Jump to content

Ելույթ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի փակ նիստում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից



[էջ]





ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՓԱԿ ՆԻՍՏՈՒՄ

[խմբագրել]
(3 սեպտեմբերի, 1990թ.)
Հարգելի գործընկերներ, Ղարաբաղյան կնճռի հնարավոր զարգացումները կանխատեսելու հարցում, իմ կարծիքով, հարկ է նախ եւ առաջ պարզել Կենտրոնի դիրքորոշումը։ Քանի դեռ Կենտրոնն իր հստակ դիրքորոշումը չի արտահայտել, ես կարծում եմ, հնարավոր չէ այս հարցն Ադրբեջանի հետ լուծել ո՛չ պատերազմի, ո՛չ էլ բանակցությունների ճանապարհով։ Որովհետեւ երկու դեպքում էլ Կենտրոնը կարող է խանգարել՝ ե՛ւ պատերազմ մղելուն, ինչպես տեսանք Նոյեմբերյանում, ե՛ւ բանակցություններին։ Ինչո՞ւ, որովհետեւ Կենտրոնը մի կողմից երկու կողմերին կոչ է անում հարցերը լուծել բանակցությունների միջոցով, եւ դա, ըստ երեւույթին, բնական ճանապարհն է, բայց մյուս կողմից՝ իր միջամտությամբ, Արցախում իր ներկայությամբ եւ հաստատած ռազմական դիկտատուրայով, փաստորեն, վիժեցնում է այդ բանակցությունների հնարավորությունը։ Սա ասված է նրանց. Թե՛ Գորբաչովին է ասված, թե՛ Ռիժկովին, եւ թե՛ մյուս ղեկավարներին։ Ուրեմն, մինչեւ երրորդ կողմը չդադարեցնի իր միջամտությունը, անհնար կլինի որեւէ հստակեցում կատարել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Հետեւաբար, այսօր մեր գերխնդիրն է ստիպել Կենտրոնին պարզելու իր դիրքորոշումը։ Դրա համար կան ե՛ւ քաղաքական, ե՛ւ քարոզչական, ե՛ւ ուժի ցուցադրման միջոցներ։ Այս բոլոր միջոցներն էլ մենք պետք է կիրառենք, որովհետեւ քաղաքականությունը բաղկացած է նշված երեք բաղադրիչներից։
[էջ]
Բայց դրա համար մենք նախ եւ առաջ պետք է քաղաքական պարտնյոր դառնանք։ Ինչպե՞ս կարող ենք մենք քաղաքական պարտնյոր դառնալ, եթե Հայաստանում փաստորեն անիշխանություն է տիրում։ Անիշխան հանրապետության հետ ոչ ոք չի ուզի հաշվի նստել՝ ո՛չ Մոսկվան, ո՛չ Ադրբեջանը։Դրանով էր բացատրվում, որ խորհրդարանի ընտրությունից հետո մեր գերխնդիրը համարեցինք Հայաստանում ուժեղ իշխանության հաստատումը։ Եւ սա, կարծում եմ, ոչ ոքի կողմից չի կարող վիճարկվել։ Մինչեւ մենք չապահովենք մեր հանրապետության կայունությունը, մինչեւ մեր ձեռքը չվերցնենք իրավիճակի հսկողությունը, վերջ չտանք զինված ջոկատների վտանգավոր, արկածախնդրական ինքնագործունեությանը, մինչեւ վերջ չտանք մաֆիայի կողմից շարունակվող ալան-թալանին, երբ այսօրեւեթ, այս