Ես ամեն վայրկյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծառը բխել է Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես ամեն վայրկյան)

Վարդան Հակոբյան

Եթե ուզում ես
***

Ես ամեն վայրկյան հավաքում եմ ինձ,
սակայն եւ այնպես
                ամենացրված
մարդն եմ աշխարհի։
Ծառերը գալիս եւ ինձ տանում են,
աստղերը գալիս եւ ինձ տանում են,
մրջյուններ,
օձեր,
եղնիկներ,
ձիեր,
աղջիկներ, ջրեր, քամի ու փղեր,
ցավեր... ինձ անվերջ տանում են, տանում,
եւ ես ցրվում եմ հյուլե առ հյուլե,
ու ես տրվում եմ մաս առ մաս այսպես,
այսպես ցրվելով ամբողջանում եմ,
այսպես ցրվելով հավաքում եմ ինձ։
Ապա կանգնում է լեռը իմ վրա,
ապա կանգնում է օրը իմ վրա,
ապա կանգնում է սերը իմ վրա,
ապա կանգնում է վիշտը իմ վրա,
եւ տեսնում եմ ես բոլոր ծագերը,
եւ ժպտում են ինձ բոլոր ծագերից.
եւ ինձ թվում է՝
                 ամենացրված
մարդը աշխարհի, երեւի, ես չեմ։