Ես թև ունեմ
Արտաքին տեսք
Ես թև ունեմ
Վազվզում էր
Մի մանուկ
Թիթեռնիկի
Ետևից,
Եվ ուզում էր
Որ ծածուկ
Բռնի նրա
Զույգ թևից...
Թիթեռն ասաց.— «Այ տղա,
Իզուր ինձ հետ մի խաղա...
Ես թև ունեմ, կթռչեմ,
Թռիչք ունեմ, կփախչեմ...
Կուզեմ ջրից կանցկենամ,
Կուզեմ երկինք կգնամ...
Կուզեմ կիջնեմ ձորերը,
Կուզեմ կելնեմ սարերը...
Իսկ դու ի՞նչ ես, այ խղճուկ.
Դեռ միամիտ մի մանուկ,
Ընկել ես իմ ետևից,
Որ գաս հասնես, բռնես ի՞նձ...
Մեկ էլ մի ծիտ՝ թըռռ, եկավ
Ու թիթեռին վրա ընկավ,
Կտուցն առավ ու թռավ,
Իր ճուտերին կեր տարավ,
Մանուկը շատ ափսոսաց,
Խղճահարվեց ու ասաց.
— Մեղքը իմն է, իմն է իմ,
Չէի քշել թիթեռին,
Նա չէր թռչի վարուվեր
Ու չէր դառնա ծտի կեր։