Ելույթ Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարում
ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
[խմբագրել]Վերակառուցման եւ հրապարակայնության քաղաքականության հռչակումից երկու-երեք տարի անց Խորհրդային Միության ժողովուրդները համոզվեցին, որ երկրի կուսակցական-տնտեսական բյուրոկրատիան ոչ միայն ի վիճակի չէ իրականացնելու ծրագրված քաղաքականությունը, այլեւ շարունակ խոչընդոտներ է հարուցում նույնիսկ վերից սահմանված չափավոր դեմոկրատիայի կենսագործման երկչոտ փորձերի առջեւ։ Այս իսկ պատճառով երկրի տարբեր վայրերում պաշտոնական իշխանությունների կողքին տարերայնորեն առաջացան բազմազան հասարակական կազմակերպություններ, միություններ եւ ընկերություններ, որոնք, առանձին հանրապետություններում վերածվելով լայն սոցիալական շարժումների, դարձան եթե ոչ ընդդիմադիր, ապա առնվազն ալտերնատիվ ժողովրդական իշխանություններ։ Եւ կարճ ժամանակի ընթացքում ժողովրդական այդ շարժումները երկրի դեմոկրատացման ուղղությամբ արձանագրեցին շատ ավելի նշանակալից նվաճումներ, քան ձեռք էին բերված վերակառուցման շրջանի նախորդ երեք տարիներին։
Հասկանալի պատճառներով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այդ շարժումների ծագման համար ազդակ հանդիսացան տվյալ հասարակական-քաղաքական միջավայրի առջեւ ծառացած ամենակենսական խնդիրները. Մերձբալթյան հանրապետություններում դա ժողովրդակենսոլորտի, իսկ Բելոռուսիայում, Ուկրաինայում եւ Մոլդավիայում՝ մայրենի լեզվի եւ ազգային նկարագրի պահպանման մտահոգությունները եւ այլն։
Հայաստանի ժողովրդական շարժումն սկսվեց որպես բնության պահպանության եւ սոցիալական արդարության համար մղվող պայքար։ Սակայն, երբ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի հայությունը, արտահայտելով ինքնորոշման իր իրավունքը, որոշում կայացրեց մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին, Շարժման հիմնական խնդիրը դարձավ այդ որոշման իրագործումը։ Մի քանի ամիս անց Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, նկատի առնելով ժողովրդական զանգվածների ահռելի քաղաքական ակտիվությունը, ընդլայնեց Շարժման ծրագիրը, նրա մեջ ընդգրկելով հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր կարեւոր խնդիրները, որոնք վերաբերում են հանրապետության սուվերենության ընդլայնմանը, կենսոլորտի բարելավմանը, պատմական անցյալի վերագնահատմանը, հայոց լեզվի եւ հայկական դպրոցների զարգացմանը, դեմոկրատական ազատությունների ապահովմանը եւ այլն։ Եւ Շարժումն սկսեց քայլ առ քայլ, համառ պայքարի գնով առաջ մղել այդ նպատակների իրականացման գործը՝ միշտ որպես հիմնական խնդիր ունենալով, սակայն, Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման հարցը։ Առաջադրված ծրագրի իրականացման ճանապարհին հայկական ժողովրդական շարժումը հանդես բերեց այնքան նշանակալից դեմոկրատական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ 1988 թվականին հայտնվեց Խորհրդային Միության դեմոկրատացման պրոցեսի ավանգարդում։
Որո՞նք են դեմոկրատական այդ նախաձեռնությունները, աննախադեպ՝ Խորհրդային Միության գոյության բոլոր տարիների համար.