վայրկյանին վատնվում են մեր ազգային հարստությունները, բոլոր բազաներից շուտափույթ կերպով յուրացվում ու իրացվում են արտասահմանյան ապրանքները, երբ այսօր էլ, այս վայրկյանին պաշտոններ են վաճառվում, երբ Հայաստանի պետական անվտանգության կոմիտեն եւ ներքին գործերի մինիստրությունը սաբոտաժի են ենթարկում մեր բոլոր ձեռնարկումները, ահա, այս պայմաններում դուք ուզում եք հաշի՞վ տեսնել Ադրբեջանի հետ։ Դուք չարաչար սխալվում եք։ Դուք մեր ազգի առջեւ կործանման դուռ եք բացում դրանով։ Եւ ես վստահ եմ, որ Ադրբեջանի այս վերջին ակտիվությունը հենց այսպիսի ռեակցիա էր նախատեսել մեր կողմից։ Որովհետեւ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ կայուն Հայաստանը շատ ավելի լուրջ հակառակորդ է իր համար, քան նույնիսկ հազարավոր, տասնյակ հազարավոր զինված ջոկատների գոյությունը։ Վերջինս պարզապես քաղաքական խաղաքարտ էր, որ Ադրբեջանն օգտագործում էր։Դեպքերի շղթան ցույց է տալիս, որ Ադրբեջանը վարում է Հայաստանի ապակայունացման քաղաքականություն, եւ այդ ակտիվացումը նկատվեց հենց այն բանից հետո, երբ Հայաստանում միտումներ նկատվեցին դրության կայունացման ուղղությամբ։ Հիշենք Նոյեմբերյանի դեպքերը, որին տուրք տվեցին տաքգլուխ, արկածախնդիր եւ մաֆիայի կողմից կառավարվող քրեական տարրերը, ինչպես նաեւ՝ մեր խորհրդարանի որոշ ներկայացուցիչներ, որոնք, ժողովրդին ապակողմնորոշելու համար, հարցը շարունակարծարծում էին այս ամբիոնից։
[էջ]
Դրան հետեւեցին Շահումյանը, Գետաշենը, եւ Արցախում սկսվեցին նույն պրոցեսները։ Որովհետեւ, ես արդեն մեկ անգամ ասել եմ, կներեք որ կկրկնեմ, նոր իշխանության հաստատմամբ, Հայաստանում տեղի ունեցավ արմատական փոփոխություն, որը դեռ շատերս չենք գիտակցում։ Հայաստանն այսօր Խորհրդային Միության ամենաարմատական հանրապետությունն է։ Շա՛տ ավելի, քան Մերձբալթյան հանրապետությունները, եւ նույնիսկ՝ Լիտվան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Հայաստանի ներսում Մոսկվան հենարան չունի, հող չունի։ Լիտվայում կան ազգային փոքրամասնություններ, կա Ինտերֆրոնտ, այնտեղ նա դեռ կարող է ազդել դրանց միջոցով։ Հայաստանի ներսում Մոսկվան որեւէ լծակ չունի։ Միակ լծակը, որով նա կարող է ազդել Հայաստանի իրավիճակի վրա, Արցախն է՝ Արցախը, Գետաշենը, Շահումյանը։ Եւ ահա այս լծակն է, որ օգտագործվում էր եւ այսուհետեւ էլ կօգտագործվի Հայաստանի դրությունն ապակայունացնելու նպատակով։ Այստեղ է, որ մեզնից պահանջվում է վարել շատ ճկուն քաղաքականություն։

