Եղած` չեղած մեկ հաշիվ է (Ջիվանի)
Եղած` չեղած մեկ հաշիվ է
Ծույլ, անպիտան, անգործ մարդը
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է.
Ինչպես անգույն, անհոտ վարդը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Ինչ պետք է թույլ գլխավորը,
Որ միակը ցնում է փորը,
Տգետ, մոլի կարգավորը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Լավ մարդու ոտացն է կացին,
Թե որ վատ է յուր դրացին,
Հորը համար անպետք որդին,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Ինքն է յուր քսակի գողը,
Տանը վրա մաղող հողը.
Շռայլ մարդու համար փողը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է:
Ներքինիին ինչ պետք է կին,
Շքեղ սեռից չունի բաժին.
Կույրի համար արև, լուսին,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Անասունին տուր գովասանք,
Նա ինչ գիտե այդպիսի կյանք.
Անզգամին պատիվ, հարգանք,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Մոտ է այնպիսի կորուստը,
Չորս չափ կտավ և հագուստը.
Ժլատ, անօգուտ հարուստը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Կենդանի մարդուն է արժան,
Պատիվ, հարգանք, շքանշան.
Մեռած մարդու համար արձան,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Խելոք, հմուտ գիտնականը,
Հիմքը ամուր կանե տանը.
Կիսատ-պռատ շինած բանը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է:
Առողջ տղին տուր երիվար,
Որ թռչի երթա սարեսար.
Անոտ մարդուն հարթ ճանապարհ,
Եղած՝ չեղած - մեկ հաշիվ է։
Նրանք չունեն շնորհք ու շենք.
Գանգատվելն է նրանց օրենք.
Երկչոտներուն զրահ ու զենք,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Կտրիճ ազգն է ինքնին հնոց,
Միշտ կարձակե կրակ ու բոց,
Փախչող զորքին բերդ ու ամրոց
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Սկզբեն է հարկավոր ջանք,
Քանի որ հիվանդն ունի կյանք,
Հոգեվարքին դեղ ու դեղրանք,
Եղած՝ չեղած - մեկ հաշիվ է։
Խեղճին ինչ օգուտ իշխանը.
Որ չի հասնի նեղությանը.
Անտարբեր, պաղ ազգականը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Երբ որ տեղը գա ճշմարիտ,
Հարկավոր չէ լինել կրկիտ.
Զատկից հետո կարմիր հավկիթ,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Ուրախության օրը հատուկ,
Կուրախանան ծեր ու մանուկ.
Հարասնիքից վերջը թմբուկ,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։
Ջիվան, բարեսիրտն է հարմար
Լսել սիրով երգ ու քնար,
Չար ու դաժան մարդու համար,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։