Jump to content

Ես չգիտեմ, թե ինչ ասել

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես չգիտեմ, թե ինչ ասել
ինձ չլսող այս աղջկան։
ՈՒ շրջում եմ իմ հայացքը
                այն ուղղությամբ,
որտեղ որ նա անհետացավ...
Ինչ ասում եմ՝
այդ ուղղությամբ,
ինչ չեմ ասում՝
այդ ուղղությամբ,
ինչ լռում եմ՝
այդ ուղղությամբ...
Իմ նայվածքից երկինքն արդեն
շիկացել է այդ ուղղությամբ,
խոտերն արդեն կանաչել են,
քարերն արդեն դարձել ներող
ու լուսավոր... այդ ուղղությամբ։
Դու իմ երգ ու խոսքի համար՝
ուղեսլաք,
իսկ իմ ճամփի հասնելն այնքան
կարեւոր չէ,
էականը ուղղությունն է...
Վրաս թեքվել երկնի մի ճյուղ
                        եւ հուշում է.
- Ճշմարիտ են ավելի քան
այն խոսքերը,
որոնց հանդեպ ականջներ են
                        փակում հաճախ,
շնորհավոր քո երգերը...

Ես չգիտեմ, թե ինչ ասել,
երբ ինքս էլ ինձ չեմ լսում։