Շահումյանում, Գետաշենում եւ Արցախում ադրբեջանական կողմի ակտիվացման հետ կապված երկրորդ հանգամանքը, ինչպես արդեն նշեց Սեյրան Բաղդասարյանը, նախընտրական կամպանիայի հարցն է։ Իսկապես, սեպտեմբերի 30-ին նշան ակված են Ադրբեջանի ընտրությունները, եւ Արցախի խաղաքարտն օգտագործվում է երկու կողմից էլ՝ թե՛ պաշտոնական իշխանությունների, թե՛ Ժողովրդական ճակատի։ Երկուսն էլ այս խաղաքարտն օգտագործում են ազգայնական զգացմունքներ գրգռելու եւ քաղաքական վարկ ձեռք բերելու համար։ Ուրեմն պետք է գիտակցել, որ մեկ ամիս այս իրադարձությունները պետք է տեղի ունենան, եւ մենք պետք է համապատասխան դիմադրություն հանդես բերենք։

Այստեղ շատ խոսվեց դիմադրության մյուս միջոցների մասին, եւ, ինձ թվում է, պարոն Գդլյանը համոզվեց, որ այս նիստը չէր կարելի բաց անել։ Որովհետեւ ասվեցին այնպիսի բաներ, որ թվում է թե, նույնիսկ փակ նիստում, մեր պատգամավորներն այնքան գիտակցություն պիտի հանդես բերեին, որ չխոսեին դրանց մասին։ Եւ վստահ եղեք, որ խոսողները չեն, որ գործ են անում։ Գործ անողներն ընդհանրապես դրա մասին չեն խոսում։ Կարծում եմ՝ այսպիսի խոսակցությունները պետք է վերանան մեր խորհրդարանից։ Անողները շատ լավ էլ գիտեն, թե ինչ ճանապարհով պետք է անել, ինչպես եւ ինչ պետք է հայթայթել,
[էջ]
ում միջոցով պետք է փոխանցել։ Այստեղ կառավարությունից ուղղաթիռ, օդանավ կամ ինչ-որ խաղալիքներ պահանջել՝ դա, պարզապես, ինչ ասեմ, անլուրջ շանտաժ է մեր իշխանությունների նկատմամբ։ Անլուրջ շանտաժ, որ արվում է սպեկուլյատիվ նպատակներով։ Սա վերաբերում է նաեւ պարոն Աղաջանյանին։ Ես պարոն Աղաջանյանին բազմիցս լսել եմ, բազմիցս ընդունել եմ Արցախի պատվիրակությանը. այստեղ ներկա են, կարող են վկայել։ Համատեղ քննարկել ենք այն ամենն, ինչ այստեղ առաջարկվում է, բայց դա արդեն արվել ու արվում է։ Համատեղ քննարկել ենք մեր բոլոր ծրագրերը, առաջիկա միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացնել Արցախում, եւ, եթե մի բան նրանց դուր չի եկել, դա դեռեւս հիմք չի տալիս այդպիսի մեղադրանքներ կարդալ Հայաստանի իշխանությունների եւ մեր խորհրդարանի հասցեին։

Արցախի հարցն, արդեն քանիերորդ անգամ եմ կրկնում, ունի երկու լուծում։ Այդ հարցի ուղղությամբ կա երկու ստրատեգիա՝ առճակատման ստրատեգիան եւ փոխզիջումների ստրատեգիան։ Մինչեւ հիմա մենք ընթացել ենք առճակատման ստրատեգիայով։ Մեր քաղաքականության մեջ Արցախի հարցում ոչ մի դիվանագիտություն չի եղել, դիվանագիտությունն իսպառ բացակայել է։ Մենք ընտրել ենք առճակատման ստրատեգիան, եւ, չի կարելի ժխտել, որ այդ ստրատեգիայով մենք հասել ենք լուրջ հաջողությունների։ Որքան էլ մենք չտեսնենք այդ հաջողությունները, նրանք կան։

Արցախը երկուսուկես տարի է՝ բացարձակապես անկախ է Ադրբեջանից։ Ճիշտ է՝ շատ ծանր պայմաններում, ճնշման տակ, բայց Արցախն անկախ է Ադրբեջանից։ Նա Ադրբեջանի հետ խզել է բոլոր հարաբերությունները՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական, եւ թե՛ վարչական։ Ստեղծվել է մի դրություն, որը պարզապես պետք է ամրապնդել, եւ այս հաջողությունը մենք չենք կարող չտեսնել։ Առճակատումն, այո՛, բերեց լուրջ հաջողությունների։ Բայց իմ ընդդիմախոսներն ինձ պետք է ապացուցեն, որ առճակատումն այսուհետեւ էլ կտա դրական արդյունք
[էջ]
ներ։

Ինչպես ասացի, այս հարցը բազմիցս քննարկել եմ Արցախի՝ այստեղ ներկայացված պատգամավորական խմբի հետ, դրա շուրջ առանձին-առանձին զրուցել եմ Իգոր Մուրադյանի եւ Հենրիկ Պողոսյանի հետ։ Հարցը քննել ենք բոլոր կողմերից, բայց ոչ ոք չի կարողացել ապացուցել, որ առճակատումն այսուհետեւ էլ կտա դրական արդյունքներ։ Ոչ ոք չի կարողացել դա ապացուցել։ Ես, իհարկե, ամենեւին չեմ բացառում այս ստրատեգիան, որովհետեւ մինչեւ հիմա այն ինչ-որ արդյունք տվել է։ Բայց այս ստրատեգիան ընտրելու համար մենք պետք է լուրջ փաստարկներ ունենանք, որ այսուհետեւ էլ նա կտա դրական արդյունք։ Խորհրդարանում էլ բազմաթիվ առաջարկներ եղան, բայց ոչ մեկը երաշխիք չտվեց, որ այդ առաջարկությունները կհանգեցնեն նման արդյունքի։ Ոչ ոք։