1. Երկրի պատմության մեջ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում տեղի ունեցան հարյուրհազարանոց ցույցեր եւ միտինգներ, որոնք իրենց հաճախակիությամբ, կազմակերպվածությամբ եւ զանգվածայնությամբ անգերազանցելի են ոչ միայն Խորհրդային Միության, այլեւ ողջ աշխարհի համար, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այդ զանգվածային միջոցառումների ժամանակ, իշխա2. Երկրի պատմության մեջ նույնպես առաջին անգամ Ղարաբաղում եւ Հայաստանում կազմակերպվեցին քաղաքական բնույթ կրող տեւական համազգային գործադուլներ, որոնց նպատակն էր սրել կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հայ ժողովրդի արդար պահանջի վրա եւ սահմանադրական միջոցներ ձեռնարկել այն բավարարելու համար։ Գործադուլների ընթացքը դրված էր լիակատար դեմոկրատական հիմքերի վրա. նրանք թեեւ կազմակերպվում էին Շարժման ղեկավարության կոչով, սակայն գործադուլին մասնակցելու մասին վերջնական վճիռը կայացնում էին աշխատավորական կոլեկտիվները՝ իրենց հիմնարկ-ձեռնարկությունների ընդհանուր ժողովներում ընդունված եւ կնիքով կամ ստորագրություններով հաստատված գրավոր որոշումներով։ Գործադուլներն այնքան արտառոց երեւույթ էին Խորհրդային Միության համար, որ երկրի աշխատավորները, մասամբ պաշտոնական տեղեկատու միջոցների ազդեցությամբ, չկարողացան ընկալել նրանց էությունը եւ մամուլում ու հեռուստատեսությամբ հանդես եկան հայերի հասցեին ուղղված անտեղի կշտամբանքներով, չգիտակցելով, որ շատ չանցած իրենք պետք է դիմեին պայքարի այդ ծայրահեղ, բայց օրինական միջոցին։
3. Ղարաբաղը եւ Հայաստանը դարձան այն վայրերը, որտեղ, նույնպես երկրի պատմության համար առաջին անգամ, խորհրդային իշխանության մարմինները՝ Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Հայաստանի Գերագույն խորհուրդները որոշումներ կայացրեցին ներքեւից՝ ժողովրդի կամքով եւ ոչ թե վերեւից իջեցված հրահանգներով։ Բավական է միայն նշել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում այդ խոր- Հայաստանի Գերագույն Խորհրդի 1988 թ. հունիսի 15-ի նստաշրջանի որոշումը Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին,
- Հայկական ատոմակայանի փակումը եւ «Նաիրիտ»գիտա-արտադրական միավորման աշխատանքի դադարեցման մասին ընդունված որոշումը,
- 1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարտման մասին հրապարակված օրենքը,
- 1918 թվականի մայիսի 28-ը որպես հայկական պետականության վերականգնման օր եւ Հայաստանի Հանրապետության Եռագույն դրոշը որպես ազգային խորհրդանիշ ճանաչելու որոշումը,
- Հայոց համազգային շարժում հասարակական կազմակերպության պաշտոնական ճանաչումը,
- հայ զինակոչիկների ծառայության մասին կայացված որոշումը եւ այլն։
Այս նվաճումները մեծ վստահություն ներշնչեցին ժողովրդին սեփական ուժերի նկատմամբ՝ հիմք տալով նրան ավելի ընդլայնելու եւ արմատական դարձնելու Շարժման ծրագիրը։
Հայ ժողովրդի դեմոկրատական շարժմանը ադրբեջանական իշխանությունները եւ ԽՍՀՄ կենտրոնական մարմինները, ոտնահարելով ե՛ւ միջազգային իրավունքի նորմերը, ե՛ւ համամարդկային արժեքները, ե՛ւ խորհրդային Սահմանադրության դրույթները, հակադրեցին կոպիտ ուժի եւ բռնության քաղաքականությունը, որի շարունակական օղակներն են.
