Jump to content

Ելույթը երկրորդ երդման արարողության ժամանակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ռոբերտ Քոչարյանի ելույթը երկրորդ երդման արարողության ժամանակ

Վեհափառ Տեր,

Հարգելի հայրենակիցներ,

Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ընտրությունների ընթացքում մեր ժողովրդի ցուցաբերած ակտիվության և ինձ տրված վստահության քվեի համար։ Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր արձագանքեցին միասին աշխատելու իմ կոչին։

Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է ժողովրդի և պետության համար։ Բայց ընտրություններն ավարտվում են, և նորից սկսվում է ամենօրյա աշխատանքը երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ։

Ընտրարշավը, չնայած գերծանրաբեռնվածությանը, մարդկանց հետ ակտիվ և անմիջական շփումների լավ հնարավորություն էր։ Ինձ համար այն եղավ շատ հետաքրքիր և ուսանելի։

Մենք ընտրությունների եկանք՝ ունենալով տնտեսական բարձր ցուցանիշներ բոլոր ուղղություններում։ Մենք ընտրությունների եկանք առանց ներքին պարտքերի։ Ընտրությունների տեսանկյունից սա մեկնարկային լավ դիրք է իշխանությունների համար։ Այդուհանդերձ, նախընտրական պայքարը կոշտ էր և անզիջում։ Ավելին՝ քաղաքական ուժերի դիմակայությունը մասամբ վերաճեց դիմակայության՝ հասարակության ներսում։ Այստեղ մտորելու տեղ կա, և մենք պարտավոր ենք որոշակի հետևություններ անել։

Չափազանց կարևոր է, որ իշխանությունների քաղաքականությունը հասկանալի լինի հասարակությանը։ Մենք միշտ պետք է պարզաբանենք մեր գործողությունները, դրանց անհրաժեշտությունը և օգտակարությունը մարդկանց համար։ Մենք պարտավոր ենք կանոնավոր կերպով հաշվետվություն տալ հասարակայնությանը։ Դա պետք է դառնա աշխատանքի ոճ։ Հակառակ դեպքում, կունենանք մեծացող խզում իշխանության և հասարակության միջև։ Դա կբարդացնի բարեփոխումների իրականացումը, քանի որ նրանց հաջողությունը մեծապես կախված է իշխանությունների նկատմամբ վստահության աստիճանից։ Իսկ բարեփոխումները պետք է ակտիվորեն շարունակվեն։ Այստեղ այլընտրանք չկա։ Այլապես երկիրը չի զարգանա։ Անհրաժեշտ է գտնել բարեփոխումների ծավալի և տեմպերի ճիշտ հարաբերակցությունը հասարակական գիտակցության իներցիայի հետ։

Անհրաժեշտ է արդյունավետ և հասցեագրված սոցիալական քաղաքականություն, որ կպաշտպանի մեր հասարակության ամենախոցելի խավերին։

Ես հիմա աշխատում եմ այս հարցերի վրա՝ խորհրդարանական ընտրություններից հետո դրանք գործնականում կիրառելու նպատակով։

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ուզում եմ վերահաստատել, որ մտադիր եմ հետևողականորեն իրագործել իմ նախընտրական ծրագիրը։ Անշուշտ, ընտրողների հետ բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին նոր հարցեր, որոնք հաշվի կառնվեն հետագա աշխատանքում։ Բայց ծրագրի հիմնական էությունը՝ դրա ուղղվածությունը, կպահպանվի։ Այժմ նախընտրական ծրագիրը վերածվում է գործողությունների ծրագրի, որով ես առաջնորդվելու եմ առաջիկա տարիներին։