Կա մյուս ճանապարհը՝ փոխզիջումների ճանապարհը։ Մենք դա դեռեւս չենք փորձարկել։ Երկուսուկես տարի մենք ընթացել ենք առաջին ուղիով։ Երկրորդն, ինչպես ասացի, դե ռեւս չենք փորձարկել։ Բայց մենք իրավունք չունենք միանգամից մի կողմ նետել այն։ Կարող է իսկապես կգա մի ժամանակ, որ դրանից հրաժարվենք։ Բայց դրա համար մենք դա պետք է փորձենք։ Եւ ես ուրախ եմ, որ այստեղ գտնվեցին մարդիկ, որ առաջարկեցին՝ նույնիսկ անվերապահորեն, առանց նախապայմանների, բանակցությունների նստել թե՛ ադրբեջանական կողմի, թե՛ Մոսկվայի, եւ, եթե պետք է՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի հետ։ Ցանկացածի հետ պետք է բանակցել՝ գոնե մեր հարաբերությունները ճշտելու եւ դիրքորոշումները պարզելու նպատակով։

Նորից առճակատման մասին. ես ուզում եմ հիշեցնել, ավելի ճիշտ՝ ոչ թե հիշեցնել, այլ տեղյակ պահել խորհրդարանին այն բանակցությունների բովանդակության մասին, որ ես վարել եմ արցախյան պատգամավորության հետ։ Արցախի խնդրի վերաբերյալ մեր իշխանություններն ունեն հստակ ծրագիր։ Եթե դա չի հրապարակվել՝ ապա չի հրապարակվել զուտ տակտիկական նկատառումներով։ Չեմ ասում, թե դա օպտիմալ ծրագիր է, բայց դեռեւս ոչ ոք դրան լուրջ այլընտրանք չի հակադրել։ Ինչպես նախորդ հռետորն արդեն նշեց, խորհրդարանն Արցախի հարցում այլեւս անելիք չունի։ Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ այդ առումով հասել է առավելագույնին, ինչ կարող էր անել. դա դեկտեմբերի 1-ի որոշումն է։ Քաղաքական տեսակետից դրանից ավելի մեծ քայլ խորհրդարանն այլեւս չի կարող անել։ Ուստի, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման հարցը պետք է տեղափոխվի գործնական բնագավառ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Իգոր Մուրադյանն էլ այս տեսակետին է. ինձ դեռեւս մի երկու-երեք ամիս առաջ մի գրություն էր ուղարկել, եւ նրանում հենց այս գաղափարն էր արծարծում։
[էջ]
Այնպես որ, այժմ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման խնդիրը, կամ դեկտեմբերի 1-ի որոշման կատարումը, պետք է դրվի արդեն գործադիր իշխանությունների վրա։ Եւ Արցախի պատգամավորությանն էլ բազմիցս ասվել է, որ ավելորդ է խորհրդարանում Արցախին նվիրված մշտական հանձնաժողովի ստեղծումը։ Եթե անպայման պետք է ստեղծվի Արցախի հարցերով զբաղվող մի մարմին, ապա այն պետք է ստեղծվի Նախարարների խորհրդին կից, լինի դա վարչություն, թե կոմիտե։ Այդ մարմինն է, որը կոնկրետ, գործնականորեն պետք է զբաղվի դեկտեմբերի 1-ի որոշման իրականացմամբ, այսինքն՝ Հայաստանի եւ Արցախի տնտեսական, վարչական, քաղաքական եւ մշակութային կառուցվածքների ինտեգրացիայի գործով։

