Ես ձեզ բերի բարի լուր...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արեգակը հուր ոսկի է մաղում... Ես ձեզ բերի բարի լուր...

Վահան Տերյան

Գայլերն են ոռնում... քամին է շաչում...

* * *


Ես ձեզ բերի բարի լուր,
Իմ եղբայրներ, արթնացե՛ք.
Լո՛ւյս է, լո՛ւյս է ամենուր,
Մեռած-քնած, վե՛ր կացեք...
Ձեզ կոչում է անդադար
Նոր միացման մոռացում.
Առվակ, արև ու անտառ
Ձեր երգին են սպասում։
Լույս է, լույս է ամենուր,
Պատանիներ և կույսեր,
Ես ձեզ բերի բարի լուր,
Նոր հիացում, նոր հույսեր.
Շիրիմներից ելեք վեր,
Մահիճներից հեշտանքի
Թևեր առեք, լույս թևեր
Նոր արբունքի, նոր կյանքի։