Եղևնիները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Բռնկող իրիկնամուտ Եղևնիները

Մատթեոս Զարիֆյան

Արհամարհանք


Եղևնիները


Անտառին մեջ։ Ո՞րքան ատեն է հոս եմ...
Եղևնիներն ահա ամենքը կ’երգեն.
Երա՞զ մ’արդյոք։ Իրավ, ինչո՞ւ կ’արտասվեմ։
Բայց այս կատարը հեռու չէ՜ երկընքեն...
Եղևնիներր կ’երգեն...

Եղևնիներն ահա ամենքը մութ են։
Ասո՞նց ալ սիրտն, իմինիս պես, կը նայի
Որ հայտնվի՜ Ան՝ որ կյանքի անդունդեն
Կ’անցնի մե՛կ հեղ։ Ահ, այդ ճամբա՜ն ամայի...
Եղևնիները մութ են...

Եղևնիներն ամենքը մեկ կ’աղոթեն։
Ահ, բազուկնե՜րն այդ երկարած անհունին...
Կ’իջնեմ խորունկն իմ հոգիիս՝ որ արդեն
Տաճա՜ր մ’է հին։ Տատրակներ հոն կը մեռնին։
Ի՜նչ խոր գիշեր։ Աիրտըս կ’այրի՜ կարոտեն...

Եղևնիներն ամենքը մեկ կ’աղոթեն․․․