Բայց դրա համար անհրաժեշտ է մեկ պայման։ Հայաստանում այսօր արդեն կա մի իշխանություն, որ պատրաստ է իրականացնել դեկտեմբերի 1-ի որոշումը, բայց, բանից պարզվում է՝ դա քիչ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք չունենք պարտնյոր Արցախում։ Առանց պարտնյորի մենք չենք կարող գործադրել դեկտեմբերի 1-ի որոշումը եւ ձեռնարկել վերամիավորման գործնական իրականացմանը։ Ո՞վ պիտի լինի այդ պարտնյորը։ Այդ պարտնյորը պետք է լինեն Արցախի օրինական իշխանությունները, որոնք վերացված են։ Արցախում տիրում է ռազմական դիկտատուրա, որն իրականացնում է ոչ միայն ռեպրեսիվ, այլ նաեւ տնտեսական, քաղաքական եւ վարչական ֆունկցիաներ։ Արցախում չկա հայկական իշխանություն։ Ճիշտ է՝ այն դեռեւս մնացել է շրջանային, քաղաքային եւ գյուղական խորհուրդների մակարդակով, բայց արդեն սկսվել է նաեւ նրանց իրավունքների սահմանափակման պրոցեսը։ Մինչեւ Արցախում մենք պարտնյոր չունենանք, հնարավոր չէ իրականացնել այս գործը։ Ուստի այստեղից եզրակացությունը պարզ է. այսօր մենք պետք է ոչ թե ինչ-որ դիմումներ գրենք, որոշումներ կայացնենք (ես չեմ բացառում, իհարկե, հասարակական կարծիքը, հասարակական կարծիքը մշտական գործոն է, եւ այդ ուղղությամբ պետք է աշխատել), այլ գործնական միջոցներ մշակենք Արցախում օրինական իշխանությունները վերականգնելու ուղղությամբ։

Ո՞րն է դրա ճանապարհը։

Սեպտեմբերի 30-ին ողջ Ադրբեջանի տարածքում հայտարարված են տեղական եւ Գերագույն խորհուրդների ընտրություններ։ Իդեալական
[էջ]
տարբերակը կլիներ այն (խնդրում եմ դեռեւս չառարկել, ես հետո կբացատրեմ), որ այդ ընտրությունները կայանային նաեւ Արցախում, ընտրվեին տեղական, այն է՝ գյուղական, շրջանային, քաղաքային եւ մարզային խորհուրդները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններին, ապա դրանք միաժամանակ են տեղի ունենում, եւ Գերագույն խորհրդի ընտրությունները կարելի էր միշտ էլ վիժեցնել։ Նույնիսկ կարելի էր համարել, որ ընտրությունները կայացել են, բայց ոչ մի պատգամավոր չի ընտրվել։Դա շատ հեշտությամբ կարելի էր անել, դրա տեխնիկան պարզ է ձեզ համար, չեմ էլ ուզում բացատրել։ Այս ամենից հետո, հոկտեմբերի 1-ին, մենք Արցախում կունենայինք օրինական, ընտրված իշխանություններ։

Բայց այստեղ նորից արցախյան պատգամավորությունը մեզ դնում է աքցանների մեջ (չնայած՝ Արցախում կան նաեւ այլ կարծիքներ, այն էլ լուրջ մարդկանց կողմից արտահայտված, նույնքան լուրջ, որքան այս պատգամավորությունը)։ Մի քանի անգամ արդեն ինձ վրա փորձել են ճնշում գործադրել (ես նկատի ունեմ բարոյական ճնշում), որ անպայման մեր խորհրդարանը որոշում կայացնի, որպեսզի Արցախում ընտրություններն անցկացվեն ոչ թե Ադրբեջանի ընտրական օրենքների համաձայն, այլ Հայաստանի Գերագույն խորհրդի սահմանած կարգով։

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչի կհանգեցնի։

Մենք կարող ենք դա անել. Ասացի՝ դա առճակատման ստրատեգիան է, որը չի կարելի բացառել, եթե դրա հետեւանքներն ընդունելի են։ Այո, մենք դա կարող ենք անել. ցանկացած օր Արցախում կհայտարարենք ընտրություններ ու կանցկացնենք, ինչպես մայիսի 20-ին շատ հաջող էլ կարողացանք անցկացնել այդպիսիք։

