Jump to content

Ես սիրում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ես սիրում եմ


Ես սիրում եմ անուշ գարուն,
Եվ յուր պայծառ արեգակ,
Երբ ծաղկում է գեղ բնություն,
Երբ եռում է զվարթ կյանք.
Բայց և սրտիս երբեք օտար
Չէ ձմեռը տխրաբեր.
Ո՛չ նրա բուքը աարսափահար,
Ո՛չ երկնքի մութ ամպեր։

Ես սիրում եմ Ապողոնի
Քնարի ձայնը հեզ, քաղցրիկ
Եվ սիրահար վառ սոխակի
Վաղորդյան մեղմ դայլայլիկ.
Բայց և սրտիս երբեք օտար
Չէ թշվառի լռիկ կոծ,
Ո՛չ որոտը կայծակնահար,
Ո՛չ օվկիան ալեկոծ։

Ես սիրում եմ սիրուն կուսի
Սիրահամբույր հեզ հայացք
Եվ նորաբաց արշալուսի
Նրա սիրո մեղմ նվագ.
Բայց և սրտիս երբե՛ք օտար
Չէ վառ կռվի դաշտի ահ,
Ո՛չ շառաչը սարսափահար,
Ո՛չ Հայրենյաց համար — մահ։

16 փետր. 1887.