շնորհիվ։ Ես պատրաստ եմ պատվով կրել այդ մեծ պատասխանատվությունն ու արդարացնել համազգային վստահությունը։

Սա իմ առաջին ելույթն է որպես Հայաստանի հանրապետության նախագահ։ Ես ուզում եմ այս նոր կարգավիճակով ներկայացնել այն գաղափարները և ծրագրերը, որոնք կլինեն Հայաստանի զարգացման ուղենիշները։

Մենք պետք է ունենանք գործունակ և արդյունավետ պետություն։ Առաջիկա հինգ տարին կդառնա մեր պետության հիմքերի ամրապնդման և մեր հասարակության սոցիալական հիմնախնդիրների լուծման ժամանակաշրջան։ Այս ընթացքում պետք է կատարելագործվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների լիարժեք իրականացման անհրաժեշտ մեխանիզմները։ Պետությունը կդրսևորի իրեն որպես իր քաղաքացիների գործընկեր ու խորհրդատու։

Մենք պետք է ելնենք նրանից, որ ամուր և կայուն պետության գոյության հիմնական երաշխիքը ողջ ժողովրդի և առանձին վերցրած յուրաքանչյուր մարդու բարեկեցությունն է։

Մեզ սպասում է մեծածավալ բազմակողմանի և քրտնաջան աշխատանք։ Աշխատանք, որը կպահանջի ներքին հասարակական համերաշխություն, միաբանություն, կառուցողական քաղաքական երկխոսություն և համագործակցություն։ Այսպիսի միջավայրի կերտման նախաձեռնողն ու երաշխավորը կլինի երկրի Նախագահը։

Պետությունը պետք է երաշխավորի ժողովրդի կամքի ազատ ձևավորումն ու արտահայտումը՝ սկսած յուրաքանչյուր քաղաքացու խոսքի, խղճի ու դավանանքի ազատությունից մինչև քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների անարգել գործունեության ապահովումը՝ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտում։ Հայաստանը հարազատ տուն պետք է լինի ոչ միայն հայերի, այլև հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունների համար։

Պետականության ամրապնդման գործում բեկումնային քայլերի անհրաժեշտությունը հրատապ է դարձնում սահմանադրական բարեփոխումների իրականացումը։ Այդ բարեփոխումնները պետք է նախ և առաջ ուղղված լինեն իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռված փոխհարաբերությունների ստեղծմանը։ Պետք է առավել հստակեցվեն ու պարզեցվեն Նախագահ-կառավարություն, Նախագահ-Ազգային ժողով փոխահարբերությունները։ Նոր մոտեցումներով պետք է կարգավորվի Սահմանադրական դատարանի գործունեությունը։

Մեր գերխնդիրը՝ երկրում օրենքի գերիշխանության հաստատումն է։ Օրենքի առաջ հավասար պետք է լինեն բոլորը՝ սկսած Նախագահից մինչև շարքային քաղաքացին։ Այս առումով խիստ կկարևորվի գործող դատաիրավական համակարգի հետևողական բարեփոխումների իրականացումը, ինչը, ըստ էության, կնշանակի նոր դատաիրավական համակարգի ստեղծում։

Միևնույն ժամանակ, միայն տնտեսապես զարգացած և հզոր Հայաստանը կարող է լուծել այսօր իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները։ Տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բարենպաստ նախադրյալների ու պայմանների ստեղծմանը և նպատակային ներդրումների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են հայրենական արտադրության զարգացման փոքր և միջին բիզնեսի ծավալման, արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի շարունակ ավելացման համար։

Մենք կշարունակենք բարեփոխումները՝ որդեգրելով նոր սկզբունքներ և նոր մոտեցումներ։ Զարգացման քաղաքականության առանցքը կազմող քաղաքական ու տնտեսական որոշումները պետք է համապատասխանեն հասարակության պահանջներին և տրամադրվածությանը։ Այդ որոշումները պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով ռեալ իրավիճակը, հնարավոր սոցիալական հետևանքները և ոչ թե լինեն «բարեփոխումներ հանուն բարեփոխումների»։

Այժմ արդեն պարզ է, որ պետությունը չպետք է հրաժարվեր տնտեսական հարաբերությունների այն ոլորտների կարգավորումից, որոնցում դեռևս չէին ձևավորվել պետությանը փոխարինող շուկայական ինստիտուտներ։ Հետևաբար, գալիք տարիներին ակտիվորեն պետք է լրացվեն նաև այս բացերը։

Դա հատկապես վերաբերում է գյուղատնտեսությանը։ Մենք պետական աջակցությամբ խթանելու ենք մեր գյուղացիական տնտեսությունների զարգացումը և ստեղծելու ենք պայմաններ դրանց շահութաբեր գործունեության համար։

