Jump to content

Ելույթ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ 5-րդ համագումարում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից



[էջ]

ԵԼՈՒՅԹ ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

[խմբագրել]
(2 սեպտեմբերի, 1991թ.)

Հարգելի պրեզիդենտ,

Հարգելի նախագահություն,

Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,

Համագումարում ունենալիք իմ ելույթը նախօրոք էի պատրաստել, սակայն ԽՍՀՄ պրեզիդենտի եւ հանրապետությունների ղեկավարների արած հայտարարության լույսի տակ անիմաստ է դառնում դրա հրապարակումը, մանավանդ, որ այն մեծապես համահունչ է հայտարարության բովանդակությանը։

Ուստի եւ նպատակահարմար եմ գտնում բավարարվել քննարկվող հայտարարությանն առնչվող միայն որոշ դիտողություններով։

Նախ եւ առաջ կուզենայի նշել, որ այդ հայտարարությամբ վերանում է Գերագույն խորհրդի նստաշրջանում իմ ռեպլիկում արտահայտված տագնապը՝ միութենական իշխանության վաղուց արդեն իրենց լիակատար սնանկությունն ապացուցած հին կառուցվածքների վերակենդանացման վտանգի վերաբերյալ։

Պրեզիդենտը եւ հանրապետությունների ղեկավարները ճիշտ դաս առան պետական հեղաշրջումից հետո ստեղծված նոր իրողությունից եւ իրենց վարկաբեկած հին կառուցվածքները վերականգնելու փորձի փոխարեն ընտրեցին իշխանության նոր, միջհանրապետական մարմինների ստեղծման ուղին։ Դրանով իսկ արվում է առաջին եւ շատ նշանա
[էջ]
կալի քայլը՝ միաձույլ ֆեդերատիվ համակարգից ազատ եւ իրավահավասար պետությունների ընկերակցության անցնելու ուղղությամբ։

Այս տեսակետից հատկապես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել հայտարարության երկու կետի վրա։

Առաջինը վերաբերում է հանրապետությունների կողմից միութենական դաշնագրին իրենց մասնակցության ձեւի ազատ ընտրությանը։ Լիիրավ անդամությունից բացի նախատեսվում է ընկերակցող անդամ կամ դիտորդ անդամ լինելու հնարավորություն եւ այլն։ Հասկանալի է, որ դաշնագիրն էլ չի լինի այն, ինչ մշակվել է Նովո-Օգարյովոյում։ Հայաստանը, բնականաբար, միութենական դաշնագրի նկատմամբ իր տեսակետը կարտահայտի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում[1]։

Իսկ երկրորդ կետը (հայտարարության մեջ 7-րդ), որի վրա ես կուզենայի հրավիրել ձեր ուշադրությունը, այն է, որ երաշխավորում է համաշխարհային ընկերակցության, Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ դառնալու հանրապետությունների իրավունքը։ Դրանով իսկ հանրապետությունները հայտնվում են միջազգային իրավունքի լիակատար պաշտպանության ներքո։

Ես վստահ եմ, որ այս առումով համագումարի միջնորդությունը կարժանանա Արեւմուտքի քաղաքական շրջանների դրական արձագանքին, որոնք շահագրգռված են Խորհրդային Միությունում սոցիալ-քաղաքական լարվածության վերացմամբ։ Իսկ դա մեծապես կօգնի այդ լարվածության վերացմանը։

Հայտարարությունը հստակ պատասխան է տալիս նաեւ երկու կարեւորագույն հարցերի, որոնք լրջորեն մտահոգում են թե՛ ԽՍՀՄ ժողովուրդներին, եւ թե՛ համաշխարհային հանրությանը։ Դա նախ եւ առաջ զինված ուժերի եւ ռազմաստրատեգիական տարածքի միասնության պահպանումն է՝ այն անհրաժեշտաբար ներդաշնակելով հանրապետությունների շահերին, անպայման անցկացնելով արմատական բարեփոխումներ, որոնք արդեն մշակվում են ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում (հենց նոր ես ստացա բարեփոխումների նախագծի ծրարը՝ պաշտպանության նախարար Շապոշնիկովի ստորագրու
[էջ]
թյամբ)։ Եւ երկրորդ, դա տնտեսական տարածքի միասնության պահպանումն է, որով շահագրգռված են ոչ միայն միութենական դաշնագրի ստորագրման ցանկություն ունեցող հանրապետությունները, այլեւ նրանք, որոնք պատրաստ են դուրս գալ ԽՍՀՄ կազմից։ Ընդսմին, բնականաբար, պետք է մշակվեն հանրապետությունների ներքին շուկայի պաշտպանության մեխանիզմներ։ Այս կապակցությամբ, ուզում եմ պաշտպանել հանրապետությունների ներկայացուցիչների՝ Տնտեսական ընկերակցություն ստեղծելու մասին կոնվենցիայի նախագիծ պատրաստելու (ակադեմիկոս Շատալինի ղեկավարությամբ) նախաձեռնությունը։

Այնուամենայնիվ՝ նշելով հրապարակված հայտարարության հրատապությունն ու կառուցողականությունը, դրա հետ մեկտեղ պարտք եմ համարում սկզբունքային անհամաձայնություն հայտնել դրա որոշ դրույթներին։

Առաջին (այդ մասին արդեն խոսեց Ուկրաինայի ներկայացուցիչը, եւ ես նրա հետ լիովին համաձայն եմ). միութենական Սահմանադրության եւ միութենական օրենսդրության ստեղծումը հակասում է Ազատ պետությունների ընկերակցության գաղափարին։

Եւ երկրորդ. Հայտարարության մեջ երաշխավորված չեն ինքնավար կազմավորումների իրավունքները։ Այս կապակցությամբ առաջարկում եմ հայտարարության 6-րդ կետն ընդունել հետեւյալ խմբագրությամբ.

«Ընդունել հռչակագիր, որը կերաշխավորի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, անկախ նրանց ազգությունից, բնակության վայրից, կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքներից, ինչպես նաեւ՝ ազգային փոքրամասնությունների եւ ինքնավար կազմավորումների իրավունքները», այսինքն՝ ավելացնել վերջին երկու բառը, այնուհետեւ ավելի կոնկրետ՝ «ինքնավար մարզերի կարգավիճակը բարձրացնել ինքնավար հանրապետությունների մակարդակի, երաշխավորել ինքնավար հանրապետությունների ինքնիշխան իրավունքները ընկերակցության անդամների ինքնիշխանության շրջանակներում»։

Նշելով քննարկվող հայտարարության անկատարությունը, դրա հետ մեկտեղ պետք է կրկին խոստովանեմ, որ այն արմատական
[էջ]
քայլ է նոր հասարակության ստեղծման ուղղությամբ։ Ուստի եւ ձեզ կոչ եմ անում պաշտպանել այն՝ խուսափելու համար հնարավոր նոր համաղետներից, եւ հանուն իրոք ազատ պետությունների ընկերակցության կառուցման։

«Հայաստանի Հանրապետություն», 3 սեպտեմբերի, 1991 թ.։
Թարգմանություն ռուսերենից։

ՀՀԱՆԱ 28/02.09.91։ Բնագիր։ Ինքնագիր։ Ռուսերեն։


  1. Տպագրում՝ «սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո», ըստ ձեռագրի ուղղում ենք՝ «սեպտեմբերի 21-ի հանրաքվեում» («на референдуме 21 сентября»)։