Jump to content

Ես չեմ երգում։ Իմ երգերում վշտալի․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես չեմ երգում։ Իմ երգերում վշտալի․․․

Ես չեմ երգում։ Իմ երգերում վշտալի
Այն թշվառն է՝ անարգ բախտից հալածված
Յուր վիճակը անվերջ սըգում ու լալի,
Յուր ցավերը երգով պատմում նա մարդկանց...

Ես չեմ երգում։ Իմ երգերում ցավատանջ
Այն հարազատ իմ տառապյալ խեղճ եղբոր
Դուք լսում եք խուլ հեծեծանք ու հառաչ
Եվ կարդում եք ազգիս վիշտը դարևոր...

Ես չեմ երգում։ Իմ երգերը լալագին
Արձագանք են մարդկանց վշտին, դառնության...
Քնարիս ձայնով արդարադատ երկնքին
Բողոքում են անմեղ զոհեր չարության...

Երբ կգա օր մի օր վսեմ, փրկարար,
Կը խորտակվի չարն ավերիչ ու թունոտ,
Եվ թշվառը օրհնելով բախտն ու աշխարհ
Կը ողջունե մի նոր կյանքի առավոտ...

Երբ չարանենգ, խավար ոգին բռնության
Կը ստրկանա, որպես անզոր մի գերի.
Եվ արդարի ազատ ձայնը անխափան
Կը խլացնե խուլ շաչյունը շղթայի...

Երբ համաշունչ եղբայրական սուրբ սիրով
Կը հալածվի չար Բաալը աշխարհից,
Եվ այդ սերը, այդ մե՜ծ սերը վեհ փառքով
Քաջ հաղթության կառնե պըսակ երկնքից.—

Հայնժամ տխուր, լացող երգչի շրթունքից
Դուք կըլսեք ուրախության երգ ու տաղ.
Հայնժամ միայն նորա երգում վշտալից
Դուք կըկարդաք և՛ խնդություն և՛ ծիծաղ.

Հայնժամ երգիչն անհոգ, ուրախ, բախտավոր
Լի ցնծությամբ նա ձեռք կառնե յուր քընար,
Եվ կըերգե հաղթանակըդ փառավոր
Ո՛վ դու վսե՜մ եղբայրության գաղափար…
1890, 23 նոյեմբերի