Jump to content

Քաղաք (Վահան Տերյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Քաղաք


Ձեր շքեղ շենքերի ծանրությամբ սրտմաշուկ,
Ձեր ահեղ բերդերի համրությամբ վերամբարձ,
Քաղաքնե՜ր, ձեր մեջ կա դժոխքի մի շշուկ,
Քաղաքնե՜ր, ձեր բանտից արդյոք կա՞ վերադարձ։
Եվ գիշեր, և ցերեկ հղփացող պաղ կուռքեր,
Զնդաններ ու բուրգեր չարությամբ անողոք,
Քաղաքնե՜ր, ձեր բանտում մեռնում են երգ ու սեր,
Քաղաքնե՜ր, մոռացա ես երդերըս անհոգ…
Դղյակներ, պալատներ կերտելով ոսկեզօծ,
Հեռուները մեռած շենքերի անտառում,
Քաղաքնե՜ր, իմ հոգին ձեր վիհում ալեկոծ,
Քաղաքնե՜ր, իմ հոգին արեգակ է խնդրում…
Կրկնակի գալստյան զանգերն եմ ես լսում,
Հատուցումն է գալիս — ես զգում եմ նորան,
Քաղաքնե՜ր, զարթնում է ահավոր մի ցասում,
Քաղաքնե՜ր, զարթնում են այն մարդիկ, որ մեռան…