- անցյալ տարվա փետրվարից սկսված եւ դեռեւս ընթացող հակահայկական մամլարշավը,
- 1988թ. փետրվարի 27–29-ին Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը, որը դեռեւս սպասում է իր քաղաքական գնահատականին,- «Զվարթնոց» օդանավակայանի արյունալի իրադարձությունը եւ Մասիս քաղաքում տեղի ունեցած զանգվածային թունավորումը, - 1988 թ. սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Խոջալու գյուղում ծագած գրգռիչ միջադեպը,
- նույն թվականի նոյեմբեր ամսին Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ հայաբնակ վայրեր ում ծավալված ու մինչեւ օրս շարունակվող հակահայկական հալածանքները,
- պարետային ժամի եւ հատուկ դրության հաստատումը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում,
- Ղարաբաղյան շարժման գործիչների զանգվածային ձերբակալություններն անցյալ տարվա դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսներին,
- ներքին զորքերի ստորաբաժանումների վայրագ գործողությունները Ստեփանակերտում ս.թ. սեպտեմբեր ամսին,
- եւ վերջապես, Լեռնային Ղարաբաղի ու Հյուսիսային Արցախի, ապա նաեւ Հայաստանի տեւական շրջափակումը։
Մոսկվայի եւ Բաքվի որդեգրած ահաբեկչական այս քաղաքականության նպատակն է ծնկի բերել հայ ժողովրդին եւ նրան ետ կանգնեցնել իր արդար սահմանադրական պահանջներից, իսկ դրա ձախողման դեպքում՝ նրան ներքաշել ազգամիջյան պատերազմի մեջ՝ պատրվակ ստեղծելով շատ ավելի լուրջ բռնության դիմելու համար։ Հայ ժողովուրդն անցած մեկուկես տարվա ընթացքում, պատվով դիմագրավելով նշված փորձությունները, չկորցրեց իր հավասարակշռությունը եւ դուրս չեկավ պայքարի սահմանադրական շրջանակներից՝ շահելով երկրի բոլոր դեմոկրատական ուժերի եւ միջազգային հասարակական կարծիքի համակրանքը։ Բացի հայ ժողովրդի պայքարի արդարացիության գիտակցությունից, այդ համակրանքը պետք է համարել այն կարեւոր նպաստի գնահատման արտահայտությունը, որ հայկական ժողովրդական շարժումը բերեց Խորհրդային Միության դեմոկրատացման գործին։ Հայոց համազգային շարժման փորձ ը յուրացվեց Խորհրդային ՄիուՊատմական հանգամանքների բերումով Հայաստանը դարձավ դեմոկրատական նախաձեռնությունների փորձադաշտ, սակայն, մյուս կողմից, նա փորձադաշտ դարձավ նաեւ կենտրոնական իշխանությունների կողմից կիրառվող կամ խրախուսվող հակադեմոկրատական միջոցառումների եւ ահաբեկչական գործողությունների համար. Սումգայիթը արձագանքվեց Ֆերգանայով, «Զվարթնոցը»՝ Թբիլիսիով եւ այլն։
Ամփոփելով հայ ժողովրդի մղած ազգային-դեմոկրատական պայքարի այս համառոտ վերլուծությունը՝ հարկ ենք համարում ընդգծել նրա երեք կարեւորագույն արդյունքները.
- այսօր մենք ունենք ինքնորոշման իր իրավունքը կենսագործած, անկախ արցախահայություն, որ ն սպասում է այդ իրավունքի պաշտոնական ճանաչմանը.
- այսօր մենք ունենք թեեւ ծանր խնդիրների առջեւ կանգնած, բայց ազատ, ժողովրդավար հանրապետություն, որտեղ իշխում է ժողովրդի լիիրավ կամքը.
- այսօր մենք ունենք օտարների հովանավորության պատրանքը թոթափած, իր ուժերին ապավինող միաձույլ, միաբան եւ միակամ մի ժողովուրդ, որը լի է սեփական բախտը կռելու վճռականությամբ։
Հայոց համազգային շարժման, համայն հայության խնդիրն է ամրապնդել եւ ավելի եւս խորացնել նվաճված բնագծերը՝ հետեւողականորեն կենսագործելով այն ծրագիրը, որի քննարկմանն է նվիրված սույն համագումարը[2]։
- ՀՀԱՆԱ, 12/04.11.89։ Բնագիր։ Մեքենագիր։
- ↑ Գրավոր տեքստը տարածվել է «Հայոց համազգային շարժման ներդրումը Խորհրդային Միության դեմոկրատացման պրոցեսում» վերնագրով։
- ↑ Որպես հոդված հրապարակվել է «Երեկոյան Երեւան» թերթում (14 նոյեմբեր, 1989թ.) «Խորացնել նվաճված բնագծերը» վերնագրով։ Ըստ այդմ էլ՝ լրագրային տարբերակում վերջին նախադասությունը՝ «Հայոց համազգային շարժման, համայն հայության խնդիրն է ամրապնդել եւ ավելի եւս խորացնել նվաճված բնագծերը՝ հետեւողականորեն կենսագործելով այն ծրագիրը, որի քննարկմանն է նվիրված սույն համագումարը» միտքը ժամանակային փոփոխության է ենթարկվել. «… հետեւողականորեն կենսագործելով այն ծրագիրը, որը հաստատեց ՀՀՇ-ի համագումարը»։