Մեր բոլոր խնդիրների լուծման բանալին մեկն է՝ աշխատանք։ Աշխատանքն է, որ ապահովելու է երկրի տնտեսական վերելքը և յուրաքանչյուրիս բարեկեցությունը։ Ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին տրամադրվել խաղաղ և ստեղծարար աշխատանքի։ Ավելի նախաձեռնող և համարձակ լինել հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում։ Միջին խավը վերևից չի ստեղծվում։ Դա կարող եք անել դուք։ Իշխանությունները պարտավոր են ապահովել բարենպաստ պայմաններ այդ գործընթացի համար։ Սա է լինելու է վաղվա Հայաստանի քաղաքական ու տնտեսական կայունության հիմքը։

Պետական ողջ համակարգի և ծառայությունների բարեփոխումը մեր առաջնային նպատակներից է։ Պետական մեքենան ստեղծված է քաղաքացիների համար, հարկատուների հաշվին և պետք է ծառայի ժողովրդին։ Պայքարը կոռուպցիայի, կլանայնության և հովանավորչության դեմ պետք է առաջնահերթ դառնա մեր աշխատանքում։ Այդ պայքարի արդյունավետությունը կախված է իշխանությունների քաղաքական կամքից և ժողովրդի քաղաքացիական ակտիվությունից։

Այս և շատ այլ խնդիրների լուծումը մեծապես կախված է առաջիկա խորհրդարանական ընտրություններից։ Արդեն ակնհայտ է, որ քաղաքական ակտիվությունը մեծ է լինելու, և կարելի է կանխատեսել երկրի օրենսդիր մարմնի համար սուր պայքար։ Մենք պետք է ձևավորենք գործուն խորհրդարան, այլապես երկրի օրինաչափ զարգացումը մեծ կասկածի տակ կլինի։ Առաջնահերթ խնդիր է ընտրություններն անցկացնել բարձր մակարդակով և նվազագույնի հասցնել ամեն տեսակի խախտումները։

Որպես Նախագահ ես գիտակցում եմ, որ երեք իրար հաջորդող ընտրարշավների փոխզուգակցումը լուրջ փորձություն է մի երկրի համար, որտեղ ժողովրդավարության հիմքերը նոր են դրվում։ Դա ամրության փորձություն է երկրի կայունության և տնտեսության համար։ Այդ հանգամանքը հսկայական պատասխանատվություն է դնում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների վրա։ Չի կարելի անպատասխանատու վարքով քայքայել պետականության հիմքերը։ Նախընտրական մոլուցքը չի արդարացնում հասարակության պառակտմանն ուղղված գործողությունները։

Ազգային համերաշխությունը և՛ երկրի ներսում, և՛ արտերկրում համահայկական խնդիրների լուծման կարևոր նախապայման է։ Պառակտված ազգի հնարավորությունները բազմապատիկ անգամ սահմանափակ են։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ մեր հնարավորություններն առանց այդ էլ համեստ են։ Անհրաժեշտ են քայլեր՝ ուղղված հասարակական մոտ լավատեսական տրամադրվածության ամրապնդմանը։

Ուզում եմ հատուկ անդրադառնալ Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին։ Այն կարևորագույն իրադարձություն է երկրի կյանքում։ Հանրաքվեի հաջողությունը կնշանակի անհերքելի առաջընթաց պետական կառուցվածքի բարեփոխումների, դատական իշխանության կայացման, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության զարգացման գործում։ Նման հնարավորության բացթողումն աններելի սխալ կլիներ։ Բոլոր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից և մեր քաղաքացիներից ակնկալում եմ աջակցություն սահմանադրական բարեփոխումներին։

Հարգելի հայրենակիցներ,

Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պարտավորությունները՝ ես գիտակցում եմ, որ ստանձնել եմ պատմական պատասխանատվություն։ Ազգային շահերի հետապնդումը, մեր ժողովրդի դարավոր իղձերի քայլ առ քայլ իրականացումը, անկախ, ժողովրդավարական ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չունեն։ Խոսքս ավարտում եմ այն հավատով, որ հինգ տարի հետո հաշվետու եմ լինելու ժողովրդին՝ նրա հույսերը և մեծ վստահությունը արդարացրած։

Շնորհակալություն։


2003

Աղբյուր

[խմբագրել]

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հին տարբերակը