Բայց ի՞նչ կունենանք հաջորդ օրը։

Հաջորդ օրը ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Միության պրեզիդենտներն այդ ընտրություններն անօրինական կհամարեն, եւ մենք Արցախում ընդհանրապես որեւէ իշխանություն՝

նույնիսկ գյուղական խորհուրդ չենք ունենա։ Իսկ ես ասացի՝ մեր նպատակն է Արցախում վերականգնել իշխանությունները որպես պարտնյոր՝ իրականացնելու համար մեր ծրագրերը։ Կրկնում եմ՝ ընտրությունների հաջորդ օրն Արցախում կվերանա իշխանության վերջին տարրն անգամ, որ այժմ գոնե գոյություն ունի։ Դա կվերանա նաեւ այն դեպքում, եթե Արցախում վիժեցվեն, բոյ
[էջ]
կոտի ենթարկվեն Ադրբեջանի հայտարարած ընտրությունները։ Գուցե ադրբեջանցիները շատ էլ ուրախ կլինեն, եթե Արցախը չմասնակցի սեպտեմբերի 30-ի ընտրություններին, որովհետեւ հոկտեմբերի 1-ին արդեն Արցախում օրինական իշխանություն չի լինի։ Եւ Մութալիբովը շատ հեշտությամբ այնտեղ կհայտարարի պրեզիդենտական կառավարման կարգավիճակ։ Սա՛ է իրականությունը, եւ մենք պետք է ելնենք ա՛յս իրականությունից։

Ուստի պետք է գտնել մի ճանապարհ, դիվանագիտական ճանապարհ՝ հարգելով թե՛ արցախցիների, թե՛ Հայաստանի բնակչության, եւ թե՛ ադրբեջանցիների զգացմունքները։ Նրանց ամբիցիաներն էլ չպետք է մոռանալ։Դիվանագիտությունը հենց դա է։ Պետք է գտնել մի ընդունելի ճանապարհ բոլոր երեք կողմերի համար։ Մենք շատ ենք մտածել դրա մասին, բազմաթիվ վերլուծություններ կատարել, եւ կարծեք թե գտել ենք այդպիսի մի ճանապարհ ու դրա մասին նույնիսկ հաղորդել ենք Գորբաչովին։ Բայց, դժբախտաբար, տեղի ու նեցած վերջին իր ադարձությունների եւ հայտարարված արտակարգ դրության պատճառով ես չկարողացա գնալ Մոսկվա։ Արդեն պայմանավորվածություն կար, որ ես պետք է հանդիպեի Գորբաչովի հետ, եւ քննեինք հենց այս հարցը։

Այսօր Վազգեն Մանուկյանն է գնացել Մոսկվա՝ շոշափելու համար հենց այն հարցերը, որոնց առիթով մեզ կշտամբանքներ են հասցեագրվում։ Այսօր երեկոյան կամ վաղը նա կվերադառնա։ Երբ տեսնեմ, որ այստեղ հրատապ անելիք չունեմ, անմիջապես պետք է իրականացնեմ այդ այցելությունը՝ քննարկելու համար այդ հարցերը, որովհետեւ արդեն շատ ենք ուշացնում. սեպտեմբերի 30-ին այդ ընտրությունները պետք է տեղի ունենան։

Ուրեմն ո՞րն է այդ ընդունելի ճանապարհը։

Իմ կարծիքով՝ Մութալիբովի եւ Գորբաչովի հետ նախնական խոսակցություններից հետո կարելի է գտնել մի ձեւ, որի համաձայն՝ ընտրություններն Արցախում անցկացվեն ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ։ Այդ ձեւը հետեւյալն է. մարզային խորհուրդն ինքն է որոշում կայացնում Արցախում ընտրություններ անցկացնելու մասին։ Բայց սրանով կբավարարվեն, ասենք, միայն մեր եւ Արցախի ամբիցիաները։ Իսկ Ադրբեջանի ամբիցիաներն էլ, ինձ թվում է, կարելի է բավարարել նրանով, որ մարզային խորհրդի կողմից անց
[էջ]
կացվելիք ընտրությունները նշանակվեն նույն սեպտեմբերի 30-ին։ Թող Ադրբեջանը համարի, որ այդ ընտրություններն ինքն է անցկացնում։ Արցախցիներն էլ կհամարեն, որ դրանք անցկացնում են իրենց որոշմամբ, եւ ժողովուրդը կհասկանա։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, պարզ է՝ մեր կողմից դա ըմբռնումով կընկալվի։