Պետության արդյունավետությունը որոշվում է քաղաքացիների նկատմամբ իր սոցիալական հոգածության որակով և մակարդակով։ Ժողովուրդն իրեն խաբված ու հիասթափված է զգում սոցիալական անարդարությունից և տարրական նյութական պահանջներից կախյալ լինելուց։ Իսկ առանց աշխատանքի և նվազագույն կենսամակարդակի՝ գիտակցված ազատություն և պատշաճ ժողովրդավարություն չի լինում։

Հետևաբար, սոցիալական քաղաքականությունը պետք է նախ և առաջ ուղղված լինի սոցիալական արդարության հաստատմանը։ Այն կլինի հասցեագրված և խիստ նպատակային։ Ուժեղ պետության առկայությունը և մարդկանց սահմանադրական ազատությունների և իրավունքների լիարժեք իրականացումը կզգացվեն այն ժամանակ, երբ կգործեն զարգացած կրթական և գիտական համակարգեր, երբ բոլորին մատչելի կլինի բժշկական սպասարկումը, երբ այդ ոլորտներում ընտրության հնարավորություն կլինի պետական և մասնավոր ծառայությունների միջև։ Բայց համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է միշտ հնարավորություն ունենա դիմել պետությանն ու ստանալ նրա օժանդակությունը։

Դարեր ի վեր մեր ժողովրդի գոյատևման հիմքը եղել է ամուր հայ ընտանիքը։ Այս ճշմարտության գիտակցումն է բերում նրան, որ ընտանիքը, մայրությունը և մանկությունը միշտ գտնվելու են հասարակության և պետության հովանավորության և պաշտպանության ներքո։ Հատուկ պետական մոտեցումներ պետք է մշակվեն երիտասարդության հիմնախնդիրների լուծման համար։

Պետության ուշադրության կենտրոնում են լինելու նաև մշակույթի զարգացման խնդիրները, մշակույթը կշարունակի արժանապատվորեն ներկայացնել մեր ժողովրդին և նրա դարավոր պատմությունը։

Բարեկարգելով Հայրենի տունը՝ մենք դինամիկ և փոխշահավետ հարաբսերություններ կհաստատենք մեր անմիջական հարևանների, տարածաշրջանում ավանդաբար ռազմավարական շահեր ունեցող պետությունների հետ և կակտիվացնենք մեր մասնակցությունը միջազգային համագործակցության կառույցներում։

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ կմնա կնքված միջազգային պայմանագրերին և դրանցով ստանձնած պարտավորություններին։ Մեր պետությունը կունենա իր էական դերը տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ։

Հայաստանի հզորությունը նաև ամուր պետական անվտանգության համակարգ ունենալու մեջ է, որը նախ և առաջ ենթադրում է մարտունակ ու կարգապահ բանակ։ Տարածաշրջանում խաղաղության պահպանման լավագույն երաշխիքը ուժերի հավասարակշռությունն է։ Եվ մեր բանակն առաջին հերթին պետք է ծառայի այդ նպատակին։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը համազգային խնդիր է, որը, մենք պետք է արժանապատվորեն լուծենք։ Ելնելով խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքից՝ մենք պետք է հասնենք Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը՝ երաշխավորելով նրա զարգացումը անվտանգ սահմաններում Հայաստանի հետ մշտական աշխարհագրական կապով։ Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է բերի նաև պատմական արդարության հաղթանակի։

Մեր սերունդը կոչված է իր վրա վերցնել մեկ այլ բարձր պատասխանատվություն։ Դա համայն հայության ջանքերի միավորումն է և Հայաստանի հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքում։ Սփյուռքի ակտիվ և անմիջական մասնակցության ապահովումը։ Դրան կնպաստի նաև երկքաղաքացիութըյան խնդրի սահմանադրական լուծումը։ Յուրաքանչյուր հայի համար Հայաստանը պետք է լինի սուրբ հայրենիք, որի հաղթանակն իր հաղթանակն է և որի ապագան իր ապագան է։ Պետք է գիտակցենք, որ անպարտելի է այն ժողովուրդը, որն իմաստավորում է իր հավաքական ուժի արժեքը։

Հայաստանն աշխարհին կներկայանա որպես ժողովրդավարական, կայուն, խաղաղասեր և խոստումնալից երկիր։

Սիրելի հայրենակիցներ, այսպիսին եմ ես տեսնում Հայաստանը հինգ տարի անց՝ երրորդ հազարամյակի սկզբին։ Այսպիսի պետություն մենք միասին կկառուցենք առաջիկա հինգ տարվա ընթացքում։

Շնորհակալություն։


1998

Աղբյուր[խմբագրել]

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հին տարբերակում