Եթե մենք սա չկարողանանք անել, ինձ թվում է՝ մեր բոլոր ճիգերը եւ անգամ ինքնապաշտպանական ձեռնարկները ի դերեւ կելնեն։ Եւ մենք կկորցնենք Արցախի հարցը քաղաքական ճանապարհով լուծելու վերջին հնարավորությունը։

Ես ասացի, որ իմ վերլուծություններն ինձ բերել են այն համոզման, որ այսօր առճակատման ստրատեգիան արդեն սպառել է իրեն, եւ ժամանակն է անցնելու փոխզիջումների ստրատեգիային։ Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածել, որ ես դավաճանել եմ Արցախի գործին։ Ավելին, ես չեմ բացառում, որ դիվանագիտական նկատառումներով կարելի է նույնիսկ որոշ ժամանակով մորատորիում հայտարարել մեր իսկ ընդունած որոշումների առթիվ։ Նկատի ունեմ դեկտեմբերի 1-ի եւ հունվարի 9-ի որոշումները։ Մեզ համար այսօր ամենակարեւորն այն է, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության գոյությունն Արցախում։ Դրա համար, ասացի, կա երկու պայման. Մեկ՝ վերականգնել Արցախի օրինական իշխանությունները, եւ երկրորդ՝ բացառել բանակի միջամտությունը Արցախի գործերին։ Դրա ճանապարհն էլ այն է, որ բանակը պետք է հանվի մարզից եւ տեղադրվի Արցախի ու Ադրբեջանի սահմանների վրա։ Եթե մենք կարողանանք անել այս երկու բանը, վստահ եղեք, որ մենք մեր պարտքը կատարած կլինենք մեր սերունդների հանդեպ։

Վերամիավորման գործը ժամանակի խնդիր է, եւ դրան մենք վաղ թե ուշ կհասնենք, բայց կհասնենք միայն այն պայմանով, եթե մենք այսօր կարողանանք իրականացնել այս երկու կոնկրետ իրականանալի խնդիրները։

Սա էր ընդհանուր առմամբ իմ ասելիքը, եւ ես խորհրդարանին խնդրում եմ չընկնել ծայրահեղությունների մեջ, հասկանալ պահի լրջությունը, ամեն ինչ անել՝ Արցախի, Գետաշենի եւ Շահումյանի ինքնապաշտպանական կարողությունները հզորացնելու ուղղությամբ, բայց
[էջ]
անել առանց աղմուկի, առանց ցուցադրական ճառերի ու գործողությունների։ Սա միայն վնաս կբերի մեր գործին։ Տեսանք, թե ցուցադրականությունը ինչպիսի ողբերգության հասցրեց մեր ժողովրդին։ Ես նկատի ունեմ ՀԱ Բ-ի եւ մյուս ռազմական ջոկատների այն ցուցադրական պահվածքը, որ նրանք որդեգրել էին այս վերջին վեց ամիսների ընթացքում։ Եթե նրանք այդպես ցուցադրաբար չգործեին, չցցվեին, գուցե շատ օգտակար գործ կարող էին անել այսօր, որ, դժբախտաբար, արդեն ի վիճակի չեն անելու։

Վերջում կրկնում եմ. եթե անգամ պետք է ընդունվի այդ փաստաթուղթը (անկեղծորեն ասեմ, ես դրան շատ մեծ կարեւորություն չեմ տալիս, թեեւ քարոզչական կամ հասարակական կարծիք ստեղծելու նպատակներով գուցե իմաստ ունի ընդունել), ապա պետք է ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթղթում ծայրահեղություններ չլինեն։

Շնորհակալություն ուշադրության համար։

ՀՀԱՆԱ, 28/03.09.90։ Բանավոր ելույթի ձայնագրության վերծանություն։